Թատրոն-լաբորատորիան օծումն ընդունել ու ապրեցնում է
Primary tabs
Երբ շուրթերը խոսում են սրտի ավելցուկից
Նարեկացուն առաջին անգամ հանդիպեցի, որպես գրականություն առարկայից դաս, դպրոցում, այնուհետև թատերական ինստիտուտում սովորելիս, երբ Հրիփսիմե Խաչատրյանը բեմադրեց ներկայացում, որտեղ Գրիգորի կյանքն էր, սերը: Ես կերտեցի նրա սիրո՝ Դրախտիկի կերպարը, դրանից մի քանի տարի անց «Բեմական խոսք» առարկայի քննությանը հանդես եկանք կուրսային աշխատանքով ու ներկայացրեցինք «Մատյան ողբերգության» պոեմը։ Այնուհետև սիրելի ուսուցչից որպես նվեր Նարեկացու «Մատյան ողբերգություն» աղոթագիրքը նվեր ստանալն էր, և ութ տարի անց` հանդիպում Նարեկացու հետ կրթահամալիրում՝ «Արդ, քանզի խոսել սկսեցի քեզ հետ» ներկայացման տեսքով: Այս անգամ ես բեմադրողն էի, տեղծագործական խումբը` կրթահամալիրի թատրոնի ակումբի սովորողները։
Ներկայացումը բավականին երկար նախապատրաստում ունեցավ. հատվածների ընտրություն, մեկնման տարբեր լուծումներ և այն, ինչ որ գտնվեց: Սկզբում որոշել էինք, որ ներկայացումը կկառուցվի ձայնագրության վրա, բայց հետո հասկացանք, որ շատ ավելի գեղեցիկ և ազդեցիկ է կենդանի տեքստի հնչողությունը: Դա բերեց նրան, որ ես էլ իմ աղջիկների հետ ներկայացման օրը հայտնվեցի նույն հարթակի վրա: Հուզիչ էր: Գրաբարը ինձ հասանելի չէր, այդ հարցում ինձ օգնեց բանասեր ուսուցիչը` սիրելի տիկին Սուսանը, և հաղթահարեցի: Շնորհակալ եմ: Սովորողներից Արփին էլ խիզախեց ու հանդես եկավ գրաբարով:
Նախապատրաստական շրջանը այնքան լուսեղեն էր: Շատ կարևոր մի բան էր կատարվում. սովորղները սկեցին զգալ իրար, ընկերանալ, կարևորել մեկը մյուսին և այն, ինչ որ անում էին: Թատրոն-լաբորատորիան օծված և զինված էր կարևոր հանձնարարությամբ, որի հիմքում սերն էր, ոգեղենությունը, լույսը: Այդ օծումն ընդունել էինք ու ապրեցրել մեզանում: Պատահական չէ, որ Արփին պատմել է իր այն անսովոր զգացողությունների մասին, որ հիմա ունի, որը չի լքում: Այո, աղոթքն այդ, որ ուղղված էր երկինք, արմատներ է գցել մեր սրտերում և աճել: Եվ հիմա մենք խոսում ենք մեր սրտի ավելցուկից: Դեկտեմբերի 21-ին մեր արմատները երկնքում էին, և մենք հանդարտ էինք ու հանգիստ այդ աներևույթ սիրո մեջ: Ըստ իմ զգացողության, նույնը և պատել էր հանդիսատեսին:
Մենք դատարկված էին մեր ներսի ամբողջ աղբից և լցված էինք Լույսով:
Թատրոն լաբորատորիայի գեղանիները հուզեցին ինձ իրենց պատումներով` «Մի հեքիաթ, որը հավերժ կապրի ստերում», «Արդ, քանզի սկսեցի խոսել քեզ հետ», «Բայց այս անգամ ոչ թե լարումից, այլ ուրախությունից»: Իսկ ես ներկայացման ընթացքում նրանցից մեկն էի:
- Բացվել է 1494 անգամ