Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր

Վերջին տասը տարվա իմ աշխատանքային փորձի, հետազոտությունների և իրագործած նախագծերի առանցքում ծիսական մշակույթն է: Հասկանալի է, որ բավականին բարդ է այլ սոցիալական միջավայրում և պատմական կենսաձևում ապրած մեր ազգակիցների ծիսական սովորույթները կիրառել ժամանակակից կենցաղում: Բայց ցանկալի կլինի, եթե դրանց որոշ բաղադրիչներ նորացվեն և հարմարեցվեն արդի իրողություններին:

Ծեսերն իրագործելու բավական փորձ ունեմ, բայց, դեռ շա՜տ մեծ աշխատանք կա կատարելու: Ամեն տարի Ամանորի ծեսը նշում ենք կրթահամալիրի Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնի մեկամյա ուսուցման ուսանողների հետ, հատկապես լուրջ են վերաբերվում նրանք, ովքեր ակնկալում են հետաքրքիր ծիսական լուծումներ գտնել: Մանրակրկիտ պատրաստվում ենք՝ աշխատելով ոչ մի կարևոր ծիսական կերակրատեսակ, պարագա, գործողություն չմոռանալ: Քանի որ ուսումնական տարվա առաջին ծեսն է, ուսանողներն անհամբեր անհանգստությամբ ոգևորված են: Ընդհանրապես, Քոլեջի դերը նոր, թարմ, հետաքրքիր մտքեր ստեղծելու գործում ինձ համար շատ մեծ է: Մարդը միայնակ չի կարող հասնել այն ամենին, ինչին կհասնի իր համախոհների հետ`թիմային աշխատանքի արդյունքում: Այս դեպքում էլ ինձ օգնում է ընկերների փորձը, մտածողության նրանց կերպը: Իսկ ամենից շատ օգնում են կողքի հայացքով դիտող մարդու տված հարցերը, որոնք երբեմն կարևոր, հետաքրքիր միտք են հուշում և ուղղորդում այնպիսի դաշտ, որի մասին չգիտեիր, և այդ գտած դաշտում սկսում ես քո երևակայությունն աշխատեցնել՝ մասնակից դարձնելով մյուսներին: Այսպես քո գենոտիպով ժառանգաբար կրած տեղեկությունները գիտակցական դաշտում են հայտնվում, միավորվում գիտական, մասնագիտական տեղեկատվությանը, արդյունքում ստեղծվում է նոր որակ, կարևոր, անհրաժեշտ ու արդիական:

Անցյալ տարի Քոլեջում իրականացված Ամանորի ծեսը տպավորվել էր բոլորիս մոտ, առանձնապես՝ ընկուզախաղերը: Հարավային դպրոցի նախակրթարանի սաների և 5 տարեկանների հետ խաղացինք, հետաքրքիր հայտնագործություններ եղան: Փոքրուց շատ հեշտ եմ խաղացել մեր ազգային խաղերը, այդ թվում՝ քարկտիկը: Երբեք չեմ կարծել, թե դժվար խաղ է: Բայց երբ ընկույզներով խաղացինք փոքրերի հետ, ոչ մեկը չկարողացավ վեր նետել ընկույզն ու բռնել: Փորձեցի մեծերի հետ. նույն դժվարությունը: Փաստորեն, մանկությանս տարիների բակային խաղերն ինձ այնքա˜ն հմտություններ են տվել: Փոքրերը դժվարանում էին միջնամատը բութ մատին հենել և կտտացնել ընկույզին այնպես, որ առաջ մղվի և դիպչի մյուսին, դժվարանում էին պտտել ընկույզները և այլն: Պարզվեց, որ նման խաղերը հատկապես նախակրթարանի սաների համար նաև մանր մոտորիկայի զարգացման հրաշալի միջոց կարող են լինել։ Իհարկե, ոչ բոլորն էին դժվարանում, բայց որ անհրաժեշտ է այդ խաղերը խաղալ, դա ակնհայտ է:

«Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորի խաղեր» նախագիծը սկսեցինք Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ, ապա՝ 1-ին դասարանի սովորողների հետ ընկուզախաղերով: 5-րդ դասարանի սովորողներն ինքնուրույն պատրաստեցին թելից կախված ընկույզ, իսկ 2-րդ դասարանի սովորողներին ինքս ներկայացրեցի, իմ հսկողությամբ էլ մեկ հատ պատրաստեց Տաթևը: Ընկուզախաղերը շարունակեցինք Քոլեջի նախակրթարանում խաղացին ցանկությամբ՝ ում հետաքրքրեց, ով մոտեցավ, ով ցանկացավ: Ընթացքում ընկույզներով պատկեր պատրաստեցին (մի փոքր օգնության կարիք ունեցան շրջան կազմելիս), մնացածին չխառնվեցինք: Դաստիարակ Ինգա Անտոնյանը գլխի գցեց ընկույզներով սեղանին հարվածել, որն էլ վերածվեց սիրուն խաղի: Այդ խաղն իր զարգացումը ստացավ Հարավային դպրոցում՝ 3-4-րդ դասարանների սովորողների հետ խաղալիս: Այստեղ արդեն սովորողները դարձան ռիթմական պատկերներ կատարող խումբ, բացի անկանոն հարվածներից կատարեցին հստակ յուրաքանչյուրին ուղղված ռիթմամասը (երաժշտական բազմաձայնության մեջ յուրաքանչյուր խումբ կամ անհատ կատարում է իր երգամասը կամ գործիքային պարտիան): Այս կարգի խաղերի ընթացքում սովորողներն առանց դժվարության հասկանում են՝ ով է խմբավարը, դիրիժորը, ինչպես է կարողանում շարժումների, ժեստերի լեզվով աշխատել խմբի հետ:

Ամանորի ծիսական պարագաներից է Չարխափանը, որի պատրաստման եղանակը 4 տարի առաջ ներկայացրել էի, քանի որ ոչ մի նյութ համացանցում չէի գտել: Նախագծի մեջ այդ միջոցը մի քանի անգամ ցուցադրվում է, իսկ որպես առանձին նյութ՝ ներկայացված է Քոլեջի ուսանողների և 5 տարեկանների հետ: Չարխափանը կարելի է դարձնել շրխկան՝ ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցելով ուսուցանված երգը, ունկնդրվող ստեղծագործությունը: Այս անգամ այն ներկայացրեցին Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանները:

Դեռ անցած տարի միտք հղացավ ամանորյան բարեմաղթանքները թաքցնել ընկույզի մեջ և որպես խաղալիք կախել ծիսական ճյուղից կամ տոնածառից: Այս տարի բարեխղճորեն այդ գործը կատարեցին Հարավային դպրոց-պարտեզի դասվարները, Քոլեջի ուսանողները, դաստիարակ Ինգան: Իսկ պատրաստման եղանակը ցուցադրվեց Հարավային դպրոց-պարտեզի 3-2 դասարանի սովորողների օգնությամբ (դասվար՝ Տաթև Մելքոնյան): 2-րդ դասարանի սովորողները (դասվար՝ Լուսինե Գասպարյան) կերպավորել էին բարեմաղթանքները՝ ներկայացնելով եղջերուի գլուխ: Սրանով միտք են տալիս մյուսներին՝ ձեռարվեստի պարապմունքին հետաքրքիր լուծումներ տալ, ստեղծել այլ կերպարներ:

