Նախագիծը՝ ներառող-ներառական

Նախագծային գործունեության, դրա կազմակերպման, նախագիծ ասվածի ու դրա ձևակերպումների, իրականացման փուլերի, արդյունքների մասին խոսել ենք, մեջբերել, թարգմանել։ Ուզում եմ խոսել նախագծի ներառող լինելու ու ներառականությունը մեր բոլոր նախագծերում ներդնելու մասին։ Նկատի չունեմ նախագծին մասնակից սովորող-դասավանդողների խումբը, այլ հասարակությունը՝ մեր կողքին ապրող մարդկանց, ընկեր-անծանոթներին։

Նման տարրերը մեր գործունեության մեջ շատ են, սակայն անկանոն բնույթ են կրում։ Չկան դրա վերլուծություններ, փորձի փոխանակմանն ուղղված նյութեր ու արդյունքներ։ Կարծում եմ՝ սրա ժամանակն է։

Խոսեմ օրինակներով։

Մեր ընթերցումների նախագծերում երևում են այս տարրերը՝ հատկապես փողոցային թափառումների ժամանակ․ հիշենք չարենցյան ընթերցումները, ընտանեկան ընթերցումները։ Պոեզիայի սրահային ընթերցումների ժամանակ նախագիծն այդ ուղղությամբ շրջեց նաև Աշոտ Բլեյանը՝ թող չլինի դահլիճ-հանդիսատես տարանջատումը․ կարդում ենք բոլորս։

Մեր ճամփորդությունները, ճամբարները ներառող են․ միշտ լինում են ընկերներ, ազգականներ, որ միանում են ճամփորդական մեր խմբին։

Մեր դասավանդողներից ոմանք իրենց նախագծերում ունեն նման արտացոլումներ։ Օրինակ՝ պատմության դասավանդող Աշոտ Տիգրանյանն իր բոլոր նախագծերում կիրառում է այս հնարքը՝ ներգրավիր ընկերոջդ, առաջադրանքը կատարիր հարազատիդ հետ...

Կրթահամալիրային հանրակրթական, ամառային ճամբարները նույնպես բաց են ու ներառող։

Այս տարի մեր աշխատանքային ջոկատների փորձն ամենացայտունն էր․ աշխատանքում հետզհետե ներառվող բնակիչներ՝ մարդիկ, որ նաև շահառուներ են։

Դպրոցներում ունենք նաև ներառված խորհրդատու-ծնողներ, որ իրենց մասնագիտության, հմտությունների շրջանակում օգնում են, լուծումներ առաջարկում։ Ասենք՝ Միջին դպրոցում Տիգրան Արամյանի մայրիկը՝ տիկին Արաքսյան, մեր բույսերի խնամքի, աճեցման խորհրդատուն է։ Էսպես շարունակ։

Ճամբարային օրերին հետաքրքիր փորձ դարձան երգուսուցման ու պարուսուցման նախագծերը․ հատկապես պարուսուցման քաղաքային թափառումներից հետո սովորողները ոգևորված խոսում էին նոր ծանոթների ձեռքբերման, իրենց՝ պար սովորեցնելու հմտությունների մասին։

Ճամբարային բակային-մարզական խաղերը նույնպես կարելի է դարձնել պարբերական, ներառող։ Մանավանդ ֆուտբոլն էնպե՜ս էր համախմբել թաղի տղաներին, ներառել, ընկերացրել․ սա պիտի զարգացում ու շարունակականություն՝ ընթացք գրանցի։

Համերգային, պլեներային նախագծերը նույնպես ներառող են, սակայն ընթացքի, արդյունքների գրանցման ու շարունակականության՝ կապերի, ծանոթությունների, մասին չենք խոսում։

«Մեր բակը» նախագիծն իր բոլոր դրսևորումներով ներառվել-ներառելու հետաքրքիր, հեռանկարային փորձ է։

Թվարկումը կարելի է անվերջ շարունակել։

Հասել ենք կարևոր փուլի, երբ անհրաժեշտ է առաջ մղվել ու պատասխանել հետևյալ հարցադրմանը՝ որքանո՛վ են ներառված մեր սովորողներն ու ինչպես են պատմում իրենց գործունեության մասին, ի՛նչ գիտեն ծնողները, ի՛նչ գիտեն հասակակից ընկերները, այլ մարդիկ։ Ինչպե՞ս անենք, որ հնարավորինս ավելին իմանան, ներառվեն։

Այս հարցադրման շուրջ մտորումներն էլ՝ դրանցից բխող ձևակերպումներով, առաջարկում եմ առանցքային դարձնել մեր 2016-2017-ի նախագծերում։ Ամեն անգամ շեշտադրումները, հարցադրումները կարող են այլ լինել, մոտեցումները՝ նույնպես, բայց առանցքում լինի ներառականությունը։ Ընտրությամբ գործունեությունների, ակումբային նախագծերի համար սա հետաքրքիր զարգացում է, նոր արդյունքներ գրանցելու, սովորողներ ներառելու, ճանաչվելու, ճանաչելու համար հետաքրքիր հարթակ։ Համագործակցությունների, գործընկերների ցանկն անընդհատ կթարմացվի․ յուրաքանչյուր բնագավառ իր մասով կդառնա ավելի ներառող։

Յուրաքանչյուր սովորողի համար նախագծի ինչ-որ տարր ղեկավարել, համակարգելը ու դրա մասին պատմել, տարածել, ներառելը դարձնել կարևոր․ գրանցել ձևերն ու արդյունքները։ Զգույշ, որպեսզի չձանձրացնենք, սովորողին, մարդկանց՝ հասարակությանը, չվախեցնենք, չվանենք, չպարտադրենք, բայց հետևողականորեն ներդնենք՝ ընդլայնենք այս տարրը մեր նախագծերում։

Այս գործունեությունը փորձենք դարձնել նախագծի ամփոփման, ընթացքի ինչ-որ բաղադրիչի մաս, ինչպես կենդանի միջավայրում՝ բակ, թաղ, քաղաք, այնպես էլ՝ մեդիա։

Ամռան ընթացքում թերթել եմ մեր դասավանդողների, տարատարիք սովորողների բլոգները, նայել ֆեյսբուքյան էջեր։ Մեդիամիջավայրում մենք իրականում պասսիվ ենք․ չեմ խոսում-առանձնացնում տարվա որևէ հատված, արձակուրդային-չարձակուրդային տարանջատում չեմ դնում։ Մեր այն սովորողներն, որ ունեն հետաքրքիր նյութեր, նույնիսկ իրենց տեսակի մեջ առանձնացող եզակի թարգմանություններ, չեն տարածում իրենց նյութերը. արդեն ընկեր-դասավանդողի նյութերը տարածելու մասին չեմ խոսում։ Ստացվում է փակ շրջան՝ մենք գրում ենք, մենք ընթերցում։ Մեդիայում տարածելու, հայտնի դառնալու ձևերը նույնպես հմտություններ են, որոնք քայլ առ քայլ պետք է յուրացնել։ Այժմյան հայտնի ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը մեզանում տարածված է, այս հարցի լուծմանը քիչ է նպաստում․ «կիսվում» ենք որևէ նյութով՝ արձագանքում են միշտ նույն մարդիկ, հավանություն տալիս նույն մարդիկ։ Էդպես է մեզնից շատերի, մեծ մասի դեպքում։ Սեբաստացիական ֆեյսբուքյան համայնքը փոխօգնող ու արձագանքող է, բայց այս շղթայից արժե դուրս գալ՝ աշխարհին հայտնի դառնալու, նյութ տարածելու այլ ձևեր գտնել, ինչպես Լուսինե Բուշի համակարգած Ինթվինիգ նախագծի դեպքում։

Մեր գնահատման համակարգում փոփոխությունները կարող են դառնալ այս հարցում առաջ մղող և մոտիվացնող միջոց։ Նունե Մովսիսյանի ձևակերպման հետ համաձայն եմ՝ մոտիվացնելու խնդիր ունենք։ Ինչպես Նունե Մովսիսյանը, որ գնահատման իր համակարգում փոփոխություններ է առաջարկում, ինչպես Աշոտ Տիգրանյանը, որ այլոց՝ ընկեր, ազգականի հետ կատարված աշխատանքների համար այլ կերպ է գնահատում-խրախուսում, մեզնից շատերն ունեն նման մշակումներ, մոտեցումներ, փորձ։ Ինչքան շատ լինեն «ոչ սեբաստացի» մարդիկ մեր նախագծերում, այնքան շատ մենք կկատարենք մեր կանոնադրական, ծրագրային պարտականությունը՝ հեղինակային կրթական ծրագիրը իրականում կտարածենք այսպես։ 

Կրթահամալիրային տոնացույցը, վերը շարադրվածը, մեր անհատական առաջարկները, մոտեցումները, փորձը դնելով հիմքում՝ կարող ենք ունենալ նախագծային ուսուցումը գնահատող, արդյունքներն ամփոփոխ գնահատման նոր և ամբողջական մոդել։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский