Բաց՝ մեր մանկավարժության բոլոր փուլերում, բաց անխտիր…
Primary tabs
Ծաղկաքաղ կրթահամալիրի տնօրենի օրագրից
Աշխատիր, որ ֆորմալ կրթությունը չխանգարի սովորելուն… Սա, որ ըստ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի՝ Մարկ Տվենն է ասել, մեր ֆորմալ կրթության զարգացման փարոսն է…
Ուրախանանք, որ 2016-2017 ուսումնական տարում մեր Ավագ և Հիմնական դպրոցների սեբաստացի ծնողների մի տպավորիչ խումբ ընտրել է սովորելուն չխանգարող, աշխատելով-ինքնակրթությամբ մասնագետ դառնալու Քոլեջ-Արհեստագործականը… Նոր վիճակ է ստեղծվում սրանով քոլեջում, վաղուց սպասված-պատրաստված… Սրանով, որպես գործատու, կրթահամալիրում աշխատանքների-ծառայությունների-ապրանքների ստեղծումը լիուլի տրամադրում եմ քոլեջի սովորողներին։ Անհատներով-խմբերով նախաձեռնություններով, որպես և՛ ուսումնական նախագծերով արտադրությամբ ուսուցում, և՛ լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն, բիզնես նախագծերով… համեցե՛ք «Սատանի ջրաղաց» ու ջուր լցրեք, համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ սովորելու…
Ի՞նչ եմ ուզում… որ քայլե՛լ կարողանանք մեր աշխարհում մեր առօրյայի-աշխատանքի մեջ, կրթահամալիրի Բանգլադեշում թափառում լինի, պուրակ-կածան-բարձունք լինի, ոտքով, հեծանվով, որ դպրոցից դպրոց, գործունեությունից գործունեություն անցում լինի՝ իր բնական դադարներով ու ազատ ընտրությամբ, որ սեբաստացի սովորողների օրացույցը չդառնա կաբինետային փակումների շարան… Փոխել է պետք այս ոչ նորմալ ընթացքը… Ահա ինչու՝ երկրագործությամբ կրթահամալիրում ես զբաղվում եմ անմիջական, որպես ուղիղ ճանապարհ… Ահա ինչու՝ Ավագ դպրոցի պատանու՝ իր գործը, իր սիրած զբաղմունքը ճանաչելը, դրանով զբաղվելու խնդիրն է Ավագ դպրոցի մուտքի ճամբարի առանցքում…
Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Հարավարևմտյան զանգվածի, մեր կրթահամալիրի դպրոցների թաղերը 35-40 տարվա պատմություն ունեն… Ճանաչենք մեր թաղը, նրա մարդկանց, անվանիներին-հնաբնակներին, նրանց զբաղմունքը, նախասիրությունները, թաղի գործատուներին, կազմակերպություններին, թաղի հեղինակություններին, թաղի պուրակները, հուշարձաններն ու անցուդարձը, խնդիրները, լուծումները։
«Մեր թաղը» նախագծերի իրագործումը ֆոտոշարքերը, հարցազրույցները, պլեներները չեն, այլ դրանք որոշակի ժամկետային փուլերով իրար կողքի դնելը, տեսնել-համեմատելը` ի՞նչ փոխվեց մեր թաղում համատեղ ծրագրային աշխատանքով, մեր թաղին- բնակավայրին, մեր կենցաղին հանրային, նիստուկացին նոր հայացքի հաստատումով…
Կրթահամալիրի կրտսեր դպրոցների ղեկավարների և սեբաստացի 5-6 տարեկանների դաստիարակների-ուսուցիչների հավաքի ժամանակ հայտարարվեց, որ Դպրոց-պարտեզում և Նոր դպրոցում առաջացել է 2016-2017 ուստարվա համար լրացուցիչ առաջին դասարաններ բացելու պահանջ… Կա մեր մանկավարժության հասարակական պատվեր՝ խոստացել եմ՝ կբավարարվի: Հավելյալ կչարչարվենք, հուլիս-օգոստոսին կստեղծենք նոր խմբասենյակներ-ուսումնական տարածքներ՝ առավել գրավիչ-հետաքրքիր-զարգացնող-հիգիենիկ… բա էլ ի՜նչ տղամարդ եմ ես, ինչի՞ եմ հեծանվի վրա, որ ուսումնատենչին ասեմ՝ нет։ Անհնար է․ համեցե՛ք սեբաստացի աշխարհ, համեցե՛ք հենց հիմա՝ մեր ուսումնական ամառային նախագծերով, մեր ամառային ճամբարներով․․․
Անդրանիկ-բաց-ամենօրյա մանկավարժական, սկսվող ուստարին սպասարկող հարց-խնդիրների քննարկում-բերումը լուծումների-իրագործումների օպերատիվ ֆորումը երեկ սկսվեց՝ կրթահամալիրում ակումբային գործի ծավալման ու ֆլեշմոբային ուսումնական նախագծերի նորացման-տարածման, սրանց երկուսի զուգակցման անհրաժեշտությամբ… Համեցե՛ք, եկեք՝ ձեր խնդիրներով-լուծումներով… առավելագույն հանդուրժողություն և օպերատիվություն եմ երաշխավորում…
2015-2016 ուստարում հեղինակային կրթական ծրագրի այս նորույթը՝ ուսումնական աշխատանքի ֆլեշմոբը ի՞նչ գրանցում ունեցավ մեզանում. յուրայնացվե՞ց, սեփականացվե՞ց սովորողի ու նրա ընտանիքի, ուսուցչի ու մեր բարեկամների կողմից, դարձա՞վ մեր կրթական ծրագրի մշակողը, կազմակերպողը, տարածողը այնպես ու այնչափ, որ մենք 2016-2017 ուստարում առանց սրա չենք ապրի-գործի ու գիտենք սրա զարգացման-ծավալման ուղին… Հարցնում եմ…
Եվ այսպես 2016-ին կրթահամալիրը կունենա ուսումնական ձիանոց-ձիավարժարան՝ գյուղատնտեսական տնտեսությամբ. շա՜տ-շա՜տ երեխաներ, սեբաստացիներ նոր, հատկապես 5-6 տարեկաններ, որ ոտքով թե հեծանվով, խինդով-երգով այս սեպտեմբեր պիտի բռնեն Սեբաստացի ագարակի արտով անցնող ճամփան։ Մեր ձիերի խրխնջոցն ու շների հաչոցը լսեցի՞ք…
Բոլոր միջոցներով ես արագացնում եմ ձիանոցի մանեժի կառուցումը, «գիշեր-ցերեկ» վիճակ եմ հայտարարել Խորենի համար, և ահա իմ գրով SOS-ի կոչ` օգնե՛ք, մեր ձիանոց-ձիավարժարանն անավարտ չթողնե՛ք… հո խայտառակ չե՞նք լինելու…
Օրերս մի «Կամազ» ավտոմեքենա բուսական հող Ապարանից հասավ՝ Նոր դպրոցի պարտեզի համար, մի այդպիսի մեքենա էլ՝ Նորագավթից, Քոլեջի մուտքի լանջերի… Այսօր մեկնարկած Ավագ շաբաթը՝ ողջը, իր շաբաթով-կիրակիով, որպես օգոստոսի 30-ին սկսվող հեղինակային ուսումնական տարվա պատրաստություն, նախագծային է՝ խմբային-մոբիլ-ստեղծական-համերաշխ լայն դաշտ նախաձեռնությունների համար… Այսօր կրթահամալիրում սկսեց ճարտարապետական աշխատանքային սեմինարը. դրան զուգահեռ ձևավորեք ուսուցիչների-սովորողների աշխատանքային խմբերը՝ կրթական պարտեզ ծրագրով տեղային (դպրոցական) մշակումներն անելու համար։ Եվ ավանդական կրթական շքերթը մեր կունենա այս Ավագ շաբաթվա ներկայացում-ցուցադրությունը «Սեբաստացի մոլ»-ում. ամեն դպրոց-դասարան-խումբ-ակումբ-անհատ թող ներկայացնի իր սեպտեմբեր ամսվա նախագծերը, աշխատանքները, չէ՞ որ սեպտեմբեր ամսվա օրացույցը խոստացված-հրապարակված է…
Իսկ օպերատիվ ֆորումում ես առաջարկեցի ուսումնական պարապմունքների (ամենօրյա և այլ) վայրերի ցանկում որոշակի դարձնել նաև դպրոցի շրջակա միջավայրի պուրակները (բացօթյա պարապմունքների) և խաղահրապարակները․․․ Ասենք՝ ի՜նչ հարմար դաշտ է մականախաղի համար Դպրոց-պարտեզին կպած` Յու․Բախշյանի այգու կլոր-բարեկարգ հրապարակը․ ինչո՞ւ մականախաղի նոր հրապարակի մասին մտածենք, երբ սա օրերով, ամիս-շաբաթներով ազատ է․․․
2016-2017 ուստարում ամերիկացի դիզայներ Ադամ Սակսի օրինակով լուծումները կարող են թարմացնել-դատարկել, այլ դարձնել շատ սեբաստացիների հանդերձարանը, իսկ «Սեբաստացի մոլը», շնորհիվ Գեղարվեստի ու Քոլեջի արհեստանոցների, դառնա գործածված հագուստների ցուցադրման-վաճառքի կենտրոն, կրթական կասկադի ցուցադրությունների հարթակը՝ բաց տարածք դարձնելով նման փորձարարական գործերի ներկայացումների համար․․․Մկրատ ու երևակայություն․․․ սովորական-ձանձրալի հագուստներ, իսկական հեղինակային տեխնոլոգիական հանրակրթություն, մոբիլ ու ստեղծական․․․
Շաբաթ օրը, կիրակիի մի մասը մենք՝ ես, Գևորգ Հակոբյանը, Սուսան Մարկոսյանը, անցկացնում ենք աշխատանքային քննարկման ռեժիմում․․․ Ես, որ այս օրերին սկսել եմ մանկավարժական լաբորատորիայի թարմացրած «Ուսուցումը կրթահամալիրում. 2016-2017 ուստարի» բաժնի նյութերը կարդալ, գումարած՝ աչքի անցկացնել բոլոր ուսուցիչների, կրթական շքերթ-նորամուտի սեպտեմբերյան հավաքի-բարձունքի նվաճման նախագծերով յուրաքանչյուր սեբաստացի սանի, խմբի բլոգները․․․ իմ օրինակով ասեմ՝ ինչքա՜ն բան կա կարդալու, և որքա՜ն թանկ է ժամանակը․․․ Կիրակնօրյա ընթերցարանում իմ շրջակա աշխարհն է՝ Թուրքիա-Վրաստանով այս անգամ, ու տեսե՜ք-տեսե՜ք, զարմացրիք հա՜․․․ շարքում երկու նյութ՝ ամենաբարձր շատրվանի ու ամենանոր մանկապարտեզային ոչ ավանդական նախագծի մասին․․․ Քոլեջի Դպրոց-պարտեզի, Հիմնական-Նոր դպրոցի նախկին նկուղները, որ հիմա գրավիչ-ազատ տարածքներ են կանչող, որքա՜ն ոչ ավանդական նախագծերի-լուծումների դաշտ են բացում 2016-2017 ուստարում․ ամենա-ամենա-ամենա․․․ Սկսե՛ք:
Շրջակա աշխարհ են ոչ միայն կրթահամալիրի դպրոցների հարակից տարածքները՝ բակերը, պուրակները, ավտոտնակները, կրպակները, մարզահրապարակներն ու աղբյուրները, այլև ինչ-որ ժամանակ ինչ-որ մարդկանց կողմից իրենցով արված ու մոռացված, աղբանոցի վերածված անկյունները, որտեղ իսկական սատանաներ-գիտությանն անհայտ կենդանակերպեր կարող են բազմանալ… Շրջակա աշխարհ են նաև դպրոցներն իրար ոլոր-մոլոր աստիճաններով, հաղթահարելի պատնեշներով միացնող մեքենայի, հետիոտն, մի կերպ անցանելի անցումները, կապերը, ուղիները… Ու այս գործը, իհարկե, մի հարվածով-շաբաթով, ամառով-բուլդուզերով արվող չէ. ճանապարհ է, ուսումնական աշխատանք, իսկական հանրային համակեցություն, ամբողջական-ներառական միջավայրի հաստատում, 2016-2017 ուստարվա, բոլորիս միավորող, հասարակություն դարձնող նախագիծ… Այսպիսի նախագիծ քանի՞սն ունենք… Սրանք եմ ես անվանում կրթահամալիրի Բանգլադեշի «մետաքսի» ճանապարհի ուղիներ, «Կրթական պարտեզ բնակավայրում» նախագծի հյուսիս-հարավի, արևելք-արևմուտքի ճառագայթներ, կրթահամալիրի դպրոցները, թաղամասի շենքերը միացնող հեծանվաուղիների ցանց… Եվ հաջողության նշան է կամ պայման, որ հարևան թաղերի անծանոթ պատանիների մի հմայիչ խումբ միացել էր այս բացվող շրջակա աշխարհի մաքրության գործին… Հալալ է:
Անպատնեշ-ներառական հանրային գոտու վերածումը կդառնա՞ թաղի բնակիչների ու կրթահամալիրի սովորողների, աշխատողներիս համատեղ նախագիծ… Կկարողանա՞նք ապահովել այդքան դժվարությամբ ստեղծվող հանրային միջավայրի մշտական խնամքը-հիգիենան… տեսնե՜նք-տեսնե՜նք, բայց մենք կգործենք այնքա՜ն բաց, հաշտ-անանձնական, որ որևէ այլ շահ՝ ոչ հանրային, չդառնա անհաղթահարելի խոչընդոտ…
Հիմա, երբ ջնջել ենք ֆիզիկական սահման-պատնեշներ-պարիսպները բոլոր տեսակի, մեր դպրոցների շրջակա միջավայր-թաղամասերի հետ, ի՞նչ է մնում մեզ անել՝ դրանց տեղով-սահմանով կանաչ գոտիներ-անցումներ շնորհքով ստեղծելուց բացի… Դուրս գալ բակ-թաղամաս, ընդառաջ գնալ դպրոցական բակում հայտնված ոչ սեբաստացու՝ երեխայի ու նրա ծնողի հետ, չքշել-աչքով չնայել․․․ Ինչո՞ւ վախենալ-օտարվել անծանոթ-վատ ծանոթ, բայց մեր դրկիցից, մեր երևանցուց․․․ Ինչո՞ւ ջոկել՝ մեր-ձեր, ինչո՞ւ չհարգել իր ընտրությունն ու չներառել նրան մեր կրթական միջավայրում՝ լրացնելով նրա կրթությունը մերով․․․ այն, ինչ կարող ենք մենք, փոխանցել․․․
Ո՛չ մի դարպաս… վերջինը կխորտակվի Մայր դպրոցի մարզադաշտինը. համեցե՛ք, առաջարկեք՝ ինչ անել այս գյոզալ-անպետքի հետ… Նախավերջինը կընկնի Անկախ մայլում՝ մեր Հիմնական դպրոցի ճաղապատը… Մեր անպարիսպ-անպարտեզ թափանցիկ ամբողջությամբ, արտաքին միջավայրում մեքենաների մուտքն արգելված է, ինչպես ծխողների, մուժիկի, խուժանի… Մենք մեր կրթահամալիրի դպրոցական բակերով, դրանց շրջակա միջավայրով, միջդպրոցական կապերով, գործում ենք, սկսել ենք գործել որպես հանրային պարտեզներ՝ առանց խտրության որևէ դրսևորման…
Շարունակելու ենք քանդում-մաքրում-բացումը մեր շրջակա միջավայրերում՝ բոլոր ուղղություններով… օգնելու ենք թաղամասերի բնակիչներին կարգի բերելու իրենց ձեռքերով-իրենց թույլտվությամբ աղճատված, չափառած-մոռացած-բրախած աղբանոցի և բաց չուլանոցների վերածած անհեռանկարային կիսակառույցները (ենթադրում եմ՝ գառաժը, «բուդկա»-ն)… Մեր շրջակա միջավայրին, այո՛, մաքրություն է պետք, կանաչ հանրային գոտիներ, և մենք այն 2016-2017 ուստարում, այո, բերելու ենք… որպես ներառական ճանապարհ անցնելու ենք՝ դրսևորելով համերաշխության, արդարության, շիտակության, հաստատակամության անհրաժեշտ որակներ… Ավարտելու ենք, իհարկե, օր առաջ մեր ագարակը՝ իր ձիանոց-մանեժով, հանգստի գոտիով, իր շրջակա աշխարհ բարձունքով՝ Չարենցի մեր կամարով-պուրակներով-խաղահրապարակներով… Ծղոտը, խոտը, գարին արդեն ամբարել է ագարակապան Խորենը: Ով չի սկսել, չի մտել այս մաքրագործ ընթացքի մեջ, թող շտապի: Սկսե՛ք, օր առաջ սկսեք. իմ առավելագույն աջակցությունն ունեք:
Տարիներ առաջ, երբ չունեինք անգամ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի ծածկած լողավազանը, բայց կար մանկավարժական խնդիր-անհանգստությունը՝ լողուսուցումը որպես հանրակրթություն, մենք երազում էինք, մտածում-նախագծում Նոր դպրոցի մի թևը՝ իր նկուղով, ծածկած լողավազանի վերածելու մասին։ Հետո հաշվարկները մեզ hետ կանգնեցրին՝ թանկ էր ստացվում… Տիար Գևորգի՝ մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հետ լողում էինք Գեղարվեստի մեր ավազանում, քիչ ներքև՝ լողափի այլ հարթակում, Գեղարվեստի դաստիարակներն էին մեծ-բաց-մոբիլ ավազանում ու… մեր որոշումը՝ 2016-ին, մինչև ցրտերն ընկնելը Գեղարվեստում, Նոր դպրոցում, Հիմնականում ստեղծել ծածկած լողավազաններ․ մեր բարեկարգվող, ուսումնական տարածք դարձող նախկին նկուղային գոտիներում տեղադրել 7x4x1,35մ չափերով հավաքովի ավազաններ, 2-ից-10 տարեկանների շուրջտարյա լողուսուցման համար, իսկ Դպրոց-պարտեզի ծածկած, մեծ լողավազանը գործածել մարզական լողի, հնգամարտի ու եռամարտի համար… Սկսեցինք…
Հետևե՛ք Դպրոց-պարտեզի, Քոլեջի, Գեղարվեստի շուրջ զարգացումներին՝ Նոր ուղու մեկական պոլիգոններ. սոցիալական նոր հարաբերություններ, բնակիչ-բնակավայր-աշխատավայր եռանկյունու հակամարտություն-փակուղու հաղթահարում, ներառականության մենարկ… համայնքային համակեցության հաստատում ու ծով հանդուրժողականության դրսևորում…
Հպարտանալու հիմքերը կան․ երեկ, ես Մայր դպրոցի խաղադաշտից ճանապարհեցի ամենշաբաթյա միասնական պլեների՝ Թումոյի այգի մեկնող ճամբարականներին, բոլորին, խանդավառ-պատրաստված, նկարչական և ուսումնական այլ միջոցներով… Հետո, օրվա վերջում, խոհանոցի սեղանի շուրջ հանդիպեցի Գեղարվեստի ջոկատին… Պլեներից, Դպրոց-պարտեզի ծովում միասնական լողից, իրենց ջոկատավար Ռիմա Երեմյանի հետ Դպրոց-պարտեզ-Գեղարվեստ հայրենագիտական քայլքից հետո՝ առույգ, ախորժակով, շաբաթ-կիրակիի մասին հավեսով խոսակցություններով… Իսկական կրթություն. և պետք չէ ասել՝ լրացուցիչ… իբր հիմնականը ո՞րն է, էդ ո՞վ է որոշել՝ կրթվո՞ղը, կրթո՞ղը, ո՞վ… Մենք ՝ մանկավարժությամբ զբաղվողներս, պարզապես մեկընդմիշտ պիտի հաղթահարենք պարսպային-պատնեշային-հատվածատիրական մտածողությունը, որ արտահայտված է… սովորողի թվով ֆինանսավորման մեջ, դաս-դասարանային համակարգում, որով «Սա իմ սովորողն է՝զանգից-զանգ, պատից-ցանկապատից այս կողմ». այն կողմում ուրիշներն են, ես արձակուրդում եմ… Ես չկա՞մ։
Իսկ Բ 4-ի լողավազանը-լողափը, պետք էր տեսնել, ի՜նչ տնավարի են խնամում-մաքրում-նոր ջուր լցնում Սոնայի ստեղծած «Ընկերության» անդամները՝ բոլորն էլ Բլեյանի մանկավարժության տիրույթում…
Ու սկսել է պետք, սկսածը շարունակել է պետք հենց հիմա այս բնակավայրում՝ Հարավարևմտյան զանգված կասեք, Հարավարևմտյան թագավորություն, թե կարճ-ժողովրդական՝ Բանգլադեշ, նրա որևէ անկյունում, մեր անմիջական շրջակա միջավայրում՝ իր աշխարհագրությամբ, մարդկանցով, նրա ստեղծած նյութական ու հոգևոր արժեքներով, կենցաղային մշակույթով․․․ Ինչ ունենք՝ ունենք․․․ Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում զրուցում էի Աշոտ Տիգրանյանի հետ Քնարիկ Ներսիսյանի «Մեր թաղը» անվանումը ստացած նախագծի շարունակում-զարգացում-ամբողջացումը թեմայի շուրջ․․․ Սա է մեր ճանապարհը, մեր ցուպն ու մեր խաչը՝ անդադրում ու բարեխիղճ հետևողականությամբ, սիրով-հարգանքով մեր բնակավայրի, որտեղ մենք չենք աշխատում սոսկ, ապրում ենք:
Բանգլադեշի մի շարք թաղամասերի ջրազրկումը պարտադրեց մեր մանկական ճամբարների ղեկավարներին, համակարգող Նաիրա Նիկողոսյանին խելամիտ որոշում կայացնել՝ միասնական ճամբարային առօրյա կրթահամալիրի Գեղարվեստում… Կեցցե՛ն մեր Գեղարվեստի մեծ ու փոքրերը, որ տպավորիչ ցուցադրեցին ճամբարականներին իրենց անձնական, նյութական միջավայրի ներսի-դրսի բոլոր առավելությունները․ ես, միամիտ չլինեք, իբր տարված հողային աշխատանքների իրագործման մեծ ու անհետաձգելի ծավալով, տարբեր ռակուրսներով-դիտարաններից, նաև տանիքից, հետևել եմ այս օրերի ճամբարային միասնական գործունեությանը, ծովին Գեղարվեստի ու նրա շուրջ ճամբարականների բազմաբնույթ գեղարվեստական-մարզական անցուդարձին…
Կեցցե՛ք, հալալ է, շնորհակալ եմ… ու ձեզ միասնական-արշավով-քայլքով կճանապարհեմ Երևանյան լճով Զանգվի ձոր։ Տեսնեմ՝ բարդություններ ո՞նց եք հաղթահարում, ինչպիսի՞ն են ձեր ճամփորդական խուրջինն ու հավեսը… Սրանով նոր երթուղի ենք ստեղծում նաև կրտսեր սեբաստացիների համար՝ կրթահամալիր-Սեյրան Ավագյանի բարձունք-Երևանյան լիճ-Սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքով Հրազդանի կիրճ-Մանկական երկաթուղի-թունելով Մաշտոցի պողոտա…
Քոլեջում, Հիմնականում, Նոր դպրոցում, Գեղարվեստում, Դպրոց-պարտեզում աշխուժացել են նախակրթարանների ամառային պարտեզների նորացման-ընդարձակման աշխատանքները․ հանգիստ չեմ թողնի, ավելին՝ պրծում չունեք, եթե ավազահրապարակները, լողափերը, պուրակները չեն դարձել 2-5 տարեկանների հետաքրքիր-անվտանգ-հիգիենիկ-զարգացնող ինքնաբուխ-բնական բազմաբնույթ գործունեության միջավայր։ Կներեք, բայց երևակայության, նորարար լուծումների պակաս կա, որ պահանջում է կոնկրետ նախաձեռնողականություն, բարեխիղճ հետևողականություն ամեն մի դաստիարակից, դպրոց-պարտեզի ղեկավարից։ Անմահանա եղեք ձեր իրագործումներում, հակառակ դեպքում՝ «բերել եմ ես ձեր մահը»… «Կատակով ասեցի»,- կավելացներ Դավիթ Բլեյանը:
Պլեներ 2017-ին նկարչական պատեր, ձևավորման անկյուններ-օբյեկտներ ճարելը ավելի ու ավելի խնդրահարույց կլինի…
Ձեռքբերումների նոր հաշիվ սկսեք հիմա 2016-2017 ուսումնական տարվա համար, ինչպես մեր Ավագ դպրոց կառուցումի նախագծով մտած Վանուհի Ազատյանը… Ինչպես Դպրոց-պարտեզի Սոնա Փափազյանի ընկերության անդամ դարձած այս ընտանիքը. լավ է, որ ևս մի ուսումնական տարի չգլորվեց՝ անհաղորդ իրարից ու իրենք՝ կրթահամալիրից…
Լուծումներ գտեք անշարժության իներցիոն ընթացքը հաղթահարելու… Ես, օրինակ վեր ու վար եմ անում Րաֆֆու փողոցով, մեր ստեղծվող մոլի, ուսումնական վերնիսաժի մայթով, երկա՜ր կանգնում Գեղարվեստի քանդակի բակի բարձր հենապատի տակ ու խեթ-խեթ նայում, փնտրում եմ Քոլեջի կրթական կասկադի բացօթյա էստրադան… Լավ է, որ իմ հայացքը որսացին Արեն Շահնազարյանը, Գրիգոր Խաչատրյանը… Իրականության փոփոխումը նկարչությամբ տարերքի՞ ճանապարհ է… Ահա լուծումներ, ելքեր, փոփոխություններ են նկարում մեր գեղարվեստի սովորողներն ու ուսուցիչ-տոխնոլոգները… Այո, նկարչի հայացք, մեզ հենց դա է պակասում, սկսեք նկարել ուրիշ իրականություն… Նկարչությունը այսպիսով տարերքի ճանապարհ է:
Քնարիկի ու քանդակագործ Աշոտ Երիցյանի հետ գտանք նրա հուլիսյան աշխատանքի բովանդակությունն ու ձևը՝ ուղղված այս սեպտեմբերին, որ Աշոտը 2016-2017 տարվա մեկնարկին, ունենա, ստեղծած լինի իր աշխատանքը… Այնքա՜ն «անգլիական» այգիներ կան մեր Բանգլադեշում, ինչո՞ւ այս այգիներում բակային չկազմակերպել կերպարվեստի պլեներային պարապմունքներ. թաղի նկարչորեն օժտվածներից հենց այսպիսով ստեղծել ընկերությունները…
Կասկադից, անցանք Օպերայի հրապարակով, կանգառը՝ Կարապի լճի ավազանը… Հավանեցի. պլեներային գործի ներկայացման լավ հարթակ է, ու թե այս տարի (տարին նոր-նոր սկսվել է, դեռ չի էլ կիսվել) չվերադառնանք, 2017-ի Բանգլադեշի պլեների արդյունքները մայրաքաղաքին ներկայացնելու վայր կդարձնենք… Ինքնին մի մեծ նախագիծ՝ իր ռեժիսուրայով…
Երևանյան լճի ափին մենք չենք կարող չստեղծել-չունենալ մեր սեբաստացիական անկյունը։ Ահա ինչու, իմ արկածախնդիր-հեծանվային որոնումները մեզ՝ ուսուցչական մի խմբի, ի վերջո բերեցին բայդարկա-կանոե-ակադեմիական թիավարության միակ մարզադպրոցի երևանյան հանգրվանը։ Մենք զբոսնելու չենք եկել․ աշխատանքային այց է, ճանաչողական։ Հուլիսի մեջ արագ ու խելամիտ անցնենք գործընկերության ճանաչողության, ծրագրման փուլը, որ օգոստոսին մեր սովորողները կարողանան ընտրություն կատարել։ Այո՛, մենք պիտի ունենանք մարզական թիավարողների խմբեր՝ տարատարիք սովորողների, իսկ ուսուցիչները թող Երևանյան լճով զբոսնելու և լողալու այս հնարավորությունը օգտագործեն…
Իսկ գետի-լճի մյուս ափին ամերիկյան դեսպանատան բարեկարգ մարզահրապարակներն են, նրանց մեջ գրավողը՝ մեծ թենիսի կորտերը։ Փորձենք օգտվել մեր աշխարհագրական դիրքից ու սկսենք մեծ թենիսի պարապմունքներ նաև:
Թափառումը-զբոսնելը-ճամփորդությունը (կարդացեք որպես հոմանիշներ) մեթոդ է, որով ես ապրում եմ-գործում եմ-կամ (էլի կարդացեք որպես հոմանիշներ) Երևանում, Բանգլադեշում, աշխարհում… Թե չէ՝ ես վաղուց թողել էի այս «քաղաքն աղմկոտ», այս Բանգլադեշը տարտամ…
Այս բնակավայրում՝ Բանգլադեշ կոչվող, սիրելիներս, որտեղ մենք 1985-ից, այո՛, 1985-ից հայտնվել ենք (համարեք, որ ձեր մանկավարժության նախնիք եկել, բնակվել են այստեղ) ու շարունակում ենք զբաղվել մանկավարժությամբ, չենք վերացել․ կորուստներով, այո՛, մաքառումով-պայքարով, բայց տեսե՛ք՝ կանք, ավելի ու ավելի հայտնի, նոր ուսումնական տարի ենք սկսում 230-ի չափ 5-6 տարեկաններով, տասնյակ ու տասնյակ պատանիներով-դեռահասներով, նոր ծրագրերով, գաղափարներով։ Մենք «դատապարտված» ենք մեր ամենօրյա ուսումնական աշխատանքով, թափով մեր ու մեր շրջակա աշխարհի վրա կանգնեցնել այս պարտեզը՝ իր պուրակներով, անցումներով, բլուրներով-բարձունքներով, հարթակներով, լանջերով․․․ սկսած նախագծումից, որպես ուսումնական աշխատանք, տարատարիք սովորողի ու մանկավարժի, իր բոլոր փուլերով․․․ փորձի յուրացմամբ, գործընկեր-մասնագետների ներգրավմամբ․․․ Եվ այդ շրջայցից ընդամենը ժամեր հետո մի այլ խմբով մենք գյուղատնտես-այգեգործ Դերենիկի ուղեկցությամբ շրջում էինք Բանգլադեշի Եռաբլուրի կանաչ տարածքներով, ուշադիր լսում այս աչք շոյող կանաչի գլխավոր մասնագետի մեկնաբանությունները․․․
Արցախի, Ջավախքի, հայաստանյան մարզերի հետ մեր կրթական փոխանակումները, ուսումնահայրենագիտական նախագծերը կարող են տարերքի պես փոխել 2016-2017-ի իներցիոն ընթացքը. ես վճռական ու հեռանկարային լուծումներ եմ առաջարկում ու այդպիսիք սպասում ձեզանից, յուրաքանչյուրից… Համեցե՛ք «Սեբաստացի» մոլ՝ ամառային փոփոխությունների շունչը զգալու, կամ ամեն առավոտ մտեք Քոլեջի կրթական կասկադ, իրիկունը՝ սեբաստացիական ագարակ, եթե ոչ՝ Սևանի «Ժայռ»… Սքանչանում եմ, երբ մեր պատանիները գերվում են Սևանի տարերքով…
Սևանի «Ժայռ»-ում էլ հասուն հարաբերություններ են, իսկակա՜ն ռազմամարզական ճամբար՝ իր հայրենագիտական-բնապահպանական արշավախմբային բաղկացուցիչներով… Խնամքով պատրաստել էին ցուցադրական ելույթները. մեծ թվով պատասխանատուներ, ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի, կրթության և գիտության առաջին փոխնախարար Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ գոհ մնացին. տպավորված էին… Շահագրգիռ քննարկում եղավ «Ժայռ»-ի ակումբում. կարծում եմ՝ մեզ հաջողվեց ներկայացնել մեր փորձը, որ խտացված էր այսպիսի տեղեկանքում, որ հասցրել էր կազմել կրթահամալիրի մանկավարաժական լաբորատորիան… Այնպես որ քննարկման երկրորդ մասը բուռն էր ու կոնկրետ՝ ինչպես մեր փորձը տարածել, ինչպես ունենալ դեռահասների-պատանիների ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության ճամբարային կազմակերպում՝ որպես այլընտրանք այսօրվա կաբինետային-ձևական, իբր տեսական նախնական զինվորական պատրաստության… Պաշտպանության փոխնախարար Տոնոյանը ոգևորված էր մեր ճամբարի հանրակրթական ամբողջականությամբ՝ արշավախմբային, ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական…
Մենք մեր կյանքն ենք ապրում, ինչպես Հռիփսիմե Առաքելյանը իր 2016-17 ուստարվա ընդունած 23 առաջին դասարանցիների գործող բլոգում է գրում. «Այս մեծ, գունեղ ու հետաքրքիր սեբաստացիական աշխարհում արի միասին ճամփորդենք, բացահայտենք ինքներս մեզ ու աշխարհը»… Կարծեմ այսպիսի աշխարհի բացահայտմանն է պատրաստվում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը…
Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի ղեկավարի հետ պայմանավորվել ենք մեր 2016-2017 ուսումնական օրացույցում, նրա «Ամառ-2017» ժամանակաշրջանում, օգոստոսի 11-16-ը գրանցել «Նավասարդի տոն-օրեր Աժդահակում»… Համեցե՛ք, նոր արձակուրդի օրեր՝ միասին, արշավախմբային ճամբարում անցկացնելու… Իսկ սեպտեմբերի 3-ին կմեկնարկի «Բարձունքի նվաճում» նախագիծը՝ իր կրթական շքերթով… Սա էլ մեր խիզախումն է լեռներում՝ Արագածի հարավային-հյուսիսային գագաթները գրոհել Բյուրական-Ամբերդի արշավախմբային կայանի ճամբարից, ծանոթ-անծանոթ սեբաստացիներով․․․
Օգոստոսն էանց, գանք սեպտեմբերին. անհատական-խմբային-հավաքական բարձունքի նվաճման 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկին… Իսկական նոր տարի՝ իր նախածննդյան պատրաստության սպասումի օրերով (օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը), ու սեպտեմբերի 5-ի կրթական շքերթով, սեպտեմբերյան ստեղծագործական հավաքով, հավաքի նորամուտներով, սեպտեմբերի 3-ին մեկնարկող «Բարձունքի նվաճում» նախագծով. ի՜նչ ընտրություն կա՝ Սևանի «Ժայռ» հանգրվանը՝ իր հարակից բարձունքներով, և Բյուրականի ՀԱՍԿ-ի Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայրը՝ Արագածի գագաթներով, Ամբերդի բլուր-երթերով…
Զուլում ուսումնական տարի է դառնում. 2016-2017-ի այսօրվա մանկավարժական-սեբաստացիական հավաքին ֆիզարձակուրդից վերադարձածի իրավունքով մասնակցում են երեքական երեխաների մայրիկ-ուսուցչուհիներ Լուսինե Մանուկյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Մարինե Ամիրջանյանը… Առիթներով՝ յուրաքանչյուրին առանձին կանդրադառնամ. երեքն էլ՝ խասյաթով-ասելիքով-անելիքով-եռանդուն-նպատակասլաց երիտասարդ կանայք… Բայց, իրենք իրենցով՝ երևույթ… խորհրդանիշ չէ՞ 2016-2017-ի համար… Կեցցե՛ք, աղջիկներ, իմ, մեր, բոլորիս հիացումը… թե չէ՝ բլոգ-հաշվետվություն, գրի-նկարի… Այսպես՝ իրենցից-արևից-հողից-ջրից ժողովել-ծեփել, Աստված էլ վերևից իր ամենահաս շնչով ոգին է փոխանցել, երկու տարեկան դարձրած՝ Արեգին, Գրիշային, Էդգարին գցել հետևը, բերել են մեզ:
Մեր կրթահամալիրն այսպիսով սկսում է գործել որպես ամբողջական հանրային տարածք՝ իր ու իր շրջակա աշխարհով: Մենք որևէ մեկի կալվածքը չենք՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ կրթահամալիրի աշխատակազմինը, ո՛չ նրա սովորողներինը, ո՛չ առավել ևս Բլեյանինը. մենք յուրաքանչյուրինն ենք, կոնկրետ ու անխտիր, այսպիսով՝ արդար…
Սպասել չկա. սովորողներն էին պակաս՝ աշխույժով լցվել են այսօր, այսօրվանից, օրացույցով… Սկսում ենք ուսումնական ճամփորդությունների հետևողական շարանը՝ հեծանվով-ոտքով, մեր շրջակա աշխարհում… մերը, իմը, Արմինե Թոփչյանինը… միացե՛ք մեզ, խմբերով տարատարիք՝ առանց սահմանների, մեր շրջակա աշխարհով քայլարշավն է ու հեծանիվը… Մեքենան առօրյա չէ, շքեղություն է, ու պիտի պատճառաբանված լինի նրա գործածումը, առայժմ, ասենք՝ Արագածի փեշեր, Սևանի «Ժայռ» հասնելու համար… Մնացածը, երբ կճամփորդենք, երբ սուր աչքով-ֆոտոօբյեկտիվով, արթուն մտքով, անմիջական հույզով կապրումակցեք, ձերը կդարձնեք-կյուրացնեք, կխոսենք-կլսենք:
Մեր կոչումը, գործը ստեղծել-փոխանցելն է բաց համակարգում, բաց՝ մեր մանկավարժության բոլոր փուլերում, բաց անխտիր…
- Բացվել է 1469 անգամ