Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչն են: Ամիսը մեկ անգամ դասարանը պարտադիր ճամփորդում է: Հիմա ավելի մանրամասն խոսեմ այս տարվա ընթացքում իմ ու երրորդ դասարանցիների կողմից իրականացրած ճամփորդությունների մասին:

Ճամփորդությունները եղել են քաղաքային և քաղաքից դուրս: Քաղաքից դուրս գնացինք «Թեղենիս» վանական համալիր` բարձունք հաղթահարելու: Մեկնելուց երկու օր առաջ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները:

Նախ`  կազմեցի ճամփորդության նախագիծ , և գործի անցանք:
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն, ըստ նախասիրությունների, բաժանվեցին 3-4 հոգիանոց խմբերի:

Լրագրողների խումբը հարցեր մշակեց, մուտքագրեցին նոթբուքերի մեջ և ուղարկեցին իրենց էլեկտրոնային հասցեներին, որպեսզի պատրաստվեն:
Նաև գրեցին, թե ինչ գործիքներ են իրենց անհրաժեշտ` պլանշետ, ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ: Մյուս խումբը համացանցից տեղեկություններ փնտրեց «Թեղենիս» վանական համալիրի մասին: Կարևոր տեղեկությունները դուրս բերեցին, մուտքագրեցին, քննարկելուց հետո պատմեցին դասարանի բոլոր սովորողներին: Երրորդ խմբի անդամները գրեցին, թե ինչ պետք է վերցնեն իրենց հետ` հագուստ, սնունդ, բժշկական պարագաներ և այլն: Անհարաժեշտ նյութերի ցանկը կազմելուց հետո ուղարկեցին դասարանի սովորողների և ծնողների էլեկտրոնային հասցեներին: Մյուս խմբի սովորողները մշակեցին ճամփորդության կանոններ, որոնց պետք է հետևեին բոլոր սովորողները:

Նախապատրաստական փուլի աշխատանքները թվայնացրինք և տեղադրեցինք իմ և սովորողների բլոգներում:

Ճամփորդության օրը բոլոր սովորողները պատրաստված եկան` հագած համապատասխան հագուստ ու կոշիկներ, վերցրած անհրաժեշտ բոլոր նյութերը:
Ճանապարհը երկար էր, բայց շատ կարճ թվաց մեզ. սովորողները երգեցին, ճանապարհի հետ կապված տարբեր խնդիրներ առաջարկեցին մեկը մյուսին, լուծեցին, քննարկեցին:

Տեղ հասնելուն պես լրագրողները գործի անցան. տեղի բնակիչներից, վարորդներից հարցազրույց վերցրին, լուսանկարեցին բնությունն ու մարդկանց: Բնագետների խումբը տեղում կազմակերպեց հանրօգուտ աշխատանք` ձեռնոցները հագան և տարածքը մաքրեցին աղբից: Բարձունքը միասին հաղթահարելուց հետո գործի անցան սննդի կազմակերպիչները. պատրաստեցին բրդուճներ և հոգ տարան, որ բոլորը սնվեն: Նկարահանեցինք ճամփորդության ողջ ընթացքն ու տեղադրեցինք տարբեր սոցիալական ցանցերում:

Հետաքրքիր և բովանդակալից էր ճամփորդությունը դեպի Գեղարդ: Ֆիլմի առաջին մասում սովորողները պատմում են, թե ինչպես են պատրաստվել ճամփորդությանը: Երկրորդ մասում հարցազույց են վերցնում քահանայից, նրա հետ աղոթում են, հոգևոր երգեր երգում, զբոսնում են, իսկ ֆիլմի վերջում խոսում են իրենց տպավորությունների մասին: 

Հրաշալի, գույնզգույն ու սիրուն աշուն էր Ջրվեժի արգելոցի աշունը:
Սովորողները զբոսնեցին, հիացան բնության գույներով և սկսեցին իրենց նկարչական պլեները: Նկարեցին ու պատմեցին իրենց նկարների մասին:

Քաղաքային ճամփորդություններն իրենց հերթին շատ ուսուցողական և  բովանդակալից են:

Նախապես դասարանական բլոգում հրապարակեցի Բաղրամյան փողոցին հարակից այգում անցկացվող  ճամփորդության նախագիծը: Այգում  2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարդացին Չարենց, Թումանյան և երգեցին Կոմիտաս։ Այնուհետև «Գարունն իմ աչքերով» խորագրով նկարչական պլեներ իրականացրին:
Բոլոր բանաստեղծություններն ու երգերը սովորողները բերանացի գիտեին:
Կրթահամալիրում ուսուցման առանձնահատկությունն այն է, որ այստեղ բանաստեղծություններն ու երգերը անգիր չեն սովորում: Դրանք սովորողների սեփականությունն են դառնում ամենօրյա գործունեության շնորհիվ:
Թումանյանական, Չարենցյան օրերի շրջանակում սովորողները գտան բանաստեղծությունները համացանցում, կարդացին, վերլուծեցին, նկարեցին համակարգչի paint նկարչական ծրագրով, ձայնագրեցին, խաղացին, ամեն օր ընդհանուր պարապմունքի ընթացքում կարդացին: Նույն ձևով յուրացրին Կոմիտասի երգերը` երգելով, կարաոկե պատրաստելով, խաղալով: Այդ ամենից հետո հնարավոր չէր բոլոր երգերն ու բանաստեղծությունները բերանացի չիմանալ:

Օգտակար ու հետաքրքիր ճամփորդություն էր կրթահամալիրի Հարավային դպրոցից Արևմտյան դպրոց քայլարշավը: Ճանապարհն անցանք զրուցելով, երգելով, արտասանելով: Սկզբում եղանք ագարակում: Հարցերի միջոցով շատ տեղեկություններ ստացանք ձիերի ու շների մասին:
Դիտեցինք Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողների բեմադրած ներկայացումը, խոսեցինք մեր տպավորությունների մասին և նորից վերադարձանք հարավ:

Շատ ուրախալի է այն, որ 3-րդ դասարանի սովորողները շատ ազատ կարողանում են գրել և անձնական բլոգում թողարկել իրենց մտքերը ճամփորդության մասին։

Դիտում ենք ներկայացում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Մեր տպավուրությունները կինոպարկում դիտած մուլտֆիլմից:
Տիգրան Հայրապետյան գրադարանում ենք:

Նմանօրինակ ճամփորդություններն ունեն մի շարք առավելություններ.

  • նպաստում են հայրենաճանաչողությանը
  • զարգացնում են գործունեության նախապատրաստվելու հմտությունները
  • ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր է դառնում
  • նպաստում են սովորողների մեդիահմտությունների զարգացմանը
  • նպաստում են խմբային աշխատանքի կազմակերպմանը
  • նպաստում են սովորողների ֆիզիկական զարգացմանը
  • զարգանում են տեղեկատվություն փնտրելու կարողությունները
  • զարգանում են ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն    պատրաստելու և ներկայացնելու կարողությունները
  • զարգանում է մտածողությունը, ուշադրությունը, բանավոր և գրավոր խոսքը:
Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский