Մուտքի ճամբար. զարգացող ու հեռանկարային նախագիծ

Կրթահամալիրում ասում ենք՝ սովորողի մուտքը հեղինակային կրթական ծրագիր կոնկրետ է և նախագծային. ի՞նչ է սա նշանակում:

Կրթահամալիրի որևէ դպրոց, այդ թվում՝ ավագ դպրոց ընդունելիս որևէ տարիքի դիմորդից քննություն չենք ընդունում, տարատեսակ տեղեկանքներ և բնութագրեր չենք պահանջում, սովորողին չենք տեսակավորում։ Հեղինակային կրթական ծրագրի գիտակից ընտրությունը արդեն բավարար է։ Դրա համար կրթահամալիրի դպրոց՝ կրտսեր, միջին թե ավագ, սովորողի ընդունելությունը վերածվում է ուսումնական նախագծի, որի արդյունքում սովորողը, որ ուսումնառության պայմանագրի կողմն է,  կրթահամալիր մուտքի արտոնագիր է ստանում, պատրաստ է լինում պայմանագիրը ստորագրելու:

Ինչո՞ւ է սա կարևոր, ու ինչ խնդիրներ են լուծվում այս մուտքով։

  • Դժվար է մեկ զրույցով ներկայացնել կրթահամալիրն իր ամբողջության մեջ, ու հաճախ սովորողին, ծնողին մեկ շրջայցը, պատումը, տեղեկատվական թերթիկն ու կայքի հղումը բավարար չեն լինում ողջ տեղեկատվությունը այդքան արագ յուրացնելու համար ու հասկանալու՝ կրթահամալիրն իսկապես իր ընտրությունն է, թե ոչ:
  • Մուտքի ճամբարը հնարավորություն է տալիս հասկանալու կրթահամալիրային ինչ-ինչ մեթոդներ ու մանկավարժական մոտեցումներ, ընկալելու կրթահամալիրային միջավայրը, կողմնորոշվելու կրթհամալիրում. էսպես սովորողի ընտրությունն ավելի փաստարկված ու հիմնավոր է դառնում, սխալվելու հավանականությունը փոքրանում է։ «Ես չհարմարվեցի», «կրթահամալիրն իմը չէր», «այս մեթոդը մենք չենք ընդունում» արտահայտությունները, համենայնդեպս, այս տարի չեն հնչել կամ դրանց հավանականությունը խիստ նվազել է:
  • Սովորողի համար ինքնադրսևորման, ճանաչողական, կրթահամալիրի մեծ քարտեզային տարածքում կողմնորոշվելու, դպրոցներին իրենց մուտք ու ելքով ծանոթանալու, կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները գործնականում գնահատելու ու տարբեր գործունություններով զբաղվելու ռեալ հնարավորություն են դառնում ճամբարները։
  • Դա հեշտացնում է նաև դասավանդողի, կազմակերպչի, դպրոցի ղեկավարի գործը. ճամբարն իրական հնարավորություն է սովորողին ճանաչելու համար, հասկանալու՝ կրթահամալիրային մանկավարժություն ներառվո՞ղ սովորող է, ունի՞ հետաքրքրություններ, կարողանում-ուզո՞ւմ է դրսևորել իրեն, սովորել, քայլել, ճամփորդել:

Այս խնդիրների կարևորման, 2016-ի, 2017-ի ճամբարների արդյունքում կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի կողմից մշակվեց, մանկավարժական աշխատողների կողմից յուրացվեց-լրացվեց, հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերը համալրեց կրթահամալիր ընդունելության կարգը:

Ի՞նչ տվեցին մեզ՝ կրթահամալիրի Միջին դպրոցին, ամառային ճամբարները, օգոստոսյան «Մուտք կրթահամալիր» ճամբարները, այդ թվում՝ և՛ սովորողների, և՛ մանկավարժական աշխատողների։ Ունեցանք տարատարիք սովորողների ակտիվ գործունեություն, տարատեսակ աշխատանքներ, նոր սովորողների ներառում, հետաքրքիր նախագծեր ու պատումներ։ Միջին դպրոցում ուսումնական տարին սկսեցինք հետաքրքիր, երիտասարդ նոր աշխատողներով:

Մուտքի ճամբարը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերում է, կարևոր մանկավարժական շեշտադրում, մեր մանկավարժության մեջ նորամուտի կարևորում:

Լավ է, որ ձևակերպումները հստակեցվեցին կոնկրետ աշխատանքում, նախագծերը եղան իրարից տարբերվող, տարատարիք խմբերում` մոտեցումները տարբեր:

Քանի որ մուտքի ճամբարներն արդեն օրացուցային են, նախօրոք  հայտնի, անելիքներն էլ նախապես պետք է հստակ որոշված-համակարգված լինեն.

  • ձևակերպված լինեն ճամբարի հետ կապված անելիքները, պատասխանատուներն ու աջակիցները.
  • ժամանակին հրապարակվեն տեքստային բազմալեզու հրավեր-հայտարարություններ, որոնց տարածումը կդառնա կոնկրետ նախագիծ իր բոլոր փուլերով.
    - հայտարարության ստեղծում, տարածում
    - շահառու խմբերի որոնում, նյութերի տարածում համացանցում, լրատվամիջոցներում
    - ծնողների ներգրավում (Իմ սեբաստացի ծնողը՝ հեղինակային կրթական ծրագրի  տարածող)
    անհատական պատասխանատվություն (Ես՝ սեբաստացիս, տարածող)
  • ընդհանուր ծրագրային բաղադրիչը մշակվի այնպես, որ տարիքային տարբեր խմբերի հետաքրքրությունները ներառի:

Պարզ է, որ նախագիծը կարող է փոփոխվել ու տարբեր ձևակերպումներ ստանալ, բայց հիմնական գործունեություններ պարունակող բաղադրիչները լինեն հստակ և հրապարկված: Օրինակ.

  • Լող
  • Մեդիահմտություններ. բլոգուսուցում
  • Մուտքի ճամբարների ֆլեշմոբ, քայլք
  • Համատեղ երգ-պար
  • Միջավայրի խնամք

Ծրագրային բաղադրիչները պետք է բացված լինեն, պարզ ու թեթև տեքստով. էնպես, որ հասկանալի լինեն նաև օտարախոս ծնողին, սովորողին: Լինեն տարբեր լեզուներով, տարածվեն, պատմվեն համացանցի բոլոր հնարավորություններով:

Մնում է ավելացնել՝ Միջին դպրոցի հոկտեմբերյան «Մուտք կրթահամալիր» ճամբարն արդեն մեկնարկում է. սկսում ենք նախապատրաստումը: ճամբարը նրանց համար է, որ դպրոց են ուզում փոխել, կամ արտասահմանից են եկել (գալու) ու դպրոց են փնտրում... ում հետաքրքիր են կրթահամալիրը, այստեղ  իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը, ուսուցման կազմակերպումը ուսումնական նախագծերով, ուսումնական բլոգներով, ուսումնական աշխատանքի կապը սովորողին առօրյայի ու կյանքի հետ։ Համեցեք։ 

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский