Ինչպե՞ս է թանգարանը ներառվում հանրակրթական ծրագրերում
Primary tabs
Թանգարաններով, թանգարային պարապմունքներով ուսուցումը ինձ անհատապես, ինձ հանդիպած սովորողներին հետաքրքրում է, բայց նաև կրթահամալիրային շուրջտարյա նախագիծ է, որում ներառված են 1-12-րդ դասարանցիները, քոլեջի սովորողները։ Կրթահամալիրում ո՞վ չի գնում թանգարան ուսումնական ճամփորդության։ Իսկ ինչպե՞ս են թանգարանները՝ իրենց ցուցադրություններով և միջավայրով օգտագործվում աշխարհի դպրոցներում։
Ուսումնասիրելով դպրոց-թանգարան գործընկերությունը աշխարհի տարբեր երկրներում՝ ընդհանուր ուշագրավ բան տեսա՝ այն, որ ինչպիսի ուղղվածություն էլ ունենա թանգարանը՝ գիտակրթական, պատմության, բուսաբանության, արվեստի ինչպես նաև զվարճալի ու տարօրինակ ցուցադրություններով առանձնացող, հանրակրթության մեջ գրավիչ է այն, որը զինված է նորագույն տեխնոլոգիաներով։ Այս թանգարանները լայն հնարավորություններ են ստեղծում դպրոցականների համար՝ սկսած թանգարաններում դասարան-լաբորատորիաներ ունենալուց, որտեղ իրականացվում է այլընտրանքային նախագծային ուսուցում, վերջացրած շրջիկ թանգարաններով, որոնք կոչվում են՝ «Բեր թանգարանը դպրոց»։ Նորագույն տեխնոլոգիաներով են զինված վիրտուալ թանգարանները՝ 20 հիանալի վիրտուալ թանգարաններ ու առցանց կայքերը, որոնք կիրառվում են դասարաններում, որոնք հիանալի հարթակ են՝ դասարանում դիտելու բարձր որակի լուսանկարներ՝ իրենց բոլոր մանրուքներով, որոնք անգամ բնօրինակի վրա անզեն աչքով նկատելի չեն, ծանոթանալու դրանց պատմությանը, հեղինակների կյանքին ու գործունեությանը։
“John Wiley & Sons” առցանց գրադարանից դուրս գրեցի տեղեկություն, որ թանգարանների դերը կրթության մեջ մեծացել է և թանգարանային տարածքներում համակարգված դասեր անց կացնելու սովորույթը կրթական հանրության կողմից ձևավորվել է վերջին քսան տարիների ընթացքում։ Տեղեկության համաձայն այս վերափոխումը կարևոր դարձավ և՛ թանգարանագիտության պրակտիկայում, և՛ տեղական մշակույթների համար։ Շատ կրթօջախների համար կրթությունը տեղափոխվեց իր առանցքային սահմաններից՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչ են իրենցից ներկայացնում թանգարաններն ու պատկերասրահները, ինչ գործունեություն են ծավալում։ Վերջին երկու տասնամյակում ուսումնասիրություններ են արվել կրթության և դաստիարակության գործընթացում, որպեսզի պարզեն, թե որոնք են այդ փոփոխությունների գործոնները, և ինչպես են դրանք ձևավորվել գործող թանգարանային պրակտիկայում։
Բերենք օրինակներ։
Նոր Օռլեանում դպրոց-թանգարան գործընկերությունը բավականին մեծ նշանակություն ունեցավ։ Նոր Օռլեանի կրթական լանդշաֆտը կտրուկ փոխվեց «Քեթրին» փոթորկից հետո։ Քաղաքը հիմնովին ջնջեց իր նախկին դպրոցական շրջանը և սկսեց բոլորովին նոր շրջան։ Օռլեանի նախկին ծխական դպրոցները կորցրին իրենց հեղինակությունը, ազատվեցին բազմաթիվ «ավանդական» ուսուցիչներ։ Պետությունը ստեղծեց հատուկ Լուիզիանայի վերականգնման դպրոցական շրջան։ Ստեղծվեցին իրենց կանոնադրությամբ կիսանկախ, շահույթ չհետապնդող կրթական հաստատություններ, որոնք մեծապես կախված էին հավաստագրվող այլընտրանքային ծրագրերից։ Արդյունքում ձևավորվեց նոր ուսուցչական կազմ, նոր մոտեցում՝ տեսողական արվեստի, թատրոնի, ստեղծական գրավոր խոսքի, նոր մեդիայի, պարի, երաժշտության և նույնիսկ աթլետիկայի ոլորտում։
Մի քանի դպրոցներ գործում էին մի վարչության ներքո, որը հեշտացնում էր դպրոցների, սովորողների և ուսուցիչների հետ շփումը։ «Ստուդիո-դասարան» ծրագրի շրջանակում, սովորողները մի քանի օր շարունակ դպրոցը տեղափոխում էին թանգարան և լաբորատոր-դասարաններում իրականացնում իրենց նախագծային ուսուցումը։ Համագործակցելով թանգարանի հետ՝ նրանք ներգրավվում էին էքսպերիմենտալ ծրագրերում։ Թանգարանում անցկացվող քառօրյա դասապրոցեսում սովորողներն իրենց մեծ «դասարանում» հանդիպում են թանգարանի բոլոր ստորաբաժանումների անձնակազմին՝ ներառյալ անվտանգության, զարգացման, օպերատորական, կուրսանտների և կրթության։ Սա հանգեցնում է իրական պատկերացումների, թե ինչի համար են թանգարանները, ինչ են անում և ինչպես են աշխատում:
Ստուդիո-դասարանում սովորողները միասին դիտում են մշակութային արժեք ունեցող հարյուրավոր նմուշներ ու քննարկում թանգարանի աշխատակիցների հետ։ Սովորողների դիտարկումները և հարցերը խրախուսվում են, նրանք ստանում են նախնական գիտելիքներ, աշխատակազմը փոխանցում է իր ունեցած անձնական փորձը։
Սովորողները, դիտարկելով այն, ինչ տեսնում են թանգարանային ցուցահանդեսներում, ինչ լսում են մասնագետներից, ստուդիո-դասարաններում փորձում են ստեղծել, նկարել, շարադրել կամ պատրաստել՝ իրենց երևակայության սահմաններում, քննարկում այն բոլորի հետ, ստեղծում նոր արժեքներ, որոնք բացահայտում են սովորողների ընդունակություններն՝ իրենց ուսուցիչների համար։
Սովորողների վերջնական արդյունքներն ամփոփվում են ցուցահանդեսների միջոցով, որոնք նպաստում են սովորողի ինքնավստահության բարձրացմանը և թանգարանային նոր այցելությունների աճին։
Սովորողները, որ այլընտրանքային ուսուցման միջավայրում ոգևորվում են և ունենում բարձր ինքնազգացողություն, փոխանցում են տպավորություններն իրենց ընտանիքի անդամներին՝ այսպիսով աջակցելով համայնքի մասնակցությունը թանգարանային մշակույթին, և կրթական ծրագրին ընդհանրապես:
Ուսանողները կապ են ստեղծում ստուդիո-դասարանի և ավանդական ուսումնական առարկաների միջև, ինչպիսիք են մաթեմատիկան, բնական գիտությունները, օտար լեզուները, ստեղծագործական գրավոր խոսքը, աշխարհագրությունը, պատմությունը և այլն։
Ստուդիո-դասարանները՝ ի տարբերություն ավանդական դասասենյակների, ապահովում են համապատասխան միջավայր, հարմարավետություն, տարածքի համահունչ ձևավորում, անհրաժեշտ պիտույքներ, պրոյեկտոր, մեծ էկրան, պաստառներ, որոնք տեղեկություն են պարունակում և այլն։
Նոթինգամի դպրոցներից մեկը հիանալի գաղափար է առաջ բերել` սովորողների ստեղծագործական ողջ կարողությունները դրսևորելու հնարավորության համար։ Նոթինգեմի համալսարանի Սեմուըրթ ակադեմիան դպրոցի մեջ ստեղծել է զարմանահրաշ մի վայր, որը ղեկավարել է Մեթյու Մաքուեյը։ Հատկացված տարածքը լցվել է ամենախառը առարկաներով՝ սկսած կետի ականջից, վերջացրած նախապատերազմյան շրջանի տպագրիչից և 50-ականների հեռախոսից։ Նա այս գաղափարն անվանել է «Թանգարանը դպրոցում»։ Խրախուսվում է երեխաների շփումը՝ առարկաներին ձեռք տալն ու հետազոտելը։ Չկան ճնշումներ, որպեսզի ուսումնասիրեն օբյեկտները խորությամբ, պարզապես կարելի է թափառել սենյակում և վայելել դրանք։
Մեծ Բրիտանիայում Բերքշայերի Լանգլի ակադեմիան դպրոցում ստեղծել է «թանգարանային ուսումնարան» (հղում), որտեղ ցուցադրվում են դպրոցի թանգարանային հավաքածուները՝ սովորողների պատրաստած ցուցանմուշները, որոնք պատրաստվել են ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Նրանց ներկայիս թանգարանային ցուցահանդեսը համագործակցում է համալսարանի հետ, և ցուցադրությունը վերաբերվում է սննդին և խմիչքին: Դպրոց մտնելիս ապակե դարակների մեջ աչքի են ընկնում հին բաղադրատոմսեր, սպասք, հայտնի ապրանքանիշների ծագմամբ ցուցանմուշներ։
Իմ ուսումնասիրության արդյունքում Museum Questions բլոգի «Դպրոց և թանգարան․ գաղափարներ և ենթադրություններ» բաժնում մի շատ հետաքրքիր տեղեկություն գրավեց ուշադրությունս։ Որպես ենթավերնագիր տեղեկացվում է, որ բլոգի էջը շարունակաբար փոխվում է, քանի որ հարցազրույցներն անցկացվում են պարբերաբար: Գաղափարները ստատիկ չեն. նոր տեղեկությունները և ընթացիկ քննարկումները առաջ են բերում նոր գաղափարներ։ 2014 թ.-ից սկսած՝ այստեղ արձանագրվում են նոր գաղափարներն ու առաջարկությունները, որոնք առաջ են քաշվում թանգարան այցելած դպրոցականներից և ուսուցիչներից վերցրած hարցազրույցների ժամանակ։
Դրանցից ինձ ամենից շատ դուր եկավ աշխատանքային թերթիկներ լրացնելը, որոնք կազմում և տրամադրում է թանգարանը՝ համապատասխանեցնելով դպրոցականների տարիքային առանձնահատկություններին ու հետաքրքրություններին։ Թանգարանային շրջայցից հետո դպրոցականները լրացնում են թերթիկը, որոնք կարող են նաև ուղեցույց ծառայել նրա ընտանիքին։
Երկրորդ՝ թանգարանի կողմից ուսումնական ձեռնարկների տրամադրումը ուսուցիչներին, որոնք կարող են դասարանում կիրառվել ուսուցչի կողմից՝ նախնական տեղեկություն տալով սովորողներին։
Երրորդ՝ թանգարանը կարող է կազմակերպել սովորողների ճաշը թանգարանում կամ համագործակցել մոտակա որևէ ռեստորանի հետ։
Չորրորդ՝ եթե նույն ուսուցիչը պարբերաբար սովորողների խմբեր է տանում թանգարան, ապա թանգարանը կարող է անվճար շրջայց կազմակերպել կամ ուսուցչին համապատասխան ձեռնարկներ տրամադրել, որ ուսուցիչը՝ իր ցանկության դեպքում, ինքը վարի շրջայցը իր սովորողների համար։
2016 թ․ մարտ ամսին կրթական բաժնի թղթակից Սառա Քեսիդին մի հոդված հրապարակեց այն մասին, որ դպրոցներն իրենց դասերը տեղափոխեցին թանգարան՝ ուսուցման գիտափորձի նպատակով։ Լոնդոնի համալսարանական (թագավորական) քոլեջը նախագիծ է սկսել, որի շրջանակում պետք է զուգահեռ հետազոտել և ուսումնասիրել հնադարյան ու նորարարական արվեստի գործերը։ Նախագծային աշխատանքն իրականացնելու համար նա ներգրավել է երկու հիմնական դպրոց և մեկ մանկապարտեզ, որոնք իրենց դասերն ու պարապմունքները տեղափոխում են տեղի թանգարաններ։ Նախագիծը նաև փորձարարական է, որը պետք է պարզեր՝ արդյո՞ք դասերը թանգարանում անցկացնելը կխթանի սովորողներին ու երեխաներին, թանգարանները կդառնա՞ն դասարաններ, և դա կնպաստի՞ թանգարանային այցելությունների աճին։
Սովորողները մինչև նախագծի ավարտն ամեն օր իրենց բոլոր դասերը անցկացրեցին թանգարանում՝ ըստ դասացուցակի, ներառյալ ընդմիջում, նախաճաշ և ճաշ, որպեսզի նրանց առօրյան տարբերվեր սովորական թանգարանային այցից, և սովորողներն ստանային բոլորովին նոր փորձառություն։ Նախագիծը կոչվում էր՝ «Իմ Հիմնական դպրոցը թանգարանում է»։
Քինգի մշակույթի ինստիտուտի տնօրեն Քեթրին Բոնդն ասում է, որ նախագիծը կպարզի, թե թանգարանները կարո՞ղ են դառնալ դասարաններ մեծ քանակի սովորողների համար, քանի որ շատ շրջաններում չեն բավականացնում դպրոցները, մինչդեռ որոշ թանգարաններ էլ փակվում են ֆինանսավորման կրճատման պատճառով։
Հարավային Շիլդում (հղում) հիմնական դպրոցներից մեկի տնօրեն Սքոթ Բրաունը, ով իր 29 հոգանոց 9-10 ամյա սովորողների դասերը տեղափոխել էր Հարավային Թինեսիդա, ասում է. «Կարծում եմ, որ նախագիծը մեծ ազդեցություն ունեցավ երեխաների վրա: Այն իսկապես բացեց նրանց աչքերը։ Թանգարանում պատմություն սովորելը տվեց նրանց ոչ միայն կրթություն, այլ նաև սովորելու խթաններ, ապահովեց զվարճալի ժամանց»։
Սվենսիի Սուրբ Թոմաս Համայնքի ավագ դպրոցից (հղում) չորս և հինգ տարեկան 50 երեխաներ պարապմունքներն անց կացրին քաղաքի ծովափնյա ազգային թանգարանում: Նրանց ուսուցիչ Լաուրա Լյուքթոնն ասաց, որ արդեն նկատել է, թե երեխաները ինչ մեծ օգուտներ են քաղում: Նա ասում է. «Նրանք այս կարճ ժամանակահատվածում այնքան բան են ստանում, որ արդեն նկատելի բարելավվել են երեխաների սոցիալական և խոսակցական հմտությունները»:
Լոնդոնի Քենսինգտոն մանկական կենտրոնի սովորողները այցելում են Տեյթ Լիվերպուլի պատկերասրահ և վայելում շրջայցը՝ իրենց ոգեշնչման համար։ Լինդսի Ֆրեյը՝ Լիվերպուլի թանգարանում ուսումնական նախագծի ղեկավարը, ասել է. «Երբ մարդն անցնում է դռան միջով, նոր տեսնում է, որ դա հենց իր համար է:
Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, դասերը թանգարաններում անցկացնելը դրական է անդրադառնում և՛ սովորողների և՛ թանգարանի համար, հատկապես երբ թանգարանը կարող է գրավել տարբեր տարիքի սովորողների և անգամ մանկապարտեզի սաների։ Հանենք մեր միջից մեր երկրում տիրող կարծիքը թանգարանների մասին, որին բազմիցս եմ տարբեր հոդվածներում հանդիպել։ Թանգարանը միայն հնություններ կուտակելու վայր չէ, ձանձրալի ու ծանրաբեռնող։ Եթե պատկերացումն այլ լիներ, կարծում եմ Հայաստանում թանգարանային այցելություններն այսքան պասիվ չէին լինի։ Թանգարանային տարածքներն օգտագործելով որպես կրթական հարթակներ՝ համագործակցելով թանգարանների հետ, առաջարկելով, որպեսզի նրանք ևս քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ և նախապատրաստեն ուսումնական տարածքներ, հարցաշարեր, աշխատանքային թերթիկներ՝ խաղերի և խաչբառերի տեսքով, օգնեն ուսուցիչներին՝ նախքան թանգարան այցելելը տրամադրելով դպրոցին թանգարանի մասին բազմալեզու տեղեկատվություն, շահագրգռվեն, որպեսզի թանգարանի այցելուն իր հետևից այցելուներ բերի, թանգարանը կդադարի ընկալվել որպես այսպիսին։ Մենք էլ մեր ուսումնական նախագծերով աջակցենք այդ աշխատանքներին։
Ես 2017-2018 ուսումնական տարվա համար առաջարկել եմ թանգարանային «Հայկական մշակույթ» նախագիծը Հյուսիսային, Միջին դպրոցի սովորողներին, որոնց հետ աշխատելու եմ այս տարի, և գործընկերներիս։
- Բացվել է 1489 անգամ