Անկեղծ և առանց պաթոսի

Հեղինակ: 

Ես իմ մանկավարժությամբ իմ ներսից եմ գալիս՝ սկսած 1979-ից, երբ մասնագիտություն-զբաղմունք դարձավ մանկավարժությունը, կրթության հեղինակային կազմակերպումը…. Ես Ղազարոս Աղայանի հետևորդն եմ, կարող է ամենաշատը նրա ազդեցությունն եմ կրել։ Առիթ է, զարմանքս բարձրաձայնեմ՝ որտեղի՜ց մեր մանկավարժության նահապետ Աղայանի այդ առաջադիմությունը, երբ ամենահամեստ ուսում էր ստացել, պիտի որ իր ժամանակի շատ կարևոր գրքեր կարդացած չլիներ, անծանոթ էր, բնականաբար, առաջադեմ աշխարհի փորձին… Բայց արի ու տես, որ իր ժամանակի ամենաառաջադեմ մանկավարժական մտքերն էր կրում, ինքն իրենով-իրենից, իր կենսափորձով, իր երևակայությամբ… Հայրս, երբ գրիչ էի առնում ձեռքս իր բանավոր արած հաշիվները ստուգելու համար, զարմանում էր.
– Շան տղա, միտքն ինչի՞ համար է, մտքո՛վ աշխատի։
Իմ միտքը, իմ երևակայությունը, իմ ներսին ուղղված հայացքը միշտ արթուն-գործուն են։ Կարդալ, իհարկե, պետք է, բայց ինձ գուցե ավելի օգտակար են իմ գործընկեր ուսուցիչների, մեր կրթական համայնքից եկող ձայները… Ներսո՛ւմդ պիտի լինի, որ այլոց մտածումներ-լուծումները կապի մեջ մտնեն… թե չէ կապկել կլինի։ Մենք ենք, մեր կյանքով ստեղծած աշխարհն ու մեր կյանքը՝ որպես մանկավարժություն…

Ինչպե՞ս ենք մենք մեր բաց-թափանցիկ-անսահման-ներառական միջավայրով ազդում, սկսել ազդել մեր շրջակա միջավայրի, նրա բնակչի, միջավայրի՝ մեզ անծանոթ մարդու գործողությունների վրա․․․ Կանաչ ֆեյշնի, ֆիտոդիզայնի մակարդակը, ճաշակը ենթադրում է պարտիզապուրակային գործի նոր կազմակերպում, փինաչի հողասպան-հող չտեսածներից վճռական անցում մասնագիտական կազմակերպման… Արեն Շահնազարյանը ոչ թե երբեմն կլինի, այլ իր նկարչությունը կանի շրջակա միջավայրում` դեռահասների-պատանիների-ուսուցիչների մեծ խմբի հետ… Աշոտ Խաչիկյանը` Նոր դպրոցում, Հակոբյան Էդուարդը` Դպրոց-պարտեզում, Էդմոնդը Փաշինյան` ագարակում, Կարո պապիկը` Նոր դպրոցում, իրական-նոր հայտեր են, վճռական միջամտություններ` պարտիզապուրակային գործի մասնագիտական կազմակերպման. ոգևորվեցի: Բոլոր պարիսպները-պատերը դրսի աշխարհի հետ, մի՛ կասկածեք, դուրս են գալիս, դուրս են գալու, բայց փինաչիության դեմ մեր կանգնեցրած մասնագիտական պատնեշը պիտի լինի անհաղթահարելի, անթափանց փինաչիության համար: Սա իմ քաղաքական համոզմունքն է: Այդ կրեդոն որպես խաչափայտ, որ ուղեցույց է դառնալու, չի թողնելու շեղվեք, որպես ներառականություն-բաց հասարակություն-հանրակրթություն, համարենք, ձևակերպված է հանրակրթության մասին օրենքով. «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք .... (հոդված 4, կետ 2.1), «....անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցություն...(հոդված 3, կետ 10.3)»։ Դոգման էլ, դոգմատիկ կյանքն է մեր` իներցիոն անշաժ-յոլան… Ներառման խնդիր ենք լուծում՝ կրթական պարտեզով, մեր թաղերով... նախագծային ուսուցմամբ․․․ ո՛չ մի դոգմա այս ճանապարհին, ո՛չ մի  «երբե՛ք», ո՛չ մի «անհնար է», ո´չ մի «յոլա», ո´չ մի չափար-մեկուսացում, ոչ մի չներառվող բան․․․ Այս օրերին կրթահամալիրը` իր բակային-շենքային բարեկարգումներով, բարեխիղճ հետևողականությամբ, դառնում է ավելի մաքուր, հավաք-կանաչ-ներկայանալի, հարմար-ներառական` սեբաստացու և ոչ սեբաստացու, ծանոթի և անծանոթի համար` առանց որևէ խտրականաության նշանի… Մենք պատրաստվում ենք հանրային քննարկումների` պուրակներում-պարտեզներում գրավիչ ներկայացնելով զարգացման-ծավալման մեր նախագծերը…

Ինքնուրույնության-ինքնավարության-փոխօգնության-ինքնակարգավորման-նախաձեռնողականության զարգացում՝ բոլոր ուղղություններով, բոլոր տարիքային խմբերում, հեղինակային մանկավարժության ծրագրերի ողջ կազմակերպմամբ ու բովանդակությամբ… Կոչե՞ր են մնում. սրանց արտացոլումը կտեսնե՞նք հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ստեղծագործական հավաքում, այսօրվա մանկավարժական սեմինար-պարապմունքում… Նախագծային ուսուցման զարգացումը՝ ձևականության (ցուցանակայնության) հաղթահարումը, ինքնակրթության՝ որպես սովորողի և ուսուցչի առաջատար ուսուցում, անհատականության դրսևորման ու զարգացման բարենպաստ միջավայրի շարունակական ձևավորում-զարգացումը անհնար են առանց, կրկնում եմ, ինքնուրույնություն-ինքնավարություն-փոխօգնություն-ինքնակարգավորման-նախաձեռնողականության զարգացման հետևողական-համերաշխ ընթացքի…

Օրվա իմ հետաքրքրությունների կիզակետում է «Աշնանային լողափ» նախագիծը մեր կրտսեր դպրոցներում։ Տեսեք՝ ինչպիսի՜ զարգացում մեկ տարում. աշնանային բացօթյա լողը ոչ միայն իրողություն դարձավ, այլև կրտսեր դպրոցների հեղինակային մանկավարժության «բրենդը», առավել գրավիչ ու մասսայական, քան հեծանիվը, ճամփորդությունները, ընտրությամբ որևէ գործունեություն։

Ինչպե՛ս կազդեն հանկարծ ճիմապատ-կանաչ դարձած լանջերը՝ դպրոցական բակերում իրենց պարտադրած  ամենօրյա խնամքով, երեխաների-ուսուցիչների հետ նոր կապի հաստատման առումով... Աշուն է, ընկերներ, բայց փութաջան-վճռական պարտիզպան խմբերին՝ տարատարիք իրենց կազմով ու տարաբնույթ նախագծերով չեմ տեսնում... Երեկոյան այնքան բուռն էր կանաչապատման-բարեկարգման աշխատանքների ընթացքը Գեղարվեստում, որ ես, անգամ, վախ ունեցա կանաչի պահպանման-խնամքի առումով... Քայլեցի մի քանի անգամ, իմացա՞ք, վերջին անգամ՝ ութին երեկոյան, տան ճանապարհին, մեր բոլոր բակերով, մամա ջա՜ն... Ի՜նչ ծանր հարված կլինի ինձ համար, եթե սեպտեմբերին-հոկտեմբերին պահանջվող պարտիզպանական խնամքը չկազմակերպվի ամեն օր, անընդհատ... Նայե՛ք ձեր անհատական պլաններին, նայեք ձեր երեկվան-այս օրվան, դուք պարտիզպան եղե՞լ եք դպրոցում, բահը, ցնցուղը, ջրով խողովակը, փոցխը ձեր ձեռքին հայտնվե՞լ են։ Կձևավորվե՞ն պարտիզպանների ջոկատներ, այդ թվում՝ աշխատանքային (թե՞ դա ամառային-սեզոնային է), «Ընկերություն» (թե՞ դա Սոնա Փափազյանի մենաշնորհն է ու քմահաճույքը). գործը՝ ծով, օրինակ՝ Ագարակը իր բարձունքով-ձիանոցով նախագծային տեսքի բերելը, Նոր դպրոցի հարավարևելյան բարձունքը՝ Բաբաջանյանի 43, 47 շենքերի անհասկանալի տարածքը Վահան Ասատրյանի պուրակում ներառելը, Գեղարվեստի-հարավ-արևելյան ճակատը հանրային հարթակ դարձնելը, կրթական պարտեզն ամեն օր խնամելը…

«Անկեղծ ասած»-ը… երանգավորող արտահայտություն է. ես գիտեք, չեմ սիրում, չեմ գործածում, հաճախ դիմացինի խոսքի մեջ ուղղում եմ: Առանց պաթոսի՝ լավ է. սովորաբար ասում են՝ առանց կեղծ պաթոսի, ես ասում եմ՝ առանց պաթոսի, բնական-սովորական, տրամադրությունդ բարձրացնող, թե տեղը պահող…. Արփի Սահակյանի  «Տիեզերքն ու թիթեռը», մեր միջին դպրոցի 6-րդցիների մուտքի, 7-րդ դասարանցիների ամառային պատումները, Սևանի «Ժայռի»արձագանքները, Վանուհի Բաղմանյանի՝ մասնաժողովին ներկայացրած հայերենի ֆլեշմոբի ծրագիրը, Աստղիկ Մամիկոնյանի «Լուսաստղ»-ի հրապարակումը այդպիսին են, առանց կեղծության ու պաթոսի… 

Այսպիսի՞ն եմ դառնում մեր հարաբերությունները աշխատանքային… Ես երբեք այսքան պատրաստ չեմ եղել, որպես գործատու, կեղծիքից ազատվելու, պաթոսազրկելու-կրթելու կրթահամալիրը վերից վար՝ հյուսիսից հարա՞վ, ձախից աջ՝ արևելքից արևմուտք, ինչպես հիմա… պարզեցնելու, եթե մեր որոշած մանկավարժությամբ ենք զբաղվելու՝ անկեղծ, առանց պաթոսի…. Իմ ճակատագիրն այլ կերպ դասավորվեց. ինձ լրիվ կբավարարեր այսօրվա մեր կրտսեր դպրոց-պարտեզներից յուրաքանչյուրը, մի ակումբ, մի ծառայություն… ու անկեղծ-առանց պաթոսի կխորանայի… Մանկավարժությունն առանց անանձնական նվիրումի չի լինում….

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский