Խոսենք անգլերեն
Primary tabs
Նախագծային ուսուցումը ուսուցման միջոցներից ամենաարդյունավետն է, հատկապես կրտսեր դպրոցում: Նախագծերով աշխատելը թե՛ դասավանդողին, թե՛ սովորողին տրամադրում է որոնողական, ստեղծագործական աշխատանքի, նպաստում է նրանց ստեղծական մտքի, երևակայության, տեխնոլոգիական հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Օտար լեզվի ուսուցման գործում նախագծային ուսուցման արդյունավետությունն առավել տեսանելի է. ցանկացած նախագիծ և՛ դասավանդողին, և՛ սովորողին աննկատ և սահուն տանում է դեպի լեզվի իմացության և հմտությունների զարգացման: Նախապես միասին ընտրված թեմայով սովորողն ի՛ր հերթին, դասավանդողն ի՛ր հերթին սկսում են ստեղծագործական և հետազոտական աշխատանք:
Ուսումնական տարվա սկզբից, նախագծերի ընտրությունից հետո իրականացման ամենօրյա աշխատանքով նախագիծը ճշգրտվում է, առաջանում են նախագծեր և նոր նախագծեր՝ անհատական, ընտանեկան, խմբային։
Այս ուսումնական տարվա հիմնական նախագիծը թարգմանությունն է՝ առակների, հեքիաթների, զրույցների, նորությունների: Այս նախագիծը իր մեջ ներառում է տարատարիք սովորողների միասնական գործունեությունը: Օրինակներ
· 2-րդ դասարանցիների գրած խառնաշփոթ հեքիաթները կարող են դառնալ 5-րդ դասարանցիների համար թարգմանական նյութ, որը խմբագրելուց, տեսակավորելուց հետո կարող է դառանալ 2-րդ դասարանցիների առաջին անգլերեն ընթերցարանը:
· Սովորողի ցանկությամբ կարելի է ընտրել հայկական առակներ, հեքիաթներ, ասույթներ (տատիկներից, պապիկներից) և թարգմանել անգլերեն, տեղադրել «Թարգմանական» բլոգում:
· Յուրաքանչյուր սովորողի հետ ընտրած նյութը նրա հետ թարգմանում ենք, սովորում նոր բառերը, խորացնում թարգմանական հմտությունները: Թարգմանված նյութը խմբագրում, սրբագրում են՝ որպես մայրենիի ուսումնական աշխատանք, դասավանդողի անմիջական օգնությամբ: Ստացված նյութերը դառնում են ռադիոնյութեր (Երկլեզու ռադիո) և տեղադրվում են «Թարգմանական» բլոգում: Սիստեմատիկ և հետևողական աշխատանքի ընթացքում հարստանում է սովորողների բառապաշարը, տիրապետում են թարգմանական արվեստին, հմտանում նաև մեդիատեխնոլոգիաների կիրառման մեջ, և վերջապես աստիճանաբար տիրապետում են օտար լեզվին և այդ լեզվի նրբություններին:
Այս նախագծի հաջողությունից ծնվեց «Ուրախ անգլերեն»-ը, որն ավելի լայն ուսումնական հնարավորություններ է տալիս ուսուցմանն ու տիրապետմանը: Այս նախագծում ցանկալի է ընդգրկել ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ սովորողների: Այս դեպքում արդեն բազմաթիվ զրույցների, վիկտորինաների և այլ ուսումնական գործունեության շնորհիվ սովորողները, միմյանց հետ հաղորդակցվելով (ավագները սովորում են կրտսերներից, կրտսերները՝ ավագներից, օգնում են միմյանց) հարստացնում և ամրապնդում են իրենց լեզվական և խոսակցական հմտությունները, նոր ընկերներ են ձեռք բերում, գնահատում են իրենց և ընկերների հմտությունները:
Այս ուղղությամբ առաջին քայլերն արված են։ Առաջին հանդիպումը կայացավ Սուսան Հովհաննիսյանի և քոլեջի սովորողների հետ: Հանդիպման սկզբում սովորողները ներկայացան իրար անգլերեն լեզվով, ապա միասին խոսեցինք, քննարկեցինք սիրելի ֆիլմեր, հերոսներին: Սովորողները՝ թե՛ ավագները, թե՛ կրտսերները հաղթահարելով դժվարությունները, առանց կաշկանդվելու միմյանց պատմում էին, հետաքրքիր մտքեր ասում, նաև միմյանց օգնում էին:
Հաջորդ հանդիպումը Իրինա Ապոյանի և ավագ դպրոցի խմբի հետ էր։ Այս անգամ թեման «Առողջ սնունդն» էր: Ծավալված զրույցը հետաքրքիր էր ոչ միայն ավագներին, այլ նաև կրտսերներին, նաև դասավանդողներիս: Ուրախությամբ կարող եմ նշել, որ կրտսեր սովորողները իրենց գիտելիքներով այնքան էլ չեն զիջում ավագներին, նրանք ավելի են ոգևորվում ավագների ներկայությունից:
Նշեմ, որ յուրաքանչյուր հանդիպման նյութ նախօրոք ընտրվում է մասնակիցների կողմից, բայց լինում են նաև դեպքեր, երբ ընտրված նյութի սովորական մի հարցից խոսակցության թեման փոխվում է այլ ուղղությամբ։ Պատահեց այսպես՝ կրթահամալիրի մոտալուտ տոնի հետ կապված զրուցում էինք դպրոցի մասին, երբ մի հարցից խոսակցությունը ուղղվեց դեպի սիրած գիրքն ու հերոսը, վերջին կարդացած գիրքը: Այս հանպատրաստից քննարկումը պակաս հեատքրքիր ու արգյունավետ չէր, քան նախօրոք ընտրվածը:
Յուրաքանչյուրը ստացած հմտությունների և գիտելիքների հիման վրա պատրաստում է նյութ և տեղադրում բլոգում: Լավագույն նյութերը տեղադրվում են կայքում: Նախագծերը ընթացքի մեջ են, արդյունքերը տեղ կգտնեն ինչպես սովորողների, այնպես էլ դասավանդողների բլոգներում: Նախագծերը երկարաժամկետ են, սակայն նոր նախագծերի ծնունդը չի բացառվում, այն կարող է իր մեջ ընդգրկել այլ դպրոցի, գյուղի, հանրապետությունից դուրս սովորողներին:
Որպես հեռավար ուսուցման հարթակ` կարելի է նաև ավագ ընկերների նման մասնակցել միջազգային նմանատիպ ծրագրերի, որի հնարավոր տարբերակն է eTweening ծրագիրը, որը իր տեղն արդեն ունի միջին և ավագ դպրոցներում:
Մեկամսյա աշխատանքների հաջողությունները նկատելի են, շարունակական և հուսադրող:
- Բացվել է 1735 անգամ