Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

7-րդ գլուխ

Սկիզբը
Նախորդ հատվածը

Որևէ գործի հանդեպ սերը և ընդունակությունները չափազանց կարևոր են կոչումը փնտրելիս: Սակայն այդքանը բավարար չէ: Նրա ձեռքբերումը մեծապես կախված է մեր ինքնագնահատականից և մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանումից: Կոչումը գտնելը նմանապես կախված է աշխարհի հանդեպ մեր վերաբերմունքից ամբողջությամբ:

Երբ մի անգամ՝ 1931 թվականի հոկտեմբերի վերջին, մի անձրևոտ օր, Ջոն Ուիլսոնը՝ Սքարբորոյի արական միջնակարգ դպրոցի աշակերտը, եկել էր քիմիայի դասին, նա գաղափար էլ չուներ, որ իր կյանքը շուտով արմատապես կփոխվի: Այդ օրը դասին փորձ էին անցկացնում՝ ցույց տալով, թե ինչպես ջրով լի փորձանոթը տաքացնելը թթվածնին ստիպում է պղպջակներով մակերես բարձրանալ: Այսպիսի փորձ այդ դպրոցի սովորողները և աշխարհի ուրիշ դպրոցների սովորողներ անցկացրել են բազմիցս: Բայց փորձանոթը, որը ուսուցիչը տվեց Ջոնին տաքացնելու, տարբերվում էր մյուսներից, որոնք օգտագործում էին մյուս աշակերտները: Ստացվեց այնպես, որ սխալմամբ այն պարունակում էր ավելի անկայուն բան, քան ջուրը: Պարզվեց, որ նրանում այլ հեղուկ է, պարզապես օգնականը շշին ուրիշ պիտակ էր կպցրել: Եվ երբ Ջոնը այն տաքացրեց բունզենի այրիչի վրա*, փորձանոթը պայթեց և փշուրների վերածվեց. դասարանի մի մասը ավերվեց, իսկ աշակերտների վրա թափվեց ածելիի պես սուր բեկորների անձրևը: Մի քանի աշակերտ այդտեղից դուրս եկավ ամբողջովին արյունլվա:

Ջոն Ուիլսոնը այնտեղից դուրս եկավ կուրացած: Հաջորդ երկու ամիսը Ուիլսոնն անցկացրեց հիվանդանոցում: Երբ տուն վերադարձավ, ծնողները ջանում էին հասկանալ, թե ինչպես ապրեն իրենց պատուհասած աղետից հետո: Բայց Ուիլսոնն այդ դժբախտ դեպքը չէր ընդունում որպես աղետ: «Նույնիսկ այն ժամանակ այն ինձ ողբերգություն չէր թվում»,- մի անգամ նա ասել է լոնդոնյան Times-ի հարցազրույցի ժամանակ: Նա գիտեր, որ առջևում ամբողջ կյանքն է, և ուզում էր լիարժեք ապրել: Նա արագ սովորեց Բրայլի համակարգը և ուսումը շարունակեց կույրերի համար նախատեսված Ուորչեսթերյան քոլեջում: Այնտեղ նա ապացուցեց, որ փայլուն ուսանող է, հաջողակ թիավարող և լողորդ, օժտված դերասան, երաժիշտ և հռետոր:

Ուորչեսթերից հետո Ուիլսոնն սկսեց Օքսֆորդում իրավունք և օրենք ուսումնասիրել: Հեռու հատուկ կույրերի համար ստեղծված քոլեջի սովորական միջավայրից՝ նա ստիպված էր հարմարվել ուսանողական աղմկոտ քաղաքին և իր շրջապատի բանուկ փողոցներին: Ձեռնափայտին ապավինելու փոխարեն նա օգտագործում էր իր սուր լողությունը և այն, ինչն անվանում էր «խոչընդոտի կանխազգացում», որն օգնում էր պատանուն խուսափել իր ճանապարհի վտանգներից: Օքսֆորդում նա ստացավ իրավաբանական կրթություն և սկսեց աշխատել կույրերի Ազգային ինստիտուտում: Սակայն իրական կոչումը դեռ առջևում էր:

1946 թվին Ուիլսոնը հետազոտական ճանապարհորդության մեկնեց Աֆրիկայի բրիտանական տարածք և Մերձավոր Արևելք: Նա պարզեց, որ կուրության իրական համաճարակ է տարածված: Ի տարբերություն այն դժբախտ պատահարի, որն արժեցավ Ուիլսոնի տեսողությունը, հիվանդությունները, որոնք այսքան մարդկանց պատել էին, հնարավոր էր կանխել համապատասխան բժշկական օգնությամբ: Ոիլսոնը մտածում էր, որ մի բան է՝ համակերպվել սեփական ճակատագրի հետ, բոլորովին այլ բան՝ թույլ տալ, որ շարունակի լինի այն խնդիրը, որը հեշտությամբ կարելի էր լուծել: Դա ստիպում էր նրան գործել:

Վերադառնալով՝ Ուիլսոնը ներկայացրեց հաշվետություն, ինչը բերեց կույրերի Բրիտանական կայսերական հանրության հիմմանը. այն այժմ կոչվում է Sightsavers International**: Ուիլսոնն ինքը ավելի քան երեսուն տարի զբաղեցնում էր այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը և այդ ընթացքում հասել էր զգալի հաջողությունների:

Ուիլսոնը հաճախ ստիպված էր լինում ճանապարհորդել և տարեկան անցնել ավելի քան հիսուն հազար կմ, բայց նա դա իր աշխատանքի կարևոր մասն էր համարում, քանի որ մտածում էր, որ պետք է անձամբ ներկա լինի այն վայրերում, ուր գործում է իր կազմակերպությունը: 1950 թվին նա կնոջ հետ ապրում էր կեղտոտ հյուղակում Հանայի այն հատվածում, որը հայտնի էր որպես «կույրերի հող», որովհետև միջատների խայթոցով տարածված հիվանդությունների պատճառով կույրերն այնտեղ կազմում էին երկրի բնակչության տասը տոկոսը: Նրա թիմը կանխարգելիչ միջոց էր մշակել այն հիվանդության դեմ, որը հայտնի էր որպես «գետի կուրություն»: Դեղը կոչվեց «մեկտիզան»: Այս բացահայտման շնորհիվ Sightsavers International-ը այդ հիվանդությամբ տառապող աֆրիկական յոթ երկրներում պատվաստումներ արեց երեխաներին, և հիվանդությունը գրեթե արմատախիլ արվեց: 1960-ական թվականների սկզբին «գետի կուրություն» հիվանդությունը գրեթե ամբողջությամբ հսկողության տակ էր: Դրա համար էլ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աֆրիկական երեխաների մի ողջ սերունդ իր տեսողությամբ պարտական է Ջոն Ուիլսոնի ջանքերին:

Ուիլսոնի ղեկավարության ընթացքում Sightsavers International կազմակերպությունը կատարախտի հեռացման երեք միլիոն վիրահատություն է կատարել և բժշկական օգնություն է ցույց տվել տասներկու միլիոն մարդու, ում կուրություն էր սպառնում: Այն վիտամին А-ի ավելի քան հարյուր միլիոն դոզա է տրամադրել մանկական կուրության կանխարգելման համար և տարածել է Բրայլի համակարգի հավաքածուներ Աֆրիկայում և Ասիայում կույրերի շրջապատը ուսումնասիրելու համար: Ընդհանուր առմամբ այսօր տասը միլիոն մարդ կարող է տեսնել շնորհիվ այն ջանքերի, որ նախաձեռնել էր Ջոն Ուիլսոնը կանխելու այն, ինչն ինքը արդարացիորեն կարծում էր, որ կարելի է կանխել:

Երբ Ուիլսոնը թոշակի անցավ, կնոջ հետ իր եռանդն ուղղեց մասնակցելու Impact ծրագրին, որը ստեղծվել էր Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հաշմանդամության տանող բոլոր հիվանդությունները կանխարգալելու համար: Ջոն Ուիլսոնը 1975թվին ասպետի կոչում ստացավ: Բացի դրանից, նա արժանացավ Հելեն Քարտեր միջազգային մրցանակի, Ալբերտ Շվեյցերի միջազգայնի մրցանակի և Մարդասիրության միջազգային մրցանակի: Նա շարունակեց մինչև իր կյանքի վերջը՝ 1999 թիվը, լինել ակտիվ և կուրության ու հաշմանդամության հասցնող այլ հիվանդությունների կանխարգելման համոզված կողմնակիցը:

Ջոն Քլոուզը Ջոն Ուիլսոնի կենսագրականում՝ «Blindness and the Visionary: The Life and Work of John Wilson», գրում է. «Բոլոր չափանիշներով նրա ձեռքբերումները արժանի են համեմատության այլ մեծագույն մարդասերների ձեռքբերումների հետ»: Շատերը նրա գործունեությունը նմանեցնում են Մայր Թերեզայի ասկետիզմին:

Շատ մարդիկ, բախվելով նման հանգամանքների, որոնցում հայտնվել էր Ջոն Ուիլսոնը, իրենց կյանքը սուգ կդարձնեին: Նրանք կարող էին իրենց դաժան ճակատագրի կողմից անիծված համարել և կյանքում ինչ-որ կարևորի հասնելու ամեն փորձ թողել: Ուիլսոնը, սակայն, համոզված էր, որ կուրությունը «ցավալի անհարմարություն է, ոչ թե թերություն, որ մարդուն խեղաթյուրում է», և նրա վերաբերմունքը սեփական կուրության հանդեպ մաքսիմալ դրական էր, որքան հնարավոր էր:

Նա կորցրել էր տեսողությունը, բայց ձեռք էր բերել պայծառատեսություն: Նրա կյանքը վառ ապացույց էր այն բանի, որ ոչ թե մեզ պատահող իրադարձություններն են որոշում մեր կյանքը, այլ հենց մենք և միայն մենք ենք կերտում մեր ապագան:

Վերաբերմունք կյանքին և ընդունակություններին

Պատմել այն մարդկանց ճակատագրերի մասին, ովքեր գտել են իրենց կոչումը, ինչ-որ չափով ռիսկային է: Նրանց պատմությունները կարող են ոգեշնչող լինել, բայց կարող են և հուսահատեցնել: Վերջ ի վերջո, բոլոր այդ մարդիկ, կարծես հատուկ նշանով են, նրանց բախտը բերել է կյանքում զբաղվելու այն բանով, ինչն իրենց դուր է գալիս և լավ է ստացվում: Նրանց հաջողությունները կարելի է հեշտորեն բացատրել պարզ հաջողությամբ. և իսկապես, շատ մարդիկ, ում դուր է գալիս այն, ինչով զբաղվում են, իրենց հաջողակ են համարում (իրենց հերթին մարդիկ, ում դուր չի գալիս իրենց զբաղմունքը, հաճախ իրենց անհաջողակ են համարում):

Իհարկե, որոշ «հաջողակ» մարդկանց բախտը բերել է՝ գտել են սիրած գործը, և հնարավորություն է ընձեռվել նրանով զբաղվելու: Որոշ «անհաջողակ» մարդկանց հետ պատահել է հակառակը: Իսկ թե՛ լավ, թե՛ վատ բաները պատահում են ամեն մեկիս հետ: Բայց մեր կյանքում հիմնական դերը խաղում է ոչ թե այն, ինչ մեզ հետ պատահում է: Ինչն իսկապես կարևոր է՝ մեր վերաբերմունքն է տեղի ունեցածին: Հաջողություն հասկացությունը կոչման փնտրման ժամանակ կյանքի հանդեպ մեր սկզբնական վերաբերմունքի վառ իլյուստրացիան է:

Մեզ կոչելով հաջողակ կամ անհաջողակ՝ մենք ընդունում ենք, որ պատահական իրադարձությունների դրական կամ բացասական արդյունքների պասիվ ստացողներն ենք: Սակայն, եթե կոչման ձեռքբերումը լիներ միայն հաջողակ լինելու հարց, մեզ կմնար միայն խաչել մատները և հաջողություն հուսալ: Իսկ այստեղ պետք է ավելին, քան ուղղակի հաջողությունը: Հետազոտությունը և փորձը ցույց են տվել, որ հաջողակ մարդիկ հաճախ այդպիսին են դառնում շնորհիվ շրջապատի հանդեպ իրենց վերաբերմունքի:

Այս գրքի երրորդ գլխում խոսել ենք արվեստից, որի իրական գաղափարն այն է, որ մեծ առումով սեփական ձեռքերով ենք մեր իրականությունն ստեղծում, իրականացնում այն, ձև ու իմաստ տալիս: Նրանք, ովքեր ուղղակի սպասում են լավ իրադարձությունների, կարող են այդպես էլ չսպասել: Բոլոր մարդիկ, ում պատմությունը բերում եմ այս գրքում, իրենք են ակտիվորեն մասնակցել, որ «հաջողակ դառնան»: Նրանք կատարելապես տիրապետում են վարքի և շրջապատող միջավայրի հանդեպ վերաբերմունքի ներդաշնակ համադրությանը, ինչն հանգեցրել է անհրաժեշտ հնարավորությունների և վստահություն ներշնչել, որ օգտվեն դրանցից:

Բացարձակ կարևոր է, որ այս համադրության մեջ նայես իրավիճակին տարբեր տեսանկյունից: Տարբերություն կա, թե մենք ինչ կարող ենք ընդունել (ընկալման պոտենցիալ դաշտը), և այն, թե ինչ ենք մենք իրականում ընդունում (ընկալման փաստացի դաշտը):

Ինչպես ասել եմ նախորդ գլխում, գոյություն ունեն մարդկանց կողմից շրջապատող աշխարհն ընկալելու մշակութային զգալի տարբերություններ: Սակայն, անգամ միևնույն մշակութային դիրքորոշման երկու տարբեր մարդիկ միևնույն իրադարձությունը կարող են ընկալել այլ կերպ՝ կախված իրենց համոզմունքներից և իրենց առաքելությունը հասկանալուց:

Բեսթսելների հեղինակ և բարձրակարգ դասախոս Էնթոնի Ռոբինսը այդ ցուցադրում է պարզ գործունեության օգնությամբ: Իր եռօրյա սեմինարներին նա հարյուրավոր ներկա մարդկանց խնդրում է նայել իրենց շուրջը և հաշվել, թե իրենց շուրջը քանի կանաչ հագուստ են տեսնում: Ռոբինսն իր լսարանին դրա համար տալիս է մի քանի րոպե, հետո հարցնում արդյունքներից: Դրանից հետո նա խնդրում է կրկնել փորձը, բայց արդեն հագուստի կարմիր մասերի փնտրումով և հաշվումով: Այս հարցը մարդկանց մեծամասնությանը դնում է փակուղու առաջ, քանի որ Ռոբինսի առաջին առաջադրանքի համաձայն նրանք կենտրոնացել էին միայն կանաչ հագուստի վրա:

«Ինչպես բռնել հաջողությունը» գրքում հոգեբան Ռիչարդ Վայզմանը նկարագրում է իր հետազոտությունը, որն անցկացրել է չորս հարյուր չափազանց «հաջողակ» և «անհաջողակ» մարդկանց շրջանում: Նա բացահայտել է, որ մարդիկ, ովքեր իրենց հաջողակ են համարում, ընդհանուր առմամբ իրար նման են կյանքին մոտեցման տեսակետից: Փորձի անհաջողակ-մասնակիցները, որպես օրենք, ցուցադրում էին հակառակ որակներ:

Վայզմանը առանձնացրեց չորս սկզբունք, որոնք բնորոշ են հաջողակ մարդկանց: Առաջին հերթին՝ հաջողակ մարդիկ սովորաբար մեծացնում են հաջողության հասնելու իրենց հնարավորությունները: Նրանց հատկապես լավ է հաջողվում ստեղծել, նկատել և օգտագործել բարեհաջող հնարավորությունները, երբ այդպիսիք լինում են: Երկրորդ հերթին՝ նրանք սովորաբար շատ արդյունավետ օգտագործում են իրենց ինտուիցիան և փորձարկում են գործողություններ,( այնպիսին, ինչպիսին է մեդիտացիան), որոնք օգնում են զարգացնել:

Երրորդ սկզբունքը նրանում է, որ հաջողակ մարդիկ սովորաբար հաջողության են սպասում, մտովի ստեղծելով կանխագուշակումների կատարվող շարքը, քանի որ աշխարհ են գնում՝ սպասելով դրական արդյունքի: Վերջապես, հաջողակ մարդկանց բնորոշ է կյանքի հանդեպ նման վերաբերմունքը, որն օգնում է անհաջողությունը վերածել հաջողության: Նրանք թույլ չեն տալիս, որ անցանկալի պատահականությունները իրենց գցեն դեպրեսիայի մեջ, արագ գործում են, որ վերադարձնեն իրենց վերահսկողությունը իրավիճակների վրա, երբ ինչ-որ բան այնպես չի լինում, ինչպես իրենք են ուզում:

Վայզմանը փորձ էր արել, որն ակնհայտորեն ցույց է տալիս ընկալման դերը հաջողության մեջ: Նա մոտակա սրճարանում նստեցրեց դերասանների խմբի և հրահանգեց, որ իրենց պահեն սովորական հաճախորդների պես, ապա դրեց հինգ ֆունտանոց թղթադրամը ուղիղ սրճարանի դիմաց: Հետո նա առաջարկեց իր «հաջողակ» կամավորներից մեկին գնալ սրճարան: Հաջողակ մարդը տեսավ գումարը, որը գետնին էր, վերցրեց, մտավ սրճարան և սուրճ պատվիրեց իր ու իր կողքի անծանոթի համար: Նրանց միջև զրույց բռնկվեց, արդյունքում՝ փոխանակվեցին կոնտակտային տվյալներով:

Հետո Վայզմանն այնտեղ ուղարկեց իր «անհաջողակ» կամավորներից: Այդ մարդը անցավ հինգ ֆունտանոց թղթադրամի վրայով, սուրճ պատվիրեց և ոչ ոքի հետ չշփվեց: Հետո Վայզմանը հարցրեց երկուսին էլ, թե այդ օրը ինչ-որ բանում նրանց հաջողեց: Հաջողակ փորձարկվողը պատմեց, որ գումար է գտել և նոր ընկեր: Անհաջողակը ոչ մի դրական բան չկարողացավ հիշել:

Նոր հնարավորություններ բացահայտելու միջոցներից մեկն այն է, որ գիտակցորեն ջանքեր ներդնես, որ այլ հայացքով նայես սովորական իրավիճակներին: Նոր հայացքը թույլ է տալիս մարդուն տեսնել աշխարհի հնարավորությունների հարստությունը և օգտվել այն ամենից, ինչն արժեքավոր է: Ռոբինսն ու Վայզմանը համոզված են՝ եթե մենք խիստ կենտրոնանում ենք մի բանի վրա, ապա անպայման աչքից բաց ենք թողնում մնացած ամբողջ աշխարհը, որը պտտվում է մեր շուրջը:

Աշխարհընկալման ևս մի միջոցը, որը մեզ տանում է նրան, ինչը շատերն անվանում են «հաջողություն», ռեֆրեյմինգի ընդունակությունն է, այսինքն՝ մեր սպասելիքներին և ծրագրերին հակառակ ծավալվող իրավիճակներում դրական պահերի փնտրումը:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարի աղբյուրը


* Գազով կամ էլեկտրական այրիչ. լայնորեն օգտագործվում է գիտական և դպրոցական լաբորատորիաներում։
**Կազմակերպությունը ստեղծվել է 1950 թվին։

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский