Պատանեկան ամսագրեր. առկա խնդիրներ և առաջարկներ
Primary tabs
Գիտագործնական հավաք 2017
Ի տարբերություն սովորողի անհատական բլոգի` պատանեկան ամսագրերը վիրտուալ միացյալ հարթակներ են, ուր սովորողները ունեն անհատական էջեր, անարգել կարող են մուտք գործել և տեղադրել իրենց նյութերը, կարդալ միմյանց գրածները, քննարկումներ սկսել, թողնել մեկնաբանություններ, կարդացած գրքի մասին պատմել, վերլուծել և թարգմանել, տարատեսակ նախագծեր սկսել և ավարտել, մեդիափաթեթներ ստեղծել և հաշվետվություններ կազմել: Մի խոսքով` սովորողները ազատ են որոշումներ կայացնելու, իրենց ամսագրի գաղտնաբառը փոխանցելու, նոր ընկերներ հրավիրելու հարցում:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա կարող է հանգեցնել խառնաշփոթի և տարերայնության, բայց հավատացնում եմ ձեզ, որ այդպես չէ: Խնդիրներ առաջանալու դեպքում մենք, որպես կանոն, մեդիա դաշտից արագ տեղափոխվում ենք ֆիզիկական միջավայր, միասին նստում ենք, նայում իրար աչքերի և փորձում հասկանալ` ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրը: Թող չթվա, որ մեզ մոտ ամեն ինչ հարթ է ու խաղաղ, ավելին ասեմ`մենք ավելի շատ «կռվում ենք», քան խաղաղ գոյակցում: Պատկերացրեք միայն` անհատականությունների աստղաբույլ` գումարած դեռահասության տարիք: Համաձայնեք, որ հեշտ չէ: Հեշտը հեշտ չէ, բայց… հետաքրքիր է: Չգիտեմ` կա՞ ավելի հետաքրիր բան, քան անհատականության աճին հետևելը: Ինձ համար նրանցից յուրաքանչյուրը մի-մի աշխարհ է` անկրկնելի, ինքնատիպ, պայծառ ու անչափ հետաքրքիր…
Ինչևէ, եթե գործ, ուրեմն` նաև թերություններ ու խնդիրներ: Չգիտեմ` որքանով է ստացվել, բայց փորձել եմ քննական հայացքով նայել մեր արածին` ավելի լավ հասկանալու համար հետագա անելիքները:
Եվ այսպես` նկատված թերություններ և խնդիրներ
- Մեր ոչ բոլոր ամսագրերի առաջին էջում են տեսանելի մասնակից-սովորողների անուն-ազգանունները։
- Չկան անոտացիաներ` ինչ ամսագիր է, ինչ նպատակ է հետապնդում, մի խոսքով` չկան նախագծի մասին պատմող ընդհանուր նկարագրություն կամ դրա նման մի բան։
- Որոշ ամսագրերում բացակայում է նյութերի թողարկման ժամանակը։
- Տեսանելի չէ կոնկրետ սովորողի կատարած աշխատանքը։
- Ամսագրերի ձևավորման, նաև` լոգոների խնդիր ունենք։
- Որոշ ամսագրերում տեղադրված չեն հաշվիչներ։
- Արտաքին և ներքին կարգավորումների խնդիր ունենք։
- Ընդհանուր առմամբ պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, բայց անելիքներ դեռ կան։
- Ընդհանուր առմամբ ամսագրերի գրական լեզուն տանելի է, բայց անելիքներ շատ կան:
Առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ
- Ամսագրի առաջին էջում ճիշտ կլինի, որ երևա հիմնական խմբագրակազմում ընդգրկված սովորողների անուն-ազգանունները, նաև` նախագծի ղեկավարինը:
- Ամսագրում ընդգրկված յուրաքանչյուր սովորող լավ կլինի, որ ունենա իր անհատական էջը` օրվա ցանկացած պահին անարգել մուտք գործելու համար: Սա հնարավորություն կտա տեսնելու յուրաքանչյուր սովորողի կատարած աշխատանքը, հետևել նրա գործունեության դինամիկային:
- Առաջին էջում հակիրճ ու հասկանալի կերպով երևա նախագծի ընդհանուր նկարագրությունը, որպեսզի այցելուի համար պարզ դառնա` ինքը ինչ մեդիատարածքում է հայտնվել:
- Ամսագրում երևա թողարկվող նյութերի օրը, ամիսն ու տարին, հակառակ դեպքում անհնար է հասկանալ` թարմացումներն ինչ հաճախականությամբ են արվում:
- Ճիշտ կլինի, որ ամսագրերի ձևավորմամբ զբաղվեն ապագա մասնագետներ, ասել է թե` սովորողների մի խումբ լինի, որն իր ղեկավարի հետ զբաղվի մեր ամսագրերի ձևավորման դիզայնով, նաև` լոգոներով:
- Տեղադրված լինեն հաշվիչներ, որպեսզի հասկանալի դառնա` որքանով է կատարված աշխատանքն արդյունավետ ու պահանջարկ ունեցող:
- Լավ կլինի, որ թողարկվող նյութերի մոտավոր թիվ սահմանվի` ինչպես ամսագրում յուրաքանչյուր սովորողի համար (ներքին կարգավորում), այնպես էլ mskh-ում` յուրաքանչյուր ամսագրի համար (արտաքին կարգավորում):
- Ավելի շատ ուշադրություն դարձնել հեղինակային իրավունքի, համացանցային մշակույթի և էթիկայի պահպանմանը:
- Կապված թողարկվող նյութերի հոսքից` հաճախ անհնար է դառնում միաժամանակ խմբագրել-սրբագրել բոլոր նյութերը: Բացը լրացնելու համար կարելի է ունենալ սովորող-խմբագիրներ: Կարող են օգտակար լինել նաև ընտրությամբ գործունեության խոսքի մշակման դասաժամերը:
Թերևս` այսքանը:
- Բացվել է 1522 անգամ