Թեման երկու շաբաթում

Մեթոդ և հնարք

Մի առիթով արդեն ասել եմ, որ ինձ համար մանկավարժության մեջ մեկ մեթոդ կա, այն է` որևէ մեթոդ չկա: Բացատրեմ, թե ինչու: Յոթ տարիների աշխատանքն ինձ եկել է համոզելու, որ չկա որևէ մեթոդ, որը կարող է արդյունավետ լինել դասարանում առկա 20-25 անհատների հետ աշխատելիս: Ավելին, եթե անգամ խումբը փոքր է, միևնույնն է, յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում: Ելնելով վերոգրյալից՝ ուսումնական աշխատանքը հեշտացնող, դասավանդվող առարկան հասկանալի դարձնող, դասընթացի նպատակներին ու խնդիրներին միտված քայլերի ամբողջությունն անվանենք հնարք:

Այդպիսի երկու հնարք կիրառվել է այս տարի, Կրթահամալիրի Վարժարանի 10-րդ դասարանում: Դրանք միմյանց լրացնող և շարունակող հնարքներ են: 21-րդ դարում առարկայական դասավանդումն ունի բազմաթիվ խնդիրներ: Էլ ավելի շատ խնդիրներ ունի հենց պատմությունը, քանի որ սովորողները (հանուն անկեղծության ասեմ՝ նաև մենք), չեն կարդում երկար տեքստեր: Պետք է ընտրել այնպիսի տեքստեր, որոնք լինեն կարճ և բովանդակային: Տեքստ չկարդալը չի ենթադրում, որ մարդիկ չեն կարդում: Մեդիայի միջոցով մարդիկ օրվա ընթացքում գուցե ավելի շատ ինֆորմացիա են ստանում, բազմապատիկ ավելի անգամ տեքստ են կարդում, քան ենթադրենք 90-ականներին, սակայն դա, ամերիկյան եզրաբանությամբ ասած̀, «ֆասթֆուդ» է, լուծում է րոպեական խնդիր: Եվ այստեղ օգնության է գալիս խաղը:

Ինչևէ, դառնանք հնարքներից մեկին, որ կոչվում է «Ժամանակի մեքենա»: Փորձարկել ենք «4-րդ դարի Հայաստան» թեմայի համար: Սկզբում ընտրում ենք կոնկրետ դարաշրջանի նշանավոր դեմքերին: Այս պարագայում սովորողներն ընտրեցին Արշակ Երկրորդին, Պապ թագավորին և Փառանձեմ թագուհուն: Եղավ հստակ դերաբաշխում՝ նույն հերթականությամբ՝  Ադել Միքայելյան, Սոնա Բեզիրգանյան, Սոնա Մայիլյան: Այնուհետ ներկայացվեցին այն կայքերը, գրականությունը, սկզբնաղբյուրները, որոնց հետ պետք է ծանոթանային սովորողները: Խնդիրը հետևյալն էր. նրանք 4-րդ դարի Հայաստանից հյուր էին գալու 21-րդ դարի Հայաստան՝ մամլո ասուլիսի, որտեղ դասարանի մյուս բոլոր սովորողները հանդես էին գալիս որպես լրագրողներ։ Ենթադրվում է, որ լրագրողները նյութին պետք է տիրապետեն նույն չափով, ինչպես բանախոսները։ Այստեղ դրվում է նաև լրագրողական աշխատանքի խնդիրը, որը չի կարող սիրողական աշխատանք լինել: Բանախոսները պետք է պատասխանեին ոչ միայն իրենց անձին և ժամանակաշրջանին վերաբերվող հարցերի, այլ նաև անցյալի դիտանկյունից վերլուծեին արդի խնդիրները, առաջադրեին լուծումներ՝ որպես ինքնուրույն գահակալներ:

Մինչ ասուլիսը, սովորողները ծանոթացան հետևյալ գրականության հետ`

  • Ամիանոս Մարկելիանոսի հայերեն թարգմանված հատվածները:
  • Փավստոս Բուզանդ «Պատմություն Հայոց», թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Երևան, 1968 (այն հատվածները, որոնք վերաբերվում են Պապին, Արշակին և Փառանձեմին):
  • Արշակին, Պապին և Փառանձեմին նվիրված պատմավեպերը (այստեղ պետք չէ ծավալուն ընթերցանություն, ընդամենն անհրաժեշտ էր թերթել դրանք):
  • Մովսես Խորենացու Հայոց պատմության այն հատվածները, որոնք վերաբերվում են այս գործիչներին:
  • Արթուր Բախտամյանի հեղինակային «Հայոց հարց» հաղորդաշարի` Փառանձեմ թողարկումը:
  • «Վեմ» ռադիոկայանի` Սյունյաց դյուցազնուհին թողարկումը:
  • «Հայոց հարց» հաղորդաշարի Արշակ Բ թողարկումը (այն  չկա համացանցում̀  Հանրային հեռուստատեսությունն այդ շարքի հաղորդումների մեծ մասն հանել է):
  • «Ձայն Արարատի» հաղորդաշարի Պապ թագավոր թողարկումը (Արծրուն Պեպանյան):
  • Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիները» (Փառանձեմին նվիրված հատվածը):
  • Սանասար Գևորգյանի Պապ թագավոր անհատական աշխատանքը:
  • Վահրամ Թոքմաջյանի Արշակ Երկրորդ և Պապ թագավոր հաղորդումը:
  • Վահրամ Թոքմաջյանի Պապ թագավոր հանրամատչելի հոդվածը:
  • Էդուարդ Դանիելյանի Արշակունյաց այս փուլին նվիրված ոչ մեծածավալ ուսումնասիրությունը:

Հասկանալի է, որ բանախոսներն իրենց կերպարին վերաբերող գրականությունն ավելի ամբողջական էին ուսումնասիրում, իսկ սովորողների գերակշիռ մասը, բացի գեղարվեստական գրականությունը կարդալուց, ընթերցել էր մնացած բոլոր հոդվածները և լսել առաջարկվող հաղորդումները (դա ակնհայտ երևաց հարցադրումների ժամանակ):

Լուծվեցին հետևյալ խնդիրները։

  • Սովորողները հրաշալի պատկերացրեցին 4-րդ դարի Հայաստանը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային միջավայրով:
  • Կարողացան զուգահեռներ անցկացնել 17 դարերի հոլովույթից:
  • Համադրեցին երկու տարբեր իրականություններ. հետաքրքրականն այն էր, որ խնդիրների լուծման տեսլականները և բուն խնդիրների լուծման ուղիները նրանք տեսան 4-րդ դարում և փորձեցին կիրառել 21-րդ դարի համար:
  • Բանախոսները կարողացան հանդես գալ լսարանի առաջ. այս առումով ինքնավստահության նկատելի պակաս կար (հատկապես Ադելի մոտ, որ բավականին ամաչկոտ է մարդկանց առջև խոսելիս):
  • Սովորողներն սկսեցին յուրացնել հարց ձևակերպելու, խնդիր դնելու, հարց տալու մշակույթը:
  • Եղավ իրադարձությունների և ժամանակաշրջանի պատկերավոր ընկալում:

Հաջորդ այս շարքում լինելու է Կիլիկյան Հայաստանին նվիրված ասուլիսը՝  Լևոն Բ-ի քաղաքական կողմնորոշումների օրինակով:

Սույն հնարքն աշխատեց բավականին արդյունավետ, քանի որ սովորողները պահանջում են շարունակականություն (բանախոսներն իհարկե փոխվում են): Սա նաև լուծում է սեփական տեսակետ, կարծիք արտահայտելու խնդիրը և օգնում հեռանալու չոր վերարտադրության ուսուցումից: 

Ինչո՞վ է տարբերվում այս հնարքը նախկինում պատմության ուսուցման մեջ կիրառված նման մոտեցումներից։ 

  • Սովորաբար դրանք կիրառվում են դրվագային` ուղղված կոնկրետ դեպքի և կոնկրետ դասաժամի: Այս հնարքի կիրառումը դառնում է ինքնին նախագծային աշխատանք, որը չի սահմանակվում ֆորմալ դասաժամային համատեքստում:
  • Երկրորդ`  հնարքը կիրառելիս նրա մեջ ներառվում է ամբողջ խումբը. ասել կուզե, հնարքն ուղղված չէ մեկ անհատի կամ սահմանափակ թվով սովորողների։ Դրանում ներառվում են կոնկրետ գործընթացում առկա բոլոր մասնակիցները:

Որպես վերջաբան, թերևս ներկայացնենք մի փոքրիկ հատված Սոնա Բեզիրգանյանի̀ «Արքայի պատգամը» բանաստեղծությունից: Սոնան սա գրել է այս թեմայի ուսումնասիրությունից հետո:

Բայց ասեմ, իմացիր,
Երազից դուրս՝ կյանքում,
Ոչինչ էլ չի փոխվել, նույն վիճակն է տիրում,
Այն օրից, երբ կյանքդ քո երկրին զոհեցիր,
Այդ երկրին, կամ կախյալ, կամ անկախ անվան տակ,
Նույն անհայրենիքն ու օտարը տիրեցին։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский