Մասնագիտական զարգացում, որ փոխում է ոչ միայն աշխատանքի որակը, այլև մարդուն
Primary tabs
Աշխատանքի բերումով լինելով սովորողների հետ անմիջական շփման մեջ` պարտավորված եմ զգում հասկանալ, բացահայտել, վեր հանել այն խնդիրները, որոնք խնամքով, անգիտակցաբար թաքնված են, բացահայտել սովորողների հուզական աշխարհը, աջակցել նրանց աշխարհընկալմանը, աշխարհայացքի ձևավորմանը, օգնել, ուղղորդել, որ ձևավորվի անհատականություն՝ առանց բարդույթների։ 2015թ. կրթահամալիրի կողմից մասնագետների մի խմբով գործուղվեցինք Երևանի «Արտ-թերապիայի» կենտրոն` վերապատրաստման։
Նկարիչ-խեցեգործի մասնագիտական կրթությունս օգնեց, որ արտ-թերապիան մի ուրիշ աշխարհ բացի իմ առջև, այն աշխարհը, որտեղ կարելի է բացահայտել սովորողներին, մարդու զգացմունքները, ենթագիտակցական, գիտակցական, անգիտակցական աշխարհը, միջանձնային, ներանձնային, սոցանձնային հարաբերությունները, ինչպես նաև ստրեսային ֆոնը և վախերը։
Այս վերապատրաստումն իմ կյանքում զարգացման կարևոր փուլ դարձավ։ Այն օգնեց հասկանալու, որ մարդը չի կեղծում իր զգացմունքները, այլ հակառակը՝ պատկերում է իր ներքին աշխարհը առանց ստելու, պարզապես նկարելով, չգիտակցելով, որ անխոս, միայն նկարելով կարող է արտացոլել թաքնված հույզերը։ Արտ-թերապիան օգնում է արտահայտելու մտքերն ու ապրումները, որոնք դժվար է ձևակերպել բառերով, այն ընդհանրապես ազդում է մեր ներքին ռեսուրսների վրա, հատկապես նրանց՝որոնց մենք համառորեն թաքցնում ենք։ Եթե մարդը հոգեբանին պատմում է իր խնդիրների մասին, ապա արտ-թերապիան առանց խոսելու և պատմելու թույլ է տալիս գլխի ընկնել թե ինչումն է խնդիրը։
Արտ-թերապիայով աշխատելիս անհրաժեշտ է ուղղակի շարժել վրձինը կամ մատիտը ու նկարել այն, ինչ կնկարի ձեռքը, առանց երկար-բարակ մտածելու։ Սա մեր հոգու լեզուն է, որը յուրաքանչյուրիս մոտ տարբեր կերպ է խոսում։
Արտ-թերապիան իր մեղմությամբ և յուրահատկությամբ տարբերվում է մնացած բոլոր հոգեթերապևտիկ մեթոդներից և իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ՝ իզոթերապիա, ավազաթերապիա, հեքիաթաթերապիա, երաժշտաթերապիա և իհարկե ծեփելու և կավով աշխատելու թերապիա։
Իզոթերապիան իր մեջ ներառում է նկարչություն, գունաթերապիա, նկարների դիագնոստիկա և այլն։ Արտ-թերապիայի առանձնահատկություններից մեկն այն է, որ նկարելուց հետ երկխոսություն է ստեղծվում նկարի և ստեղծագործողի գիտակցության միջև։ Ուղղակի նկարչությունը արտ-թերապիա չէ։ Քանի որ միայն հանգստությունն ու լարվածությունը թոթափել չի նշանակում թերապիա։ Այն ուղղակի նկարչությունից տարբերվում է նրանով, որ ինչպես ցանկացած թերապիայում այստեղ նույնպես կա խնդիր, հայց, կա նպատակ և հատուկ ուղղորդված տեխնիկաներ։
Արտ-թերապիայի մասնակցելն արդյունավետ է բոլոր սովորողների համար։
Այս մեթոդով աշխատելու առավելություններն են.
- օգնում է արտահայտել այն մտքերն ու ապրումները, որոնք դժվար է ձևակերպել բառերով
- ազատում է ստեղծագործական ներուժը և ներքին ապրումները դժվար իրավիճակից դուրս բերում
- ակտիվացնում է հիշողությունը
- պատկերացում է տալիս շրջակա միջավայրի մասին
- առավել կազմակերպված, կարգավորված և ինքնուրույն է դարձնում
- ներկայացնում է անձի անհատականությունը
- հաստատունության և կայունության զգացողություն է տալիս
- դուրս է հանում կուտակված բացասական էներգիան
Հաճախ եմ սովորողներից լսում, մեջբերում եմ, «Ես նկարել չգիտեմ», «Ես դա չեմ կարող անել», «Ինձ մոտ չի ստացվի»...մտքեր, որոնք հաճախ խանգարում են ստեղծագործելու և հոգեկանում կուտակված բացասականը դուրս հանելու։ Բանը այն է, որ արվեստը օգնում է հասկանալու սեփական զգացումները, ապրումները, որոնց մասին հնարավոր չէ պատմել բառերով։ Երբեմն մեր ենթագիտակցությունը մտածում է կերպարներով՝ նշան (սիմվոլ) դարձնելով մեր խնդիրները։ Այդ կերպարները կարելի է հանձնել թղթին կամ աշխատել կավով՝ դուրս բերելով այն։ Հարկավոր է միայն ցանկություն ունենալ, լսել ներքին ձայնին և ստեղծագործել։ Նյութի ընտրությունը որպես կանոն երբեք պետք չէ պարտադրել սովորողին, քանի որ յուրաքանչյուր նյութ ինքն իրենից բնավորություն է ներկայացնում ու արտահայտում։ Արտ-թերապիայում, առավել ևս կրտսեր դպրոցի սովորողների համար ճիշտ և սխալ ստեղծագործություններ, լավ և վատ նկարներ չեն լինում։ Այն, ինչ ստեղծել է սովորողը, ամենագեղեցիկն է, դրանք սովորողի պահի ապրումներն են, իսկ նրանք տգեղ և չստացված ուղղակի լինել չեն կարող։
Պլաստիլինով կամ կավով թերապիան ևս արտ-թերապիայի ուղղություն է ։ Ծեփելն իջեցնում է մկանային և էմոցիոնալ լարվածությունը, զարգացնում է մանր մոտորիկան, ստեղծագործական տարածական երևակայությունն ու հեշտացնում զգացմունքների արտահայտումը։ Ծեփել կարելի է ամեն բան՝ ինչ հնարավոր է, ինչքան կբավարարի երևակայությունը։ Իսկ սովորողների երևակայությունն անսահման է և հետաքրքիր, մենք՝ մեծերս շատ սովորելու բան ունենք նրանցից։
Արտ-թերապիայում, բացի անհատական աշխատանքներից, իր տեղն ունի խմբային աշխատանքը։ Խմբային արտ-թերապիան օգնում է սովորողին.
- զարգացնելու սոցիալական հմտությունները.
- աջակցելու խմբի անդամներին.
- դիտել միասին կատարած գործունեության արդյունքը.
- բարձրացնում ինքնագնահատականը.
- ընդունում սեփական անձն ու շրջապատող մարդկանց.
- գիտակցում սեփական անձի արժեքը, կարևորությունը.
- սովորում հաշվի առնել դիմացինի կարծիքը։
Ոչ միայն սովորողների հետ, այլ նաև դասավանդողների վերապատրաստման ընթացքում աշխատել ենք արտ-թերապիայի մեթոդներով։ Ստեղծել ենք կոլաժ, նկարել ենք թերապևտիկ տեստեր, ծեփել ենք կավով, աշխատել ենք հեքիաթաթերապիայով և իհարկե շարունակում ենք աշխատել։ Շատ նախագծային աշխատանքներ կան, որ դեռ չենք հասցրել իրականացնել, բայց այս նախագիծը շարունակական է։
Ուզում եմ ավելացնել ոչ միայն սովորողների, այլև մեր՝ մեծերիս համար, եկեք ներդաշնակ լինենք ինքներս մեզ հետ և ազատվենք մեր մեջ արգելափակված էներգիայից, ստեղծագործենք առանց սահմանափակումների` կառուցելով մեր սեփական աշխարհը։
Այս վերապատրաստումը շատ կարևոր դեր ունեցավ իմ ինքնակրթության այս փուլում, ինչի շնորհիվ կարողացա առավել ճիշտ և լավ հասկանալ իմ կրտսեր ընկերներին։ Այս ամենի համար շատ շնորհակալ եմ իմ կրթահամալիրին։
- Բացվել է 2168 անգամ