Կրթության ներառականության մասին

Ամբողջ աշխարհում դպրոցներից երեխաներ են հեռացվում հաշմանդամության, ռասայի, լեզվի, կրոնի, գենդերային պատկանելության և աղքատության պատճառով: Սակայն յուրաքանչյուր երեխա, փոքր հասակից սկսած, իրավունք ունի աջակցություն ստանալու իր ծնողի և հասարակության կողմից, որպեսզի մեծանա, սովորի, զարգանա և դպրոցական հասակում գնա դպրոց, ներառվի, ընդունվի ուսուցիչների և իր հասակակիցների կողմից: Եթե բոլոր երեխաներն, անկախ նրանց տարբերության, միասին կրթություն ստանան, յուրաքանչյուրը կշահի դրանից. սա է ներառական կրթության անկյունաքարը:

Ի՞նչ է ներառական կրթությունը:
Ներառական կրթություն նշանակում է տարբեր երեխաների ուսուցում կողք կողքի, միևնույն դասարանում: Նրանք միասին են վայելում ուսումնական ճամփորդությունները և նախընտրած արտադպրոցական գործունեությունը, մասնակցում աշակերտական կառավարմանը և հաճախում են միևնույն սպորտային պարապմունքներին, խաղերին ու այս ամենն անում են միասին:

Ներառական կրթությունն արժևորում է բազմազանությունը և այն եզակի ներդրումը, որն իր հետ դասարան է բերում յուրաքանչյուր սովորող: Իրական ներառականություն է այն, երբ յուրաքանչյուր երեխա իրեն ապահով է զգում և ունենում այնպիսի զգացողություն, որ ինքը բոլորինն է: Սովորողները և նրանց ծնողները մասնակցում են ուսումնական նպատակների ձևակերպմանը և որոշումների կայացմանը, որոնք ազդեցություն են ունենալու իրենց վրա: Իսկ դպրոցի աշխատակազմն էլ վերապատրաստված է, ունի աջակցություն, ճկունություն և կրթական ռեսուրսներ, որպեսզի կրթի, ոգևորի և արձագանքի բոլոր սովորողների կարիքներին: 

Ինչո՞ւ է ներառական կրթությունը կարևոր:
Ներառական կրթության համակարգը բոլոր երեխաների համար ապահովում է ավելի որակյալ կրթություն և էական դեր ունի խտրական վերաբերմունքի հանդեպ կատարվող փոփոխությունների մեջ: Ընտանիքից դուրս դպրոցն ապահովում է երեխայի՝ աշխարհի հետ ունեցած իր առաջին հարաբերություններն ու փոխազդեցությունները: Հարգանքն ու փոխըմբռնումը մեծանում են, երբ տարբեր ընդունակություններ և ծագում ունեցող սովորողներ խաղում, հանրայնացվում, սովորում են միասին:

Այն կրթությունը, որը չի ներառում ու տարանջատում է երեխաներին, հավերժացնում է մեկուսացված խմբերի միջև եղած ավանդական խտրականությունը: Երբ կրթությունն ավելի ներառական է, այդպիսին է նաև հանրային կյանքին մասնակցության կերպը, աշխատանքային զբաղվածությունը և համայնքային կյանքը:

Իսկ ավելի լավ չի՞ լինի առանձնացնել հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներին:
Առանձին և հատուկ կրթությունը հաջողության ոչ մի երաշխիք չի տալիս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեցող սովորողներին, մինչդեռ ներառական դպրոցները, որոնք ուսման համար ապահովում են աջակցող համապատասխան պայմաններ, շատ ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: Արտադասարանական գործունեությունները, հասակակիցների աջակցությունը կամ մասնագիտական ավելի շատ միջամտությունները ներառում են ամբողջ դպրոցական համայնքը՝ ապահովելով թիմային աշխատանքը:

Որո՞նք են ներառական կրթության հիմնական տարրերը:
Ներառական կրթության մասնագետներին պետք է ճիշտ օգտագործել, քանի որ այս անձնակազմն ինքնին կարող է ներառող լինել կամ տարանջատող: Օրինակ՝ ներառական է այն մասնագետը, ով օգնում է ուսուցչին բավարարել բոլոր սովորողների կարիքները, իսկ այն մասնագետը, ով դասարանից հանում է հատուկ կարիքներ ունեցող սովորողին, որպեսզի նրա հետ անհատապես պարապի, ներառական չէ:

Ներառական ուսումնական պլան
Ներառական ուսումնական պլանը ներառում է տեղայնացված թեմաներ, որոնք կազմված են փոքրաթիվ քանակի խմբերի համար: Այն խուսափում է երկակի իմաստներ ունեցող պատմողական լավ թե վատ նյութերից և թույլ է տալիս ուսումնական պլանը հարմարեցնել կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների սովորելու ոճին:

Ծնողական համայնքի ներգրավում
Դպրոցների մեծ մասը ձգտում է հասնել ծնողների ներգրավվածության որոշ մակարդակի, բայց դա հաճախ սահմանափակվում է էլեկտրոնային նամակներ գրելով և դեպքից դեպք էլ՝ ուսուցիչներ-ծնողներ հավաքներով: Ներառական դպրոցական համակարգում ծնողների ներառումը նշանակում է նրանց հետ կապեր ստեղծելու բազմաթիվ ձևերի ստեղծում՝ հաշվի առնելով ծնողների առաջարկած պայմանները: 

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ներառական կրթությունը:
Որպեսզի ներառական կրթությունը իրականություն դարձնենք, մենք պետք է անենք հետևյալը.

  • վերապատրաստենք մանկավարժական աշխատողներին, ապահովենք կրթական ռեսուրսներով, որպեսզի նրանք կարողանան ուսուցանել կրթական զանազան կարիքներ ունեցող աշակերտներին՝ նրանց սովորելու հնարավորություններին համապատասխան,
  • ապահովենք մանկապարտեզներին և դպրոցներին համարժեք և կայուն ֆինանսական օժանդակությամբ, որպեսզի ամբողջովին ներառական լինեն բոլոր ծառայությունները և ողջ գործունեությունը,
  • ծնողներին հնարավորություն տանք պաշտպանելու ներառական կրթություն ստանալու իրենց երեխաների իրավունքները,
  • օգնենք ամբողջ հասարակությանը, ներառյալ հիմնական հիմունքներով աշխատող և հատուկ մանկավարժներին, սոցիալական ոլորտի աշխատողներին, ծնողներին և սովորողներին, աշխատել միասին և մասնակցել կրթական ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման դիտարկմանը և, այս ամենով հանդերձ, միասնական պատասխանատվություն կրենք ներառական կրթության համար,
  • իշխանություններից պահանջենք հակախտրական օրենսդրության իրականացում, օրինական մանդատով շնորհենք ներառականությանը, ամեն տեսակի արգելքները վերացնելու քաղաքականություն վարենք:

Թա՞նկ է ներառական կրթությունը:
Կրթությունը ներառական դարձնելը ծախսերի կրճատման միջոց չէ: Կառավարությունը պետք է պատրաստ լինի ի սկզբանե համակարգում այնպիսի էական ներդրումներ անելու, ինչպիսիք են ուսուցչի և աշխատակազմի վերապատրաստումները, ուսումնական նյութերը, սարքավորումները և ուսումնական պլանների վերանայումը, որպեսզի ներառական կրթությունը համարվի հաջողված: Այնուամենայնիվ, վերացնելով ավելորդությունները և դրանց հաջորդող մեծ ծախսերը, պետք է ներդրումներ արվեն ներառական կրթության ոլորտում: Այս նպատակով՝ միջոցների ներդրումը կբարելավի կրթության որակը՝ օգտակար և արդյունավետ լինելով բոլոր սովորողների համար:

Պետք է բարեփոխվեն ֆինանսական մեխանիզմները, որպեսզի ներառական կրթության մեջ ներգրավված դպրոցները լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանան: Երբ հատուկ դպրոցներից սովորողները տեղափոխվում են ընդհանուր հիմունքներով աշխատող հանրակրթական դպրոցներ, ֆինանսավորումը պետք է հետևի այդ գործընթացին:

Այնուամենայնիվ, վերացնելով ավելորդությունները և դրանց հաջորդող մեծ ծախսերը, պետք է ներդրումներ արվեն ներառական կրթության ոլորտում: Այս նպատակով միջոցների ներդրումը կբարելավի կրթության որակը՝ օգտակար և արդյունավետ լինելով բոլոր սովորողների համար:

Ֆինանսական միջոցները պետք է վերակազմավորվեն այնպես, որ նրանք, ովքեր գրանցված են որպես հատուկ կարիք ունեցող սովորողներ, օգտվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներից: Եթե անգամ հատուկ դպրոցներից տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ, ֆինանսավորումը պետք է շարունակվի:

Իմ եզրակացությունը հոդվածը թարգմանելուց հետո

Գուցե պետք չէ՞ր սա թարգմանել, չէ՞ որ այստեղ նորություն չկար: Այս ամենը մեր կրթահամալիրի համար պարզ բան է և վաղուց կիրառելի: Հետո մտածեցի, որ այն կարող է օգտակար լինել հասարակության համար, որոնց պատկերացումները ներառական կրթության վերաբերյալ այնքան էլ պարզորոշ չեն:

Ուզում եմ այս հոդվածից դուրս մի դիտարկում անել. ներառական կրթությունն օգտակար է ոչ միայն հատուկ կարիք ունեցող երեխաներին, այլև նույն դասարանում սովորողների ու դասավանդողների համար՝ նրանց մեջ կարևոր կամային հատկանիշների զարգացման, հասարակության համար լավ անձնավորություն ձևավորելու համար… Ներառական կրթություն, ցավոք, չի իրականացվել, երբ ես դպրոցական էի: Կարող եմ ասել, որ շատ բան եմ կորցրել, որը փորձում եմ հիմա գտնել: Ամեն օր ես բացահայտում եմ առանձնահատուկ երեխաներին և արձանագրում իմ ձեռքբերումները՝ հանկարծակի ադամանդ գտած ճանապարհորդի ոգևորությամբ:

Փոխադրություն անգլերենից
Աղբյուրը՝ ԱՄՆ Բաց հասարակության հիմնադրամներ

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский