Սովորողների ակումբների մասին

Ժամանակակից առաջադեմ մանկավարժությունն այսօր արդեն չի դիտում դպրոցը որպես մի վայր, որտեղ միայն առարկայական գիտելիք և կարողություն են փոխանցում տարատարիք սովորողներին: Լավագույն կրթօջախներ են համարվում այն դպրոցները, որտեղ բացահայտվում ու զարգացում են ապրում յուրաքանչյուր սովորողի միայն իրեն հատուկ ունակություններն ու հետաքրքրությունները, և անհատի մեջ այնպիսի ներուժ են ձևավորում, որը շրջապատին, մարդկանց ու երկրին արդեն դպրոցական հասակում պիտանի լինելուն է օգնում: Այս կարևոր առաքելությանն է ուղղված դպրոցական ոչ ֆորմալ կրթությունը՝ ակումբային գործունեությունը:

Վերջին տարիներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում սովորողների ընտրությամբ ձևավորված մի շարք ուսումնական ակումբներ են աշխատել՝ «Խաղարկային դատարան», «Գիտակների», «Ընթերցասերի», «Հայրենագետ-բնապահպանների», «Անգլախոսների», «Ծրագրավորողի», «Ռոբոտիքս», «TV mskh», «Վրացախոսների», «Երաժշտական լաբորատորիա», «Տիեզերք», թատերական, դիզայներների, արվեստագետների, տնտեսագետի  և այլ: 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ակումբային գործունեությունը Ավագ դպրոցի բոլոր սովորողների համար պարտադիր ուսումնական գործունեություն էր՝ ընդգրկված կրթական ծրագրի օրինական ուսումնական պլանի և սովորողի անհատական ուսումնական պլանի մեջ, ներառված դասացուցակային պարապմունքներում: Որոշակի ձեռքբերումներով հանդերձ՝ ակումբային գործունեության կազմակերպման այդ ձևը լիովին չարդարացրեց իրեն, քանի որ խաթարված էր ակումբների ձևավորման հիմնական սկզբունքը՝ հաշվի առնել յուրաքանչյուր սովորողի անհատական հետաքրքրություններն ու ներքին ունակությունները: Ինչպե՞ս կարող է ակումբի գործունեությունը հաջողված համարել, եթե նրա անդամներից մի քանիսը պարտադրված ու չուզենալով են հաճախում պարապմունքներին: Երբ 2015-2016 ուսումնական տարում ակումբային գործունեությունը հանվեց ուսումնական պլանից և դասացուցակային պարապմունքներից, ակումբներից դուրս եկան պարտադրված հաճախողները, և թվում էր, որ վերջապես ակումբներում կընդգրկվեն միայն տվյալ ակումբի ամենախանդավառները, պարզվեց, որ այդ ամենախանդավառների թիվը շատ քիչ է, և որոշ ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը հենց միայն այդ պատճառով։ Կարծում եմ, որ ակումբի գործունեության նոր կարգ պետք է առաջադրվի, քանի որ ներկայիս կարգը հետ է մնացել արդի պահանջներից: Կարո՞ղ են լինել ինքնաֆինանսավորվող ակումբներ, որոնց դեպքում դեպքում կվերանա ակումբի անդամների նվազագույն թվաքանակի պահանջը: Ավելին՝ կարո՞ղ են արդյոք գործել սովորողների նախաձեռնությամբ ինքնաղեկավարվող ակումբներ:

Ընդհանրապես, որո՞նք են լինելու ակումբային գործունեության զարգացման ուղիները մեր կրթահամալիրում: Կարո՞ղ ենք այս հարցում մեզ համար ընդունելի լուծումներ գտնել՝ ուսումնասիրելով դպրոցական ակումբային գործունեության համաշխարհային փորձը: Իմ կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս հարցում մեծ ձեռքբերումներ ունեն երեք երկրներ՝ ԱՄՆ, Կանադան և Ճապոնիան:

Միացյալ Նահանգներում դպրոցական ակումբային գործունեությունը երեք ուղղություններով է զարգացած՝

  • բարեգործական հիմնադրամների ստեղծման կամ ստեղծվածներին աջակցության,
  • հանրային ծառայությունների
  • մասնագիտական կողմնորոշման:

ԱՄՆ-ի դպրոցներում ակումբային գործունեությունը պարտադիր չէ և չի ընդգրկված ուսպլաններում և դասացուցակային պարապմունքներում, բայց սովորողների մեծամասնությունը կամավոր սկզբունքով ընդգրկվում է այս կամ այն ակումբում, քանի որ քոլեջներ, համալսարաններ ընդունվելիս և ապագայում աշխատանքի ընդունվելիս ներկայացվող ինքնակենսագրական տեղեկատվության մեջ կարևորվում են անձի կատարած կամավորական աշխատանքները, հանրային ծառայությունները, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների նկատմամբ ցուցաբերած գործնական հետաքրքրությանը:

Հիմնադրամների ստեղծման և դրանց աջակցության ակումբներից է օրինակ, չինական խնամքի ակումբը (China Care Club), որը գործում է Վեսթոնի ավագ դպրոցում և, որի առաքելությունն է որբ չինացի երեխաների խնամքի համար դրամահավաքներ կազմակերպելը: Մեկ այլ օրինակ է Լիվինգսթոնի ավագ դպրոցի «Փշրելով շղթաները» ակումբը, որի անդամները կապ են հաստատում մի որևէ հետամնաց ու աղքատ երկրի դպրոցի հետ և սկսում են դրամահավաքը, որով օգնում են նորոգել այդ դպրոցը: Այս տիպի ակումբներից են «Ամբոխային դրամահավաք» (Crowdfunding) անունով ակումբները, որոնք գործում են տարբեր քաղաքների դպրոցներում: Այս ակումբները կրթական նպատակների համար դրամահավաքներ են կազմակերպում համացանցի միջոցով:

Հետաքրքիր է հանրային ծառայություններ իրականացնող ակումբների գործունեությունը։

  • Նրանք նոր կամ քիչ օգտագործված խաղալիքներ են հավաքում և տանում են դրանք մանկական հիվանդանոցներ ու այդ քայլով հոգեպես ոգևորում, ուրախացնում են երեխաներին:
  • Գնում են իրենց թաղամասի փոստատունը և խնդրում են իրենց տալ Սանտա Կլաուսին հասցեագրված նամակներ, որոնք անապահով ընտանիքների երեխաներ են գնել և հավաքած գումարով իրականացնում այդ նամակներում նշված փոքրիկ երազանքները:
  • Նամակ են գրում իրենց նահանգից ընտրված կոնգրեսմենին՝ հանրային մի որևէ հարցի լուծման ակնկալիքով:
  • Մեծահասակներին համակարգիչներով և բջջային սմարթֆոններով աշխատել են սովորեցնում:
  • Անվճար առցանց կրկնուսույցի աշխատանք են կատարում տարբեր ուսումնական առարկաներից հետ մնացող սովորողների հետ, ովքեր ի վիճակի չեն վճարել կրկնուսույցներին:
  • Հավաքարարի կամավորական աշխատանք են կատարում գետափերին, զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում:
  • Մի օր ապրում են անտուն մարդկանց կյանքով, ինչը կարեկցանք է արթնացնում նման մարդկանց հանդեպ և դրամահավաք են անում նրանց համար:
  • Գրքեր են հավաքում մանկատների, գիշերօթիկ դպրոցների գրադարանների համար:
  • Որոշ ակումբների անդամներ էլ իրենց նպատակն են դարձնում շատ ժամանակ անցկացնել հատուկ կարիքով երեխաների հետ, օգնել նրանց ներառվել կյանքում և ուսման մեջ:
  • Մենթոր ընկեր են դառնում կրտսեր դասարանում մի որևէ սովորողի հետ:
  • Պարտիզպանի ակումբի անդամները պարտիզպանական աշխատանքներ են կատարում, գեղեցկացնում միջավայրը:

Կարևորն ու հետաքրքիրն այն է, որ այս բոլոր նշված գործունեությունների նախաձեռնողներն ու իրականացնողները հենց իրենք սովորողներն են:

Մասնագիտական կողմնորոշման ակումբները յուրաքանչյուր երեխայի թաքնված հնարավորությունները, ունակությունները, հակումները բացահայտելու նպատակն են հետապնդում: Այս ակումբները սեր ու հետաքրքրություն են արթնացնում այս կամ այն մասնագիտության նկատմամբ: Այս խմբի մեջ մտնող ակումբներից են՝ «Ճարտարապետի», «Բնագետի», «Ծրագրավորողի», «Գրականագետի», «Ռոբոտիքսի», «Լրագրողի», «Գրողի», «Հոգեբանի», «Տնտեսագետի», «Կայք ձևավորողի»: Այն սովորողները, ովքեր առաջնորդի որակներ են ցուցաբերում, ընդգրկվում են համապատասխան ակումբներում՝ «Հանրային կառավարում», «Աշակերտական խորհուրդ»: Մեդիայով հետաքրքրվողները կարող են ընտրել այս ակումբները՝ «Դպրոցական ռադիոկայան», «Դպրոցական հեռուստակայան», «Դպրոցական ամսագիր»: Երաժշտությամբ հետաքրքրվողները ունեն հետևյալ ընտրությունը՝ «Դպրոցական երգչախումբ», «Պարային համույթ», «Սովորողների ստեղծած երաժշտախումբ», «Մենանվագ», «Վոկալ»: Այն սովորողները, ովքեր զգում են, որ հեշտությամբ են կարողանում հաղթել բանավեճերում և բավականություն են ստանում մեծ լսարանի առջև խոսելուց, կարող են միանալ այս ակումբներին՝ «Խաղարկային կոնգրես», «Դեռահաս հանրապետականներ», «Դեռահաս ժողովրդավարներ», «Արտաքին գործերի», «Բանավեճի»: Գործում են նաև ամենատարբեր մարզական ակումբներ:

Ակումբների գործունեության ֆինանսավորումը ԱՄՆ–ում

Պետական հանրակրթական դպրոցի ղեկավարությունը դիմում է կառավարությանը ակումբային գործունեությունը ֆինանսավորելու համար և հիմնավորում այդ ծախսերը, սակայն ակումբային ոչ բոլոր ծրագրերն են կառավարության կողմից ֆինանսավորվում: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են բավարար եկամուտներ չունեցող երեխաների արտադպրոցական գործունեությունները: Այդպիսի կազմակերպություններից է Կալիֆորնիայի «Think Together»-ը:

Ֆինանսավորման այլ աղբյուրներից է ակումբների անդամներից անդամավճարի գանձումը: Հաշիվ է բացվում բանկում, և անդամավճարները փոխանցվում են այդ հաշվին: Ինքնաֆինանսավորվող ակումբներն ունենում են իրենց հաշվապահը, որը հաշվետու է ակումբի անդամների առաջ: Նա պետք է հաշվետվություն ներկայացնի կատարված ծախսերի մասին:

Ճապոնիայի դպրոցական ակումբները

Այս երկրում դպրոցական ակումբները երկու ուղղության են՝ մարզական և մշակութային: Դպրոցներում գործում են ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, լողի և այլ մարզաձևերի ակումբներ: Մշակութային ակումբներից են՝ անգլախոսներինը, խոհարարականը, կինոյինը, թեյախմության արարողակարգինը և ճապոնական մշակույթին վերաբերող այլ ակումբներ:

Ճապոնիայի որոշ հարուստ դպրոցներում ակումբային գործունեությունը պարտադիր է և ուսպլանի մեջ է ընդգրկված: Ավելի աղքատ դպրոցներում այս գործունեությունը կամավոր է`ավելի սահմանափակ հնարավորություններով:

Կանադայում դպրոցական ակումբները սովորողների ուսումնական տարիները ավելի հետաքրքիր դարձնելու համար են:

Ակումբները ուսումնական պլանների մեջ չեն ընդգրկված, բայց ներառվում են ընդհանուր կրթական ծրագրում: Ակումբների պարապմունքները կազմակերպվում են դասերից հետո: Դրանք հիմնականում սպորտային ակումբներ են. Բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, լող, թիավարություն, հոկեյ:

Կան նաև միջազգային միջմշակութային ակումբներ, որոնց նպատակն է սովորողներին ծանոթացնել այլ երկրների մշակույթներին, լեզվին: Աշնանային արձակուրդների ընթացքում այս ակումբի անդամները երեք շաբաթ անցկացնում են այն երկրում, որի մշակույթը և լեզուն ուսումնասիրում են:

Կան նաև երաժշտական ակումբներ` ջազ ակումբ, ռոք ակումբ և այլն։

Դպրոցում կարող է գործել նաև «Դպրոցական լրագիր» ակումբը, որտեղ սովորողները լրագրողի աշխատանք են կատարում:

Եզրակացնող հետևություններ ուսումնասիրությունից հետո

Որոշակի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում է գործել մեր կրթահամալիրի հայրենագետ-բնապահպանի ակումբը: Կանադական ակումբների նման մեծաթիվ սովորողների համար դպրոցական տարիները հետաքրքիր է դարձրել մեր «Գիտակների ակումբը»: Մասնագիտական կողմնորոշման միտումներ են ունեցել մեր «Տնտեսագետի», «Ընթերցասերի», «Անգլախոսների», «Ծրագրավորողի», «TV mskh», «Խաղարկային դատարան», «Ռոբոտիքս» ակումբները, «Երաժշտական լաբորատորիան»: Այնքան շատ հոդվածներ եմ կարդացել այս թեմայով և պետք է առանձնահատուկ ոգևորությամբ նշեմ, որ իր բնույթով եզակի է  մեր «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործունեությունը` իր համերգային շրջագայություններով, ինչն ամենաիսկական հանրային ծառայություն է: Եզակի են նաև մեր կրտսեր, միջին և ավագ դպրոցների ռադիոհաղորդումները, որոնց ամենաակտիվ մասնակիցները կարող են ստեղծել իրենց ռադիոակումբները: Մեծ աշխարհն էլ մեզանից բան ունի սովորելու: Իսկ մենք սովորելու բան ունենք ակումբների միջոցով հանրային ծառայություններ մատուցելու  ոլորտում:

Աղբյուրներ՝

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский