Չանե՛ք բան, որի հետ համաձայն չեք…
Primary tabs
2016-2017 ուստարվա հետ կապված ցանկությունները, 2015-2016-ի յուրաքանչյուր դժգոհություն, անբավարարվածություն պիտի ձևակերպվեն, որ լուծում ստանան, փորձարկվեն՝ հետագա ընթացքը որոշելու համար: Երբեք ո՛չ հետո, այլ հիմա… Ես, տեսեք, այդպես եմ գործում՝ ավելի ու ավելի մոբիլ, հիմա-ն չեմ հետաձգում։ 2016-2017-ի ուսումնական պլանի ծրագրային-կազմակերպական մշակումը չի կարող գործողի՝ 2015-2016-ի սոսկ բարելավումը լինել: Լսվե՞ց:
Շարունակ բացվող, ֆիզիկական ու մեդիա միջավայրում շարունակ միմյանց փոխազդեցությունների ձևերի-ծավալի-հնարավորությունների աճի պայմաններում մեր մանկավարժության կազմակերպումը, ճիշտ է, կրում է ինչ-ինչ փոփոխություններ, բայց ինձ, օրինակ, չի գոհացնում: Երբ բոլորով բոլորիս ուսուցիչներն ենք, երբ հեղինակային կրթական ծրագիրը մեր յուրաքանչյուր աշխատողի միջոցով ներկայանում է սովորողին, թե ծնողին, հանրությանը, անհնար է այլևս երկու կյանքով ապրել, մեկը, որ էս դու ես, քո էությունը, մյուսը, որ ներկայանում ես, հարմարվում, այսպես ասենք՝ հեղինակային կրթության պահանջներին։ Ամբողջական լուծումների հրամայականով այս օրերին տարբեր խմբերով գնում են քննարկումներ, մեր ուսումնական գործի կազմակերպման նոր մոդելներ են շրջանառվում, որ մեր կյանքը պիտի դառնան…
Կյանքի դպրոցի՝ մեր ընտրած կրթության կազմակերպումը, սովորողի անհատական պլանի կազմումը, որպես իր մասնագիտական կողմնորոշման՝ մասնագիտական կրթության ու աշխատանքի պատրաստության շարունակում. այստեղ է երևում մեր հեղինակած կրթական ծրագիրը՝ իր ձեռքբերումով ու բացթողումով։ Այոˊ, քննությունները կան բոլոր տեսակի և կլինեն՝ որպես արգելքներ, որոնց հաղթահարումն անհատի խնդիրն է. անհատական պլանի կազմմամբ մենք աջակցում ենք շրջանավարտի ինքնուրույնությանը, ինքնակրթությանը, թվային գործիքների գործածմամբ, կարողությունների զարգացմամբ, լրացուցիչ կրթությամբ, հեռավար ուսուցմամբ։ Մեր ավագ դպրոցը, ինչպես միջինը, ինչպես կրտսերը, եղել է ու կա որպես կյանքի դպրոց, որպես միջավայր՝ պատանու ինքնիրագործման համար, առավելագույն աջակցություն՝ նրա անհատական որոշումների իրագործմանը…
Կյանքը պիտի ապրել, կյանքն ապրելու համար է՝ մեր ողջ երևակայությամբ, թեթևությամբ, կարողությամբ՝ ամենաբարդ խնդիրները, կյանքի կծիկները քանդելու-լուծելու՝ առանց անեծք… Աղայանական-ռոդարիական շնորհքով… այնպե՜ս, որ բոլոր գործերում երևա-զգացվի-թելադրող լինի ժողովուրդը՝ իր կյանքով, մեզ՝ իր փոխանցածով…
Մենք խստիվ հարգում ենք մեր սովորողների ընտրության իրավունքը նաև ամենատարբեր ուսումնական մրցույթների մասնակցության հարցում և բարեխիղճ-կոնկրետ աջակցում ոչ մեր հեղինակած մրցույթներին սովորողների մասնակցությանը՝ հանրապետական առարկայական օլիմպիադաներից սկսած մինչև «Այբ» հիմնադրամի կազմակերպածները… Մեր գործընկերների ո՛չ մեծամտությունը, ո՛չ կներեք, վախկոտությունը չեն փոխի մեր դիրքորոշումը. մեր սովորողը հասուն է՝ ազատ ընտրություն կատարելով, և հասունանում է իր կենսափորձով… Ուսուցումը ստեղծականության, մտածողության, երևակայության, կարողությունների զարգացման նպատակադրմամբ, մեկ-երկու ակտով՝ քննությամբ-օլիմպիադայով-ստուգատեսով-հավաքով, պարապմունքով արվող բան չէ, միջոցառումային լուծումներ չունի… Անընդհատ ստեղծական՝ որպես վիճակ մարդու, ահա ինչու՝ առանց մոբիլության, առանց ինքնուրույնության-ինքնակրթության, առանց թվային միջոցների շարունակական գործածման սրա լուծումը չկա: Մեր՝ կյանքի դպրոցը, մեր հեղինակած մոբիլ ու ստեղծական կրթության կազմակերպմամբ մշտական խթանող միջավայրով ու ներառական ազդեցությամբ՝ այլընտրանք է:
Ուսուցանողի և ուսուցանվողի տեղերը կյանքի դպրոցում շարունակ փոփոխվում են, չկա կարգավիճակ, որ գործատուի հրամանով է տրված, սովորող թե ուսուցիչ, տարատարիք սովորողներ թե հասակակիցներ, իհարկե, կրտսերի նկատմամբ ավագի մշտական պատասխանատվությամբ, սրանից բխող խնամքով-հոգատարությամբ, ժամանակ ու ջանք հատկացնելով… Եվ այսպիսի փոխհարաբերություններով են որոշվում և՛ ուսուցիչ-սովորողի անհատական պլանն ու աշխատաժամանակը, և՛ հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը… Պետական հանրակրթական ծրագիրը, լսե՛ք, իր դաս-դասարանային համակարգով այնքա՜ն հեշտ ինքն իրեն կազմակերպվում է, այնքա՜ն հեշտ-ավանդաբար գնացող ծրագիր է, որ ո՞վ կհրաժարվի և ինչո՞ւ հրաժարվի… Իսկ այ, հեղինակային կրթական ծրագիրը` մի կողմից որպես «հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ), հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն», մյուս կողմից՝ որպես այլընտրանքային կրթական ծրագիր` ապահովում է առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն:
Կրթահամալիրի բաց համակարգն ավելի ու ավելի ճանաչելի է դառնում՝ հանրորեն, գրավիչ… Ավանդական ճանաչողական այցերը փոխարինվում են գործընկերային ծառայություններով… Պարատանը 11-12-րդ դասարանցիներին ասում էի՝ պատժի նոր տեսակ եմ հորինել. երկու-երեք շաբաթով ազատում եմ կրթահամալիրից, այլ դպրոց գործուղում… Թե ողջ կմնաք, վերադարձեք՝ հարություն առած, ինչպես ես՝ ամեն անգամ… Ես նույն պայմանով պատրաստ եմ գործակցել ցանկացած դպրոցի հետ. իսկական կրթական փոխանակում՝ Երևանի դպրոց կլինի, թե մարզի, արտասահմանի… անվճար կացարան-կեցություն ենք ապահովում… Վերադարձողները պիտի իմանան, որ մեր ունեցածն ամենաթանկն է՝ մեր ազատ կյանքը, որի որպիսությունը մենք ենք ստեղծում ու դառնում պատասխանատուն… Ինչպես քո ազգանվան, քո ընտանիքի, քո ժառանգների, քո կյանքի ու քո հանրապետության համար… Փոփոխությունների, նորամուծությունների պաշարով ենք վերադարձել Աշտարակում գտնվող «Այրուձի»-ից՝ մեր գործընկերների մոտից: Վեց երկրների՝ ԱՄՆ, Կանադա, Հոնգ-Կոնգ, Բրազիլիա, Թուրքիա, Սերբիա, երիտասարդ փորձագետները մեկ ամիս ապրեցին մեր տանը՝ Գեղարվեստի կացարանում, առանց արգելքի լիարժեք մասնակցում էին մեր ուսումնական կյանքին, անգլերենով ֆինանսական գրագիտություն դասավանդում 9-12-րդ դասարանցիներին… Մեր բաց ստուգատեսների տասնյակ ու տասնյակ խմբեր ողջ հանրապետությունից ամբողջ ծրագրով կմասնակցեն մեր ուսումնական մրցույթներին, շատերը կապրեն մեզ հետ… Սա՝ այն ժամանակ, երբ «Ար» TV-ի լրագրողը բողոքում էր (փաստում էր), որ անհնար է մտնել մայրաքաղաքի որևէ դպրոց՝ առանց հատուկ թույլտվության վերադասի: Մեր գործընկերոջ՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ» միջազգային կազմակերպության խնդրանքով հերթական խումբը այցելեց մեզ՝ կազմված միջազգային հայտնի փորձագետներից։ Մեր հավաքի նպատակն էլ հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատումն է...
***
Պատումի, խոսքի, թամաշայի թատրոնը ուսումնական գործիք է, որ, վստահ եմ, լավագույն հարթակ կունենա հունիսյան թատերական փառատոնում… Այս գիտակցմա՞մբ մենք ընդունեցինք Ստվերների թատրոնի պայմանը՝ յուրացնել այն, ունենալ Ստվերների մեր թատրոնը կրթահամալիրում…
Այս՝ թատերական-համերգային միասնության ապրումը ինքնին արժեք չէ՞, որ պարբերաբար Հայաստանով մեկ տարբեր խմբեր հրավիրվեն ներկայացում-ելույթների… Կացարան հարմարավետ՝ ունենք, հյուրասիրել՝ կարողանում ենք, այսպիսի լսարանով՝ ինչո՞ւ երեկվա իրիկունը չարձանագրենք որպես մեկնարկ՝ ավելի լավ ճանաչենք թատերական Հայաստանն ու դահլիճ-լսարան-տեսարան դառնանք այդպիսի Հայաստանի համար, բայց այսպես՝ մեծով-պստիկով…
Հոգևոր-քրիստոնեական կրթության մեր հեղինակային, տարիների փորձը հանրապետությունով մեկ փոխանցելու հանձնառություն ունենք և՛ ներքին (ձրի առել ենք, ձրի էլ տալիս ենք), և՛ արտաքին՝ ԿԳ նախարարության պատվերով: «Ամենատպավորիչն այն էր, որ Տեր Զենոնի հետ բարձրացանք եկեղեցու տանիք, խփեցինք եկեղեցու զանգերը ու ծանոթացանք զանգերի խորհրդին ու նշանակությանը: Բոլորս քաշեցինք լեզվակը, հնչեցրեցինք զանգը: Կարծում եմ, որ բոլորիս համար էլ հետաքրքիր էր մեր այսօրվա պարապմունքը: Մի հետաքրքիր ու տպավորիչ օր էլ անցավ: Այսօրվա մեր դասից ես դպրոց վերադարձա տպավորված: Սպասում ենք մեր հաջորդ հետաքրքիր պարապմունքներին եկեղեցում»,- միշտ հետաքրքիր հեղինակային նյութերով, գործուն իր բլոգում գրում է իններորդցի Մերի Երանոսյանը, որ ամենուրբաթյա պարապմունքի է մասնակցել իր ընկերների հետ: Ի՞նչ ավելացնեմ. անհետաքրքիր կարող է լինել ցանկացած պարապմունք՝ կախված անցկացնողից. ի՜նչ բարեբախտություն է, ուրախ եմ, որ մեր քահանան-ձեր ուսուցիչն իրոք հետաքրքիր պարապմունքներ է վարում ոչ միայն ձեր, այլ նաև մեր ուսուցիչների համար՝ ամեն երկուշաբթի. ես դա պատմելով չէ, որ գիտեմ, դժվար է հաղորդակից չլինել Տեր Զենոնի խոսքին, երբ նա մկրտություն կամ տնօրհնեք է անցկացնում…
***
Մեր Գեղարվեստը… Գեղարվեստը՝ կրթահամալիրի, Բանգլադեշի, հանրապետության՝ առանց սահմանների… Լավ է, որ Գեղարվեստի ցուցասրահն այսօր մեզ ու մեր վրաց գործընկերներին ներկայանում է սեփական գործերի ցուցադրությամբ. երեսուն 6-12-րդ դասարանցի- սեբաստացի կապրի ցուցադրված լինելու հաճույքը… Լավ է, որ հաջորդը ցուցասրահում կլինեն մեր կրտսեր դպրոցների սովորողների գործերը, հետո՝ կրթահամալիրի 2016-ի շրջանավարտների… Ոչ միայն ցուցասրահը, Գեղարվեստն ունի 2016-ի իր զարգացումը` իր տանիքներով, նկուղներով, ներսով-դրսով, մեդիայով… «Սեբաստացիներ» երգչախումբն էլ այդպիսի զարգացմամբ է ապրում-գործում, հայրենագիտություն-երգով, «Հոգևոր Հայաստան» առաքելությամբ, ճամփորդելով գյուղ առ գյուղ, համերգներով՝ եկեղեցի առ եկեղեցի…
***
Սա Երևանն է, իմ ու կրթահամալիրի ճնշող մեծամասնության բնակավայր-ծննդավայրը, մեր պետությունը՝ հայրենին էլ, մայրենին էլ, ու սրանից ո՞ւր փախչես… Սրա ճանաչումը, սրա խնամքը պիտի դառնան իմ-ձեր առօրյա ուսումնական աշխատանք…
Մեկօրյա ուսումնական ճամփորդություններ՝ Երևանով ու Երևանից դուրս, նախագծային ուսուցման պարապմունքների հերթագայող ամբողջություն՝ արտագնա ու կրթահամալիրում, դրանք հետո արտագնա ու կրթահամալիրային ճամբար-հավաքների բովանդակությունը կազմեն… Ուսումնական բազմօրյա ճամփորդություններից, որքան էլ՝ այդ աշխատանքը բարդ է, պատասխանատու (կրում ես անձնական պատասխանատվություն ընտանիքն օրերով թողած տասնյակ տարատարիք սովորողի համար), վերադառնում են լիցքավորված, աշխատելու հավեսը բազմապատկած...
Մեր սովորողներին կարելի է միշտ նախանձել. նրանց շրջապատում են բազում մանկավարժներ, ում հետ գրավիչ է ճամփորդելը, ճամփորդելով ճանաչելը, ապրելը…
***
Ունեմ իրավունք իմ օրինակով խոսելու նախ մարզական կեցվածքի-վիճակի մասին՝ անընդհատ, ուսումնական-աշխատանքային ողջ օրվա… Տարատարիք սովորողի, ամեն ուսուցչի համար հարմար-մարզական հագուստ, անընդհատ շարժուն, մոբիլ, ընթացքի մեջ, որպես արշավ, ճամփորդություն, բարձունքի հաղթահարում, մարմնի կոփման պահանջ՝ հեծանվով, լողով, այլ մարզաձևով… Մարմնամարզական նախանձելի միջավայրը, որ շարունակ զարգանում է, պատանեկան ազարտի-մրցունակության՝ առողջ մարմնի, ֆիզիկական կեցության խթան է…
Երեկ (19.04) սկսվեց Բ-4 թաղամասի Դպրոց-պարտեզի հեծանվային-արշավախմբային կայանի յուրացումը… Չեմ ասում՝ շինարարությունը, քանզի խոսքը ոչ թե կապիտալ շինարարության մասին է, այլ չօգտագործվող-հարմարավետ հարյուր հիսուն քառակուսի մետր նկուղի աշխարհիկացման… դրան այնուհետև կրթական-հայրենագիտական-մարզական գործառույթներ փոխանցելով… Մեր կրտսեր դպրոցներից յուրաքանչյուրը մինչև հունիսի 1-ը՝ այս տարվա, կբացի իր այսպիսի կայանը ու Մայր դպրոցի Հայրենագիտական-արշավախմբային կայանի հետ կկազմի ամբողջական ուսումնական-հայրենագիտական-արշավախմբային կենտրոն-ծառայություն…
Դպրոց-պարտեզից Հիմնական դպրոց տրիաթլոնի՝ վազքին թե հեծանվին հարմար հայրենագիտական, անվտանգ ուղին բաց է այլևս… Չեմ կասկածում, այսօր արդեն Գայանե Գրիգորյանն ու Սոնա Փափազյանը հեծանիվներով-վազքով իրար ընդառաջ կգան… Տրիաթլոնի մրցումների ի՜նչ հարմար տարածք՝ երրորդից հինգերորդ դասարանցիների համար… Երկուսից երեք կիլոմետր վազք-հեծանվաարշավ, վերջում-արանքում լող՝ կրթահամալիրի ծածկած լողավազանում…
Բացօթյա-հիգիենիկ-մատչելի-ինքնասպասարկվող՝ երկուսից տասը տարեկանների լողափ-ավազանների գործարկումը գրավիչ-կանաչ-հետաքրքիր սեբաստացիական պարտեզներում՝ որպես պարտադիր ու ավանդական բաղկացուցիչ… որպես «ջա՜ն, ամառ»… մեզ՝ ավագին ու կրտսերին միավորող, ստեղծական, սեբաստացիներիս պատիվ բերող գործունեություն… Սրան ավելացրեք և մեր Սևանա ծովը «Ժայռ» ուսումնական ճամբարում, մեր ծածկած լողավազանը, Արագածոտնի «Այրուձի»-ն ու Մադինա-Գետաշենի Արգիճի գետի հովտի արշավախմբային ճամբարը, որ Անահիտ Մելքոնյանի ու քոլեջ Արհեստագործականի նախագիծն է…
Երևանում ձյուն գալը՝ թեկուզ մի քանի անգամ, բան չի փոխի, դիպվածային կմնա մեր մոտեցումը ձմռանը, իր բերած ձյան վայելքին: Իսկ թե ե՞րբ… Երևանից կիլոմետրեր հեռու՝ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ամիսներով ինչպիսի ձյուն կա՝ ձմեռային մարզաձևերով զբաղվելու, ձմեռային տպավորիչ ճամփորդությունների ինչպիսի՜ հնարավորություններով… Մեր կայանն արշավախմբային, մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների կենտրոնը չի կարող շուրջտարյա չլինել…
Կրթահամալիրը՝ շախմատի աշխարհ… Երբ յուրաքանչյուր դպրոց, ինչպես Բ-4 թաղամասում գործող Դպրոց-պարտեզը ոչ միայն ունի անհրաժեշտ հարմար միջոցներ յուրաքանչյուր դասարանում, ունի իր շախմատային ակումբ-անկյունը, այլև դրանք մատչելի են յուրաքանչյուրին՝ ստեղծելով առօրյա, ամենօրյա կյանք շախմատային գործունեությամբ…
Շախմատն, այո, կարևոր, հանրակրթական, հենց դրա համար սոսկ առարկա չէ կրթահամալիրում՝ անցնելու ու գնահատանիշով ամրագրվելու համար, խորքում հակամանկավարժական… Եթե հանրակրթական է, ուղղված սովորողի ձևավորմանը՝ ֆիզիկական, հոգևոր ու մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաարտահայտմանը յուրաքաչյուրի, պիտի դրանով զբաղվի ամեն մի ուսուցիչ, դաստիարակ, ընտանիք…
***
Բնապահպանական նախագծերի ստուգատեսը ծնվել է մեր կյանքում, և մեր կյանքով էլ հասունացել են փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը ցույց տվեցին այս օրերին ստուգատեսի կազմակերպիչների հետ քննարկումները։
Այնպես ուզում եմ, որ մեր Կրթական պարտեզում ամեն մի տնկած, մեր պատասխանատվությանը հանձնված ծառ-թուփ չխոնարհվի, որևէ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուրն իր անձնական գործն ունենա, ինչպես ամեն մի սեբաստացի սովորող թե ուսուցիչ:
Միշտ ուզեցել եմ, որ մեր յուրաքանչյուր դպրոցական բակում մի հատուկ անկյուն լինի, որ կոչվի տնկարան՝ մսուր, ինչպես մեր նախակրթարանի երկուսից չորս տարեկանների խմբերը… որպես հատուկ հոգածություն ապագայի…
Տնկարան-սածիլանոցները, սերմնարանները, մեր բակ-պարտեզների պահանջվող բաղկացուցիչները թո՛ղ շարունակեն դառնալ… Ելականոցները չմոռանանք, անցյալ տարվա նման փոզմիշ չանեք… Պետրոսյան Աիդան մեր երկուսից հինգ տարեկաններին ոչ միայն թութ, բալ, ծիրան, դամբուլ, դեղձ է խոստացել, այլ նախ և առաջ իրենց ձեռքով քաղելիք խատուտիկ-մատուտիկ, կանաչի մեջ կորած ելակ: Խնդրում եմ օր առաջ ու բարեխիղճ ավարտենք դպրոցական բակերի ոռոգման ցանցերի ընթացքի մեջ նորացում-բարելավում-ընդարձակումը… Գարնանը ապրիլի բերած խոնավի կանաչը թող չխաբի սեբաստացի հողագործին՝ մեծ ու պստիկ… Երկրագործը Երևանում, Բանգլադեշում ապրիլից պատրաստվում է մայիսից սկսվող տապ-երաշտին՝ ամեն կանաչ խանձող…
«Քոլեջում շարունակվում են կրթական պարտեզի աշխատանքները: Մեր առօրյայի կարևոր գործունեությունն այդ է. դե, վերջապես պիտի դրախտը երևա՞, թե՞ ոչ»,- Վլադ Գրիգորյանի նկարագրությունն է: Այս դրախտը կա, Վլադ երկրագործ. սա դրախտ է, որ մենք ենք ստեղծում. դրախտը հենց ստեղծագործ ոգու, մարմնի ջանքերով ստեղծվողն է…
Հիմնական դպրոցում դադարից հետո մենք վերադարձին անցնում ենք աղուտներով՝ անմշակ-որակը կորցրած, լքված, աջուձախ աղբանոցներով-մեքենաների գերեզմանոցներով, անկանոն ծավալվող քոլիկներով, դաշտերով… 1985-ին, երբ ես նոր մտա Բանգլադեշ, սրանք գյուղատնտեսական հողեր էին՝ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության քսանհինգերորդ համագումարի անունը կրող խորհրդային տնտեսության՝ աչք շոյող կանաչ, մշակած դաշտ-արտ-ցանքեր… Ուրիշ ի՞նչ է մնում մեզ անել, քան Վիլյամ Սարոյանի պատգամը. «Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է»: Մահվանն ընդդիմանալու բանաձևը չէ՞ սա։
Յուրացրեք մեր երկիրը՝ ներսով-դրսով-ամբողջությամբ, հարմար տեղավորվեք, տիրեք միջավայրը՝ որպես երկրի բնակիչներ. հո մեկնումի սպասասրահում չե՞նք, բնակիչներ ենք, չէ՞, այստեղ՝ Բանգլադեշում ապրում-շենացնում-հարատևում ենք մենք, մեր երեխաները, երեխաների երեխաները… Հիմնավորեք. գործենք մեր երկիրը՝ որպես մեր Աստվածատուր կյանք:
***
Հիմնական դպրոցի Մարկի, Մանեի, Ֆլորայի մայրիկի՝ Անահիտ Ասատրյանի հրապարակումը «Պարտեզ» ամսագրում կարդում ես, ու ապրելդ գալիս է. «Կրթական միջավայրը տեղափոխվել էր մեր բնակարան, համակարգողն էլ կրթահամալիրի դասավանդողներն էին: …. Երեխաներս իրար էին փոխանցում իրենց իմացածն ու կարողացածը, սովորեցնում էին մեզ՝ մեծերիս…»: Սա ծնողական հայացքն է 2016-ի առցանց ուսուցման հունվարին… Կարո՞ղ է այս իսկական ընտանեկան կրթության միջավայրը չլքել մեծ թվով սեբաստացիների, որտեղ էլ որ լինեն՝ շնորհիվ ընտանեկան ամենամսյա, ամենշաբաթյա ֆլեշմոբների… Կարո՞ղ են միասին խնդիր լուծելը, փորձ և ուսումնասիրություն կատարելը, կարճատև նախագծեր իրականացնելը դառնալ նախընտրելի-հետաքրքիր գործունեություն, այնքան, որ անջատես հեռուստացույցը, կտրվես առօրյայից՝ հանուն նոր ընտանեկան ինտելեկտուալ-հոգևոր առօրյայի… Սա պատվերի լայն-անսպառ դաշտ է բացում հետազոտող ուսուցչի համար…
Ամենաշատն ինձ զբաղեցնում է հիմա հեղինակային կոչված մեր մանկավարժության անհատականացումը. սքանչանո՜ւմ եմ, երբ այն ներկայանում է ոգևորված սովորողի, ուսուցչի թե… ծնողի, ընտանիքի տեսքով… Չանե՛ք բան, որի հետ համաձայն չեք, որը ձերը չէ… Հասարակության առաջ հանդես եկեք որպես հեղինակներ՝ գաղափարի, մանկավարժության, տարածման խորհուրդը սա է. ուսումնական պարապմունքների նոր տեսակի մասին եմ խոսում՝ հեղինակային կրթական ծրագրով ստեղծված, շուրջ տասը տարի գործածվող: Սրանք միջոցառումներ չեն, մեր հեղինակային կրթական ծրագրի իրագործման ձևեր են… Եվ շեշտում են բաց դռներով, անպահակ դպրոցի մեր ֆենոմենը՝ և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ մեդիամիջավայրում, որ հասարակությունը՝ իր ուսուցանող անդամներով անարգել ու ժամանակին անընդհատ գա և ուսուցանի մեզ, սեբաստացի սովորող-ուսուցիչն էլ իր ձեռքբերումները՝ որպես ուսումնական աշխատանք, տարածի… Ամենաարդյունավետն ու խիզախն այս մանկավարժական-հաղորդակցության տուրևառությունն է, որ հայտնի անուն ունի՝ բաց դպրոց…