Կարևորում եմ
Primary tabs
Ո՞րն է ուսուցման ամենից արդյունավետ միջոցը. այն, որ տանում է դեպի նպատակ: Անշուշտ այդպես է: Իսկ նպատակն ինձ համար համոզմունքներն են, վստահությունն է, իրազեկ, որոշում կայացնող քաղաքացի դաստիարակելը, հմտություններ զարգացնելն ու գիտելիքներ տալն է: Այսինքն` որակյալ կրթություն, ուսումնական գործունեության կազմակերպման արդյունավետություն, որակյալ արդյունք ապահովելն է: Մեր` սեբաստացիներիս առավելությունը նոր ձեռքբերումներն են, անընդհատ սովորելն է, համագործակցությունն է, սովորողների ու դասավանդողների միջև եղած անմիջական ու պարզ հարաբերություններն են, հարցադրումներին միասնական ուժերով լուծումներ գտնելն է, համագործակցությունն է: Ինձ թվում է` ցանկացած համագործակցություն օգտակար է և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար: Իսկ համագործակցությունը միասին աշխատելու, իրար օգնելու, իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություն է տալիս: Իրականացնում ենք միասնական նախագծեր, որոնք ավելի սերտ են դարձնում սովորող-դասավանդող կապը, հենց այստեղ է պարզ երևում մեր` հեղինակային մանկավարժության անընդհատ լինելը, անընդհատ զարգանալը: Նպաստում է փորձի փոխանակմանը, օգնում, որ կրթական ծրագրերն ու նախագծերն արդյունավետ փորձարկում անցնեն: Շատ եմ կարևորում անհատական հետազոտական նախագիծը, որի հիմքը էլի համագործակցությունն է: Չէ՞ որ մենք սովորեցնում ենք երեխաներին համագործակցել, շփվել շրջապատողների հետ, զարգացնել հմտություններ, կարողություններ, դասեր քաղել և չկտրվել իրական կյանքից: Տարիների ընթացքում սովորողներիս հետ շատ նախագծեր եմ իրականացրել ու համոզվել եմ, որ դրանք ուսուցման հետաքրքիր, արդյունավետ հնարք են, շարունակական աշխատանք, որի արդյունքում սովորողներն ավելի ինքնավստահ են դառնում, իրենց հետաքրքրող թեման ընտրելու, հաճույքով ու սիրով աշխատելու հնարավորություն են ունենում: Օգնում են, որ սովորողը ստեղծագործի, ինքնուրույն լուծումներ գտնի`գնահատելով, որ դրանով սովորում է: Ու այդպես սովորելը դառնում է հաճելի և հետաքրքիր, սովորողը՝ ավելի կազմակերպված և պատասխանատու: Սա այսպես է:
Սակայն կան և հաճախ են հանդիպում վրիպումներ: Կա՞ որևէ ուղեցույց, որով կարելի է հստակ տարբերակել` որն է հետազոտական նախագիծ, որ աշխատանքն է իրենից արժեք ներկայացնում: Ուզում եմ ներկայացնել մի քանի նկատառում.
- նախագիծն անպայման պետք է որոնողական-հետազոտական բաղկացուցիչ ունենա.
- համացանցից, գրքերից ձեռք բերված նյութերը պետք է լինեն սովորողի կողմից մշակված, խմբագրված, թարգմանված, համակարգված լինեն ըստ նախագծի նպատակի.
- ներկայացված նյութերը, կարծիքները, փաստերը պետք է համեմատվեն-համադրվեն, ունենան կարծիք, եզրահանգում։
Թե չէ լինում է այնպես, որ սովորողը չի կարդում գրական երկը, բանաստեղծությունը չգիտի, չի ուսումնասիրում նախագծի համար անհրաժեշտ նյութը, բայց այստեղից-այնտեղից արտատպած մի քանի տողը համարում է նախագիծ:
Նախագծային ուսուցման նպատակը հմտությունների և կարողությունների զարգացումն է: Նախագծերն իրականացնելիս սովորողն ավելի լավ է սովորում, ավելի կազմակերպված է և պատասխանատու, քան այլ դեպքերում: Այն իրար հետ աշխատելու, իրար գնահատելու հրաշալի հնարավորություն է տալիս: Իսկ ուսուցչի աշխատա՞նքը։ Ստացվում է այնպես, որ նույն ընթացքում ղեկավարում ես և՛ անհատական, և՛ խմբային, և՛ կարճատև, և՛ երկարաժամկետ նախագծեր: Անհատական նախագծերի դեպքում իմ դերն այնքան էլ մեծ չէ. դառնում եմ խորհրդատու, օգնող, ինչ-ինչ թերություններ նրբորեն շտկող: Աշխատանքն այլ որակ ու ձև է ստանում խմբային աշխատանքների դեպքում:
Հարկավոր է նախ`
- խմբեր ձևավորել, աշխատանքի բաժանում կատարել.
- ձևակերպել հիմնահարցերը.
- կատարել որոնողական-հետազոտական աշխատանք.
- համակարգել բոլորի ձեռքբերած նյութերը.
- միջանկյալ քննարկումներ անցկացնել.
- ներկայացնել վերջնական արդյունքները։
Իմ աշխատանքի ծավալը շատ ավելի է մեծանում, ավելի է կարևորվում, երբ ամբողջ դասարանն անցնում է անհատական նախագծերի, կամ նախագերում անհրաժեշտ է լինում անհատականացնել աշխատանքը, ինչպես «Կարդում եմ» ստուգատեսի դեպքում։ Իմ օգնությամբ-խրախուսանքով է ընտրվում թեման, օգնում եմ բաժանել աշխատանքն ըստ նախասիրությունների ու կարողությունների, այնպես, որ ոչ ոք վատ չզգա, որ ընդհանուր աշխատանքը միայն շահի:
Եվ ամենակարևորը գիտե՞ք ինչն է. գերագույն հաճույք ես զգում, երբ շուրջդ հավաքվում են, երբ տեսնում ես` ստացվել է աշխատանքդ քո ցանկացածի պես, կարողացել ես սովորեցնել սովորել, համագործակցել, հետազոտել: Կարողացել ես աստիճանաբար բարդացող գործնական նախագծերի պլանավորման և իրագործման ընթացքում անհատականացնել ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն ես տվել դրսևորելու ինքնուրույնություն, տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն:
Չէ՞ որ քո նպատակը ոչ միայն խնդիրը լուծելը կամ այն ընտրելն է, այլև իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։ Չէ՞ որ յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ և անվերջ է, քանի որ խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից։
Մեկ տարվա (մայիսից մայիս) մեր գործունեությանը, իրականացված նախագծերին ծանոթացեք «Հավաքից հավաք» հրապարակման մեջ։
Կարևորում եմ
Կրթահամալիրում յուրաքանչյուր օր միշտ նոր է, հետաքրքիր, ստեղծական, ազատ: Նախագծեր, հետաքրքիր որոշումներ, հնարավորությունների բացահայտում, սովորեցնելով սովորելը այլ ուղիներ է բացում քո առաջ, դաաարձնում պատասխանատու:
Ամեն բացվող օրվա հետ մի նոր աշխարհ ես բացահայտում՝ քո, քեզ շրջապատող սովորողների աշխարհը: Այն քո առաջ բացում է մեծ հնարավորություններ ու մեկտեղ խիստ պահանջկոտությամբ ստիպում օգտվել այդ հնարավորություններից, ժամանակից հետ չմնալ, շարժվել առաջ, ճանապարհին բացահայտել քեզ, քո սովորողներին, ձեր հնարավորությունները, ոգևորվել դրանից ու կրկին շարունակել առաջ շարժվել՝ բացահայտելու նորը, ավելի հետաքրքիրը: Քեզ ազատություն է տրված, դու ես արարիչը, դու ես մտածում, փնտրում, գտնում մի քանի լուծումներ, փորձում, մեկ-մեկ սայթաքում, նորից վեր բարձրանում, նորից փորձում, նորը փորձում…
Ազատ ես թեմաների, նախագծերի ընտրության, ուսումնական գործունեության կազմակերպման հարցում, որտեղ կարևորում ես` ինչու է այս գիտելիքը, կարողությունն ու հմտությունը անհրաժեշտ, և որտե՞ղ կարող է սովորողը այդ օգտագործել:
Շատ եմ կարևորում ուսումնական առողջ միջավայրի ստեղծումը։ Եվ դրա համար պատասխանատու ենք` բոլորս՝ դասավանդողներս, սովորողները, ծնողները:
Արդյունքում ունենք է այնպիսի դպրոց, որն ունի հարուստ գրադարան ու ընթերցասրահներ, թատրոն ու հեռուստաստուդիա, լաբորատորիաներ, երգչախումբ ու նվագախումբ, մարզադահլիճներ ու համերգասրահներ ունեցող դպրոց: Յուրաքանչյուր սովորող պատասխանատվություն է կրում իր ուսման համար: Ծնողը մշտապես տեղյակ է իր երեխայի առաջընթացին։ Անընդհատ ավելանում են փորձարարական ծրագրերը, հետազոտական աշխատանքները: Ուսումնական գործընթացը ստեղծագործական-հետազոտական անընդհատ աշխատանք է:
Այս ուսումնական տարին ինձ համար կարևոր էր շատ: Սովորողները, ում հետ աշխատում եմ արդեն երեք տարի, շրջանավարտ են արդեն: Իմ ակումբի հայրենագետ- արշավականներն են, որոնց հետ եմ համարյա բոլոր նախագծերն իրականացրել, բազմաթիվ հայրենագիտական ճամփորդությունների մասնակցել: Մի պահ հիշում եմ անցածն ու համեմատում այսօրվա հետ: Առաջ ես ուղղորդում էի, ընտրում, բացատրում, գրում ու ջնջում: Այսօ՞ր… Անգամ համեմատել չի կարելի: Ավելի պատրաստ, կազմակերպված, ինքնուրույն մարդիկ են իմ առջև, որոնք կարող են նախագծել, կազմակերպել, ինքնուրույն որոշումներ կայացնել: Ու չի լինի մի միջավայր, որտեղ նրանք` իմ, ձեր, մեր բոլորի սեբաստացիները չկողմնորոշվեն, չկարողանան ճիշտ որոշում կայացնել:
- Բացվել է 1378 անգամ