Շատ, շատ բան է պահանջում, որ ավելի արագ փոխվի...

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Առանց կրթական բաց համայնքների, նրանցում իրականացվող շրջան-միջավայրի բարելավման-կենդանացման ուսումնական նախագծերի՝ քաղաքով, հանրապետության ողջ բնակավայրերով մեկ հնարավո՞ր է ակտիվացնել մարդուն, բնակչին… Առանց իրար արձագանքելու, իրար փոխանցելու-տարածելու՝ ճանաչելու համար համատեղ մեր ապրածը՝ հնարավո՞ր է հանել հոգնած, անջատված, իր հոգսերով տարված մարդուն: 

Արևելյան դպրոց-պարտեզում հանգրվանած մեր Վարժարանի-Քոլեջի շրջանավարտ, ընտանիքով սեբաստացի, երրորդ դասարանի ղեկավար Հասմիկ Ղազարյանի քսաներկու սաներից քսանմեկի հրապարակումները յուրաքանչյուր սովորողի ուսումնական բլոգում (հաշվեցի-կարդացի)… Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը , նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…

Օրը նոր դպրոցի պատշգամբից… Ու գիրն իմ օրվա հենց դրա՝ կրթահամալիրի դպրոցների պատշգամբներից իմ պատումն է… Որքան էլ, շնորհակալ եմ, այս հայացքի այսպիսի պատկերման համար շնորհակալ եմ կայքին Արևելյան դպրոց-պարտեզի… անհավատալի է, բայց այսպիսի պատշգամբներ, որտեղից ամեն Աստծու առավոտ սկսվում-շարունակվում-անընդհատ է դառնում միշտ նոր մեր դպրոցը, ստեղծեցինք հաշված շաբաթների ընթացքում. հաշվեմ Դավիթ Բլեյանի նման, երկուսը՝ Արևմտյան դպրոց-պարտեզում, հայացքով դեպի արևմուտք ու արևելք, երկուսը՝ Հյուսիսային դպրոցում, հայացքով դեպի արևելք ու արևմուտք, մեկական՝ Արևելյան դպրոցում, Քոլեջում՝ դեպի հարավ բացվող, ստացվեց վեց պատշգամբ նոր, որ այնքան պակասում էին… Շամիրամի հետ դեպի հարավ նայող պատշգամբի նախագիծ ունենք. առանց սրա ի՜նչ հարավային դպրոց… Սրանք բոլորը դիտարաններ են՝ նոյեմբեր-աշունը՝ իր բոլոր դրսևորումների մեջ բաց չթողնելու....

Ամենօրյա ակտիվ, ակտիվ, առավել ակտիվ վիճակն է հանրային թմբիրի-անշարժության, Հայաստանը բռնած յոլայի հաղթահարման մեթոդը. ասել եմ ու կրկնում եմ… Իսկ տեսանելի լուծումները չեն ուշանա. մեր կլոր սեղանի օրակարգի երկու հարցերն էլ անլուծելի կամ «հլը տեսնենք՝ ինչ կլինի» անժամկետ հարցերից չեն, երբե՜ք… Իմացա՞ք, կլոր սեղանի ավարտից հետո անձրևը չխանգարեց, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի կոմունալ, առևտրի, սպասարկման, գովազդի բաժիների ղեկավարներ Գարիկ Գրիգորյանի, Հրաչյա Բոյմուշակյանի հետ Բաբաջանյան փողոցի վերգետնյայի մոտ համաձայնեցնենք լուծումները՝ գործողություններն ու ժամկետները, տեսանելի իրական: 2016-ի նոյեմբերն է շրջանը և՛ Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև վերգետնյայով, «Յուրի Բախշյանի» մանկական այգով, անվտանգ-գրավիչ-ներառական անցուղու հաստատման համար, և՛ կրթահամալիրի Բանգլադեշում թափառող-անտեր-վայրենացող շների տեղավորման, կարգավորման համար… Ինչպե՛սն է կարևորը, միասին, համաձայնեցված, որպես ապրող համայնք, քաղաքային իշխանությամբ ու մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ակտիվ բնակիչների համատեղ աշխատանք… Տեսեք՝ կարճ ժամանակում Սուսան Ամուջանյանի-Գեղարվեստի, Նվարդ Սարգսյանի-Քոլեջի հաջողված նախաձեռնություններն ունենք, իսկ գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի առաջարկը (Գուցե կրթահամալիրը թափառող կենդանիների համար կացարան ստեղծի՞: Մեծ չեն լինի դժվարությունները, հատկապես, որ ամեն օր դպրոցներում ավելանում է սննդի որոշակի քանակ, իսկ խնամքի և առաջացած դժվարությունների դեպքում էլ կաջակցեն ՀԿ-ները) բերենք դարձնենք օրակարգային հարց. այս նոյեմբերն առաջարկ-լուծումներով է եկել, իր մեթոդով՝ հաղթահարելու կղզիացումը, որպես մենակեցության մեկուսացում: Մենակ չենք, չէ՞, քիչ չենք, շատ ենք, մնում է ակտիվ, գործնական, անընդհատ հաղորդակցությունը ապահովելը, պահպանելը… 

Հենց գնահատելու համար 2016-ին մեր կրթահամալիրային նյութական միջավայրում կատարված փոփոխությունները, այս անգամ՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ, երկժամյա պտույտ ենք կատարում կրթահամալիրի Բանգլադեշով… Անշտապ քննարկում է կրթահամալիրի մշտական բարեկամ հայտնի մասնագետի հետ, ում քաղաքաշինական էսթետիկական-մանկավարժական հայացքներն իմ կողմից արժևորվել են, ազդել մեր լուծումների վրա… Կարևոր է այսպիսի մասնագետ-բարեկամի դիտողությունը-առաջարկը՝ անվճար-անգին ներդրումներ մեր ներուժի մեջ, կառավարիչ-տիարի մասնագիտական զարգացում… Ահա ինչու՝ հասցրեցինք ծրագրվածի կեսն անել ու պայմանավորվեցինք այս սկզբունքային նշանակության աշխատանքը շարունակել նախատոն-ավագ հինգշաբթիին… Ոգևորիչ է ճարտարապետի գոհունակությունը կատարվածով, իր գնահատման համակարգով առավելագույնին արժանանալը…
– Մա՜հ,- ասաց ճարտարապետը…
Արևելք-արևմուտք ճառագայթով կրթահամալիրի բաց միջավայրի զարգացումը, այսպիսի «մահացու» կանաչապատումը  (Յասունարի Կավաբատան գործածում է «ցավեցնելու աստիճանի» որակումը), լանջային-ռելիեֆային լուծումները, ասֆալտ-բետոնի, հենապատերի, ճաղավանդակների վերջնական հաղթահարումը, կարկասային շենքերի ստացված առավելությունը՝ պատերից ազատ՝ արևի լույսի թափանցումը արևելք-հարավով-արևմուտք, նաև նկուղներ…
– Ձեր շենքերը սկսել են թռչել, նկատե՞լ եք…
Այսպիսի՜ գնահատական, որ մեր բարեկամը խնդրեց փոխանցել… Հաճույքով:

Մենք հիմա իրար ավելի ու ավելի շատ ենք հանդիպում մեր Բանգլադեշ թաղի ճանապարհներին, մեր հարավարևմտյան թագավորության լանջերին, ճանապարհներին, հարթակներին ամենատարբեր… Մենք սովորեցրինք անընդհատ ավելի ու ավելի բաց-ներառական, միով բանիվ հարմար-մարդկային մեր աշխարհին, սիրեցինք-յուրացրինք այն… Հողի վրա ապրող մարդու՝ հողի, նրա ծառ ու ծաղկի, կանաչի, կենդանի արարածի նկատմամբ մեր վերաբերմունքը-խնամքը մեր հեղինակային մանկավարժության, հավաստի ցուցանիշն է… Իմ ջանքերը, իմ օրն ավելի ու ավելի շատ է ուղղված հողի ու նրա մարդու՝ մեծ ու պստիկի, այս բնական-պատասխանատու կապի վերականգնմանը, այնպես, որ հողը ծաղկի, շնչի, ծնունդ տա տարին տասներկու ամիս… Մեծով-պստիկով…

Շատ, շատ բան է պահանջում, որ ավելի արագ փոխվի, հենց միայն բաց, անպարիսպ պուրակներով սկսվող, պուրակի մեջ հայտնված դպրոցի-փողոցի, ներսի-դրսի սահմանները ջնջած ուսումնականի կազմակերպումը։ Սկսենք մեքենայի, հեծանվի, ավտոբուսի կայանատեղիից, սովորողի ավտոբուսից իջնելուց-ավտոբուս նստելուց, ամեն օր, ոչ միայն առավոտյան տանից գալիս ու երեկոյան տուն գնալիս, այլև կեսօրին, օրվա ցանկացած ժամին, ասենք, թատրոն, ճամփորդության գնալիս։ Որտե՞ղ պիտի կանգնի ավտոբուս-միկրոավտոբուս-տաքսին, երբ փաստացի փոխվել են մեր դպրոցների մուտքերը, սովորողը-ուսուցիչը ինչպե՞ս պիտի մոտենան՝ ուղեկցումո՞վ, առանց ուղեկցումի՞… Օրը քանի՜ անգամ ուզում է լինի-կրկնվի… Առանց ուսապարկ-խուրջինի, առանց հարմար կոշիկի-տաբատի-բաճկոնի, առանց մարզական քայլքի չի լինի, մոռացեք… Կուշանաք միշտ, կշտապեք՝ ձեռը կբռնեք, ու նպատակը՝ իբր շուտ տեղ հասնելը, ձեզ ուրիշ տեղ կհասցնի, սիրելիներս…

Անսովոր-անհամեմատելի, իր անսպառ հնարավորությունների, յուրահատուկ ուժի ցուցադրության օր եղավ ուրբաթը։ Ես խոսում եմ, այո, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին. օրն ուսումնական առօրյայով-ժամանակացույցով-ընթացքով՝ կրթահամալիրի հաստատություններում, ինչպես շաբաթվա, տարվա բոլոր օրերին, ինչպես հանրապետության մյուս դպրոցներում։ Գումարած՝ ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլը «Համերգ» ուսումնական նախագծի շրջանակում վարպետության դաս է անցկացնում Գեղարվեստի թատերական-համերգային դահլիճում 5-12-րդ դասարանի սովորողների, ֆրանսախոս ակումբի անդամների, երաժշտասերների համար, հետո՝ երեկոյան 6-ին, Գեղարվեստի տանիքում Saudaá Group-ի հետ տպավորիչ համերգով հանդես գալիս, Լուսինե Մանուկյանի առաջնորդությամբ Ավագ դպրոցի ավարտական դասարանցիները Մայր դպրոցի համերգային լեցուն դահլիճը վաթսուն րոպե իրենցով են անում, իսկ Մարմարյա սրահում մեկնարկում է կրթահամալիրի գիտակների պատանեկան  ակումբի և Գյումրու «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբի համատեղ կազմակերպած «Անկախություն 25» ինտելեկտուալ բաց մրցաշարը, ժամը 19։00 էլ՝ հերթական առցանց ֆլեշմոբը… Ես շեշտում եմ թվարկածի կազմակերպման ինքնավարությունը, ոչ միջոցառումային-բնական ընթացքը, սովորականությունը, որ թույլ է տալիս, չի խանգարում յուրաքանչյուրիս, ինչպես ինձ, իր անհատական պլանով շարժվելու… Շնորհակալ եմ։ Ես իմ հեծանվով հասցնում եմ իմ անհատական պլանն իրականացնել. իմացա՞ք, որ Ագարակում սկսվեց բացօթյա լողավազանի շինարարությունը, որ Գեղարվեստում, Քոլեջում, Նոր դպրոցում դպրոցների ղեկավարների հետ նախապատրաստեցինք պարտեզների-բակերի հաջորդ շաբաթվա աշխատանքների համար անհրաժեշտ բուսահողի տեղափոխումը, որ Գեղարվեստում սկսվեց թվով վերջին նոր պատշգամբ-դիտարանի շինարարությունը, որ մեր դպրոցական շենքերի նախկին նկուղներում տեղադրվում են վերջին պատուհանները… Կրթահամալիրի տնօրենի հոգսեր են. նախանձում եք՝ համեցեք մրցույթի։

Դուք, որպես երկրագործ-ագարակապան ընդունվե՞լ եք ագարակի պահապանների-տնտեսվարների ընկերակցությունը։ Կյանքը, ուսումնական-գյուղացիական գործունեությունը ագարակում․․․ Թեմա է՝ իր թափ հավաքող զարգացումներով․․․ Ագարակը մեր միջոցառումների մի վայր չէ սոսկ, ոչ էլ նրանում կատարվողը` էկզոտիկա։ Ագարակը գյուղացիական տնտեսության ուսումնական կենտրոնն է մեր, կենտրոն համալիրային, որի հետ կրթահամալիրի բոլոր յոթ ուսումնական հաստատությունները, տարատարիք սովորողները սեբաստացի պիտի կապվեն տարբեր ուսումնական նախագծերով։ 2017-ի մեր ջանքերի առանցքում Ագարակի զարգացումն է, արվածի-սկսածի ամբողջացումը։ Եվ խորհրդանշական է, որ հարիսայի ծեսը երեկ մտավ նաև ագարակ, և հարիսայի սեղանն իր շուրջը հավաքեց Ագարակում այդ ժամին գտնվող երկու տասնյակ երկրագործ սովորող-ուսուցիչ-աշխատող-բարեկամ․․․ բարի վայելում, Ագարա´կ․․․

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский