Ինքնուրույնության բարձունքներ ենք հաղթահարում
Primary tabs
Դպրոցական առաջին քայլերն անող 5-6 տարեկաններն, որ միանգամից հայտնվում են նոր ու անծանոթ մի միջավայրում, որտեղ փոխված է թե՛ մանկապարտեզային ռեժիմը, թե՛ գործունեության ձևերն ու տեսակները, թե՛ միջավայրը, մի տեսակ քաոսային վիճակում են հայտնվում: Անծանոթ շենք, նոր դեմքեր, ընկերներ, ուսուցիչներ: Փոխվում է առաջատար գործունեության ձևը, և ի հայտ է գալիս նոր միջավայրում ներառվելու անհրաժեշտությունը: Ինչպե՞ս բոլորը արագ ներառվեն, կողմնորոշվեն միջավայրում, ինքնուրույն հաղթահարեն առաջացած դժվարությունները, նոր ընկերներ ձեռք բերեն, սրանք հարցեր են, որ առաջանում են ուսումնական տարին սկսելուն պես:
Ահա թե ինչու 2016-2017 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելության հետ ամռանը պարբերաբար փոքր խմբերով հանդիպում էինք առաջին դասարան դիմած երեխաների, նրանց ծնողների հետ: Առաջին հանդիպմանը շրջեցինք դպրոցում, ծանոթացանք, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, հաջորդ անգամ լուսանկարչական ֆլեշմոբ իրականացրեցինք կրթական պարտեզում, դասարական բլոգից օգտվել սովորեցինք, սկսեցիքն «Բարև, ես եմ նախագիծը», որը հնարավորություն տվեց մեդիամիջավայրում ճանաչելու իրար: Շատ ակտիվ մայրիկների ակումբ ստեղծվեց, ովքեր ֆեյսբուքյան էջում ինտենսիվ սկսեցիքն տարբեր հարցեր քննարկել:
Սակայն այնուամենայնիվ, սեպտեմբերի առաջին օրերին սովորողների մեծամասնությունը դժվարանում էր դասարանը որպես կոլեկտիվ ընկալել: Իրար լավ չէին ճանաչում, դժվար էր մտապահել անունները, դասարանի տեղը: Աչքդ թարթեիր` մեկը խմբից առանձնանում էր: Դժվարություն էր առաջանում նաև մայրիկից բաժանվելու վախից ու այն խորը հուզականությունից, որ հատուկ է երեխաներին: Ահա թե ինչու շատ կարևոր էր տարին սկսել այնպիսի նախագծերով, որոնք կօգնեն արագ ծանոթանալ, իրար և միջավայրը ավելի լավ զգալ, ճանաչել:
Առաջին քայլերն սկսեցինք դասարանից դեպի դպրոցի առաջին հարկի հարթակ միասնական խմբով քայլելուց: Դժվար էր ընդհանուր պարապմունքին կանգնելը, 20 րոպե համբերելը, մասնակցելը պարապմունքին: Օր օրի ավելի ու ավելի կազմակերպված ենք դառնում: Արդեն առավոտներն ամեն մեկն ինքնուրույն գալիս, պայուսակը կախում է դասարանում, պատրաստվում սրահ իջնելու: Հետո միասին՝ գնացք կազմած, վերադառնում ենք դասարան:
Ամեն օր իրար հետ քայլելը՝ ավտոբուսների կայանատեղիից դեպի դպրոց և հակառակը, Նոր դպրոցից Մայր դպրոցի մարզասրահ, ոչ միայն օգտակար է առողջությանը, այլ նաև օգնում է սովորողին ավելի կարգապահ լինել, խմբի մեջ մնալ, առաջ ու հետ չընկնել, չվազել, անվտանգության կանոնները սովորել: Աստիճանաբար միասին քայլելու ճանապարհը մեծանում է: Հիմա արդեն Դպրոց-պարտեզի լողավազան ենք քայլելով գնում: Ամեն օր միասին քայլելը ոչ միայն մտերմացնում է, այլև նպաստում ինքնուրույն կողմնորոշվելուն, ինքնավստահություն է առաջացնում։ Սովորում ենք որտեղից և ինչպես ճանապարհն անցել, ինչպես օգտվել վերգետնյա անցումից, բարևել անցորդներին, չափում ենք, թե քանի քայլ է ճանապարհը, քանի րոպեում անցանք:
Ուսուցումն անընդհատ է՝ տանը, դպրոցում, ճանապարհին, ամենուր…
Արդեն երկու անգամ մայրիկների ուղեկցությամբ ճամփորդել ենք՝ Արզականի Նեղուցի վանք ենք բարձրացել և Օշականում քայլել Քասաղի կիրճով: Հաջորդ քայլը ավելի երկար ու բարդ ճանապարհը միասին հաղթահարելն է: Որոշել ենք երևանյան բարձունքները նվաճել: Առաջինը Ծիծեռնակաբերդի բարձունքն է: Այս ճամփորդությանն առանց մայրիկների ենք գնացել: Միասին քայլեցինք, նկարեցինք, խաղեր խաղացինք, թափալվեցիքն խոտերի մեջ: Ավելի ու ավելի ինքնուրույն, կազմակերպված ու համարձակ են դառնում առաջին դասարանցիները:
Սովորել, քննարկել ենք, թե ինչ պետք է վերցնի ճամփորդն իր հետ, ամեն մեկս մեր ճամփորդական բրդուճների պատրաստման բաղադրատոմսերն ենք առաջարկել: Միասին քայլում ենք, պատմում, իրար օգնում:
Արդեն հոկտեմբերի առաջին կեսին, կրթական փոխանակման և կոմիտասյան երգի տարածման՝«Երգում ենք Կոմիտաս» նախագծով, ճամփորդում ենք դեպի Բյուրական: Ճանապարհին հաշվում ենք, թե քանի քաղաք անցանք, քանի գյուղ, համեմատում ենք՝ քաղաքներն էին շատ, թե՝ գյուղերը, քանիսով: Հետո պատմում ենք՝ ինչ նոր բան տեսանք գյուղում, ինչ սովորեցինք: Արդեն ամեն մեկն իր ընկերն ունի, ում հետ է իրեն ավելի համարձակ զգում, անկաշկանդ շփվում է մյուս համադասարանցիների հետ, խաղում են, կռվում, հաշտվում: Եվ այսպես՝ քայլ առ քայլ, երգով ու խաղով հաղթահարում ենք նորանոր բարձունքներ:
- Բացվել է 2349 անգամ