Ծիսական կարևոր ուտեստ է Տարեհացի գաթան, որը բարեխղճորեն պատրաստեցին Հարավային դպրոց-պարտեզի բոլոր դասարանները, նախակրթարանի և 5 տարեկանների խմբերը և ծիսական տոնակատարության ժամանակ իրենց դասարաններում և խմբերում, բաժանելով մասերի, բաժին հանեցին նաև ծնողներին: Տարեմուտին կարևոր ծիսական գործողություն էր «Ասիլ-Վասիլ» մարդահացիկներ, ինչպես նաև գուշակության համար թխվածք-խորհրդանիշեր պատրաստելը: Որոշեցինք դրանք անցկացնել թելով և կախել ամանորյան ճյուղից՝ թե՛ որպես զարդ, թե՛ մասնակիցներին բաժանելու համար:

«Սուրբ Ծննդյան երեկոյան «ընտանիքը նոր էր բոլորած լինում ընթրիքի սեղանի շուրջ, երբ սկսվում էր «Ավետիս» երգող խմբերի այցը: Սպիտակ շապիկ հագած պատանիների 3-5, երբեմն` 6-7 հոգիանոց խմբերը շրջում էին տնետուն: Երգում էին «Ավետիս», որոնք շատ բազմազան էին: Դրանցում դրսևորված էին Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, գովերգվում էին Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները և այլն: Սակայն կային Քրիստոսի հետ կապ չունեցող երգեր, որոնցում հնչում էր ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման, և, այնուամենայնիվ, որպես ծննդյան երգեր, դրանք նույնպես կոչվում էին «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում էին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով»։
Հ. Խառատյան «Ազգային ծեսեր, տոներ»

Պետք է նշել, որ մեր սովորողները սիրով սովորեցին «Ավետիս»-ները, չնայած այն բանին, որ որոշ երգերի և՛ տեքստը, և՛ երաժշտական կառույցը բավական բարդ են կրտսեր դպրոցի սովորողի համար: Հարավային դպրոցի սովորողների հետ որոշեցինք Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներից 3-ը կատարել դրսում` հատված Սուրբ Պատարագից՝ «Սուրբ Աստված» և «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», «Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս», «Ավետիս»: Երգեցին առանց նվագակցության, որը բավական դժվար է, բայց, ապրեն, կարողացան:

«Ավետիս»-ի մեկ այլ տարբերակ և Հովհաննես Երզնկացի Պլուզի «Այսօր ձայնն հայրական» ծննդյան երգերը կատարեցին դասարանում՝ էլի առանց նվագակցության: «Ավետիս»-ների շարքը եզրափակվեց 1-ին դասարանցիների և 5 տարեկանների մոտ 3-րդ և 4-րդ դասարանների սովորողների այցերով, որոնք ավարտվեցին հյուրասիրությամբ:

Նախագծի եզրափակիչ ակորդը դարձավ Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնի ուսանողների հետ Սուրբ Ծննդյան և Ամանորի ծիսական պարապմունքը, որի ընթացքում փորձեցինք ամբողջական իրականացնել մեր պատկերացրած Ամանորի և Սուրբ Ծննդյան արդիական ծիսական արարողակարգը՝ խաղերով, ծիսական պարագաներով, տարեհացի գաթայով, բարեմաղթանքներով, Կենաց Ծառի խորհրդանիշ ճյուղը զարդարելով, երգով, պարով: Ամենակարևորն այդ ամենի մեջ մեր և երեխաների ուրախությունն էր: Երբ հնչում է ոգևորված հարց` «Էլի էսպիսի տոն լինելո՞ւ է», միանգամից պարզ է, որ նախագիծը կայացել է։ Այն, ինչ իր մեջ իրական ազգային-մշակութային բաղադրիչներ է կրում, և, փոխանցվելով սերնդեսերունդ, հասել է մեր օրերն ու չի կորցրել իր արդիականությունը, չի կարող տալ միայն ուրախություն։ Այն ավելին է՝ մշակութային միջավայրի կայացածություն և այդ մշակութային վարքագծի փոխանցում։

Նախագծի բոլոր նյութերը ներկայացվել են ինչպես ենթակայքերում, այնպես էլ՝ կրթահամալիրի գլխավոր կայքում, բոլոր նյութերը տեղադրված են իմ բլոգում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский