Այլընտրանք որոնելիս
Primary tabs
Անկախացումից հետո, բավականին երկար ժամանակ, դասավանդողները, ծնողական համայնքը, սովորողները և շատ մասնագետներ դժգոհում են դասագրքերի որակից։ Ժամանակին եղան դրանք փոխելու փորձեր, սակայն մի շարք պատճառներով վերջնական արդյունքի չհասան։ Իսկ դասագրքերի վերաբերյալ դժգոհություններն ունեն ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։ Մեր խնդիրն է քննարկել պատմության դասագիրքը որոշ ասպեկտներից։ Այստեղ բովանդակային վերլուծության հիմք չենք դնում, քանի որ դրա համար պետք կգան հատորներ։ Միայն փաստենք, որ դասագիրք գրողները հիմնականում կատարում են քաղաքական պատվեր և իրականում ուղիղ առչնություն չունեն դպրոցական մանկավարժության հետ։ Միայն այն հանգամանքը, որ դասագրքերում հաշվի չի առնվում սովորողի իրական և սոցիալական տարիքը, արդեն բավարար է որոշ եզրահանգումներ անելու համար։ Այսպես, կրթական համակարգի տարբեր փոփոխությունների արդյունքում ստացվեց, որ այսօր 10-րդ դասարանում սովորողի տարիքը տատանվում է 13-15-ի սահմանագծում։ Դեռահասության տարիքում, ի՛նչ կարևորություն և դեր ունի անգամ մեկ տարին՝ ես չէ որ պետք է մեկնեմ։ Սակայն զարմանալիորեն, այդ տարիքային խմբի սովորողի դասագրքում տեղ են գտնում տեքստեր, որոնք թեև նախատեսված են եղել նաև 16-17 տարեկանի համար, բայց նրանց համար էլ բարդ են։ Վիճակն ավելի վատթար է կրտսեր տարիքային խմբերում։ Չնայած հռչակված այն հանգամանքին, թե պատմության դասավանդման հիմքում պետք է լինի քաղաքակրթական մոտեցման սկզբունքը, հարկավոր է փաստել, որ պատասխանատուների ներկայացրած գրքերը շատ հեռու են այդ ամենից և որևէ աղերս չունեն այդ սկզբունքի հետ։ Քաղաքակրթություն ասելով՝ չգիտես ինչու, նրանք միայն հասկանում են քաղաքական պատմություն և էջերը սևացնում թվերով և անուններով։ Սա էլ իր հերթին, ի սկզբանե ատելի է դարձնում դասագիրքը սովորողի համար։ Նույն անհասկանալի մոտեցնումն է նաև նախնադարյան հասարակության մեջ խորանալը և անհասկանալիորեն այնտեղ մնալը՝ ամեն տարի փոխելով փուլաբաժանումները։ Սա թերևս խորհրդային ժառանգության արդյունքն է։ Սակայն դժգոհողները չեն կարող այլընտրանք առաջարկել՝ ելնելով բազմաթիվ տեխնիկական և ֆինանսական բարդություններից, ինչպես նաև ոլորտի մոնոպոլացման աստիճանից։ Նկատի ունենալով այս ամենը՝ մենք, նախաձեռնեցինք այլընտրանք մեդիա հարթակում։ Այլընտրանքի գաղափարն այն է, որ ստեղծում ենք էլեկտրոնային դասագիրք, որը չի պահանջում ֆինանսական ռեսուրսներ, թուղթ, և մոնոպոլ դաշտում մրցակցելու իրավունք, բայց պարունակում է առարկայի վերաբերյալ որոշակի գիտելիքների և նյութերի համակարգված շարադրանք, ունի գիտականություն, կապ՝ փորձի և տեսության միջև։ Ունի համպատասխան բաժիններ։ Նյութերն ավելացնելուց հետո, կունենանք նաև պատկերազարդում։
Այընտրանքային դասագրքի հիմնական մոտեցումներից է նաև այն, որ դրա հիմքում դրված չէ այն սովորական փուլաբաժանումը, որը մենք կարող ենք գտնել պատմության գրեթե բոլոր դասագրքերում։ Այն կարող է լինել նաև հանրամատչելի ձեռնարկ ՝ պատմությամբ, մշակույթով, քաղաքակրթություններով, ազգագրությամբ և այլ հասարակագիտական ուղղություններով հետաքրքրված շահառուների համար։ Եթե այս ձեռնարկը հաջողի, և մենք նույն ինտենսիվությամբ կարողանանք յուրաքանչյուր ամիս հրապարարակել 5-6 թեմա, ապա ուսումնական տարվա վերջում կունենաք պատրաստի ձեռնարկ, որը կարող է մրցակցել դաշտում եղած թղթային ու պարտադրված գրքերի հետ։ Մյուս կողմից, բովանդակային թեմաներում աշխատում ենք տուրք չտալ քաղաքական տարաբնույթ պարտադրանքներին, այլ պարզապես, նյութ մատուցելով, մտորելու, քննարկելու, համադրելու տեղիք տալ հենց դրա ընթերցողին։ Սրանով պատմությունն ազատվում է խիստ քաղաքական լինելու չակերտներից և ավելի շատ վերադառնում է ուսումնական դաշտ։
Ուսումնական պարապմունքների ձևերը կարող են լինել շատ տարբեր։ Սկսած առցանց, հեռավարից, վերջացրած տեղում ֆիզիկական միջավայրում ընթերցանություն-քննարկումներ, նախընտրելի թեմաների ներկայացում, անհատական ցուցադրություններ և այլն։
- Բացվել է 1812 անգամ