Խաչատուր Աբովյանի «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությունը

«Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրության բնագիրը եղել է ռուսերեն. Աբովյանը մտադիր է եղել այս երկը հրատարակել Кавказ լրագրի էջերում, բայց  չի հասցրել: Աբովյանը ռուսերեն ինքնագիրը հանձնել է Գ. Ախվերդյանին՝ կարդալու և իր կարծիքը ասելու համար: Ձեռագիրը հայտնաբերվել է 70 տարի առաջ, հայերեն թարգմանել է գրականագետ Արամ Ինճիկյանը: Ուղեգրությունը հեղինակի` Աբովյանի կյանքի կոնկրետ ժամանակահատվածի մասին տեղեկություններ հաղորդելուց բացի, հետաքրքիր է նաև մի քանի առումներով: Աբովյանն իրեն բնորոշ պատկերավոր լեզվով ոչ միայն նկարագրել է Անի տանող ճանապարհին հանդիպող բնակավայրերի մասին, ներկայացրել դրանց անցյալն ու ներկա դրությունը, այլև արժեքավոր տեղեկություններ է փոխանցել հայերի և քրդերի ապրելակերպի, կենցաղավարության մասին: Այս ուղեգրությունը զարմացնում է նաև քաղաքական եզրահանգում-վերլուծություններով և ճշգրիտ կանխատեսումներով:

Հայտնի է, որ Անի մայրաքաղաքի նկատմամբ Խաչատուր Աբովյանը հատուկ վերաբերմունք է ունեցել. Անիի հանդեպ հիացմունքն արտահայտում է նաև «Վերք Հայաստանի» վեպում:

Աբովյանն Անիում եղել է մի քանի անգամ: Առաջին անգամ այցելել է 1837թ.-ին` սենատոր Հանի և նրա տիկնոջ հետ: Երկրորդ անգամ`1847թ. հոկտեմբերի 21-ին. առավոտյան ժամը 8-ին մեկնարկած ճանապարհորդությունը տևել է մեկ շաբաթ` մինչև հոկտեմբերի 28-ը: Ճամփորդական կազմը բավական մեծ է եղել: Նրանց խմբում է եղել նաև արքեպիսկոպոս Հովհաննես Շահխաթունին: Պատմաբան, հնագետ և մատենագետ Շահխաթունին Էջմիածնի Մայր աթոռի տպարանի ու մատենադարանի վարիչն էր: Իր գործունեությամբ նա նպաստել է նաև օտարալեզու հայագիտության զարգացմանը:

Այս ճամփորդության մասին Աբովյանը գրել է. «Յուրաքանչյուրն ուներ իր մարդիկը և ուղեկցորդները. միայն ես՝ խղճուկս, ճանապարհորդում էի ուրիշի հաշվին և ուրիշի ձիով, որ ինձ զիջել էր գավառամասի պետ պարոն ֆոն Վ.-ն»:

 «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությունը բաղկացած է 9 հատվածներից, որոնք, ըստ բովանդակության, ունեն տարբեր վերնագրեր.

  1. Ճամփորդական խորհրդածություններ
  2. Հիշողություններ Էջմիածնի վանքի մասին      
  3. Պատանեկության տարիների հուշեր
  4. Ճանապարհ Էջմիածնի միջով դեպի Սարդարաբադի ջրանցքը
  5. Սարդարաբադի ջրանցքը
  6. Երեկո Արաքսի հովտում
  7. Արփաչայը և երեկոն նրա հովտում
  8. Անիի ճանապարհը
  9. Մուտքը Անի և այնտեղ գտնվող առարկաները

Ուղեգրությունն սկսվում է հետևյալ տողերով. «Խոսել Անիի մասին, նշանակում է շոշափել Հայաստանի պատմության ամենանրբին տեղը: Այդ քաղաքի անունն անգամ բորբոքում է նույն զգացմունքները, ինչպիսիք յուրաքանչյուր մարդու հոգում արթնացնում են Պալմիրը, Բաբելոնը, Կարթագենը և, վերջապես, Հռոմը, ուր ժողովրդի վեհությունը արյունով է ջերմացած, ուր մարդկային մտքի և արվեստի ստեղծածը թաղված է ժամանակի ճակատագրական հարվածի ծանրության ներքո՝ քայքայման փոշու տակ»:

Աբովյանի լեզուն, ինչ խոսք, պատկերավորման տեսանկյունից հատուկ է, զարմանալի մաքուր ու զուլալ, սրանով հանդերձ՝ տպավորիչ ու գեղեցիկ: Խնդրեմ՝ «…Մենք Անին տեսանք հեռվից, գարնանը, լուսաբացին, երբ նա պարուրված էր կախարդական մշուշով, որպես խորհրդական մի ուրվական»:

Անին Աբովյանին ներկայանում է որպես  «անպաշտպան որբ»` Հայաստանի «հավերժորեն պերճախոս հուշարձան»: Անին, ըստ Աբովյանի, իսկական հայի համար սիրելի ու սրբազան է, ուր գոնե մեկ անգամ պետք է «երկրպագել նախնյաց սրբություններն ու ջերմեռանդ արցունքներ թափել»:

Առաջին հատվածը Աբովյանն ավարտում է հետևյալ մտքով, որ հայի տառապանքի հիմքում երկու գործոն է՝ կրոնը և բանականությունը:

Եվ, եթե  «Ճամփորդական խորհրդածություններ» հատվածում Աբովյանը Անին համեմատում է Պալմիրայի հետ, ապա հաջորդ` «Հիշողություններ Էջմիածնի վանքի մասին» հատվածում ևս դիպուկ համեմություն է անում՝ Էջմիածինը համեմատելով Հռոմի հետ: «Ե՛վ Հռոմը, և՛ Էջմիածինը՝ հոգևոր իշխանության կրողները, քրիստոնեական հավատի պահպանողներն ու պաշտպանողներն են եղել բոլոր ժամանակներում և դարերում, առաջինը՝  Արևմուտքում, երկրորդը՝ Արևելքում»:

Ու, տեսեք, թե ինչպես է արտահայտվում Աբովյանը հայ եկեղեցու մասին: Մեր եկեղեցին քրիստոնեական հավատը «…պաշտպանում էր բաց ճակատով, արյամբ և իր ամբողջ ուժով, զորեղ կամքով, անօրինակ մի հերոսությամբ, որպիսին հազվադեպ է քրիստոնեական եկեղեցու ամբողջ պատմության մեջ»:

Ըստ Աբովյանի՝  մեր հոգևորականներից շատերը կարող են օրինակ ծառայել քրիստոնյա մյուս ժողովուրդներին՝ իրենց եղբայրակիցներին: Սակայն, ի տարբերություն Հռոմի, մեր եկեղեցին «երբեք չի հնարել ո՛չ պապական կոնդակներ, ո՛չ ինկվիզիցիա, ո՛չ մեղքերի վաճառք, ո՛չ սուրբ գրքի արգելք. իր գիտնականությամբ նա չի խրոխտացել. ընդհակառակը, նա կրթություն է տարածել»:

Հենց Էջմիածինն է փրկել հայ ազգի անունն ու եկեղեցին, և դա, ըստ Աբովյանի, հրաշքի պես մի բան է: Ահա, թե ինչու Էջմիածնին պիտի վերաբերել սրտացավությամբ և խորին հարգանքով. այսպիսի եզրահանգման է գալիս Աբովյանը, միաժամանակ ընթերցողին հորդորելով, որ իրեն չմեղադրի մոլեռանդ հայրենասիրության մեջ, որովհետև այն, ինչ ինքն ասում է՝ ճշմարտություն է և պատասխան է խղճին:

Հաջորդ մի քանի հատվածներում Աբովյանը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Էջմիածնի վանքի, Սարդարապատի ջրանցքի, Կարա-Կալայի (Սև բերդ), Երվանդակերտի, Սատանի կիրճի, Կողբի, Արփաչայի մասին: «Իսկ Ալագյազը՝ արծաթագլուխ Նոյան լեռան այդ նախանձոտ մրցակիցը, որ վեր է խոյանում նրան դեմ ու դեմ,- առայժմ մրափում է»:

Տեղավայրերը և աշխարհագրական տարածքները ներկայացնելուց  զատ՝ Աբովյանն իր խոսքը համեմում է Մովսես Խորենացու «Պատմության» համապատասխան հատվածներով, ինչպես նաև հիշատակում օտար մատենագիրների` Ստրաբոնի, Պտղոմեոսի, Շիկոսի, Ամիանուսի, Ֆլորի աշխատությունները, որոնցում հիշատակություններ կան հայերի մասին:

Ինչ էլ ասելու կամ պատմելու լինի Աբովյանը՝ մի բան կա, որն ակնհայտ է. անսահման սերն ու նվիրվածությունն իր «թանկագին հայրենիքի» հանդեպ: Մի տեսեք՝ ի՜նչ սիրուն ու արժանապատիվ, ինչպես ինքը՝ Աբովյանը կասեր՝ «ճոխ և քնքուշ» է ներկայացրել իր ազգակիցներին. «…արևմտյան Ասիայի այդ փյունիկցիները, որոնք խաղաղության օրերին աշխատասեր են և հեզ, թշնամիների սրերի դեմ՝ արիասիրտ և համբերատար, մտքի և բարոյական ուժերի զարգացման մեջ՝ ճոխ և քնքուշ, ազգային սրբությունների անձեռնմխելիությունը պահպանելիս՝  հպարտ և անընկճելի, և որոնք, վերջապես, կռվախնձոր են եղել բոլոր ժողովուրդների միջև՝ բոլոր դարերում»:

Ճամփորդությունը մոտենում է ավարտին. «…մենք Անիի՜ն ենք մոտենում: Մեր բոլոր զգացմունքները, մեր ամբողջ ուշադրությունը բռնկված էր միայն մի ցանկությամբ, միմիայն մի ուխտով, սրբազան, սքանչելի, ոգեվառ, սրտամորմոք մի ուխտով, և այդ պահին մեր գլխով սրաթռիչ և խորապես խոյացող այն միտքն էր անցնում, թե որքան մեծ են ու պանծալի, անցողական և ունայն աշխարհիս բոլոր բարիքները և ստրկորեն դրանց հետամտող ժողովուրդները»:

Ահա և «ըղձալի ուրվականը»՝  Անին, սքանչելի Անին, շշմեցուցիչ ու շքեղ Անին՝ իր ընդհատակյա քաղաք-լաբիրինթոսով հանդերձ՝ Գեդար-գյալմազը (թուրքերեն բառ է, բառացի նշանակում է հետևյալը. «կգնա՝ չի դառնա»):

 «Անհամբերությունից սիրտս թրթռում էր, աչքերս ագահորեն փնտրում էին սիրելի քաղաքը, հարթավայրն ավելի ու ավելի ընդլայնվում էր, հորիզոնը հալվում էր ջինջ, անամպ օդային օվկիանոսի գեղեցիկ կապույտի մեջ, և հանկարծ,- սիրելի՛ ընթերցող, ների՜ր, լեզուս չի համարձակվում բառերով արտահայտել և՛ վեհ, և՛ հուզիչ, և՛ սրտառուչ, և՛ ցավատանջ ու վշտագին իմ բոլոր զգացմունքներն ու տպավորությունները,- և հանկարծ, օ՜ հրաշք, մեզ երևաց խորհրդավոր քաղաքի վիթխարի զանգվածն իր բազմաթիվ գմբեթներով ու զմայլելի ու արտասովոր վիթխարի պարիսպներով»:

Ուղեգրությունն ավարտվում է այսպես. «Բայց ինչո՞ւ բաց անել այն մուտքը և այն վայրը, որտեղ բարձրացել և որտեղ խրախճանել են միլիոնավոր անմահ հոգիներ. ահա՛, դարձյալ, նրանց ստեղծագործությունները, որ ավելի կենդանի, քան լեզուն ու գրիչը, խոսում են այն ամենի մասին, ինչ որ եղել ու անցել  է, և անցել է առհավե՜տ…» (ընդգծումը մերը չէ):

Իսկ վերջում` Աբովյանի եզրահանգում-կանխատեսումների մասին: Աբովյանի կարծիքով` քանի դեռ Կովկասում ապրող ժողովուրդներին չի միավորել ընդհանուր շահը, միշտ կռիվներ են լինելու: Եզրահանգում, որն արդիական է նաև մեր օրերում. «Մեր Անդրկովկասը, որպես աշխարհի սկզբից մինչև մեր ժամանակները եղած և այժմ էլ գոյություն ունեցող բոլոր ժողովուրդների հավաքատեղի, որը մինչև ռուսական տիրապետությունը չուներ ո՛չ ընդհանուր կրոն, ո՛չ ընդհանուր քաղաքականություն, հետևաբար և` ո՛չ ընդհանուր շահ, դեռևս երկար ժամանակ կմնա իբրև ամենադժվար, ամենախորամիտ առեղծվածը`  նույնիսկ ամենախելացի և ամենափորձառու քաղաքագետի համար»:

Ըստ էության, «տիեզերահռչակ Անին» (բնորոշումը` Արիստակես Լաստիվերցու) Խաչատուր Աբովյանին գրավում էր ոչ միայն և ոչ այնքան իր «զարմանալի ինքնատիպությամբ ու հանճարեղությամբ», կար մեկ այլ պատճառ. նա ընդհանրություններ էր տեսնում իր և Անիի միջև` իր ստեղծագործական կյանքի, ազգանվեր գործունեության հետ կապված դժվարությունները համեմատելով Անի մայրաքաղաքի հետ: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է Աբովյանի և Անիի տարբերությունը: Աբովյանի կարծիքով` իր և Անիի տարբերությունն այն է, որ նախախնամությունը հետմահու իրեն օգնելով` գնահատանքի է արժանացնելու իր անձն ու իր լուսավոր գործը և, որ ինքը հավատում է դրան:

Ահա այսպիսի զարմանալի Խաչատուր Աբովյան:

Արդարացված չեմ համարում, որ հանրակրթական-առարկայական ծրագրերն այս երկը շրջանցում են. այն կարող է իր արժանի տեղն ունենալ նախագծային ուսուցման մեջ։ Կարծում եմ` այս երկը ճամփորդական շատ լավ ուղեցույց կարող է լինել Արևմտյան Հայաստան այցելող մեր սովորողների և դասավանդողների համար: Գոնե ինձ հիմա ոգևորում է, «Աբովյանը և Անին» պայմանական վերնագրով տեսադասի նկարահանման գաղափարը: 

Աղբյուր՝  Խ. Աբովյան, Երկեր, «Սովետական գրող», Երևան-1984թ., էջ 653-703

Աելիտա Դոլուխանյան «Անի մայրաքաղաքը Խ. Աբովյանի և նրա ժամանակակիցների գնահատմամբ»

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский