Հինգ տարեկանների խաղ-ուսուցում-գործունեություն

Ուզում եմ ներկայացնել 2016-2017 ուսումնական տարվա հինգ տարեկանների խմբում անցկացրած փոքրիկ ուսումնասիրությունը:

Ստանալով խմբում աշխատելու հնարավորություն՝ սկսեցի նախապատրաստել ծրագրի մշակումը, կազմել ուսումնական նախագծեր, խաղ-փաթեթներ, սահմանեցի հստակ նպատակներ, դրեցի կոնկրետ խնդիրներ, սակայն ամեն բան փոխվեց սաների հետ մեր հանդիպման առաջին պահից: Այլ է սովորողի աշխարհը՝ գործող, կենդանի միջավայրով, անսպասելի հարցադրումներով, իրենց կենսակերպից, ներքին պահանջմունքից, խնդիրներից բխող մոտեցմամբ: Մի կողմ դրեցի մշակած նախնական նախագծերը, որոշածս խաղ-փաթեթները: Մնացինք ես և հինգ տարեկանները, իմ առջև խնդիր դրած՝ նրանց զարգացումը: Ինձ մնում էր ծանոթանալ սովորողների հետ, ուսումնասիրել նրանց հետաքրքրություններն ու առանձնահատկությունները և այդ ամենի շուրջ կառուցել զարգացման իրական ուղիները: Հեշտ է տեսնել այն միջավայրը, որտեղ ապրում-գործում է երեխան, ավելի դժվար է այդ միջավայրն ուսուցողական դարձնելը՝ չկտրել երեխային խաղից, չարհեստականացնել ուսուցումը, ստեղծել զարգացման ավելի պարզ, արդյունավետ պայմաններ, միջավայրի տերն ու ծառան դարձնել հինգ տարեկան սովորողին՝ իր ուսուցման-զարգացման ծրագրով:

Որքան դժվար էր գործունեության ամենապարզ ձևերի մեջ տեսնել ուսումնական նպատակներին ամենապարզ քայլերով հասնելու հնարավորություն, նույնքան ստեղծական ու հաճելի էր դրա կազմակերպումը: Ես ինձ համար փաստել եմ նաև այլ խնդիր: Զարգացման իրական միջավայրում չի կարող միայն սովորողի զարգացման աճ արձանագրվել՝ առանց ուսուցչի անընդհատ աճի գրանցման: Բազմաֆունկցիոնալ միջավայրում ուսուցման կազմակերպչի՝ ուսուցչի զարգացման արդյունքում է միայն հնարավոր իրական, ոչ արհեստական, կենդանի, հետևապես արդյունավետ ուսուցում: Իրական ուսուցումը ենթադրում է սովորողի և ուսուցչի անընդհատ զարգացում:

Ապրիլին-մայիսին հինգ տարեկանների հետ աշխատանքի սահմանված ժամանակահատվածը փոքր էր (դասավանդում եմ երրորդ դասարանում), բայց փորձում էի բովանդակալից հանդիպումներ կազմակերպել: Ամեն անգամ հաջորդ հանդիպումը կազմակերպում էի նախորդ հանդիպման ժամանակ արձանագրած խնդրի շուրջ` ամեն անգամ սաներին գործուն պահելու նոր լուծումներ գտնելով: Չէի ցանկանում, որ նրանք պասիվ սերտողներ լինեին: Գործեունեությունը կազմակերպում էի նրանց հետաքրքրությունների, խաղերի, իրենց հասանելի ուսումնասիրությունների, հետազոտությունների միջոցով:

Ստեղծական միջավայրում խաղ-գործունեության միջոցով փորձում էի զարգացնել սովորողների երևակայական, ստեղծագործական, տրամաբանական մտածողությունը, զարգացնել բանավոր խոսքը, նպաստել սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը, հնարավորություն տալ կարծիքը անկաշկանդ արտահայտել, ձևավորել տեխնոլոգիական պարզագույն հմտություններ, կոփել, կարևորել սովորողների ֆիզիկական վիճակը:

Հինգ տարեկանների հետ հանդիպման նախագծերի արդյունքները

1.    Բնագիտական գործունեության կազմակերպում

2.    Տեխնոլոգիական գործունեության կազմակերպում

3.    Հաշվելու, համեմատելու, չափելու կարողության զարգացում

Ուսումնական նոր գործիքի՝ պլանշետի արդյունավետության մասին

Ուսումնական նոր գործիքի՝ պլանշետի մուտքը անչափ ոգևորեց 4-5 տարեկաններին:

Հինգ տարեկանների խմբում պլանշետն սկսեցինք օգտագործել հենց առաջին հանդիպումից։ Աստիճանաբար սովորեցինք օգտվել գործիքի հնարավոր մատչելի, ընկալելի ծրագրերից: Սովորեցինք պլանշետի paint ծրագրով նկարել, ձայնագրիչից, ֆոտոխցիկից օգտվել: Փորձը ցույց տվեց, որ պլանշետը սովորողի գործունեության կազմակերպման արդյունավետ միջոց է, պլանշետով աշխատանքը դառնում է նրա գործունեության մի մասը, ամբողջացնում, լրացնում այն պատկերների, տեսադասերի, ֆիլմերի, խճանկարների, տրամաբանական խաղերի և այլ նյութերի միջոցով: Նրանով հնարավոր է կոնկրետ կարողություն, հմտություն զարգացնել, լուծել անհրաժեշտ և նպատակային խնդիրներ: Պլանշետում բեռնված ծրագրերը, խաղերը ուսումնական են, ապահովում են սանի զարգացումը, կարևոր հմտություններ և կարողություններ փոխանցում:

Ուսումնական միջավայրում ինձ հաջողվեց պլանշետը ուսումնական գործիք դարձնել: Պետք էր աշխատել այն ուղղությամբ, որ տանը նույնպես այն չդադարի զարգացման գործիք լինելուց: Պլանշետով արվող ուսումնական նախագծերն օգնեցին մոտենալու սովորողներին, բացահայտել նրանց հետքրքրություններն ու առանձնահատությունները: Օրինակներ.

Գործունեության ձևերի համալիր, փոխկապակցված իրականացման շնորհիվ միասին  անցանք զարգացման հետաքրքիր, ստեղծական ճանապարհ: Յուրաքանչյուր հանդիպում ուներ և՛ թերացում, և՛ հաջողում: Իմ սաները կատարեցին բնագիտական փորձեր, կավով ծեփեցին իրենց դիմապատկերները, թաղարներում տնկեցին ծաղիկներ, փորձարկեցին պլանշետը որպես ուսումնական գործիք, ձայնագրություն անել, հարցազրույց տալ սովորեցին: Ուսումնական հանդիպումները՝ խաղ-գործունեության միջոցով օգնեցին սովորողներին, չկտրվելով խաղից, զարգացնելու կարողությունները, ձեռք բերելու նոր հմտություններ:

Կարևորում եմ հանդիպումների այս փուլը. այն հնարավորություն տվեց ինձ բացահայտելու ոչ միայն սովորողներին, այլև ինքս ինձ, տեսնելու ինձ տարբեր իրավիճակներում, արագ կողմնորոշվելու, ելքեր գտնելու, գտնելու ուսուցման առավել ժամանակակից մոտեցումներ, ստեղծական և ուսումնական նախագծեր:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский