Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում

Ուսումնասիրում ենք այլոց փորձը

Մեր հանրապետությունում չկան հանրակրթական հեռավար դպրոցներ: 2016 թվականին իրենց առցանց Առագաստ դպրոցի առաջին մեկ քայլն են արել Մարտիրոսյան եղբայրները և կանգ առել: Նրանց պահոցում գրված է՝ «Ներեցե′ք, դասեր չկան»: Որոշ քայլեր է արել dasaran.am  կայքը, բայց դա էլ լիիրավ հանրակրթություն չէ: Հեռավար հանրակրթության բնագավառում որոշակի փորձ ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ «Պատանի հետազոտողի և ստեղծագործողի հեռավար դպրոցով», մեդիաօլիմպիադաներով, առկա ուսուցումը կազմակերպելով որպես բլոգային ուսուցում, ուսումնական տարվա ընթացքում կազմակերպելով հեռավար ուսուցման շաբաթներ (2016-ի հունվարին՝ մի ամբողջ միամսյակ): Կրթահամալիրում հեռավար ուսուցում է իրականացվում այն սովորողների համար, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենում ներկա լինելու առկա ուսուցմանը:
2017-2018 ուստարվանից սկսած ընդունելություն է արվում նաև հեռավար ուսուցման ձևով՝ հեղինակային կրթական ծրագիրն առաջարկելով հանրապետության և հանրապետությունից դուրս գտնվող հայ երեխաներին: Սա նախատեսվում է կրթահամալիրի կանոնադրությամբ։ Անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրելու, թե ինչպես են կազմակերպում հանրակրթությունը հեռավար ձևով աշխարհի այլ երկրներում:

Հանրակրթությունը հեռավար ձևով իրականացվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում: Հանրակրթության այս ձևը սկիզբ է առել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, որտեղ 1997 թվականին սկսել է գործել առաջին վիրտուալ ավագ դպրոցը, իսկ 2000 թվականից Ֆլորիդայի վիրտուալ դպրոցն սկսել է հանրակրթական ծառայություն մատուցել կրթական բոլոր աստիճանների համար՝ սկսած մանկապարտեզից մինչև ավարտական 12-րդ դասարանը: Վիրտուալ դպրոցը ֆինանսավորում է Ֆլորիդայի կրթական ֆինանսական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Ֆլորիդայի բոլոր 67 շրջանների սովորողներին անվճար ներգրավվելու այդ ծրագրում, իսկ մնացած նահանգների սովորողները վճարում են տարեկան $ 800:

Փենսիլվանիան՝ իր Ֆիլադելֆիա կենտրոնով, երկրորդ նահանգն է ԱՄՆ-ում, որտեղ զարգացած է հեռավար հանրակրթությունը: Այստեղ այդ դպրոցները կոչվում են «Cyber Charter Schools – Կիբեռ մասնավոր դպրոցներ» կամ էլ` «Distance Schools – հեռավար դպրոցներ»: Այստեղ նույնպես դպրոցների ֆինանսավորումը կատարում է Փելսինվանիայի նահանգային կրթական ծրագիրը, և սովորողները չեն վճարում իրենց ուսման համար, բայց պետք է ասել, որ կրթական ծրագրում ընդգրկված են երկրի լավագույն դասավանդողներն իրենց առաջադեմ մեթոդներով, մանկավարժական մոտեցումներով, տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ամենաարդիական ուսումնական նյութերով,  լաբորատոր սարքավորումներով և գիտելիքների ու կարողությունների ստուգմամբ, տարբեր դասընթացների յուրացումը հավաստող առարկայական քննություններով: Այս ամենի ապահովման համար մեկ դպրոցի մոտավոր տարեկան ֆինանսավորումը կազմում է 8 մլն դոլար:

Հեռավար դպրոցների անհրաժեշտության հիմնավորումը  

Ոչ բոլորն են կրթություն ստանալու համար կարողանում դպրոց հաճախել: 21-րդ դարում աշխատուժն ավելի մոբիլ է դարձել: Հաճախակի են լինում տեղաշարժեր: Պայմանագրով երկու կամ երեք տարի մի քաղաքում աշխատելուց հետո ընտանիքի հայրը, մայրը մեկ այլ աշխատանքային պայմանագիր են կնքում ուրիշ քաղաքում և ստիպված տեղափոխվում: Ընդհատվում է նրանց երեխաների բնականոն դպրոցական կյանքը: Նոր քաղաքում երեխաների համար դժվար է միանգամից ներառվելը նոր դպրոցական միջավայրում: Որոշ փոքր  բնակավայրերում (օրինակ՝ Ալյասկայի բնակավայրերը, որոնք շատ հեռու են միմյանցից), չկան դպրոցներ և երեխաները ստիպված են լինում երկար ճանապարհներ հաղթահարել հարևան բնակավայրի դպրոցը հասնելու համար: Լինում են դեպքեր, երբ ծնողները ստիպված են լինում տևական ժամանակ մեկ այլ երկիր գործուղման մեկնել և իրենց հետ տանում են իրենց երեխաներին: Կան հաշմանդամ երեխաներ, որոնց համար ֆիզիկապես անհնար է ամեն օր դպրոց հաճախելը: Կան ակադեմիական շատ թույլ ընդունակություններ ունեցող և հակառակը՝ ակադեմիական արտակարգ մեծ ընդունակություններով օժտված երեխաներ, որոնց ծնողները և հենց իրենք նախընտրում են խիստ անհատական կրթական ծրագիր: Հենց այստեղ է օգնության հասնում ամենահաս ինտերնետը՝ իր հեռավար (էլեկտրոնային, կիբեռ, վիրտուալ) դպրոցով:

Հեռավար  ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը

Հեռավար ուսումնական պարապմունքները լինում են համաժամանակյա (սինխրոն), երբ սովորողների խումբը տեղեկատվությունն ընդունում է հենց հաղորդման պահին (Skype) և ոչ համաժամանակյա (ասինխրոն), ուսումնական կայքում, բլոգում տեղադրված նյութերի միջոցով: Համաժամանակյա ձևի առավելությունն ինտերակտիվ դաս անցկացնելն է, երբ սովորողները կարողանում են հարցեր ուղղել դասավանդողին հենց հաղորդման ժամանակ: Ոչ համաժամանակյա ձևի հիմնական առավելությունն այն է, որ այն խիստ անհատականացված է: Այն առավելագույնս հարմարեցվում է սովորողի ակադեմիական կարողություններին: Մի սովորող կարող է այդ ուսումնական նյութը յուրացնել 10 րոպեում, իսկ մյուսը՝ 2 ժամում, մի սովորողի համար այդ նյութով զբաղվելը հարմար է առավոտյան, իսկ մյուսի համար՝ երեկոյան ժամերին:

Օգտագործվում է նաև խառը (blended) ձևը, որը սինխրոն և ասինխրոն ձևերի միահյուսումն է:

Ի՞նչ թերություններ և դժվարություններ ունի հեռավար հանրակրթական դպրոցը

Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Ալի Քարր Չելմանը իր «At what cost does innovation come? – Ի՞նչ գնով է նորարարությունը գալիս» հոդվածում նշում է իր կողմից դիտարկված թերությունները.

  •  Կիբեռ (վիրտուալ) մասնավոր դպրոցները չափազանց շատ փող են ծախսում հեռավար ուսուցման գովազդների վրա, ինչը նրանց գործունեությունը ոչ շահութաբեր է դարձնում:
  • Վիրտուալ դպրոցների սովորողների համայնքը ցայտուն երկբևեռ է. այստեղ մեծ և՛ օժտված երեխաների թիվը, և՛ հակառակը՝ ցածր ակադեմիական ընդունակություններ ունեցողների թիվը, ինչն էապես դժվարացնում է դասավանդողների գործը՝ այդքան շատ տարբերակված ծրագրեր և ուսումնական նյութեր օգտագործելու առումով: Ֆիզիկական միջավայրով սովորական դպրոցներում մեծամասնություն են կազմում միանման ընդունակություններով սովորողները:
  • Ըստ գոյություն ունեցող կարգի սովորական հանրակրթական դպրոցը պարտավոր է վճարել յուրաքանչյուր սովորողի ուսման ծախսերը վիրտուալ դպրոցում, եթե նա որոշել է թողնել այդ ավանդական դպրոցը և գնալ վիրտուալ դպրոց:
  • Վիրտուալ դպրոցները մեծ ծախսեր են անում թանկարժեք ուսումնական նյութեր և տարբերակված ծրագրեր գնելու համար:
  • Վիրտուալ-հեռավար դպրոցները շատ քիչ հնարավորություն ունեն վերահսկելու սովորողների կեղծիքները՝ առաջադրանքները կատարելիս արտագրություններ, պատճենահանումներ և այլ ոչ ընդունելի ձևեր։

Հոդվածում առաջարկվում է մի տեսաֆիլմ, որտեղ երևում է ավագ դպրոցի սովորողների կարծիքը հեռավար դպրոցի մասին: Աղջիկը գովում Փենսիլվանիայի իր հեռավար դպրոցը, քանի որ ազատ տնօրինում է իր ժամանակը: Նա ասում է, որ նույնիսկ ժամանակ ունի աշխատելու և փող վաստակելու համար և թանկ է գնահատում իր կյանքի ժամանակը ու ձանձրանալու ժամանակ էլ չունի: Տղան հակառակ կարծիքի է: Նա լքել է հեռավար դպրոցը և նորից սկսել է հաճախել սովորական ավագ դպրոց, որտեղ հնարավորություն ունի ինտերակտիվ ձևով մասնակցելու դասերին, շփվելու իր համադասարանցիների հետ և երես առ երես հաղորդակցվելու իր դասավանդողների հետ:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ տարբեր են մարդիկ և նրանց պետք է հնարավորություն տալ ապրելու և սովորելու այնպես, ինչպես իրենց հարմար է:

Ներկայացվում են Փենսիլվանիայի կիբեր մասնավոր դպրոցի 2017-2018 ուստարվա կրթական ծրագրի և առաջարկվող դասընթացների ցանկի ու դրանց իրականացման մեթոդների, մանկավարժական մոտեցումների  ուսումնասիրման արդյունքները:

Սովորելը երբեք չի ավարտվում

Սովորողներին կրթական ծառայություններ են մատուցվում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարանը ներառյալ:  Դպրոցի առցանց ուսուցման միջավայրը, ուսուցման անհատականացված մեթոդները, ուսումնական պլանների ընտրությունները կապող օղակներ են մի կողմից՝ սովորողների ու նրանց ընտանիքների, և մյուս կողմից՝ պետական-նահանգային կրթական դեպարտամենտի կողմից հավաստագրված բարձրակարգ ուսուցիչների միջև, ովքեր իրականացնում են պետական չափորոշիչներին համապատասխան բովանդակային կրթություն: Դպրոցը հիմնադրվել է 2000 թվականին: Կենտրոնը Միդլենդ քաղաքում է, այն ունի իր գրասենյակները նահանգի բոլոր 18 շրջաններում: Որպես հանրակրթական դպրոց՝ այն բաց է նահանգի բոլոր դպրոցահասակ սովորողների համար, առանց որևէ ուսման վճարի:

Փենսիլվանիայի հեռավար դպրոցը հավաստագրվել է ԱՄՆ քոլեջների և հանրակրթական դպրոցների հավաստագրման միության կողմից, ընգրկված է ԱՄՆ կրթական հաստատությունների ցանցում և ճանաչվում է աշխարհի 85 երկրներում:

Առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի տրամադրում

Երկրում գործում են հատուկ մասնագիտացված ընկերություններ, որոնք կազմում են հեռավար ուսուցման դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր: Փենսիլվանիայի հեռավար դպրոցն օգտվում է «Linkoln Learning Solutions» ընկերության վճարովի ծառայություններից: Այս ընկերությունը տրամադրում է էլեկտրոնային դասընթացների ծրագրեր և ամենատարբեր ուսումնական նյութեր կրթական բոլոր աստիճանների համար՝ սկսած մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան: Ամերիկայում շատ խիստ են պահպանվում հեղինակային իրավունքները, և հեռավար դպրոցը չի կարող որևէ ուսումնական նյութ կամ առարկայական ծրագիր օգտագործել առանց վճարման: Դպրոցը կարող է անվճար օգտագործել միայն իր դասավանդողների ստեղծած առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը:

Հայաստանում նույնիսկ ավանդական հանրակրթական դպրոցների համար ուսումնական նյութեր ստեղծող մասնագիտացված ընկերություն չկա: Յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է այնպես, ինչպես կարողանում է: Իմ «Ուսումնական նյութ» հոդվածում նշել եմ, որ   էլեկտրոնային ուսումնական նյութերի հայկական ամենամեծ աղբյուրը Հայկական կրթական միջավայր. պաշարների շտեմարանն է: …Պատահական ընտրությամբ արված ուսուսումնասիրությունն էլ բավական էր, որպեսզի հասկանայի, որ այստեղ այստեղ հրապարակված ուսումնական նյութերը տարբեր առարկայական դասագրքերի մի քիչ ձևափոխված կրկնություններ են: Դրանք բոլորովին չեն կարող համապատասխանել ժամանակակից հեռավար դպրոցի պահանջներին: Մեր կրթահամալիրի դասավանդողների բլոգներին ներկայացվող պահանջներում «Ուսումնական նյութ» բաժին կա, և վստահաբար կարելի է ասել, որ մեր դասավանդողները պատրաստ են հեռավար դպրոցի դասավանդող աշխատելու համար, բայց արդյո՞ք նրանք պատրաստ են աշխատելու և՛ առկա, և՛ հեռակա դպրոցներում միաժամանակ, ուսումնական նյութեր ստեղծելով: Առանց այդ էլ նրանցից շատերը գերծանրաբեռնված են առկա դպրոցի ամենօրյա հոգսերով:   

Ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը     

Վիրտուալ համաժամանակյա դասարաններ

Վիրտուալ դասարաններ են կազմակերպվում 2-12-րդ դասարանների սովորողների համար: Դասարանները հեռավար համաժամանակյա դասեր են ունենում ըստ դասացուցակի՝ որոշակի ժամերի: Ուսումնական պարապմունքներն իրականացվում են BUZZ Learning management System էլեկտրոնային հեռավար կրթական գործիքի միջոցով՝ օգտագործելով «Linkoln Learning Solutions» ընկերության առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Վիրտուալ դասարանների բոլոր դասերը տեսագրվում են, և սովորողը կարող է դասերից հետո մի քանի անգամ վերանայել դրանք: Վիրտուալ դասարանների սովորողները կարող են հաղորդակցվել իրենց դասավանդողների հետ շաբաթվա յուրաքանչյուր օր: Սովորողներն ունեն հիմնական հանրակրթական և ընտրությամբ դասընթացներ: Դպրոցի ֆինանսավորումը կախված է ոչ միայն սովորողների, այլ նաև սովորողների ընտրած դասընթացների թվից: 

Վիրտուալ ոչ համաժամանակյա դասարաններ

Հեռավար ուսուցման կազմակերպման այս ձևն ընտրող սովորողները որևէ կերպ պարտադրված չեն հետևելու որևէ դասացուցակի, քանի որ չեն մասնակցում համաժամանակյա առցանց ուսումնական պարապմունքներին: Նրանց հիմնական գործն այն է, որ իրենց հարմար ժամանակին միանում են հեռավար ուսուցման կառավարման BUZZ Learning management System համակարգին և դիտում ուսումնական նյութերը, կատարում առաջադրանքները: Հեռավար ուսուցման կառավարման Buzz համակարգում հրապարակված նյութերը ներառում են ընթերցանություն, տեսաֆիլմեր, խաղեր, քննարկումներ և զանազան գնահատվող առաջադրանքներ: Համակարգն այնպիսին է, որ դասավանդողը կարողանում է ուղղորդել սովորողին, իսկ առաջադրանքը կատարելուց հետո տեքստային գնահատական տալ՝ նշելով սովորողի ձեռքբերումները, թույլ կողմերը և խորհուրդներ դրանք վերացնելու համար:

Խառը (blended) տիպի վիրտուալ դասարան

Խառը տիպի վիրտուալ դասարանները հիմնականում ոչ համաժամանակյա են: Միայն շաբաթվա ընթացքում մեկ օր կազմակերպվում են համաժամանակյա առցանց ուսումնական պարապմունքներ:

Սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգում և գնահատում

PSSA Exams – Փենսիլվանիա նահանգի դպրոցական քննություններ

Փենսիլվանիան իր դպրոցական գնահատման համակարգն ունի՝ հանրակրթական չափորոշիչներին համապատասխանող իր քննություններով: Այն վերաբերում է և՛ ավանդական, և՛ հեռավար հանրակրթական դպրոցներին:

Հեռավար դպրոցի 3-8-րդ դասարանների սովորողները պետք է ուսումնական տարվա վերջին քննություն հանձնեն մաթեմատիկայից և անգլերենից, իսկ 4-րդ և 8-րդ դասարանների սովորողները՝ նաև բնագիտությունից: Քննությունները գարնանն են հանձնում՝ քննության տեղը և օրը համաձայնեցնելով յուրաքանչյուր սովորողի ընտանիքի հետ:

Keystone Exams

Սրանք դասընթացների ավարտական քննություններն են, ինչպես նաև՝ դպրոցական ավարտական քննությունները Փենսիլվանիա նահանգում: Սովորողները հիմնականում քննություն են հանձնում հանրահաշիվ 1-ից, կենսաբանությունից և անգլերեն գրականությունից:

Հեռավար դպրոցների սովորողներին հնարավորություն է տրվում երկու անգամ հանձնելու ավարտական քննությունները. առաջինը՝ դեկտեմբերին, իսկ երկրորդը՝ մայիսին: Եթե առաջին քննական շրջանը սովորողը չի հաղթահարում, նա կարող է մասնակցել երկրորդին, իսկ եթե երկրորդն էլ չի կարողանում հաղթահարել, ապա նա ընդգրկվում է քննություններին նախապատրաստվելու դասընթացների մեջ: Նրան ժամանակ է տրվում, և դասավանդող-խորհրդատուի հետ հեռավար ձևով պատրաստվում է հաջորդ քննական շրջանին:

Գնահատման համակարգի առումով այս տարի առաջին առաջադեմ քայլն արեց մեր կրթահամալիրը՝ օտար լեզվի քննության պահանջները մի քիչ մոտեցնելով բլոգային ուսուցման արդյունքներին, որը դրական էր: Կարծում եմ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ մեր աշխատանքները:     

Աջակցություն հեռավար դպրոցի սովորողին

Հեռավար ուսուցումը իդեալական կլինի, եթե դրանում գիտակցված ձևով ընդգրկված լինեն ինքնակրթությանը մեծ տեղ տվող, ուսումնատենչ սովորողները, բայց շատ դեպքերում այդպիսին չէ կյանքը, հատկապես, երբ դրանում ընդգրկվում են ստիպված՝ ծնողների այլ քաղաքներ և երկրներ տևական գործուղումների պատճառով: Շատ սովորողներ նույնիսկ առկա ուսուցման պարագայում թերանում, ծուլանում են, չեն կատարում առաջադրանքները և ընդհանրապես, անտարբեր են ուսման նկատմամբ: Շատ հեշտ է պայմանագրում գրել, որ նման դեպքերում լուծարվում է սովորողի պայմանագիրը և վերջ: Ի՞նչ մանկավարժական մոտեցումներ են կիրառում Փենսիլվանիայի հեռավար դպրոցում՝ սովորողին որքան հնարավոր է շատ մոտիվացնելու  համար: Ահա այդ մոտեցումները.

  • i-ready– մոտեցում
    Յուրաքանչյուր դասընթացի սկզբում գիտելիքների ախտորոշիչ թեստ է տրվում և ճշգրիտ կերպով որոշվում են տվյալ սովորողի գիտելիքներն ու կարողությունները տվյալ ուսումնական առարկայից: Այդ սկզբունքով կարող են հետ գնալ մինչև այն կետը, որտեղ սովորողն ունակ է ինքնուրույն գործելու: Հենց այդ կետից էլ սկսում են ուսուցումը և առաջընթացն ապահովված է:

Համաձայն եմ այս մոտեցման հետ: Ուսումնական տարվա սկզբին սովորողների մեծ մասը ուզում է սովորել, բայց սկսում է թերանալ և ծուլանալ, որովհետև իր նախնական գիտելիքներն ու կարողությունները բավարար չեն: Պետք է հետ գնալ, անհատական մոտեցում ցուցաբերել:

  • Study Island – մոտեցում
    Ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ 3-8-րդ դասարաններում սովորողների գիտելիքների և կարողությունների PSSA և Keystone քննությունների բովանդակությամբ ելակետային գնահատում են կատարում՝ օգտագործելով խաղեր, տեսաֆիլմեր, ֆլեշքարտեր: Փորձը ցույց է տվել, որ դրանք բարձրացնում են սովորողների ներքին և արտաքին մոտիվացիան:
  • Let’s Go Learn – մոտեցում
    Օգտագործվում են Dora (առցանց ախտորոշիչ քննություն ընթերցանական կարողությունները որոշելու համար) և Doma (առցանց ախտորոշիչ քննություն մաթեմատիկական կարողությունները որոշելու համար): Այս քննությունների արդյունքն այն է, որ մասնագիտական խորհուրդներ են տրվում քննություններին մասնակցած յուրաքանչյուր սովորողին՝ մանրամասն բացատրելով, թե ինչ թեմաների վրա պետք է սովորողն ուշադրություն դարձնի:
  • Reading Assisstant – մոտեցում
    Սա առցանց ուսումնական գործիք է, որը օգնում է սովորողին զարգացնելու ճիշտ ընթերցելու և ընթերցելով հասկանալու կարողությունները: Երբ այս ծրագրով սովորողը մի որևէ տեքստ է կարդում, ականջակալներ է դնում, և երբ մի որևէ բառ սխալ է կարդում, անմիջապես լսում է բառի ճիշտ արտասանությունը: Կատարվում են նաև տեքստը հասկանալու վարժանքներ:
  • TutaPoint – Tutoring – մոտեցում
    TutaPoint.com- ը կրկնուսույցների առցանց կայք է, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետները կարողանում են առցանց ռեժիմում պատասխանել սովորողների տարբեր ուսումնական առարկաներին վերաբերող հարցերին:
  • Title I Coaching – մոտեցում
    Շտկողական աշխատանք կատարող կայք է: Կայքի մասնագետները յուրաքանչյուր սովորողի հետ, որը հետ է մնում մի որևէ առարկայից, շտկողական աշխատանքներ են կատարում:

Այս բոլոր թվարկած մոտեցումների մեծ մասը վճարովի ծառայություններ են, բայց սովորողի փոխարեն հեռավար դպրոցն է վճարում, որը նահանգային ֆինանսավորում ունի: Այստեղից երևում է, թե որքան մեծ էական նշանակություն է տրվում յուրաքանչյուր սովորողի  կրթությանը Միացյալ նահանգներում և որքան շատ է միայն խոսքերով կարևորվում կրթությունը մեր երկրում, իսկ իրականում այս տարի նվազեցրել են կրթության ֆինանսավորումը:  

  • Ընտանիքի հետ կապը
    Ստեղծված Family Link ծրագրով հեռավար դպրոցի սովորողների ծնողները սոցցանցի միջոցով կապի մեջ են դպրոցի դասավանդողների և միմյանց հետ:
  • ArtReach ծրագիրը սովորողներին առաջարկում է երաժշտության դասեր, երգեցողության և պարուսուցման պարապմունքներ:

Հեռավար դպրոցի ուսումնական ակումբները

Կրտսեր դպրոցի ակումբներ 

  • Coding Club – կոդավորման ակումբ։ Սովորողները 7 տարեկանից են ընդգրկվում այս ակումբում: Ակումբում սովորեցնում են համակարգչային պարզ visual – տեսանելի ծրագրեր կազմել տարբեր տեսակի խաղերի համար:
  • Օտար լեզվի ակումբ։ Սովորողները ընտրում են այն օտար լեզուն, որն ուզում են սովորել, և ուսուցումն սկսվում է: Ուսուցումը հաղորդակցական մոտեցմամբ է արվում:
  • Բնագիտական ակումբ։ Տեսաֆիլմերով տարբեր տեսակի բնագիտական փորձեր են ցուցադրվում և սեր են արթնացնում բնագիտության նկատմամբ:

Միջին դպրոցի ակումբներ

  • Ընթերցանական ակումբ։ Առցանց հանդիպումը ամիսը երկու անգամ է լինում: Հանդիպման ընթացքում կարդացած գրքերն են քննարկում:
  • Բնախույզների ակումբ։ Այս ակումբում ներգրավվում են այն սովորողները, ովքեր անընդհատ հարցեր ունեն պարզելու՝ ինչո՞ւ է այդպես լինում, ո՞րն է դրա պատճառը, իսկ ես կկարողանա՞մ այդ փորձն անել: Մատչելի ձևով լուսաբանվում են գիտության և տեխնիկայի վերջին նվաճումները:
  • Սովորող մենթորների ակումբ։ Սովորողներն օգնում են սովորողներին: Շատ հաճախ է պատահում, երբ հասակակցի ասված մեկ բառը ավելի տպավորիչ է և հասկանալի, քան դասավանդողի մի ամբողջ դասը, որովհետև սովորողը ասում է այն ճանապարհը, որով ինքն է անցել և հասկացել է:

Ավագ դպրոցի ակումբներ 

  • Արվեստի ակումբ։ Սովորողների միմյանց ցույց են տալիս իրենց ստեղծած արվեստի գործերը, քաջալերում են իրար, դասավանդողների խորհուրդներն են լսում: Նրանք նաև հնարավորություն ունեն միանալու ազգային արվեստի տարբեր ճյուղերի միություններին:
  • «Ամսվա գիրքը» ակումբը գրական ակումբ է։
  • Շախմատի ակումբ։ Սովորողները առցանց շախմատ են խաղում միմյանց հետ, լսում են դասավանդողի խորհուրդները:
  • DECA ակումբը ապագա լիդերների ակումբն է: Այս ակումբում են ներգրավվում այն սովորողները, ովքեր հետաքրքրվում են կառավարման գիտությամբ:
  • Աստվածաշնչյան ակումբում ներգրավված են այն սովորողները, ովքեր սիրում են ընթերցել Աստվածաշունչը և մտքեր փոխանակել իրենց ընթերցածի վերաբերյալ:
  • Բնագիտական ակումբ. սովորողներն իրենց կարծիքներն են արտահայտում գիտության և տեխնիկայի վերջին նորությունների մասին։
  • Պատմության ակումբ։ Ուսումնասիրելով պատմական տարբեր իրադարձությունները՝ սովորողները գտնում են կապը ներկայի հետ և աշխատում են տալ հնարավոր զարգացումների պատկերը:
  • Լրագրի ակումբի անդամները առցանց հանդիպում են ունենում շաբաթը մեկ անգամ: Նրանք քննարկում են շաբաթվա իրադարձությունները և պետք է գոնե մեկ հոդված գրեն ամսվա ընթացքում:
  • Լուսանկարչական ակումբի անդամներն ունեն իրենց կայքը, որտեղ ցուցադրում են իրենց լուսանկարները:
  • Օտար լեզուների ակումբներ՝ չինարենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի։
  • «Ինքդ արա» ակումբ։ Մասնակիցները սովորում են ամենատարբեր համակարգչային ծրագրերից օգտվել, իմանալ զանազան արհեստների գաղտնիքները, կենցաղային իրերի նոր օգտագործման բացահայտումներ անել…

Ուսումնական պարտադիր հանրակրթական դասընթացները   

Calvert անհատական ուսուցման ծրագիրն է օգտագործվում կրտսեր դպրոցի տարիքային խմբերի համար: Ծրագիրը վճարովի է, բայց սովորողի ծնողը չի վճարում դրա համար: Վճարում է հեռավար դպրոցը:

Օգտագործվում է նաև  «Linkoln Learning Solutions»-ի էլեկտրոնային դասընթացները, որոնք հիմնականում միջին և ավագ դպրոցներում են ավելի շատ նախապատվության արժանանում:

Ուսումնասիրել եմ մաթեմատիկական, ընթերցանական, գրելու, բնագիտական և հասարակագիտական կարողությունների զարգացման ծրագրերը վաղ մանկապարտեզային, մանկապարտեզային և առաջինից մինչև երրորդ դասարանների տարիքային խմբերի համար: Որոշ նմանություններ կան մեր «Իմացումի հրճվանք» ծրագրի հետ: Ինձ հատկապես հետաքրքրեց հասարակագիտությանը հատկացվող կարևորությունը: Վաղ մանկապարտեզային տարիքից սկսում են երեխաներին սովորեցնել լավ քաղաքացի լինել: Երեխաներին սովորեցնում են համագործակցել ընկերների հետ, մի բան տալ նրանց և վերցնել նրանցից, հետևել ընդունված կանոններին և ժողովրդավարական համակեցության  այլ առաջին քայլերն անել: Առաջին դասարանից սկսած՝ կարևորություն են տալիս փող վաստակելու,  խնայելու և ճիշտ ծախսելու գաղափարին, ԱՄՆ-ի խորհրդանիշներին, երկրի քաղաքացիական կյանքի բնորոշումները անցյալում և ներկայում: Կարևորվում է նաև քարտեզի հետ ծանոթացումը:   

Linkoln Learning Solutions-ը առաջարկում է հետևյալ դասընթացները 1-3-րդ դասարանների համար՝ մաթեմատիկա,  ընթերցանություն, գրելը, բնագիտություն, հասարակագիտություն: 4-8-րդ դասարանների համար առաջարկվում են հետևյալ դասընթացները՝ անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն, հասարակագիտություն: Ուսումնական դասընթացների անունները նույնն են, բայց ընդլայնվում է բովանդակային բաղադրիչը:

Մարմնակրթությունը կամ ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր է բոլոր դասարաններում: Առաջարկվում են ֆիզիկական վարժություններ, որոնք հրապարակված են աշխատանքային գիրք-տետրում: Սովորողը պետք է սովորի կատարել, տեսաձայնագրի դրանք և ուղարկի հեռավար դպրոց:

9-12-րդ դասարանները ավագ դպրոցն են։ Ավագ դպրոցի սովորողն ընտրում է առաջարկվող բազմաթիվ առարկաներից նրանք, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի և որոնց հանրագումար կրեդիտներով (22 կրեդիտ է հարկավոր) կարող է ավարտել ավագ դպրոցը:

Անգլերենը (դպրոցն ավարտելու համար անհրաժեշտ է հավաքել 4 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական դասընթացները՝  ընդհանուր անգլերեն, ամերիկյան գրականություն, բրիտանական գրականություն, անգլերեն գրականություն, գրական հետազոտություններ, դասական առասպելաբանություն, գոբալ առասպելաբանություն, անգլերենի քերականությունը, անգլերեն կարճ պատմվածքներ, աֆրո-ամերիկյան գրականություն, տեխնիկական տեքստեր գրելը, ստեղծագործականորեն գրելը։

Մաթեմատիկան (անհրաժեշտ է հավաքել 4 կրեդիտ, որից մեկը պետք է լինի հանրահաշիվ 1-ը) ունի հետևյալ առարկայական դասընթացները՝ հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, վիճակագրություն, դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվումներ, գործնական մաթեմատիկա, սպառողական մաթեմատիկա, բիզնես մաթեմատիկա:

Ինձ առանձնապես հետաքրքրեցին «սպառողական մաթեմատիկա» և «բիզնես մաթեմատիկա» առարկաները: Սպառողական մաթեմատիկան սովորողին տալիս է այն անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք են գալիս առօրյա կյանքում: Օրինակ, անցած ճանապարհի, ծախսված ժամանակի և արագության կապը, տարաների ծավալին վերաբերող հարցերը, տոկոսի գաղափարը և այլն: Բիզնես մաթեմատիկան սովորեցնում է այն մաթեմատիկան, որը գործածվում է բանկային ծառայություններում, հարկային գործընթացներում, վարկային գործառույթներում և այլն:   

Բնագիտությունն (անհրաժեշտ է հավաքել առնվազն 3 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական դասընացները՝ կենսաբանություն, կիրառական կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, երկիր մոլորակի մասին գիտություն, բնապահպանության հիմունքները, շրջակա միջավայր, քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, դատական փորձաքննություն, սպորտային բժշկություն, կյանքի դժվարությունների հաղթահարում գիտելիքների միջոցով (Cutting Edge Science) այլ կերպ ասած՝ «Գոյատևելու արվեստը», ճարտարագիտության հիմունքները։

Հասարակագիտությունն (անհրաժեշտ է հավաքել առնվազն 4 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական դասընթացները՝ Ամերիկայի պատմությունը, ԱՄՆ-ի պատմությունը, Փենսիլվանիայի պատմությունը, քաղաքացիության հիմնադրույթները (ուսումնասիրում է ԱՄՆ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործառույթները, սահմանադրությունը, սովորողները ուսումնասիրում են ընդհանուր պետական և տեղական կառավարման մարմինների գործունեությունը, իրենց դերը կառավարման գործընթացում որպես քաղաքացի), կառավարություն, տնտեսագիտություն, մշակութային հետազոտություններ, աշխարհի մշակույթները, աշխարհագրություն, հին աշխարհի պատմություն, աշխարհի պատմություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, իրավագիտության հիմունքները, քրեական և պառողական իրավագիտություն։

Գեղարվեստը (անհրաժեշտ է հավաքել առնվազն 2 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական դասընթացները՝ կենդանի արվեստ, արվեստի պատմություն, կինո, նորաձևության դիզայն, գրաֆիկական դիզայն, արվեստ և տեսանելի մշակույթ, թատրոն, երաժշտության գնահատումը, ջազի պատմությունը և զարգացումը, ժամանակակից երաժշտություն։

Աշխարհի լեզուները (ընտրությամբ առարկաների խմբին է պատկանում և անհրաժեշտ է 3,5 կրեդիտ՝ իսպաներեն 4 մակարդակներով, ֆրանսերեն 4 մակարդակներով, գերմաներեն 4 մակարդակներով, չինարեն 2 մակարդակով, իտալերեն 2 մակարդակով։

Գործարարություն (ընտրությամբ առարկաների խմբին է պատկանում, 3,5 կրեդիտ)՝ ֆինանսական գրագիտություն, մարկետինգ, գովազդներ պատրաստելը։

Մուլտիմեդիա, համակարգչային գրագիտություն (ընտրությամբ առարկաների խմբին է պատկանում, 0,5 կրեդիտ)՝ Web-design, Python ծրագրավորում…

Ճիշտ են ասել, որ Ամերիկան մեծ հնարավորությունների երկիր է....

Ուսումնասիրված աղբյուրները

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский