Էկոկրթություն կրտսեր տարիքից

Ժամանակակից աշխարհում է կոլոգիական կրթությունը այն կարևոր հենասյուներից է, որը կարող է ապահովել մարդկության հետագա զարգացումն ու առաջընթացը: Ինչպես ամբողջ աշխարահում, այնպես էլ ՀՀ-ում, իրականացվում են համապատասխան քայլեր այս ուղղությամբ: Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ էկոլոգիական կրթության անհրաժեշտությանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դրա իրականացման փորձին, սույն հոդվածով կփորձեմ ներկայացնել նախադպրոցական և կրտսեր դպրոցական  տարիքի սովորողների հետ տարվող աշխատանքը՝ մեջբերելով նաև միջազգային փորձի արդյունքները:

Ինչու՞ է պետք էկոլոգիական կրթությունը սկսել նախադպրոցական տարիքից: Ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին իրականացված հետազոտությունները, սովորողների միայն մեկ տոկոսն է, որ հետագա մասնագիտության կողմնորոշման հարցում դառնում է բնապահպան, կամ որևէ կերպ առնչվում բնապահպանական գործունեությանը:

Գերակշիռ մասն ընտրում է ամենատարբեր մասնագիտություններ՝ հիմնականում ելնելով տվյալ երկրի աշխատաշուկայի պահանջից: Ներկա ժամանակներում էկոլոգիան, բնապահպանությունը ոչ թե պետք է լինեն միայն կոնկրետ մասնագիտություններ, այլ դառնան մտածելակերպ՝ անկախ մարդու հետագա գործունեությունից: Անձի մտածելակերպի ու աշխարհայացքի ձևավորման վրա կոնկրետ և հենքային ազդեցություն թողնելու առումով բացառիկ է կրտսեր տարիքում տարվող աշխատանքը:

Բացի դրանից, էկոլոգիական կրթությունը պետք է ուղեկցի երեխային իր զարգացման յուրաքանչյուր փուլում՝ դրա իրականացման համար օգտագործելով մի շարք մեթոդներ:

Առավել տարածված են հետևյալ մեթոդները:
Երեխաների հետ զրույցի մեթոդ: Կրտսեր տարիքի սովորողների հետ շատ հաճախ կարելի է իրականացնել զրույցի մեթոդը: Երեխաների հետ պետք է հաճախ խոսել բնությանը առնչվող թեմաներով, օրինակ ի՞նչ դեր ունի բնությունը մարդու կյաքում, որքա՞ն բարիք ենք ստանում մենք բնությունից, ինչու՞ է պետք պահպանել բնությունը և այլն: Զրույցի մեթոդով աշխատանքը կարելի է սկսել ամենափոքր տարիքից, որը նաև համընկնում է երեխայի զարգացման այն շրջանի հետ, երբ սկսում է զարգանալ նրա խոսքային մշակույթը: Երեխայի հետ բնության, բնապահպանության մասին պետք է զրուցել ոչ թե բնական միջավայրից կտրված որևէ վայրում, այլ բնության գրկում, որևէ բնապահպանական խնդիր լուծելու, տանը, պարտեզում իրականացվող գործունեության  ընթացքում: Բնության մասին վերացական խոսելը ոչինչ չի տալիս: Զրույցը գործունեության ընթացքում կարող է լինել, գործունեությունը ամփոփելիս, այն պետք է կոնկրետ լինի:
Բնապատկերներ նկարելու մեթոդ: Սկսած երեք տարեկանից երեխաները կարողանում են արդեն պատկերներ  նկարել: Այս դեպքում արդեն առավել արդյունավետ կլինի, եթե երեխաները փորձեն պատկերել բնական միջավայրի որևէ պատկեր, տեսարան, երևույթ` սկսած սենյակում աճեցված բույսից մինչև խմբասենյակի պատուհանից երևացող ծառերը կամ այգին: Այս մեթոդը ավելի է սերտացնում կապը երեխայի և բնության միջև: Ընդհանրապես բնությունը ավելի  զանազան  և գունեղ է, ավելի մեծ տպավորություն կգործի նկարող երեխայի վրա, քան արհեստական ստեղծված ցանկացած պատկեր: Խնդիրը նրան  բնական միջավայրում թողնելն է, իր զգացողությամբ ստեղծված բնապատկերները մեկնաբանելու մղելը։  Երեխան կարող է սկսել նաև լուսանկարել:

Բնապահպանական օրացույցի կիրառումը ուսուցման մեջ: Տարվա ընթացքում օրացույցի մեջ հանդիպում են հատուկ օրեր, որոնք բնապահպանները նշում են աշխարհի մի շարք երկրներում, ինչպիսիք են «Երկրի օրը», «Ջրային ռեսուրսների պահպանման օրը», «Կենսաբազմազանության պահպանման օրը», «Շրջակա միջավայրի պահպանության օրը» և այլն: Սովորողներին պարբերաբար պետք է ոչ միայն ներկայացնել այսպիսի բնապահպանական տոները՝ նշելով դրանց դերն ու նշանակությունը, այլև դրանց մասնակցության նախագծեր անել` առիթն օգտագործելով հետաքրքիր, ակտիվ գործունեության սովորություն ձևավորելու համար։

Պրակտիկ գործունեությունը: Էկոլոգիական կրթության ամենակարևոր և արդյունավետ մեթոդը շարունակում է մնալ բնապահպանական ամենօրյա գործունեությունը, քանի որ երբ սովորողի մոտ սկսում է զարգանալ սեփական անձի խորը գիտակցությունը, այդ ժամանակ սովորողը պետք է նաև հասկանա, որ ինքը ևս կարող է որևէ կերպ ազդել բնության ու շրջակա միջավայրի վրա: Պրակտիկ գործունեությունը ավելի է սերտացնում երեխայի և բնության մեջ ձևավորված կապը, որն արդեն տեսանելի պետք է լիներ նախորդ փուլերից հետո:
Պրակտիկ գործունեության տիպերը: Յուրաքանչյուր տարիքային խմբում կիրառելի են գործունեության որոշակի ձևեր, որոնք աստիճանաբար սկսում են անցում կատարել ամենապարզ ձևերից մինչև կոնկրետ բնապահպանական գործունեություն:

Սկսել կարելի ամենապարզից, օրինակ` խմբասենյակում գտնվող տնային բույսերի շուրջտարյա խնամքից: Հաջորդ քայլով սովորողների հետ կարելի է կազմակերպել մշակաբույսերի ցանք: Երեխան աննկարագրելի իմացումի հրճվանք կապրի, երբ տեսնի, թե իր կողմից ցանված ու տևական ժամանակ խնամված բույսը ինչպիսի արդյունք է տալիս կոնկրետ բերքի տեսքով:
Երբ միևնույն կրթական հասատությունում ընդգրկված են տարատարիք սովորողներ, այսինքն, բացի կրտսեր տարիքի սովորողներից կան նաև ավելի ավագ տարիքի սովորողներ, փոքրերի կրթության հարցում շատ կարևոր է ավագ ընկերների մասնակցությունը: Խոսքը ոչ միայն ֆիզիկական օգնության մասին է, այլ նաև ավագը ընկերը կարող է իր գործունեությամբ օրինակ ծառայել կրտսերների համար:
Ծնողի դերը: Էկոլոգիական կրթությունը առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է ծնողի դերը, քանի որ երեխան հիմնականում տեսում ու ընդօրինակում է իր ծնողի գործունեությունը: Ցանկալի կլինի, որ սովորողների ծնողները ևս մասնակցեն ամենատարբեր գործունեությունների, օրինակ՝ ծառատունկերի և այլն: Ծնողի դերը էկոլոգիական կրթության արդյունավետության վրա չափազանց մեծ կլինի, եթե ծնողն ինքը լինի այդ ծրագրի կրողն ու շարունակողը՝ ապահովելով էկոլոգիական կրթության անընդհատությունը թե՛ ուսումնական հաստատությունում, թե՛ տանը:

Միջավայրը: Ցանկացած տարիքային խմբում էկոլոգիական կրթություն իրականացնելու ճանապարհին ամենակարևոր գրավականներից մեկն, անշուշտ, միջավայրն է, որը ոչ միայն սովորողի համար պետք է լինի ուսումնասիրության ու պրակտիկ գործունեության առարկան այլ նաև ստեղծի համապատասխան տրամադրություն: Ցանկալի է, որ խմբասենյակներում, դասասենյակներում առկա լինի տարբեր տեսակի սենյակային բույսեր, որոնք խնամվում են հենց սովորողների կողմից:

Ուսումնասիրելով մի շարք երկրների փորձը՝ այս բնագավառում հանգում ենք հետևյալ եզրակացությանը, որ աշխարհի մի շարք երկրներում խորապես գիտակցում են կրտսեր տարիքի երեխաների էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը ու դրա վրա հսկայական ջանքեր են գործադրում: Մասնավորապես ՌԴ-ում արդեն մեկ տասնամյակ իրականացվում են դաստիարակների ու ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր: ՀՀ-ում այս բնագավառի առաջամարտիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է, որը, որպես հեղինակային կրթական ծրագիր իրականացնող հաստատություն,  ունի հսկայական փորձ ու գրանցված շոշափելի արդյունքներ:

Խորհրդատու՝ Անահիտ Գրիգորյան

Օգտագործված գրականություն

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский