«Ցտեսություն» ուսումնական նախագիծ
Primary tabs
Առանձին գործող ավագ դպրոցը հանրապետությունում իրականություն է արդեն 7 տարի (2009-ից): Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է: Կրթահամալիրի կազմում, որտեղ գործում են ուսումնական կենտրոններ` մասնագիտական միջավայրով, և հեղինակային կրթական ծրագիրը` իր ուսումնական պլանով, հնարավոր են դարձնում, որ ամեն անհատ ձևավորի իր կրթական պատվերը, որ կրթական ծրագիրը առավելագույն չափով անհատականացվի, և մի ավագ դպրոցում, անգամ մի դասարանում կարող են սովորել տարբեր խորացված ուսուցման (այլ կերպ ասած` տարբեր հոսքերի) սովորողներ, ընդ որում մեկը կարող է դասընթացներ ընտրել տաբեր բնագավառներից:
Կրթահամալիրի Ավագ դպրոցում ուսուցման կազմակերպման տարատեսակ ձևերերից ընտվել է նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցման մեթոդները սովորողների մոտ զարգացնում են ճանաչողական, ստեղծագործական հմտություններ, հնարավորություն են տալիս ներկայիս ինֆորմացիոն հսկայական հոսքը համակարգել, ներկայացնել սեփական տեսակետից:
Ողջ հանրապետությունում 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման համար մեկ խնդիրն այն է, որ շրջանավարտը՝ ապագա դիմորդն արդեն ունի մասնագիտական կողմնորոշում, զբաղված է դպրոցից դուրս իր «անհատական կրթական ծրագրի» իրագործմամբ: Դա նրանից խլում է ողջ ժամանակը, ուժերը: Կամ սովորողը, որ ուզում է դպրոցն արագ ավարտել ու իր կյանքն ինչ-որ կերպ դասավորել, հոգնել է դպրոցից ու չի գալիս այլևս, կամ գալիս է անիմաստ է համարում ուսումնական աշխատանքով զբաղվելը. դրանով չի գրավվում։ Այս բոլորի հետ մեկտեղ՝ հանրակրթության բովանդակություն և կազմակերպման անհամաձայնություն կա։ Հանրակրթական պետական չափորոշիչն Ավագ դպրոցի բովանդակությանը ներկայացնում է պահանջներ՝ քննադատական մտածողության, մտագործունեությանը նպաստել, որոշակի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորման ապահովում, հասարակական կյանքում և ամենօրյա գործունեության մեջ համապատասխան վարքագծի դրսևորման համար վարվեցողության կուլտուրայի, զարգացած արժեքային համակարգի ձևավորման ապահովում, բնական և տեխնածին աղետների ժամանակ և կենցաղային վտանգավոր իրադրության մեջ, արտակարգ իրավիճակներում ռիսկերի գիտակցումը և դրանց կանխարգելման կարողությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը… Իսկ 12-րդ դասարանի՝ քննություններին ուղղված շտեմարանային ուսուցումն այդ պահանջնիերին անհաղորդ է։ Տեսնելով հաստափոր, 4-5 հատորներով շտեմարանները, պետական ավարտական և միասնական քննությունների թեստերը՝ պարզ կարելի է հասկանալ, որ վերը նշվածը այդպես էլ գրված կմնա:
Այս հոդվածում չեմ ուզում խոսել չափորոշչային բովանդակության և հանրապետության բոլոր ավագ դպրոցներում առկա խնդիրներից, խոսելու եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում իրականացված մի նախագծի մասին, որն մի քանի տարի է անվանում ենք «Ցտեսություն» ուսումնական նախագիծ: «Ցտեսություն» նախագիծը փորձ է հենց 12-րդ դասարանում ուսումնական աշխատանքի կազմակերպումը փոխելու, հաշտեցնելու, սովորողներին ներառելու, նախագծերով դպրոցին կապելու…
Նախագծի նպատակն ու խնդիրները.
- ավագ դպրոցի շրջանավարտներին (2016-ին՝ 116 շրջանավարտ) համախմբել մեկ նախագծի շուրջ.
- յուրաքանչյուր անհատի հնարավորություն տալ անհատականացնելու նախագիծը, հանդես գալու նախաձեռնություններով.
- օգտագործել կրթահամալիրի առաջարկած հնարավորությունները, օր օրի նորացվող միջավայրը.
- ազդել շրջանավարտի կենսակերպի վրա.
- ազատել շրջանավարտներին ավարտելու հետ կապված բազում ձևականություններից, արհեստականությունից։
Նախագծի բովանդակությունը ներառում էր քանի բաղադրիչ՝ պար, երգ, տեխնոլոգիա, սովորողների անհատական ուսումնական պլանով որոշված խորացված ուսուցման արդյունքների ներկայացում՝ անհատական և խմբային ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ:
«Ցտեսություն» նախագծի առջև դրված խնդիրները սկսվեցին լուծվել քայլ առ քայլ:
Այսպիսով, որպես նախագծի մեկնարկ, սկսվեցին թողարկվել շրջանավարտների Ես եմ.. խոստովանությունները Սեբաստացի TV-ի հետ համատեղ:
«Ցտեսություն» ուսումնական նախագծի շրջանակներում շրջանավարտներ Սուրեն Պողոսյանը և Հովսեփ Աբրահամյանը ներկայացան մենահամերգով:
Գեղարվեստի ուսումնական կենտրոնի կին-ֆոտո ընտրությամբ խմբի 6 սովորողները գեղարվեստի ցուցասրահում բացեցին իրենց անհատական ֆոտո ցուցահանդեսը՝ դասավանդող Մարինա Մկրտչյան.
- «Ավարտական պորտֆոլիո» Տիգրան Իսկանդերյան
- «Ավարտական պորտֆոլիո» Վահե Այվազյան
- «Ավարտական պորտֆոլիո» Ռաֆայել Խաչատրյան
- «Ավարտական պորտֆոլիո» Էրիկ Բաբաջանյան
- «Ավարտական պորտֆոլիո» Ալլա Սահակյան
Ցուցահանդեսին հաջորդեց կրթահամալիրի շրջանավարտ Եվա Մարկոսյանի կազմակերպված «Հրաժեշտի հնչյուններ» համերգը, որին իր հետ մասնակցեց նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Անի Մկրտչյանը:
Գեղարվեստի ուսումնական կենտրոնի նկարիչ սովորողները իրենց եռամյա գործունեությունը ամփոփեցին «Վերջին ակորդ» ցուցահանդեսում: Ցուցահանդեսին մասնակից սովորողները շարունակեցին իրենց մասնագիտական գործունեությունը ամառային ճամբարի ընթացքում «Կրթահամալիրի վերնիսաժ» կամ «Սեբաստաի մոլ» նախագծում:
«Ցտեսություն» ուսումնական նախագծի եռամսյա գործունեության ընթացքում ձևավորվեցին երգչախմբեր՝ խմբավարներ Լուիզ Քեշիշյան և Նելլի Փիլոյան, պարային խմբեր՝ պարուսույց Ստեփան Թորոյան, շրջանավարտներ Ջուլի Սիմոնյան, Քրիստինե Աթոյան: Այստեղ դրսևորվեց նաև շրջանավարտների ինքնուրույնությունն ու ինքնակազմակերպումը: Գեղարվեստի ուսումնական կենտրոնի սովորողները Անի Հովհաննիսյանի հետ ձեռնամուխ եղան տեխնոլոգիական նախագծերին՝ միջավայրի ձևավորում, դիզայն (1, 2):
Ի՞նչն էր կարևոր կազմակերպման մեջ։
- Նախագիծը մտավ սովորողի անհատական պլան, անհատական դասացուցակ:
- Շեշտը դրված էր միասնականության, համերաշխության վրա:
- Նախագծում ընդգրկված էին խմբավարներ, տեխնոլոգներ, երաժշտության, պարի մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը հստակ գիտեր իր անելիքը:
- Երգչախմբերի ձևավորումը կազմակերպման նոր ձև էր:
- Նոր էր և հետաքրքիր մայիսի 26-ի էստաֆետը առաջին դասարանցիների հետ:
- Ավագ ընկերոջ նվերերով կրթահամալիրի կրտսեր դպրոցները ճամբարային նոր պիտույքներ ունեցան՝ գնդակներ, օղակներ ու պարաններ:
Ի՞նչը չստացվեց 2016-ին։
- Չստացվեց ի վերջո ներառել 116 շրջանավարտներին էլ: Հասկանալի է, որ գործ ունենք տարբեր խառնվածքի, աշխարհայացքի տեր պատանիների հետ, և միշտ չէ, որ բոլորին կարելի է համախմբել մի բովանդակության շուրջ: 2017-ին պետք է փորձել լրացնել այս բացը՝ նախագծում նոր բովանդակություն ներառլով կամ կազմակերպումն ավելի որոշակի դարձնելով։
- Արհեստականության դրոշմը մնացել էր «Վերջին պարապմունք» կոչվող հավաքների վրա։ 2017-ին դասարանային վերջին պարապմունքներ չեն լինի, անհրաժեշտության դեպքում դրանք կփոխարինվեն այլ հավաքներով:
- Շրջանավարտները նախագիծը իրենք չէին լուսաբանում, չէին պատմում մեդիայում, չէին ներկայացնում անոնսներ, գովազդներ, հոլովակներ… բաց մնաց:
«Ցտեսություն» նախագիծն ամբողջացավ մայիսի 27-ին, Մարմարյա սրահում՝ «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբությամբ։ Կարծում եմ՝ այստեղ արդեն ես չէ, որ պետք է գնահատականներ տամ. որպես հանրապետությունում իրեն սպառած «Վերջին զանգի»՝ հեղինակային կրթական ծրագրով այլընտրանք, երևույթը գնահատեցին ԶԼՄ-ները. օրվան անդրադարձան 1in.am-ի լրատվական կայքը, Շանթ TV-ն։
Անդրադարձան նաև կրթահամալիրի Սուրհանդակ ռադիոն, միջին դպրոցի սովորողները, շրջանավարտները։
2016-2017 ուսումնական տարում նախագիծը պատկերացնում եմ այսպես։
- «Ցտեսություն» ուսումնական նախագիծը քննարկված ներկայացված լինի առաջին կիսամյակից: Սովորողի անհատական ուսումնական պլանում ներառվի երկրորդ կիսամյակի սկզբից։
- Հստակ լինի նախագծի օրացույցը, որով որոշված լինեն նաև բոլոր հավաքները՝ իրենց բովանդակությամբ:
- Ըստ օրացույցի պատշաճ հանրայնացվի, բացվի այլ դպրոցների շրջանավարտների համար:
- «Ես եմ…» նախագծի բովանդակության և իրականացման մեջ նոր տարրեր մտնեն։
- Լուսաբանման կազմակերպումը դառնա նախագծի բաղկացուցիչ։
- Բացվել է 1671 անգամ