Սեբաստացի մոլ. ուսումնական բիզնես-կենտրոն

Ներկայացում «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսում։ Երևան, 2016թ. հոկտեմբերի 21։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, կազմակերպվում և տարածվում են հեղինակային կրթական ծրագրեր` հիմնական դպրոցում (1-9-րդ դասարաններում)` տեխնոլոգիական հանրակրթություն, ավագ դպրոցում` նախամասնագիտական (խորացված), նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսուցման ծրագրեր։

Կրթահամալիրի ուսումնական բիզնես-կենտրոնում.

  1. մանուկների, դեռահասների, պատանիների ձեռագործ աշխատանքները, նրանց մտքի` երևակայության-ստեղծականության, ձեռքի` հմտությունների զարգացման ուսումնական աշխատանքից առաջացած ապրանքները`
  • հավաքվում են,
  • ներկայացվում են,
  • ուսուցման արդյունքում ստեղծված նյութական արժեքները իրացվում են.
  1. ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի` իրականացվում են ուսումնական նախագծեր` տոնական-ծիսական առարկաների, զարդերի, աքսեսուարների, ձևավորումների ստեղծում.
  2. բիզնես կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար, ըստ անհրաժեշտության կազմակերպվում է որոշակի իրերի արտադրություն.
  3. սովորողները տնտեսագիտական, ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ են ձևավորում` գործունեություն ծավալելու, բիզնես պլան մշակելու, շուկայի ուսումնասիրման, արտադրանքի ընտրության, գովազդի, գործնական այլ անհրաժեշտ հմտություններ, որոնք կօգնեն նրան թե´ ներկայում ինքնավստահության և լիարժեք զգալու առումով, թե´ ապագայում սեփական կյանքն ու գործը ցանկացած տեղում հիմնավոր կառուցելու:

Ուսումնական կենտրոնի ցուցադրության ու վաճառքի արտադրամաս-սրահը Սեբաստացի մոլն է: Աշխատանքները կազմակերպում է քոլեջի, միջին ավագ դպրոցների սովորողների նույնանուն «Սեբաստացի մոլ» բաց ակումբը։ Մոլում ցուցադրվող իրերի ստեղծմանը մասնակից են կրթահամալիրի կրթական ծրագրերում ընդգրկված սովորողներ և դասավանդողներ` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների: Դրանք ստեղծվում են կրթահամալիրի` դպրոցների և ուսումնական կենտրոնների արհեստանոց-արվեստանոցներում` ջերմոց, խեցեգործարանում (կավե իրեր), հագուստի մոդելավորման, ոսկու և արծաթի, բատիկի ու վիտրաժի, գունակարի, գծանկարի, քանդակի և այլ։

«Սեբաստացի մոլ» բիզնես կենտրոնն իրականացնում է մի շարք նախագծեր ՝ «Գործատու», «Ուսման արդյունքը՝ մոլում», «Ցուցահանդես՝ անիվներին», «Ստեղծիր քո գործը»  և այլն: Նախագծերի հիմնական խնդիրը սովորողների ձեռներեցության հմտությունների զարգացումն է, նրանց աշխատանքով ոգևորելը։

«Ստեղծիր քո գործը»  սոցիալական բիզնես նախագիծը լավագույն հարթակն է սովորողների համար, որպեսզի իրենց առաջին քայլերով բիզնես ոլորտում հաջողություններ գրանցեն: Այսօր երբեմն բիզնես ոլորտում աջակցությունը սովորողներին, հասարակության դեռևս չկայացած խմբերին բարեգործության ձևով է ներկայացվում: Թեև բարեգործությունը կարող է դիտվել որպես հասարակությանը պարզապես ծուլացնող երևույթ, բայց առանց բարեգործության էլ  հասարակության պատկերը «տխուր է» լինում: Սոցիալական բիզնեսը բարեգործություն չէ, ոչ էլ աջակցություն, այլ ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորության ընձեռնում:

Հուսով ենք, որ ուսում-արտադրություն-ձեռներեցություն համակարգի կայուն ու համակարգված աշխատանքի շնորհիվ կունենանք ինքնավստահ սովորողներ, որ ուզում են փոխել և պատրաստ են փոխելու իրենց կյանքը: Ուսուցումը լիարժեք կլինի, եթե գործնական է, եթե նրա արդյունքը գործածվում է, եթե օրվա վաստակի է հանգեցնելու:

Բիզնես կենտրոնը ներկայացված է նաև մեդիայում` ունի իր կայքը, որտեղ ներկայացվում են ապրանքները-ծառայությունները, լուսաբանվում է նրա գործունեությունը, սոցիալական ցանցում ունի էջ։ 

Տեսանյութը` կրթահամալիրի  Սեբաստացի TV-ի։ Աշխատանքային խմբի ղեկավար` Սուսան Ամուջանյան։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский