5-6 տարեկանների անհատական ուսումնական մեդիագործիքը
Primary tabs
Ծանոթանում ենք գործիքի հետ
2010 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` որպես դաստիարակ: 2016 թվականին 5 տարեկանների հետ աշխատելու առաջարկ ստացա:
Սկզբում նրանց հետ հանդիպում էի շաբաթը մեկ անգամ: Ծանոթանում էինք, ընկերանում, սովորում ու խաղում միասին:
Խաղերի ընթացքում օգտածործում էինք այն, ինչ ընկնում էր ձեռքներս: Սովորողներն ամեն ինչ որպես խաղալիք էին ընկալում: Հերթական հանդիպման ժամանակ ասացի, որ մենք պլանշետներ ենք նվեր ստացել:
Պլանշետներն էլ նրանց համար հերթական խաղալիքներից մեկն էին: Ես չփորձեցի նրանց հակառակը համոզել, քանի որ մեր մակնավարժության սկզբունքներից է`սովորել խաղալով: Հենց այդպես էլ արեցինք: Ոմանք պլանշետներն առան ձեռքներն ու փորձեցին միացնել, իսկ մի մասն էլ դիմեց իմ օգնությանը: Միացնելուց հետո սովորողներին ցույց տվեցի, թե ինչպես պետք է բացել paint նկարչական ծրագիրը: Բացեցին ծրագիրն ու բղավեցին, որ կարողանում են մատով գրել: Աշխատելու ընթացքում պարզվեց, որ 1-2 սովորող նկարչական ծրագրին արդեն ծանոթ է: Ինձ էլ ուրախացրեց այն, որ նրանք դարձան իմ օգնականները: Միասին սովորողներին ծանոթացրինք գործիքների հետ, ցույց տվեցինք` ինչպես աշխատել դրանցով և ինչպես պահպանել նկարած նկարը: Մի քանի օր այդպես աշխատելուց հետո ասացի, որ նկարելու ենք ոչ միայն paint նկարչական ծրագրով, այլ նաև պլաշետի ֆոտոխցիկով: Բակում եռուզեռ սկսվեց. միացրին և սկսեցին խաղալ դրանցով` նկարում էին իրար, միջատներին, քարերը, ծառերն ու ծաղիկները: Յուրաքանչյուր նկար նկարելուց հետո նայում էին, ինձ էին ցույց տալիս: Մի մասն ուրախանում էր, որ պատկերն ամբողջությամբ է նկարել, մյուսները դժգոհում էին, որ լավ չի ստացվել, և նորից էին նկարում: Օրեր շարունակ փորձում էին հմտանալ այս գործում: Արդեն իրենք էին ինձ առաջարկում, թե ինչ նկարեն: Եվ ահա մի օր էլ ցանկություն հայտնեցին նկարել նախակրթարանի սաներին, ովքեր հեծանիվ էին վարում: Դուրս եկանք միջանցք, նկարեցինք նրանց ու անցորդներին:
Մաթեմատիկա` նոր ուսումնական գործիքով
Մաթեմատիկական գործունեության ընթացքում արդեն ճանաչում էին երկրաչափական պատկերները: Որոշեցինք դրանց շուրջ խաղեր խաղալ: Սովորողներն իրենք դարձան շրջան, քառակուսի, եռանկյունի: Հետո դրանք պատկերեցին ավազի վրա, կառուցեցին փայտիկներով, թելերով, կավով, ծեփամածուկով: Այնուհետև պլանշետի paint նկարչական ծրագրով նկարեցին տարբեր առարկաներ, որոնք կազմված էին երկրաչափական պատկերներից : Օրինակ`արևը կազմված էր շրջանից, տունը` քառակուսուց և եռանկյունուց: Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը սովորողներն արդեն բավարար տիրապետում էին մեդիագործիքին` կարողանում էին միացնել, անջատել այն, բացում էին իրենց ծանոթ ծրագրերը, աշխատում դրանցով, իսկ վերջում պահպանում էին:
Ուսումնական տարաբնույթ գործունեություն
Սեպտեմբեր ամսից սկսած դասարանի բոլոր սովորողները դպրոց էին հաճախում իրենց անհատական նեթբուք-նոթբուքներով: «Տիեզերք» նախագծի շրջանակում դիտումների, զրույց-քննարկումների միջոցով մի շարք տեղեկություններ ստացան արևի, լուսնի, աստղերի, ամպերի մասին: Դիտեցին այդ ամենի մասին պատմող մուլտֆիլմներ, նկարեցի մոլորակներ, լուսաբաց, գիշեր: Սովորեցին «Գիշեր» բանաստեղծությունը և հորինեցին հանելուկներ, փոքրիկ պատմություններ: Արդյունքում ստեղծվեցին մոլորակների ֆոտոշարքն ու ռադիոնյութը:
Արդյունավետ ու հետաքրքիր օր ստացվեց, երբ որոշեցինք աշխատել Հարավային դպրոցի լանջերին: Աշնանային գույները քննարկելով` հարմար տեղավորվեցին լանջերին ու գույնզգույն աշուն նկարեցին:
Աշխատանքի ընթացքում ինձ ուրախացնում էր ոչ միայն այն, որ հմտորեն աշխատում էին մեդիագործիքներով, այլ նաև այն, որ կարողանում էին համագործակցել միմյանց հետ: Մեկը մյուսին օգնելով`նկարեցին աշնանային տրամադրություն:
Երբ սովորողներն արդեն բավականին վարժ աշխատում էին համակարգչի paint ծրագրով և կարողանում էին լուսանկարել, ցանկություն առաջացավ ընտանիքի անդամներին մասնակից դարձնել այս գործընթացին: Օրինակներ ընտանեկան նախագծերից.
Մեղու
Մայրամուտ
Ամանորյա մեդիաբացիկներ
«Սովորող- սովորեցնող» նախագծի շրջանակում աշխատեցինք Հարավային դպրոցի առաջին և երրորդ դասարանների հետ: Հյուր գնացինք առաջին դասարանցիներին: Միասին կարդացինք էլեկտրոնային գրատախտակին նրանց մուտքագրած բառերը: Երրորդ դասարանի սովորողները սովորեցրին 6 տարեկաններին մտնել տարբեր սոցիալական ցանցեր` դպրոցի կայք, ենթակայք, գրադարան և դասարանական բլոգ:
Այնուհետև կարդացինք նրանց մուտքագրած բառերն ու բառակապակցությունները:
Ավագ ընկերների աշխատանքով ոգևորված`սովորողները նույնպես մուտքագրելու ցանկություն հայտնեցին:
Մինչ էլեկտրոնային այբբենարան ստեղծելը` որոշեցինք ուսումնասիրել կրթահամալիրի մեդիագրադարանում, «Պարտեզ» ամսագրում, «Բզեզ», «Իմացումի հրճվանք» ուսումնական կայքերում տեղադրված մեդիաայբբենարանները: Ուսումնասիրելուց հետո կարդացինք, քննարկեցինք, մենք էլ հորինեցինք:
Սովորողների հետ սկսեցինք ստեղծել մեր էլեկտրոնային այբբենարանը: էլեկտրոնային այբբենարանի յուրաքանչյուր էջն ունի իր բառը, որն ինչ-որ կերպ առնչվում է սովորողի առօրյայի և այն միջավայրի հետ, որտեղ նա ապրում է։
Նկարներն ուրախ էին ու գունեղ։
5 տարեկանների առաջին մեդիաընթերցարանը
Թվադարանը
Մեդիաաբբենարանը
Մեր ընթերցանության անկյունը
Անհատական ուսումնական գործիքով ուսուցման այս ձևն ունի մի շարք առավելություններ.
- ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր է դառնում
- նպաստում է խմբային աշխատանքին
- զարգանում են սովորողների.
- մեդիահմտությունները, ուշադրությունն ու մտածողությունը
- վերլուծելու և համադրելու կարողությունը
- երևակայությունը
- բանավոր և գրավոր խոսքը:
Այսպիսով, տարին մեզ համար հաջողված էր: Սովորողները գրեթե մեդիագետ են. կարողանում են միացնել-անջատել համակարգիչը, լուսանկարել, նկարել, մուտքագրել և պահպանել աշխատանքները: Հաջորդ տարի ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր գիտելիքներ, հմտություններն ու կարողությունները: