Ավագ դպրոցում սովորողն ընտրում է...

Գիտության, տեխնիկայի, հասարակության մեջ տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ կրթական ոլորտի՝ մասնավորապես դպրոցական համակարգի վրա: Սոցիումի պահանջներից ելնելով՝ուսումնական  հաստատության խնդիրն է դառնում բացահայտել սովորողների ներուժը, տալ բազմակողմանի հնարավորություններ դրսևորվելու, նախասիրությունները զարգացնելու, մասնագիտական կողմորոշում ստանալու: Այստեղ պետք է ձևավորվեն ազատ, մտածող անհատներ, ովքեր կկարողանան ինքնադրսևորվել, ազատ ու անկաշկանդ արտահայտվել: Այս ամենը ունենալու համար կրթական համակարգի փոփոխություններում հարկավոր է հաշվի առնել անհատի պահանջը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում անհատի պահանջն արտացոլվում է նրա ուսումնական պլանի անհատականացման մեջ: Յուրաքանչյուր սովորող կազմում է իր անհատական ուսումնական պլանը, որտեղ 22 ժամ պարտադիր հանրակրթական առարկայացանկին կարող է ավելացնել  8-12 ժամ ընտրությամբ դասընթացներ, որ թվարկված են ուսումնական պլանում, կամ նախասիրությունը զարգացնող ակումբներ ոչ միայն ուսումնական պլանում նշվածներից. սովորողը, սովորողների խումբը կարող են նախաձեռնել նաև նոր ակումբներ։

Խոսեմ Ավագ դպրոցում 2016-2017 ուսումնական տարվա ուսումնական պլանի կազմակերպման մասին:

Ավագ դպրոցում 9-12-րդ դասարաններում սովորում է 265 սովորող (12 դասարան): Ավագ դպրոցում ընդունելության առաջին փուլը կազմակերպվել է «Ավագ դպրոցի մուտքի ճամբարով»: Հաջորդ փուլում նոր ընդունված սովորողները սահմանված կարգով և ժամանակացույցով մասնակցում էին ռազմամարզական ճամբարի:

Յուրաքանչյուր սովորողի համար անհատական ուսումնական պլան կազմվում էր մի քանի փուլով. սովորողը ծանոթանում էր իր ընտրությունը պահանջող բոլոր կետերին, հերթով ընտրում մարզական ակումբը, դասընթացները, խորհրդակցում ընկերների, ծնողների հետ, հաստատում կամ փոխում, մինչև որ ուսումնառության պայմանագրին կցվում էր նրա անհատական ուսումնական պլանը, որի հիման վրա էլ ստեղծվում է սովորողի անհատական դասացուցակը:

Դասընթացների ընտրությունից հետո 2016-2017 ուսումնական տարում ուսումնական պլանի կազմակերպման խնդիրներից էին.

  • ուսուցչի ընտրությունը.
  • ռազմամարզական ճամբարի` որպես ՆԶՊ-ի այլընտրանք, հերթափոխի ընտրությունը, խմբերի ձևավորումը.
  • ընտրությամբ դասընթացների, ակումբների, այդ թվում` մարզական, տարատարիք խմբերի ձևավորումը.
  • սովորողների համար լրացուցիչ կրթության դասընթացների  կազմակերպումը։

Ավագ դպրոցում օտար լեզուների դասավանդումը նպատակաուղղված է սովորողների լեզվական-հաղորդակցական հմտությունների զարգացմանը, կրթության ընթացքում առկա դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու հմտությունների ձևավորմանը։ Միաժամանակ, ավագ դպրոցում օտար լեզուների ուսուցումը կոչված է էլ ավելի ընդլայնել սովորողների հաղորդակցական մշակույթն ու համագործակցելու կարողությունները, որոնք կիրառում է միջազգային տարբեր նախագծերում, կրթական փոխանակման ծրագրերում։ Օտար լեզուն նաև միջոց է այլ առարկաներ ուսումնասիրելու համար. արդյունքները հետագայում թարգմանական փաթեթներով հրապարակվում են պատանեկան ամսագրերում։ Կրթահամալիրի Ավագ դպրոցում առաջին օտար լեզուն անգլերենն է, սովորողը երկրորդ և երրորդ օտար լեզուն ընտրում է առաջարկվող ցանկից (ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն)։ Այստեղ ընտրության հետաքրքիր բազմազանություն է նկատվում։ Անկախ նրանից, որ հիմնական դպրոցում սովորողը 9 տարի ռուսերեն է սովորել, միևնույն է, Ավագ դպրոցում կրկին ընտրում է ռուսերեն (61 սովորող)։ Սա կարծատիպային մտածելակերպի արդյունք է։ Ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն ընտրել են գրեթե հավասար թվով սովորողներ։ Հետաքրքիրն այն է, որ աղջիկներն ավելի շատ իսպաներեն և ֆրանսերեն են ընտրում, իսկ տղաները՝ գերմաներեն։ Ինչ վերաբերվում է վրացերենին, նորեկները այնքան էլ վստահ չեն ընտրում այս լեզուն, դրան հակառակ` 11, 12-րդ դասարանի սովորողները սիրով ընտրում էին իրենց ծանոթ լեզուն, 9-րդ դասարանում սովորողի ընտրությամբ վրացերենի` որպես երրորդ լեզվի խումբ ձևավորվեց, 11-րդ դասարանցիների մի մեծ խումբ ձևավորեց կրթահամալիրի վրացախոսների ակումբը։

«Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին ուսումնական պլանով առաջարկվել է մեկուկես տասնյակից ավելի մարզաձև: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Ավագ դպրոցում սովորողների անհատական ուսումնական պլանով մարզաձևերի ընտրության մեջ այսպիսի պատկեր է։ Այս տարի 9-12 րդ դասարաններում ավելի շատ են ընտրել նետաձգության մարզական ակումբը, սուսերամարտ, որտեղ հատկապես այլ ուսումնական հաստատություններից կրթահամալիրի Ավագ դպրոցն ընտրած սովորողներն են մեծ թիվ կազմում։ Այդ ակումբներում ընդգրկված սովորողները մասնակցում են տարբեր մրցաշարերի, կրթահամալիրը ներկայացնում նաև միջազգային ասպարեզում։ Սովորողների առավելագույն քանակ գրանցվել է ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերում: 2016-2017 ուսումնական տարում մարզական ակումբների գործունեությունը ընդարձակելու, հանրայնացնելու համար կարևորվելու են կրթական փոխանակումների ծրագրով կազմակերպած մրցաշարեը, արտագնա խաղերը, ինչպես նաև «Վահան Ասատրյան» ամենամյա հուշամրցաշարը` նոր կազմակերպմամբ, ռազմամարզական շուրջտարյա խաղերը:

Ավագ դպրոցի ուսումնական պլանի պարտադիր առարկայացանկում կհանդիպեք «Ռազմամարզական ճամբար» արտահայտությունը, այո, սա պետական չափորոշչով որոշված «ՆԶՊ» առարկայի այլընտրանքն է: Ճամբարի բովանդակության մեջ մտնում են նախնական զինվորական պատրաստության, առողջագիտության դասընթացները, պարուսուցում, հայրենագիտություն, բնապահպանություն, բարձունքի հաղթահարում, ինքնասպասարկում, լող: Տարվա ընթացքում յուրաքանչյուր սովորող երկու անգամ մասնակցում է ռազմամարզական ճամբարի, բայց սովորողներ կան, որ մի քանի անգամ արդեն եղել են ճամբարում, ինչպես 12-րդ դասարանի սովորող Հակոբյան Սարգիսն ու 10-րդ դասարանի սովորող Գևորգյան Դավիթը, որ 7  անգամ գնացել են միայն 2016թ. ընթացքում, և արդեն իրենք կարող են ճամբարի ջոկատ ղեկավարել, տիրապետում են բոլոր հմտություններին:

Սովորողների նախասիրություններն ու մասնագիտական կողմնորոշումը վերլուծել կարելի է ուսումնական պլանի` սովորողի ընտրությամբ դասընթացներով։ Այս տարի սովորողների մեծ խումբ ընտրել է անգլերենն ու մաթեմատիկան: Առաջընթաց կա բնագիտական առարկաների ընտրության հարցում, շատ քիչ են ընտրում պատմություն, աշխարհագրություն: Տարատարիք մեկական խմբեր են ձևավորվել ոսկերչության, նկարչության, թատրոնի, լուսանկարչության դասընթացների: Սա խոսո՞ւմ է այն մասին, որ արվեստի ու արհեստի հասարակական պահանջն ավելի քիչ է:

Սովորողն է ընտրում իր ուսուցչին.  առաջին քայլն այս ուղղությամբ եղավ «Նախագծում եմ իմ Ավագ դպրոցը» ճամբարի ֆորումը, որտեղ սովորողները ներկայացրին իրենց տեսակետները: Մյուս փուլում` ուսումնական պլան կազմելիս, սովորողն արդեն նշում է իր ուսուցչին, կամ էլ տեղեկացնում, թե որ ուսուցչի խմբում չի ցանկանում սովորել: Նորեկների համար մի փոքր դժվար էր, քանի որ նրանք ուսուցիչներին չէին ճանաչում, փորձում էին ընկերների խորհրդով կողմնորոշվել: Օգոստոսի 31-ը հայտարարվեց առցանց ուսուցման օր, և սովորողներն իրենց էլեկտրոնային հասցեներին ստացան դասավանդողների առաջարկած նախագծերը, ընտրությամբ դասընթացների, ակումբների ծրագրերը: Սովորողը հնարավորություն  ստացավ ծանոթանալու  դասընթացներին և արդեն ոչ թե ուսուցիչ անհատին, այլ նրա առաջարկած դասընթացն ընտրելու: «Սովորողն է ընտրում իր ուսուցչին» նախագծի չորրորդ քայլն այն է, որ մի դառարկայի պարապմունքները` տաբեր վարողներով, դասացուցակում դրված են զուգահեռ, ու կարող ես այսպես էլ ծանոթանալ ուսուցչին, լինել նրա դասին, ապա խումբդ փոխել կամ չփոխել: Թե ինչն է սովորողը հաշվի առնում ուսուցիչ ընտրելիս` միանշանակ ասել չես կարող: Տարբեր սովորողներ, տարբեր արժեքներ են կարևորում: Այստեղ կարելի է կանգ առնել և ընթերցել 12-րդ դասարանի սովորող Աննա Մաթևոսյանի գրառումը՝ «Ես ընտրում եմ իմ ուսուցչին»:

Ներկայացված պատկերը սեպտեմբերի 1-ի դրությամբ է: Ավագ դպրոցի ուսումնական պլանը ճկուն է և թույլ է տալիս փոփոխություններ, եթե ուսումնառության ընթացքում սովորողի նախասիրությունները փոխվում-ճշտվում են, նա հնարավորություն ունի համապատասխան առարկաների փոփոխություն կատարել:

Փորձեցի ներկայացնել Ավագ դպրոցի ուսումնական պլանի կազմակերպման մի քանի խնդիրներ և դրանց լուծման ուղիները: Որպես ամփոփում` կարող եմ ասել, որ ուսումնական պլանի կազմակերպան մեջ սովորող-դասավանդող կապը անընդհատ է, յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է ուսումնական պլանի կազմակերպիչը, դրա հաջողության կամ անհաջողության «մեղավորը»:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский