Նախագծային ուսուցումը բազմագործունեության հարթակ
Primary tabs
Երբեմն, երբ տեսականորեն փորձում եմ թվարկել, ի մի բերել գործունեության այն բոլոր ձևերը, որոնք նախատեսված են մայրենիի դասընթացի համար, շարան-շարան են լինում, ու ծայրը չի երևում: Եթե փորձեմ դրանք տեղավորել իմ ժամանակացույցի մեջ, միգուցե տեղ չանի:
Բայց պարզվում է, որ նախագծային ուսուցումը, առանց իմ հատուկ ջանքերի, բաշխել է դրանք ողջ տարվա իմ ու սովորողներիս գործունեության մեջ:
Թեմայի հետ ծանոթացումն սկսվում է ընթերցանությամբ: Առաջին փուլում սովորողները կարդում են իմ առաջարկած տեքստերը (արձակ կամ չափածո): Խմբային բանավոր քննարկումներին, հարց ու պատասխանին (բանավոր խոսքի զարգացում) հաջորդում է առաջադրանքների գրավոր փաթեթը: Թեմային քիչ թե շատ ծանոթանալուց հետո սովորողը, մեկ քայլ առաջ գնալով, ընթերցում է ընտրելով, առանձնացնելով գործեր, որոնք ինքը ցանկանում է ներկայացնել, դրանցով հանդես գալ: Ներկայանալի աշխատանք (բլոգում, ենթակայքում, կայքում հրապարակվող) ունենալու համար սովորողը պարտավորվում է լավ յուրացնել նյութը՝ կերպարների վերլուծությամբ, տեքստի ասելիքի, ենթատեքստի դուրսբերմամբ-մատուցմամբ, սեփական կարծիքն արտահայտելով (հեղինակի հետ համաձայնելով կամ ոչ), ստեղծագործության գնահատմամբ, չափածոյի դեպքում՝ բերանացի կարդալով:
Այս փուլում սովորողներն իրենց դրսևորում են յուրովի, շատ անհատական: Մեկը կարող է կարդալ տրված ողջ ցանկը, հետո ընտրել, մեկը կարող է վերնագրով ընտրություն անել, մեկը կարող է չկողմնորոշվել ընտրության մեջ: Այս դեպքում խրախուսվում է այն սովորողը, որը սիրով աջակցում է ընկերոջը՝ տեքստ ընտրելու, յուրացնելու, վերլուծելու գործում: Ստացվում է, որ սովորողը փոխանցում է իր հմտությունները մեկ այլ սովորողի. այս դեպքում գործն ընթանում է թեթև, հավեսով, երկուստեք օգտակար (դասավանդողը ծայրահեղ դեպքում է միջամտում):
Յուրացրած տեքստերը ինձ՝ դասավանդողիս, հնարավորություն են տալիս գտնելու քննարկման թեմաներ, հարցեր, որոնք դառնում եմ սովորողների ստեղծագործական աշխատանքի նյութ: Այս փուլը դառնում է իմ վայելքի շրջանը: Իրենք գրում են, ես վայելում եմ… Ամեն մեկն իր տեսակի մեջ բացվում է, արտահայտվում. սովորողը աչքիս առաջ դառնում է ստեղծագործող, անհատ… սկսում եմ նրան ճանաչել, կեղծը, շիտակը տեսնել:
Իհարկե, հետազոտական և թարգմանական աշխատանքը գերիշխող է միջառարկայական նախագծերն իրականացնելիս:
Նախագծային աշխատանքը կարող է վերջանալ ստեղծագործական կամ հետազոտական-վերլուծական աշխատանքների փաթեթով, որտեղից լավագույնները հայտնվում են «Լուսաստղ» պատանեկան ամսագրում, դրանց հղում է անում կրթահամալիրի տնօրենն իր բլոգում:
Նախագծի արդյունքը կարող է լինել անհատական ձայնագրությունների ժողովածու: Սովորողն ընտրում է իրեն դուր եկած ստեղծագործություններ, ընթերցում, ձայնագրում և հրապարակում իր բլոգում, ենթակայքում: Սա կարող է ծավալվել, գնալ-հասնել տուն, դառնալ ընտանեկան նախագիծ: Այստեղ ուզում եմ առանձնակի նշել սովորողների բերկրանքը, երբ մտնում են կաբինետ և, դեռ պարապմունքը չսկսած, բղավում են՝ ես համոզեցի մայրիկին (հայրիկին, տատիկին …), ձայնագրվեց: Համոզելու կարողությունն էլ դառնում է մայրենիի գործունեության ձեռքբերում:
Նախագծի ելքը կարող է լինել քաղաքային քայլարշավը. քայլում ենք, ընթերցում, անցորդներին տրամադրություն փոխանցում:
Նախագծային աշխատանքի ամփոփման՝ սովորողների կողմից սիրելի ձև է ներկայացում-գրական թատրոնը: Սրա առավելությունն այն է, որ փորձերի ընթացքում այնքան են բարձրաձայն կրկնում իրենց նյութը, որ մյուս դասընկերներն էլ տողեր, հատվածներ սկսում են մտապահել: Խոսքի մատուցման ձևն էլ է փոխվում. սկսում են հասկանալով ընթերցել, ուզում են լսողին հասցնել, հղկվում են ձայնի ելևէջները:
Մայիսյան հավաքն առիթ դարձավ հանդես գալու շրջիկ նախագծերով: Իմ գործունեության ընթացքում շատ եմ դիմել աշխատանքային այս ձևին, միայն մի տարբերությամբ. նախկինում շրջիկ նախագծերով այցելում էինք կրտսեր դպրոցներ՝ հանդիսատեսի հետ հանդիպելու, իսկ այս անգամ միջին և կրտսեր դպրոցի սովորողների միջև աշխատանքը բաժանել ենք հավասարապես, գործընկերության սկզբունքով: Արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթվա մեջ:
Նախագծային աշխատանքը ինչպիսի ելք էլ ունենա, ամեն դեպքում սովորողը ոգևորվում է ուշադրության կենտրոնում լինելու, միջավայրում ինչ-որ բան փոխելու, իրադրության տերը զգալու պահին: Եվ այդ ոգևորությունը նրանց թևեր է տալիս՝ նախագծային անկանխատեսելի բազմագործունեության այլ հարթակներով անցնելու համար:
- Բացվել է 1698 անգամ