Նախագծային ճամբարը՝ հեղինակային մանկավարժության փորձարկման լաբորատորիա
Primary tabs
Իմ աշխատանքային փորձի ընթացքում բազմիցս եմ համոզվել, որ կրթահամալիրում կազմակերպվող ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարները սովորողների ամենասիրելի ժամանակահատվածն են։ Դրա վառ ապացույցը այն ոգևորությունն ու սպասումն է, որը թե՛ ամռան շոգին, թե՛ ձմռան ցրտին համակում է բոլոր սեբաստացի ճամբարականներին։ Կարծում եմ՝ ուսումնական պարապմունքներով շրջանների միջև կազմակերպվող ճամբարները արդյունավետ «կանգառներ» են հեղինակային մանկավարժության իրականացման ճանապարհին, արված գործն ամփոփելու, մանկավարժական համոզմունքները գործի կոչելու ու փորձարկելու կարևոր ժամանակահատված։
Իսկ սովորողների համար ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծում ճամբարային-ստուգատեսային ամիսները։ Որքանո՞վ են դրանք խթանում նրանց ինքնադրսևորման-ինքնազարգացմանը․․․ Ինչո՞ւ է սովորողներին առավել ոգևորում ճամբարային առօրյան, ի՞նչն է պակասում նրանց ամենօրյա ուսումնական գործընթացում․․․ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու լավագույն միջոցը իմ ճամբարային ամենօրյա դիտարկումները դարձան։
- Իմ ջոկատն ավելի լավն է, քան իմ դասարանը․․․
- Ճամբարն ավելի հետաքրքիր է, քան դասը․․․
- Եթե ուսուցիչը լավը չլինի, ճամբարն էլ լավը չի լինի․․․
- Ի՜նչ լավ է, ես ճանաչեցի իմ ջոկատի Թերեզային․․․
- Մենք ամբողջ օրը խաղում ենք, բայց էս ինչքա՜ն բան հասցրինք անել․․․
Սրանք օրվա ընթացում, իմ ջոկատի ճամբարականների կողմից հնչեցրած հիացական բացականչություններն էին, որոնք չէին կարող վրիպել իմ ուշադրությունից, մտածելու տեղիք չտալ․․․
Որքան էլ մենք՝ հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողներս, փորձում ենք հետաքրքիր նախագծերի միջոցով ուսումնական գործընթացը առավել գրավիչ դարձնել, միևնույն է, առարկայական դասավանդման ընթացքում մեզ ինչ-որ բան կաշկանդում է․․․ Ու հենց այդ «ինչ-որ» բանը գուցե ամենակարևորն է մեր աշխատանքում։
Ճամբարի ընթացքում ես կրկին համոզվեցի, թե ինչն է պակասում ինձ․․․ Սովորողներիս հետ խաղալու, նրանց հետ ավելի հաճախ ճամփորդելու կամ պարզապես միասին լինելու, ոչ թե նրանց աշխատացնելու, այլ միասին աշխատելու ամենակարևոր ժամանակն է, որ մյուս ուսումնական շրջաններում պակասում է ամենօրյա իմ աշխատանքում։ Ճամբարը ինձ համար առաջին հերթին հե՛նց այս պակասը լրացնելու կարևոր ժամանակահատված դարձավ։ Մի՞թե հենց ճանաչումից չի սկսվում իրական մանկավարժությունը։ Ապրումակցման, հոգատարության, ճանաչումի և կյանքի դպրոցում շարունակ իրարից սովորելու հնարավորություն է ճամբարը թե՛ սովորողների, թե՛ դասավանդողներիս համար։ Կարծում եմ՝ սա այն է, ինչի կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրը, և առանց որի հնարավոր չի լինի անհատական զարգացման կազմակերպումը։
Ճանաչողության, ինքնակազմակերպման ու թիմային աշխատանքի կարևոր հարթակ լինելուց բացի, ճամբարը ինձ համար նաև մանկավարժական համոզմունքներս փորձարկելու ընդարձակ լաբորատորիա է։
Ճամբարային նախագիծը համագործակցային աշխատանքի իրականացման հնարավորություն էր իմ գործընկերոջ՝ Արևմտյան դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Զառա Ոսկանյանի հետ։ 2017թ. ձմեռային ճամբարում ջոկատները կազմված էին ըստ սովորողների նախասիրության, տասնչորս-տասնհինգ հոգիանոց խառը՝ տարատարիք սովորողներից, ինչն էլ նպաստում է նախագծերի արդյունավետ իրականացմանը և խթանում սովորողների ակտիվ մասնակցությանը ճամբարային տարատեսակ նախագծերին։ Տարատարիք սովորողների ու տարբեր նախագծեր իրականացնող ջոկատների համագործակցությունը մեր հագեցած ճամբարային առօրյայի կարևոր մասն էր կազմում։ Այս հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ստանում իր սովորածը փոխանցելու ընկերոջը, ջոկատավար ուսուցչին՝ կարևորելով ու ամրապնդելով իր նոր ձեռքբերումը․․․Այսպիսով, ճամբարային միջավայրը ստեղծագործական աշխատանքի կազմակերպման նպաստավոր պայմաններ ստեղծեց ու մեր առօրյայի գլխավոր կազմակերպիչը դարձավ։
Մեր՝ ստեղծագործ-թատերասերներիս ջոկատի ճամբարային առօրյան ներառում էր իրար լրացնող ու հաջորդական զարգացում ապահովող գործունեության ձևեր, որոնք մեր ճամբարային նախագծի բաղկացուցիչն էին։ Գործունեության կազմակերպիչներն ու իրականացնողները ճամբարականներն էին՝ իրենց նախաձեռնություններով ու առաջարկներով, իսկ մենք՝ ջոկատավար-դասավանդողներս, զուտ ուղղորդողի ու օգնականի դերում էինք հանդես գալիս։ Ճամբարային օրվա վերջում լուսաբանում, միասին քննարկում-հրապարկում էինք օրվա անելիքները, այլ կերպ ասած՝ կազմում մեր ճամբարային օրագիրը։
Քանի որ կրթահամալիրում ճամբարային հունվար, հունիս ամիսներն ամփոփվում են ուսումնական ստուգատեսներով, ուստի ճամբարային գործունեությունը նաև ստուգատեսներին նախապատրաստվելու բնական ու ինքնավար շրջան է։ Ստուգատեսների մասնակցությունը դառնում է ճամբարային նախագծերի արդյունք-ներկայացումը։
Ճամբարային լեզվագործունեություն
Մեր ճամբարային նախագծի գլխավոր նպատակը Արևմտյան դպրոց-պարտեզում թատրոն-լաբորատորիայի ստեղծումն էր։ Ինչո՞ւ որոշեցի հենց նման նախագծով հանդես գալ։ Թատերական կերպարային խաղը, դերային ընթերցումը, սյուժեի մշակում-բեմադրումը, ներկայացվող նյութի ընտրություն-քննարկումները լեզվագործունեության, խոսքի զարգացման անփոխարինելի ու ամենագրավիչ միջոցներն են կրտսեր դպրոցի իմ սովորողների համար։ Սա այն կարևոր աշխատանքն է, ինչը սահմանափակվում, չի տեղավորվում ամենօրյա դասաժամի տիրույթում։ Իսկ հետաձգված, կիսատ մնացած աշխատանքը կորցնում է ձգողությունը, երբեմն ձանձրալի դառնում։ Փոքր խմբերով ամենօրյա երկարատև, հետևողական աշխատանքը տեխնոլոգիական սրահում, ընկեր Զառայի օգնությամբ, ոգևորում էր բոլորիս։
Ստեղծագործ-թատերասերների առօրյան հագեցած էր ստեղծագործական աշխատանքներով։ Ջոկատի մասնակիցները ընկեր Զառայի օգնությամբ նախագծում, նկարում, ձևավորում ու պատրաստում էին իրենց ներկայացման հերոս-տիկնիկներն ու ներկայացման միջավայրի դեկորացիաները։ Ներկայացման թեման առակներն էին։ Առակները տեքստի հակիրճության ու այլաբանական իմաստի շնորհիվ ձգող-սիրված են սովորողների շրջանում և ստեղծագործական-վերլուծական աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ են տալիս։ Հայկական ժողովրդական առակների ընտրությունը կատարեցին սովորողները, ու ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում, տևական ժամանակ, հաճույքով ընթերցում, աշխատում էին առակների տեքստի շուրջ։ Արդյունքում՝ ընտրվեցին անհատական և խմբային դերային ընթերցումների, ներկայացումների համար առանձնացված նյութերը։
Ճամբարականները և՛ ճամբարի ընթացքում, և՛ տանը՝ ծնողների աջակցությամբ, աշխատում էին ստուգատեսային նյութերով։ Ձայնագրում նկարում-ձևավորում էին իրենց հավանած առակը։ Այսպիսով՝ մեր ճամբարային նախագիծը մտնում էր սովորողի տուն՝ ներգրավելով նաև ընտանիքի անդամներին։ Թատրոն-խաղը լեզվական աշխատանքի խթանիչն էր դարձել։ Երկրորդ շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ մեր ջոկատը հունվարյան Հանրակրթական Դիջիթեք 2017 ստուգատեսին ներկայացնելու է «Հայկական ժողովրդական առականի. ռադիոթատրոն և տեսաներկայացում» մեդիափաթեթը։
Աշխատանքի ընթացքում ճամբարականների ինքնակազմակերպումն ու ստեղծականությունը ոգևորում էր մեզ։ Ճամբարային ուրախ, միասնական տողանից սկսած՝ ձմեռային խաղերով, անսովոր նախաճաշերով, համերգներով ու ճամփորդություններով հագեցած մեր առօրյան ուրախություն էր պատճառում բոլորիս։ Մենք անհամբերությամբ ու հաճույքով էինք սպասում ճամբարային հաջորդ օրվան։ Հավեսը համակել էր բոլորիս։
Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում, կրթահամալիրի գիտագործնական հավաքի համերգ-ներկայացումներին ու կլոր սեղաններին մասնակցությունը հնարավորություն տվեց այցելելու կրթահամալիրի տարբեր դպրոցներ, ծանոթանալու սովորողների և դասավանդողների հետ, ուսումնական զրույցներ ու քննարկումներ ծավալելու։ Մեր ջոկատը նույնպես մասնակցություն ուներ գիտագործնական հավաքի կլոր սեղանին. ներկայացումը փայլուն կերպով նախագծեցին, իրականացրին իմ ընկերները` ստեղծագործ ճամբարականները։
Ձմեռային ճամբարը՝ իր գիտագործնական հավաքի համերգ-ներկայացումներով ու կլոր սեղաններով հաստատեց, որ կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը իրական ապրումի, ոգևորության ու ամենօրյա ստեղծագործական արարումի արդյունք է։
- Բացվել է 3282 անգամ