Ընթերցանությունը երրորդ դասարանում
Primary tabs
Ինչպես ցանկացած գործունեություն, այնպես էլ ընթերցանությունը, պետք է խթան դառնա կրտսեր դպրոցականի հոգեբանական աճի, զարգացման համար: Ողջ ուսումնական տարվա ընթացքում ընթերցել ենք տարբեր հեքիաթներ, պատմություններ, բանաստեղծություններ: Սովորողների հետ քննարկել ենք, խոսել հերոսների մասին, կերպարանավորել նրանց, հեքիաթը մասերի բաժանել, նկարել համակարգչային paint ծրագրով և այլն: Հիմնականում ընթերցանության նյութերի ընտրության համար կիրառում էի խաղային-հետազոտական մեթոդը: Օրինակ` Թումանյանական օրերի ընթացքում առաջարկել եմ սովորողներին փնտրել և գտնել Հ. Թումանյանի այն հեքիաթները, որտեղ հերոսը բարի է, միամիտ կամ աշխատասեր: Բնականաբար, սովորողները շահագրգռվում են, ինքնուրույն փնտրում, գտնում, ընթերցում մի քանի հեքիաթ՝ այդ մեկը գտնելու համար: Ստացվեց, որ խաղի միջոցով խթանվեց ընթերցելու ցանկությունը: Իսկ որոնելն այն հմտություններից է, որի ընթացքում զարգանում են նաև մտավոր կարողությունները, երևակայությունը, բացահայտելու ունակությունը: Պակաս կարևոր չէ կարդացած նյութը հասկանալը, յուրովի ներկայացնելը: Հենց այս ուղղությամբ էլ դեռ պետք աշխատենք և ներկայանանք թատերական ստուգաստեսին:
Ընթերցելու համար պետք չէ հաճախել գրադարան կամ ընթերցասրահ: Մենք մեզ համար բացահայտել ենք մի պարզ ճշմարտություն՝ մեր տունը, դասասենյակը, բակը ընթերցասրահ է, բլոգ ընթերցասրահ է. այնտեղ, որտեղ կարդում ու ստեղծագործում ենք, ընթերցասրահ է:
Իսկ ի՞նչ ընթերցել ամռանը:
Երրորդ դասարանի սովորողների համար ամառային ընթերցանության նյութեր ընտրելիս կարևոր է հաշվի առնել տարիքային առանձնհատկությունները, հետաքրքրությունների շրջանակը: Սովորողների համար շատ կարևոր է իրենց ընկերների կարծիքը, ուստի ընթերցանության խթանման համար օգտագործում ենք նաև սովորողների` միմյանց խորհուրդ տալու հնարը:
3-րդ դասարանում, երբ սովորողները ունեցան իրենց անհատական բլոգները, իրենց կարդացած գրքերի վերնագրերը, պատումներըսկսեցին հրապարակել բլոգներում՝ գրելով նաև իրենց կարծիքները, բացի դրանից ստեղծեցին մեդիագրքեր, որոնք նույնպես հրապարակեցին բլոգներում: Առաջարկվող գրականությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով որոշեցինք, որսովորողներն իրենց ընկերներին ուղարկեն բլոգների համապատասխան հղումները:
Օգտագործում ենք նաև ուսումնական պարապմունքի ընթացքում կարդացած գրքի մասին պատմելու հնարը, որը ևս հետաքրքրության է առաջացնում այս կամ այն գրքի վերաբերյալ: Այս մեթոդը շատ արդյունավետ է, և սովորողները մեծ հաճույքով կարդում են իրենց ընկերների առաջարկած ստեղծագործությունները:Կան սովորողներ էլ, ովքեր նախընտրում են ոչ թե գեղարվեստական գրականություն ընթերցել, այլ հանրագիտարաններ, ուստի նրանց էլ հանձնարարվում է իրենց կարդացած նյութերից առանձնացնել հետաքրքիր, զարմանալի փաստեր, դրանք հրապարակել բլոգում՝ այդ կերպ հետաքրքրություն առաջացնելով մյուսների մոտ: Երբ սովորողն ինքն է ստեղծում ընթերցելու նյութը, ավելի հաճույքով է սկսում ընթերցել և արագ հաղթահարում է ընթերցանության հետ կապված բոլոր դժվարությունները: Արդյունքում ստեղծվում են աուդիոգրքեր,ընթերցարաններ, որոնք էլ դառնում են սովորողների համար ընթերցանության նյութեր:
ՏՀՏ միջոցները գործածելու ընթացքում կատարելագործվում են սովորողի ՏՀՏ հմտությունները:
- Սովորողն ընթերցում, դիտում է ոչ միայն իր ստեղծած նյութը, այլև դասարանում ստեղծած բոլոր նյութերն ու ֆիլմերը:
- Սովորողն ինքն է ստեղծում իր գիրքը, որի շնորհիվ սկսում է գնահատել և կարևորել ընթերցանությունը, իսկ ընթերցանությունը դառնում է նպատակաուղղված և հաճելի գործունեություն:
- Զարգանում են սովորողի երևակայությունը, մտածելու և ստեղծելու կարողությունը, խոսքը, ինքնադրսևորվելու կարողությունները:
Ամառային ընթերցանության համար դասարանական բլոգի համապատասխան բաժնում տեղադրել եմ ընթերցանության նյութերի ցանկ, որտեղից սովորողները կընտրեն, կկարդան, կարդացածը կներկայացնեն այնպես, ինչպես ցանկանան` ընտանեկան թատրոնի, աուդիոգրքի և այլ ձևով:
Իսկ սովորողների ընթերցանության ընթացքին այսպես կհետևեմ. քանի որ արդեն բոլոր երրորդ դասարանցիներն ունեն անհատական բլոգներ, նրանք կտեղադրեն ընթերցված գրքի վերաբերյալ մեդիանյութը իրենց բլոգում: Կարող է նաև ներկայացման շարք լինել, օրինակ՝ նույն հեքիաթը մի քանի տարբերակով: Խորհուրդ կտամ կիրառել Ռոդարիի հետևյալ հնարքները:
Շուռ տված հեքիաթներ. այս դեպքում հեքիաթի մեջ մեկ կամ մի քանի տարրեր թարս ենք պատկերացնում, օրինակ` Մոխրոտը չար է, թզուկնեը` հսկա և այլն: Սա ծաղրապատճենելու մեթոդ է: Կարելի է փոխել անվան տառերից մեկը, փոխել որոշիչները:
Հեքիաթների շիլափլավ. կազմված է ոչ թե 2 հասարակ անուններից, այլ հեքիաթային 2 հատուկ անուններից: Կարող են նոր հերոսներ ավելացնել, փոխել հեքիաթի ավարտը, դերերով պատմել:
Լավագույն աշխատանքների հեղինակները, ակտիվ ընթերցողները կստանան մրցնակ, որն է եռօրյա ճամփորդությունը կլինի:
- Բացվել է 2474 անգամ