Անհատականացված ուսուցում

Ինձ համար այսօր արդեն իրական կրթությունը գործունեություն է, այդ գործունեության միջոցով մարդուն ինքնակրթության մղելը, նրա մոտ այդպիսի պահանջմունք առաջացնելը, և դրանով իսկ սովորողի անընդհատ առաջընթացը, զարգացումը, մտքի  ու կամքի ազատությունը ապահովելը:

Կրթությունը  հետաքրքրություններից և ներքին մղումից դուրս՝ բռնություն է: Եվ իմ հաստատ համոզմամբ, ցանկացած պատճառաբանությամբ, բռնության դիմել չի կարելի: Եթե կրթության նպատակը մտքով և կամքով ազատ անհատի ձևավորումն ու զարգացումն է, էլ ի՞նչ բռնության մասին կարող է խոսք լինել: Մնում է կրթության կազմակերպման ոչ հեշտ, սակայն այսօր միակը թվացող ձևը՝ այն կազմակերպելը անհատապես, ըստ սովորողների հետաքրքրությունների, կարողությունների ու հմտությունների, շարժման ռիթմի:

Իմ մանկավարժական գործունեության բոլոր փուլերում ես եղել ու մնում եմ ուսուցիչ: Այսօր էլ դասավանդում են 8-րդ դասարաններում: Եվ հիմա միտքս տենդագին աշխատում է մի մանկավարժական խնդրի լուծման վրա՝ ուսուցումը մինչև վերջ անհատականացնելու, այդպիսի ուսուցման  կազմակերպումը մանրամասն  մշակելու:

Անհատականացված ուսուցում, այսինքն,  երբ յուրաքանչյուր սովորող ընտրում  է լեզվաբանական-գրական իրեն հետաքրքրող ուղղությունը, ներկայացնում գործունեության իր նախագիծը և իր հմտությունների, կարողությունների, աշխատանքային ռիթմի շրջանակում սկսում իրականացնել դա:

Այսպիսի ուսուցման համար գտնված ձև է նախագծային մեթոդը և, հասկանալի է, լավագույն միջավայր ու պայման` համացանցը ու թվային գործիքի առկայությունը:

Սովորողը ուսումնական տարվա սկզբում ձևակերպում և իր բլոգում հրապարակում է լեզվագործունեության, ընթերցանության  իր նախագիծը: Կան նախագծեր, որոնք գործում են մի քանի տարի, երբեմն մի խմբից հայտնվում են մյուս խմբի հետաքրքրության շրջանակում: Նախագիծ են ներկայացնում ոչ միայն սովորողների խմբերը, այլև անհատները: Ուսուցիչն իր տարեկան ուսումնական ծրագրի մեջ, ուսումնական բլոգում ներառում է հրապարակված բոլոր նախագծերը (հղումները):

Խումբը, անհատը ստեղծում են իրենց նախագծի վիրտուալ տարածքը՝ նախագծի բլոգը, որտեղ ներկայացվում են նախագծի իրականացման արդյունքները:  Այդպիսի տարածք կարող է դառնալ և՛ սովորողի ուսումնական բլոգի առանձին բաժինը, և՛ այդ գործունեության համար առանձին բացված բլոգը: Նախագծերն ընդգրկում են բանավոր և գրավոր խոսքի ամենատարբեր ձևերը`թարգմանություն, մտքերի, խոհերի, զգացողությունների շարադրանք, ռադիո-հաղորդումներ, գրական ընթերցումներ` գրաբար (գրաբարյան և գրաբարարախառն միջին հայերեն), արևելահայերեն փոխադրություններ, ներկայացվող ու առաջարկվող գեղարվեստական ստեղծագործություններ  և այլ նյութեր: Սովորողները, բացի իրենց նախագծերից, կարող են մասնակցել նաև ընկերների կողմից համակարգվող նախագծերին: Եվ ստացվում է, որ սովորողն իր ընտրությամբ ընդգրկվում է լեզվական և գրական գործունեության տարբեր ձևերում, իր ցանկությամբ շարունակում աշխատել տանը: Իհարկե, կան նաև սովորողներ, ովքեր իրենք առանձին նախագիծ չեն ներկայացնում, բայց մասնակցում են իրենց ընկերների համակարգած նախագծերին:

Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել ուսումնական պարապմունքի ժամանակ կամ տանը: Կան սովորողներ, որ համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին  կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա «Ուսումնական աշխատանք» բաժնում:

Ներկայացնեմ սովորողների նախագծերից մի քանիսը: Խմբային նախագծերից են «Մտադարակ»«Մեդիադարակ»«Մենք ենք» թարգմանչական բլոգ«Գրաբար», «Մեդիադարակ» էլեկտրոնային հանդեսները…

Անհատական նախագծերի օրինակներ՝

Դրանց թիվը մինչև ուսումնական տարվա վերջը կարող մեծանալ կամ ոչ, կարևոր է, որ սովորողները կիսատ չթողնեն իրենց ձեռնարկած գործը։

Ո՞րն է իմ դերը՝ որպես ուսուցիչ. սովորողի աշխատանքը կազմակերպելը, նրան ուղղորդելը, օգնելը՝ գրագետ գրելուց, ձևակերպելուց, համացանցում անհրաժեշտ նյութեր գտնելու, օտար լեզուներից թարգմանության հմտությունների զարգացումից սկսած մինչև բլոգավարության, մոնտաժային-ծրագրային, նախագծի արդյունքները ներկայացման հարցեր: Իրականում ես գործունեություն եմ ղեկավարում՝ դրա բոլոր բաղկացուցիչներով: Չկա մասնագիտական կամ ոչ մասնագիտական հարց։ Ես մայրենիի՞ ուսուցիչ եմ, ռուսերենի՞, անգլերենի՞, ՏՀՏ մասնագե՞տ եմ, բլոգավա՞ր եմ. ի՞նչ կապ ունի: Ես հանրակրթություն եմ իրականացնում հիմնական դպրոցում: Դրանք էլ իմ ինքնակրթության խնդիրներն են: Եթե ես ինքնակրթությամբ չեմ զբաղվում, ինչպե՞ս եմ ուզում, որ սովորողը դրանով զբաղվի: Ես պետք է լիարժեք, ամբողջական ղեկավարեմ գործունեությունը՝ միշտ լինելով սովորողի կողքին՝ օգնողի, գործընկեր-ավագ ընկերոջ դերում: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ սովորողը կանգ առնի, որ առաջացած դժվարությունը անհաղթահարելի դառնա նրա համար: Ցանկացած հարցում և անմիջապես նրան օգնել է պետք, առաջ մղել, թույլ չտալ, որ ոգևորությունը սառչի:

Մեկ հոդվածում անհատականացված ուսուցման կազմակերպման մասին ամեն ինչ չես գրի: Բայց այն, որ այսօրվա իմ բոլոր գործողությունները դրան են ուղղված, և ուսուցման գուցեև միակ ձևը ես դա եմ համարում, դա հաստատ է: Համենայնդեպս, այսօր այդպես եմ մտածում:

Եվ մի բան էլ: Թեև միշտ եմ ոգևորված ու սիրով դասավանդել, միշտ եմ առանց ավելորդ ճիգերի ու բնական վիճակում վարել պարապմունքը, բայց այսքան խաղաղ ու անլարում երբեք չի եղել դաս վարողի աշխատանքը, ինձ համար  երբևէ այսքան հետաքրքիր չի եղել: Շրջում եմ ընդարձակ կաբինետում՝  հետևելով սովորողների լուռ ու կենտրոնացած աշխատող խմբերին, նրանց քննարկումներին՝ միշտ պատրաստ լինելով արագ մոտենալու իմ կարիքը զգացող սովորողին, սովորողների խմբին: Որպես ուսուցիչ` գոհ եմ, որ բոլորի համար է արդյունավետ անցնում պարապմունքը, և ոչ ոք իրեն վատ չի զգում՝ համեմատվելով ավելի արագ ու ավելի ճկուն մտածողի հետ: Անհատականացված ուսուցումը բոլորին է հնարավորություն տալիս ինքնարտահայտվելու, ինքնահաստատվելու՝ իրենց ռիթմին և ընդունակություններին համապատասխան: Եվ դա լավ է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский