Ուսուցչին հավելավճար տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների առաջադիմությո՞ւնն է

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասավանդողի հավելավճարը կարող է հանգեցնել սովորողների ավելի բարձր առաջադիմության։
Բրենդա Այզովելի

ԱՄՆ-ում և արտասահմանյան այլ երկրներում կատարված 44 ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ հավելավճարային ծրագրում դասավանդողների ներգրավումն իր արդյունավետությամբ համարժեք է սովորողների ուսումնառությունը 3-4 շաբաթով ավելացնելուն: 

Ուսումնասիրության հեղինակ, Վանդերբիլթի համալսարանի հանրային քաղաքականության և հանրակրթության գծով պրոֆեսորի օգնական Մեթյու Գ. Սփրինգերն ասել է. «Պարզվել է, որ հավելավճարները բավականին մեծ ազդեցություն են ունենում սովորողի ուսումնական գործունեության վրա: Հիմա մենք պետք է շարունակենք հետազոտական աշխատանքը, որպեսզի հաշվարկենք և պարզենք, թե որն է հավելավճարների օպտիմալ, ամենաբարենպաստ ծրագիրը»:

«Դասավանդողի հավելավճարը և սովորողի առարկայական քննության արդյունքները. մետա-վերլուծություն» ուսումնասիրությունը Մեթյու Սփրինգերը կատարել է ուսանողներ Լեմ Ֆամի և Տուան Նգուենի հետ չորս տարվա տվյալների միջին ցուցանիշներով, որոնք ցույց են տալիս, որ դասավանդողների հավելավճարները տարբեր երկրներում տատանվում են $26-ից մինչև $20000: Հավելավճարները եղել են կամ միանվագ՝ որպես բոնուս, կամ՝ ամենամսյա աշխատավարձի բարձրացման ձևով: ԱՄՆ-ում դասավանդողների  հավելավճարները տատանվում են $25000-ից $30000: Այստեղից կարելի էր ենթադրել, որ հավելավճարների վերևում նշված փոքր չափերը վերաբերում են զարգացող երկրներին:

Սովորողների առաջադիմության վրա հավելավճարների ծրագրերի ներդրման բարենպաստ ազդեցությունը ապացուցող տվյալների լույսի ներքո Սփրինգերն ասել է, որ հետազոտողների կողմից բարձրացվող հաջորդ հարցը սա է լինելու. «Հավելավճարային ո՞ր ծրագիրն է ամենալավն աշխատում»: Ծրագրերը մի շարք ձևերով է հնարավոր նախագծել՝

  • հավելավճարների նվազագույն և առավելագույն չափերի սահմանման առումով.
  • արդյո՞ք դասավանդողները միմյանց հետ մրցակցում են, թե՞ միասին են աշխատում հավելավճարը վաստակելու համար.
  • հաշվի է՞ առնվում սովորողների՝ քննություններից ստացած գնահատականների մակարդակը, որը դասավանդողներին իրավասու է դարձնում հավելավճար ստանալու:

Վանդերբիլթյան ուսումնասիրության անակնկալ բացահայտումն այն էր, որ հավելավճարային 7 ծրագրերում ներառված աշխատող ուսուցիչների վերապատրաստումը որևէ նշանակալից ազդեցություն չի ունեցել սովորողների առաջադիմության՝ քննություններից ստացած գնահատականների մակարդակի վրա: Այդուհանդերձ, վերապատրաստման բաղադրիչը պահանջ է՝ առաջարկված ուսուցիչների խրախուսման ֆոնդի կողմից, որը դրամաշնորհներ է տրամադրում նահանգներին և շրջաններին, որպեսզի նրանք կատարողականի վրա հիմնավորված փոխհատուցման համակարգեր ստեղծեն, որոնց նպատակն է ավելացնել արդյունավետ աշխատող ուսուցիչների թիվը ցածր վարկանիշային կատարողական ունեցող դպրոցներում՝  բարելավելով սովորողների առաջադիմությունը: Ուսուցիչների խրախուսման ֆոնդի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարկանիշային կատարողականի վրա հիմնված վճարումն ունի որոշակի արդյունք, բայց դա առանձնապես համոզիչ չէ:

Ուսումնասիրության հեղինակները պարզեցին, որ հավելավճարային ծրագրերը, որոնք ուղղված են հավելավճարին արժանանալու համար միասին աշխատող ուսուցիչներին, ի տարբերություն միմյանց հետ մրցակցող ուսուցիչների, որոնք նույնպես ձգտում են հավելավճար ստանալ, միջինից երկու անգամ ավելի արդյունավետ են գործում:

«Խմբային խրախուսման համակարգը կարող է համագործակցության ոգևորում հաղորդել ուսուցիչներին և համագործակցության այս ձևով ուսուցիչները սովորում են ուսուցման նոր մեթոդներ և առարկայական ծրագրի կատարման նոր մոտեցումներ», եզրակացրել է Սփրինգերը, «Արդյունքում՝ նրանք ավելի լավ ուսուցիչներ են դառնում»:

Այդուհանդերձ, ուսումնասիրության հեղինակները դեռ չեն կարողանում ասել, թե հատկապես ինչ են անում սովորողների քննական գնահատականների բարձրացման համար: «Հիմա ավելի խորը վերլուծությունների կարիք է զգացվում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում», մեկնաբանեց Սփրինգերը, «Արդյո՞ք ուսուցիչներն ավելի երկար են պարապում սովորողների հետ՝ փորձելով առաջադրանքների տարբեր տարբերակներ, թե թեստային առաջադրանքների խաղային համակարգեր են գործածում»: Սփրինգերն առաջարկում է ներդասարանական դիտարկումներ անել և անհատական հարցազրույցներ վերցնել ուսուցիչներից, որպեսզի հնարավոր լինի ճիշտ եզրահանգումների գալ:

Իսկ եթե ավելի հեռուն գնանք, հնարավոր կլինե՞ր նույն արդյունքներին հասնել ծախսերի ավելի արդյունավետ ռազմավարությամբ, ինչպիսին է համակողմանի մասնագիտական զարգացման ծրագիրը: Սփրինգերը նշել է, որ ինքը և ուսումնասիրության համահեղինակներն ի վիճակի չեն եղել պարզելու, թե արդյոք հավելավճարային ծրագրերը համարժեք են կրթական համընդհանուր ծախսերին: Որոշ վայրերի ուսումնասիրություններում նշված չէ, թե որքան հավելավճար է յուրաքանչյուր ուսուցիչը ստանում: Հարցն ավելի է բարդանում, եթե հաշվի ենք առնում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և աշխարհի տարբեր երկրներում ուսուցչի կենսապահովման համար անհրաժեշտ ծախսերի ճշգրտումները: Բայց ծախսերի արդյունավետությունը ապագա ուսումնասիրությունների թեմա կարող է լինել:

Ըստ Սփրինգերի՝ ուսումնասիրությունը մեկ այլ թերի կողմ էլ է ունեցել. դիտարկվել է միայն հավելավճարային ծրագրերի շարժառիթային ազդեցությունը: Սփրինգերը հետագայում մտադիր է քննության ենթարկել այն, թե ինչպես է ծրագիրն ազդում ուսուցիչների հոսունության վրա: Լավ կատարողականներ ունեցողները ամենայն հավանականությամբ հավելավճարներ են ստանում և պահպանում են իրենց աշխատատեղերը, մինչդեռ, նրանք, ովքեր հավելավճարի չեն արժանանում, հավանականությունը մեծ է, որ կլքեն աշխատանքը: Որոշ ուսումնասիրություններ փաստում են, որ հավելավճարային ծրագիրն ունենում է նման հետևանքներ, և Սփրինգերը դրանք ոգևորիչ է համարում: Բայց, ինչպես ինքն է ասում, սրանք դեռ վարկածներ են, որոնք կհիմնավորվեն հետագա ուսումնասիրություններով:

«Միայն ֆինանսական փաստաթղթերով որոշվող աշխատավարձերի չափը թույլ չի տալիս բարձր կատարողականներ ունեցող ուսուցիչներին հավելավճարներ տալ: Այս ուսուցիչներն արժանի են վեցանիշ թվերով աշխատավարձերի, բայց մենք երբեք չենք հասնի դրան, եթե աշխատավարձի ու հավելավճարի չափը որոշվի ֆինանսական փաստաթղթերով. միևնույն փորձառություններ և պատրաստվածության միևնույն   աստիճաններ ունեցող ուսուցիչներ հայտնաբերելով, որոնք կհամապատասխանեն սահմանված սանդղակներին, որպեսզի նրանք միևնույն չափով վարձատրվեն: Դա հնարավոր չի լինի»,- նշել է Սփրինգերը:

Մտորումներ հոդվածը թարգմանելուց հետո

Հոդվածն ինձ հետաքրքրեց, և ցանկացա այս կարևոր հարցի մասին այլ կարծիքներ, այլ տեսանկյունից դիտարկումներ փնտրել համացանցում, որովհետև Սփրինգերը անհնար ու անմիտ բան է համարում այն, ինչը հիմա մեր հանրապետության կրթական համակարգում է իրականացվում: Ես նկատի ունեմ հանրակրթության ուսումնական հաստատությունների ուսուցիչների որակավորման տարակարգերը: Ի՞նչ է տալիս ուսուցչին այն 10000 դրամը, որը հատկացվում է նրան առաջին աստիճանի տարակարգի դեպքում, կամ ի՞նչ ցուցանիշներ են հաշվի առնվում այդ տարակարգը շնորհելիս:

Հոդվածում նկարագրված ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ հավելավճարներ տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների ցուցաբերած առաջադիմությունն է առարկայական քննությունների ժամանակ: Չին մանկավարժ Բինգուի Ժաոն «Education Policy Talk – Զրույց կրթություն քաղաքականությունից» մանկավարժական բլոգում գրում է հավելավճարներ տալու այս ձևի առավելությունների և թերությունների մասին: Նա ընդունում է, որ ուսուցիչները նույնպես սովորական մարդիկ են, որ ուզում են իրենց աշխատանքի մեջ անընդհատ կատարելագործվելով՝ ավելի ու ավելի շատ վարձատրվեն, և այս ամենի իդեալական արդյունքը կլիներ սովորողների բարձր առաջադիմությունը քննությունների ժամանակ: Սա այն է, ինչին ձգտում են նաև ծնողները, համայնքը: Բայց, միևնույն ժամանակ, ավելի լավ աշխատանքի խթանման այս ձևը կարող է առաջացնել վատառողջ մրցակցություն միևնույն առարկան դասավանդող ուսուցիչների միջև:

Բինգուի Ժաոն մեջբերում է նաև կանադացի մանկավարժ Ջոու Բաուերի կարծիքը այն մասին, որ կրթական համակարգում ուսուցչին այս ձևով հավելավճար տալը վատ գաղափար է: Հավելավճար տալու այս ձևի գլխավոր նախապայմանով առաջարկվում է հետամուտ լինել միայն միօրինականացված հարցաշարերի կիրառմանը և լրացուցիչ ոգևորում է այն ուսուցիչներին, ովքեր հանրային ծառայություն իրականացնելիս ուշքն ու միտքը միայն ավելի շատ հավելավճար ստանալն է: Ուսուցիչների համար հետաքրքիր են միայն սովորողների ստացած գնահատականները, այլ ոչ թե սովորողներն իրենց հետաքրքրություններով:

Այնուհետև Բինգուի Ժաոն գրում է, որ չինական կրթական համակարգում հավելավճարի չափը որոշելու համար հաշվի չեն առնվում սովորողների քննական գնահատականները, քանի որ Չինաստանում առանց այդ էլ սովորողների գիտելիքների ստուգման համակարգը շատ լարված ռիթմ ունի, որովհետև սովորողների շատ մեծ բազմությունից լավագույններին ընտրելու խնդիրը կա: Չինաստանում հավելավճար տալիս հաշվի է առնվում ուսուցչական աշխատանքային ստաժի մեծությունը: Այդ է պատճառը, որ երիտասարդ ուսուցիչները Չինաստանում շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան մեծահասակները, որը երբեմն անարդար է, քանի որ շատ երիտասարդներ կան, ովքեր մեծահասակներից ավելի լավ են աշխատում:

Իմ կարծիքով հավելավճարներ տալու ամերիկյան ձևը անընդունելի է աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանում: Ասածիս ամենավառ ապացույցը Մարկ Բրեյի գիրքն է՝ «Դիմակայում ստվերային կրթության համակարգին – Confronting the Shadow Education System», որի մասին գրախոսություն էի գրել Դպիրի 2012-ի 63-րդ համարում: UNESCO-ի պատվերով Մարկ Բրեյը ուսումնասիրել էր կրկնուսույցների դերը, նրանց նկատմամբ վերաբերմունքը աշխարհի տարբեր երկրներում: Մարկ Բրեյը եզրակացրել էր, որ աշխարհի գրեթե բոլոր զարգացած և զարգացող երկրներում մեծ է կրկնուսույցների դերը սովորողների գիտելիքների և կարողությունների ձեռքբերման գործում: Եթե այս տեսակետից դիտարկենք հավելավճարների հարցը, արդյո՞ք արդար կլինի հավելավճար տալ ուսուցչին իր դասարանի սովորողների առաջադիմության համար, եթե գիտենք, որ այդ սովորողների մեծ մասը իր գիտելիքներն ու կարողությունները ձեռք է բերել կրկնուսույցների մոտ պարապելով: «Իսկ ի՞նչ ցուցանիշներ հաշվի առնել առաջինից երրորդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ում սովորողները դեռ քննություններ չեն հանձնում»: Գևորգ Հակոբյանի այս հարցին կարո՞ղ է պատասխանել Մեթյու Սփրինգերը:

Չինացի մանկավարժը քննադատեց հավելավճարների ամերիկյան ձևը և ներկայացրեց չինական ձևը, որը նույնպես չի դիմանում քննադատությանը: Մի բան պարզ է, որ աշխարհի շատ երկրներում հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների լավ աշխատանքի համար հավելավճարներ տալու արդար ձևեր են փորձում գտնել և չեն կարողանում:

Իսկ աշխարհը գիտի՞ արդյոք, թե ուսուցիչներին լրավճարներ և հավելավճարներ տալու ինչ ձևեր են կիրառվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեր կրթահամալիրում դասավանդողներին լրավճարներ և հավելավճարներ են տալիս այն լրացուցիչ աշխատանքի համար, որը փաստացի է, հաշվարկելի և նպաստում է հեղինակային կրթական ծրագրերի իրականացմանը: Ամեն ինչ արդար է. կատարիր այս աշխատանքներից գոնե մեկը և ստացիր քո հավելավճարը: Ահա այդ լրացուցիչ աշխատանքների ցուցակը.

  • ուսումնական աշխատանքի ծրագրի մշակում
  • ուսումնական հետազոտական աշխատանք
  • ուսումնական աշխատանքի ուսումնասիրություն-գնահատում
  • ուսումնական նախագծերի համակարգում
  • ուսումնական ճամփորդությունների ղեկավարում
  • ուսումնական ճամբարի աշխատանքի մասնակցություն
  • կրթական փոխանակման նախագծեր, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր
  • վերապատրաստում, այդ թվում՝ մենթորական աշխատանք
  • «Կրթական պարտեզի» շրջանակներում նախագծերի համակարգում
  • ուսումնական օրացույցով որոշվող նախագծերի համակարգում
  • ստուգատեսների, ցուցահանդեսների, պլեներների համակարգում, ղեկավարում
  • թարգմանական աշխատանք
  • քաղաքացիա-իրավական պայմանագորով այլ աշխատանք։

Աղբյուրներ

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский