Զանգու՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը

Ուսումնական նախագիծ 

Նախագծի նպատակն է ուսումնասիրել Հրազդան գետն իր ողջ ավազանով՝ անդրադառնալով գետի էկոլոգիական խնդիրներին, տնտեսական նշանակությանը, անդրադարձ գետի հետ առնչվող պատմական իրադարձություններին, կազմակերպել գետափնյա գրական ընթերցումներ, ֆոտո և նկարչական պլեններն:

Էկոլոգիական խնդիրներ։ Հրազդան գետը համարվում է Հայաստանի ամենաշատ օգտագործված գետը, գետի ջրերը մի շարք արհեստական ջրանցքներով ոռոգելու ջուր են մատակարարում մի շարք բնակավայրերի, շուրջ 8 տասնամյակ գետի վրա աշխատում է Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադը: Այս ամենով հանդերձ՝ գետի առջև ծառացել են մի շարք էկոլոգիական խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Իրականացվող նախագծի էկոլոգիական մասով մենք հնարավորինս մանրամասն լուսաբանելու ենք դրանք: Հունի առանձին հատվածներում տեղի բնակիչների ու գործընկերների հետ իրականացնելու ենք մաքրման աշխատանքներ, պատրաստելու ենք գետի էկոգիական խնդիրեների մասին պատմող տեսադասեր: Նախագծի ընթացքում զուգահեռներ կանցկացվի այլ բնակավայրերով հոսող գետերի ու նրանց խնդիրների հետ՝ փորձելով գտնել օպտիմալ լուծումներ:

Տնտեսական նշանակություն։ Այսօր էլ Հրազդան գետը շարունակում է կարևոր  նշանակություն ունենալ ՀՀ տնտեսության համար: Մասնավորապես, մի շարք գյուղական համայքների համար ոռոգման հիմնական աղբյուր է, իսկ գետի միջոցով արտադրվող էներգիան այսօր էլ պատկառելի դեր ունի ՀՀ էներգետիկ համակարգում: Իրականացվող նախագծի տնտեսական մասով ցանկանում ենք պարզաբանել գետի դերը ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ առանձին բնակավայրերի համար: Նախագծի ընթացքում կանդրադառնանք նաև գետի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու հնարավոր ապագային:

Ինքնին Հրազդան գետը կարելի է պատմական նշանակություն ունեցող գետ համարել: Նրա ավազանում են ձևավորվել մի շարք հնագույն բնակավայրեր, այդ թվում՝ նաև Երևանը: Նախագծի պատմական մասով անդրադարձ կարվի այդ բնակավայրերին՝ փորձելով պարզաբանել գետի ազդեցությունը դրանց առաջացման ու զարգացման վրա: Չմոռանանք նաև, որ պատմությունը միայն անցյալը չէ, այլ նաև ներկան ու ապագան, ու այսօր էլ գետի ողջ հունով մեկ մարդիկ անընդհատ բնակվում ու վերահաստատվում են, գետի կողքին ապրող յուրաքանչյուր բնակիչ իր ուրույն պատմությունն ունի:

Հրազդան գետը նաև ոգեշնչման աղբյուր է եղել մի շարք գրողների համար, որոնք անդրադարձել են նրան: Նախագծի գրական մասով կփորձենք վերապրել հայտնի գրողների մտորումները՝ գետի հունի տարբեր հատվածներում ընթերցումներ կազմակերպելով:

Նախագիծն ամբողջանում է, երբ վերոհիշյալ բաղադրիչներին ավելանում են նաև կերպարվեստի և լուսանկարչական պլեներները: Չնայած մարդու անընդհատ ազդեցությանն ու երբեմն էլ անբերախիղճ վերաբերմունքին, Հրազդան գետն այսօր էլ պահպանում է իր ինքնատիպությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Գետի վարարուն-փրփրուն ջրերը, ողողուն, սեգ, որոշ հատվածներում մի քիչ ժանգոտած ժայռերը, փթթող ծառերն ու հարակից տեսարանները գոնե մի անգամ վայելել ու ֆիքսել է պետք: Գետի ամբողջ հունով նման տեսարանների պակաս չկա:

Արդյունքներ: Չնայած որ նախագիծն ունի մի շարք ու կարծես իրար հետ կապ չունեցող ուղղություններ, սակայն նախագծի վերջնական արդյունքները կարելի է ամփոփել մի քանի նախադասությամբ: Նախ և առաջ սովորողների մի մեծ խումբ կծանոթանա Հրազդան գետի հետ՝ իր համար նորանոր բացահայտումներ կատարելով: Հնարավորինս անդրադադարձ կկատարվի գետի էկոլոգիական խնդիրներին, տնտեսական ու պատմական նշանակությանը, անմիջապես գետի ափին կնկարահանվեն տեսադասեր, ճամփորդությունների ընթացքում կկազմվեն առանձին տեղանքի քարտեզներ և ուղեցուցներ, հսկայական բազա կստեղծվի ֆոտո և նկարչական ցուցահանդեսի համար: Ի վերջո, կունենանք Հրազդան գետի մասին պատմող հսկայական մեդիափաթեթ:

Ուսումնահետազոտական ճամփորդությունների հիմնական ուղությունները:

  • Հրազդանի հունն ի վեր ճամփորդություն սկսվում է մերձերևանյան հատվածից, որն անցնելու է Հրազդան գետի հոսքն ի վեր: Հիշեցնենք, որ Հրազդան գետի ջրերը, բացի իր բնական հունով հոսելուց, հոսում են արհեստական (կառուցված) ջրանցքով, որը Սևան-Հրազդան կասկադի մեջ մտնող էլեկտրակայանների աշխատանքը կարգավորելու համար է ստեղծվել: Ընդ որում, ջրանցքի մի մասը ստորերկրյա է։
    Առաջին կանգառը Քանաքեռի լիճ կոչվող ջրամբարի մոտ է, որտեղից իր աշխատանքն է սկսում Քանաքեռի ՀԷԿ-ը:
    Քանաքեռի ՀԷԿ-ից հետո ճանապարհը շարունակում ենք գետի հոսքին հակառակ ուղությամբ և հայտնվում Վերին Պտղնի գյուղի հարակից տարածքում. այս հատվածում հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես է Հրազդան գետից առանձնացված ջուրն արհեստական ջրանցքով հոսում և այդ հատվածում դուրս գալիս ընդերքից:
    Շարունակելով ճանապարհը և շրջանցելով ջրանցքի ստորերկյա հատվածը՝ հնարավորություն ունենք տեսնելու այն հատվածը, որտեղ ջրանցքը անցնում է գետնի տակ. դա տեղի է ունենում Գետամեջ գյուղում:
    Հաջորդ կանգառն արդեն տեղի կունենա Արզնի բնակավայրում, որտեղ իր աշխատանքն է սկսում Արզնիի ՀԷԿ-ը: Արզնի ՀԷԿ-ից հետո Հրազդան գետը ճյուղավորում է, ջրի մի մասը հոսում է գետի բնական հունով, իսկ մյուս մասն անցնում է ջրանցքով:
    Նույն պատկերին ականատես կլինենք, երբ հայտնվենք արդեն հաջորդ էլեկտրակայանի՝ Արգելի մոտ:
    Վերջին կանգառը կլինի արդեն Հրազդան քաղաքում՝ Հրազդանի ջրամբարի մոտ, որը ոչ միայն բավականին խոշոր ջրամբար է, այլ նաև յուրահատուկ է նրանով, որ այստեղ են լցվում ինչպես Հրազդան գետի բնական հունով հոսող ջրերը, այնպես էլ գետի գետաբերանից ոչ հեռու՝ Սևանի ՀԷԿ-ից հետո սկսվող ջրանցքի ջրերը:
    Այս ողջ ճամփորդության ընթացքում ականատես ենք լինում Սևանա լճից դուրս եկող հատվածի ջրերի օգտագործմանը՝ ինչպես Հրազդանի բնական հունով, այնպես էլ արհեստական ջրանցքներով: Ականատես ենք լինում, թե ինչ կենսական նշանակություն ունի գետը ոչ միայն ՀՀ Էներգետիկ համակարգում, այլ անցնելով Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերով, համոզվում ենք նրա անուրանալի նշանակության մասին առաձին վերցրած բնակավայրերի համար:
    Այս ողջ ճափորդության ընթացքում գետը բավականին արագահոս է, չնայած որ ամբողջ ընթացքում անընդհատ փոխում է ռեժիմը՝ մե՛րթ սակավաջուր առվակ դառնալով, մե՛րթ էլ հսկայական գետի վերածվելով: Այս ուղղությամբ ճամփորդելու ընթացքում ինչպես ակնհայտ են դառնում էկոլոգիական խնդիրները, որ այստեղ հիմնականում կենցաղային թափոնների ու ՀԷԿ-ի աշխատանքի հետևանքներն են, այնպես էլ հստակ ընդգծվում է այն կարևոր նշանակությունը, որ մի քանի տասնամյակ շարունակ ունի գետը ՀՀ-ի համար: Վերոհիշյալ երթուղին անցնում է մի շարք հայտնի բնակավայերով, որոնցից յուրաքանչյուրի պատմությունն ինչ-որ չափով կապվում է գետի հետ: Ի վերջո, մի շարք հատվածներում բնությունն անկրկնելի պատկերներ է ստեղծում խորը կիրճերի, գալարվող գետի ու կանաչ լեռնալանջերի անզուգական համադրությամբ, ավելի լավ տեսարան պատկերացնելն անգամ անհնար է:
     
  • Հրազդանի հունն ի վար։ Այս դեպքում ևս ճանփորդությունն սկսվում մերձերևանյան հավածից, սակայն անցնում է գետի հոսքի ուղղությամբ: Դեպի գետի գետաբերան տանող ուղղությունը, կամ ինչպես Աբովյանն էր ասում՝ դեպի Արազի քրքված տուտը, ևս պակաս հետաքրքրություն չի ներկայացնում, չնայած որ այս հատվածում փոխվում են գետի ռեժիմը, տնտեսական նշանակությունն ու էկոլոգիական խնդիրները: Գետը, անցնելով արդեն Արարատյան դաշտի հատված, դառնում է ավելի դանդաղահոս և ազատվելով ՀԷԿ-երից՝ ոռոգման համար ծառայում է հիմնականում ջրանցքներով, որոնք հսկայական զարկերակների նման պատում են ողջ Արարատյան դաշտը՝ տեղ-տեղ հունից շեղվելով տասնյակ կիլոմետրեր:
    Որքան մոտենում ենք գետի հունին, այնքան գետն ավելի հորդառատ է դառնում, քանի որ բացակայում են ՀԷԿ-երը, և, բացի դրանից, գետի հիմնական ջրերին գումարվում են արտեզյան ավազանի ջրերը, որոնց առանձին հատվածներ մեծ գետի տպավորություն են թողնում:  Այս հատվածում բոլորովին այլ են նաև էկոլոգիական խնդիրները. հիմնաքարը անխնա օգտագործման հետևանքով առաջացած ճահճացումն է: Չնայած այս ամենին՝ տեղանքը հիասքանչ է նաև պլեների համար, քանի որ ամենուրեք բացվում են Մասիս նայող հիասքանչ տեսարաններ:
     
  • Դեպի Մարմարիկ ու Հանքավան։ Հրազդանը Հրազդան չէր լինի առանց իր վտակների, քանի որ ինչպես հետագայում բոլորի համար պարզ կդառնա, Սևանա լճի ջրերը չեն, որ ապահովում են գետի ողջ հոսքը: Առանձնին  ուսումնասիրության կարիք ունի Հրազդանի ամենախոշոր ու կարևոր վտակը՝ Մարմարիկը: Չնայած մենք շեղվում ենք բուն Հրազդանի ավազանից, բայց Հրազդանն առանց Մարամարիկի բոլորովին այլ կլիներ: Ավելի խորն ու անլուծելի կլինեին էկոլոգիական խնդիրները, իսկ տնտեսական ու պատմական դերն ավելի նվազ կլիներ: Միգուցե գրողների համար էլ այն այդքան ոգեշնչող չլիներ: Չմոռանանք նաև, որ այս հատվածը նաև կարևոր հանգստի գոտի է, որը թերևս անհնար կլիներ պատկերացնել առանց Մարմարիկի ավազանի:
     
  • Առանձին ուսումնասիրության արժանի է Հրազդանի հունի երևանյան հատվածը: Քաղաքի տարբեր ճանապարհներ միանգամից մի քանի րոպեում տանում են դեպի գետի կիրճը, որտեղ կարծես քաղաքի անմիջապես հարևանությամբ բոլորովին այլ աշխարհ է բացվում:
    Երբ ուսումնասիրում ենք աշխարհի մի շարք բնակավայրերի առաջացման ու զարգացման պատությունը, ապա արձանագրում ենք, որ բազմաթիվ դեպքերում քաղաքները հիմնականում ձևավորվել են խոշոր գետերի ափերին, իսկ Երևանն էլ բացառություն չէ: Փորձեմ ասածս հիմնավորել պատմական փաստերով. պատմական հետազոտություններն ու պեղումները պարզել են, որ այս տարածաշրջանի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Շենգավիթ բնակավայրը, որը որպես այդպիսին ձևավորվել է դեռևս մ. թ. ա. 6-4-րդ հազարամյակներում, գտնվել է Երևանի հարավարևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախակողմյան ափին: Մի քանի հազարամյակ հետո ևս Հրազդանի հունի այս հատվածը վերագտնում է իր պատմական արժեքը, քանի որ գետից ոչ հեռու հիմնադրվում է նաև Էրեբունի ամրոցը, որի գոյության ստույգ ժամանակագրությունը արտահայտում են Կարմիր բլուրում կատարված պեղումները: Հիշատակման արժանի հաջորդ կառույցը դեռևս 7-րդ դարից հիշատակվող Երևանի բերդն է, որ մի քանի դար շարունակ  կարևոր ռազմական,  ռազմավարական նշանակություն է ունեցել: Թերևս այս շարքը կարելի է էլի ու էլի շարունակել, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի կատարենք հետևյալ պարզ եզրակացությունը, որ պատմական տարբեր ժամանակներում առաջացած բնակավայրերի այս տարածքում հայտնվելու ու զարգանալու վրա անուրանալի ազդեցություն է ունեցել մոտակայքով հոսող Հրազդանը:
    Նորագույն պատմության շրջանում էլ գետը չի կորցրել իր նշանակությունն ու մինչ օրս էլ էապես նպաստում է իր ավազանում մի շարք հայտնի բնակավայրերի, ինչպես նաև միլիոնանոց Երևանի առաջացմանը՝  անմիջապես նպաստելով նրա զարգացմանը:
    Երևանի և հարակից բնակավայրերի համար Հրազդան գետն ունի ոչ միայն ոռոգման ու էներգետիկ նշանակություն, այլ նաև հսկայական չօգտագործվող ռեկրեացիոն ռեսուրս է, որի օգտագործումը պետք է դառնա նպատակակետ:
    «Մեր քաղաքով հոսող գետը» նախագիծն ուղղված է Հրազդանի հունի երևանյան հատվածի մանրամասն ուսումասիրմանը, էկոլոգիական խնդիրների բարձրաձայնմանը, գետի հարակից տարածում մաքրման աշխատանքների իրականցմանը, ավազանում ապրողի ճանաչմանը:
    Նախագծի ընթացքում կազմակերպելու ենք նախօրոք մշակված քայլարշավներ, որոնք հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրելու գետն ու ամեն ինչ տեսնելու սեփական աչքերով:

    Ուսումնական ճամփորդությունների հիմնական ուղղությունները:

    Գետի հունին հակառակ՝ Արգավանդ գյուղից մինչև Բագրատունյանց փողոց: Երևանից դուրս գալուց հետո Արգավանդն առաջին բնակավայրն է, որտեղով հոսում է Հրազդան գետը։ Արգավանդ գյուղից մինչև Բագրատունյանց փողոց հատվածը ձգվում է մոտ 4 կիլոմետր, անցնում է  Երևանի ամենահայտի երկու բլուրների՝ Կարմիր բլուրի ու Եռաբլուրի միջև՝ անընդհատ դիտակետում պահելով ինչպես Հրազդան գետը, այնպես էլ նրան զուգահեռ հոսող արհեստական ջրանցքները: Գետի հունի այս հատվածը հարուստ է սառած լավային հոսքերից առաձացած ոչ խոշոր ժայռերով, որոնք ավելի հայտնի են «քարերի սիմֆոնիա» անվանմամբ:
    Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց քայլողին չեն կարող խիստ հակասական զգացողություններ չպատել, քանի որ ականատես ենք լինում մարդու և բնության հարաբերությունների տարբեր դրսևորումների, մի կողմից կանաչած ու ծաղկող այգիներ ու գետի ջրում լողացող ընտանի թռչունները են, մյուս կողմից՝ անհասկանալի արգելքներ ու պատնեշներ, ինչպես նաև լքված ու կիսավեր շինություններ: Գետը այս հատվածում բավականին վարար է՝ մանավանդ գարնան ամիսներին, ու հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ տեղ-տեղ շատ են կենցաղային աղբի մնացորդները, որոնք այդքան աղավաղում են տեսարանը: Այս հատվածի վերջնամասում կարող ենք ականատես լինել երկու աներևակայելի տեսարանի, նախ՝ փոքր-ինչ բարձունքում հայտնվելով նկատվում են օձաձև ձգվող գետի գալարներն ու հրազդանյան այգեստանները, և, իհարկե, երևում է, թե ինչպես են մարդիկ դեռևս մի քանի դար առաջ գործող եղանակով ջուր մղում գետից:

    Երևանյան լճի հատված: Երևանյան լիճը Հրազդան գետի վրա կառուցված հսկայական ջրամբար է, որը կառուցվել է այստեղ գոյություն ունեցած բնակավայրի՝ Նոր Կողբ գյուղի տարածքում: Չնայած որ ջրամբարի կառուցումն ուղղված էր գետի հոսքը կարգավորելուն, ու հիմնական նպատակը չոր ժամանակահատվածում ոռոգում կազմակերպելն էր, ջրամբարը պետք է ունենար նաև ռեկրեացիոն նշանակություն:
    Երևանյան լճի հատված կարելի մուտք գործել մի քանի ճանապարհով՝ քայլարշավ կազմակերպելով ինչպես գետի աջ, այնպես էլ ձախ ափին: Գետի այս հատվածում մշակող այգիները շատ քիչ են, դրանք ի հայտ են գալիս հունով մի փոքր ավելի վեր շարժվելուց հետո: Չնայած որ ջրամբարի հատվածը բնակավայրերի անմիջապես հարևանությամբ չէ, սակայն էկոլոգիական խնդիրներն այս հավածում ավելի քան արտահայտիչ են: Նախ և առաջ լճի բոլոր հատվածներում հսկայական են ամենատարբեր թափոնները, որոնց միայն մի մասն է երևում ջրի երեսին: Բացի այդ, պարբերաբար բարձրացնելով ու իջեցնելով ջրամբարի մակարդակը (դա կատարվում է գետի հոսքը կարգավորելու համար, ամռանն ավելի շատ ջուր է բաց թողնվում, գարնանը՝ կուտակվում)՝ նպաստում ենք լճի տարածքում ցամաքային բույսերի զարգացմանը՝  հանգեցնելով ճահճացման երևույթի:
    Երևանյան լճի հատվածում շատ սուր են էկոլոգիական խնդիրները, սակայն հսկայական է այն պոտենցալիալը, որը կարող էր ծառայել երևանցիների հանգիստը կազմակերպելու, ջրամբարի բարիքներից օգտվելու համար:

    Հրազդան մարզադաշտից մինչև Երևան մտնող հատված: Նախորդ նշված ուղղությունների համեմատ այս ճանապարհը բավականին երկար է ու ձգվում է ավելի քան 8 կիլոմետր, սակայն այս հատվածն էլ ունի իր յուրահատկությունները, որոնց չէինք հանդիպում նախորդ հատվածներում: Նախ և առաջ նշված ճանապարհով անցնելիս նկատում ենք, որ այն բավականին յուրացված  է, ու առկա են ամենատարբեր շինություններ: Գետի հունի այս հատվածը քիչ թե շատ օգտագործվում է երևանցիների հանգիստը կազմակերպելու համար, մանավանդ, որ այս հատվածում գործում է Մանկական երկաթուղին, սակայն դա էլ չի կարելի համարել պոնենցիալի լիարժեք և ճիշտ օգտագործում:
    Որքան հունով շարժվում ենք վեր, այնքան ավելի սակավ են դառնում այգիները, քանի որ այս հատվածում ժայռերն ավելի զառիթափ են դառնում: Հունն ի վեր շարժվելիս նաև նկատելի է դառնում, թե ինչպես է գետն ավելի սակավաջուր դառնում: Ճամփորդության վերջում ականատես ենք լինում նաև, թե ինչպես են միմյանց խառնվում Հրազդան գետի ու Քանաքեռի ՀԷԿ-ի ջրերը, որից մի փոքր էլ վեր Հրազդանն ընդամենը մի փոքրիկ առվակ է հիշեցնում:

Լուսանկարը՝ Մարիաննա Հապետյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский