Մենք ավելի շատ խոսում ենք, քան գրում
Primary tabs
30.09.2017
Մայրենիի մի կարևոր բաղադրիչ, որպես կանոն, դուրս է մնում սովորողի ուսումնական գործունեության մեջ կարևորումից, ուսուցչի ուշադրությունից: Ասելիքս բանավոր խոսքին է վերաբերում: Դիստերվեգն է դեռ 19-րդ դարում այդ մասին խոսել: Նա էր ասում, որ չնայած այն բանին, որ մեր կյանքի ընթացքում մենք ավելի շատ բանավոր խոսքն ենք օգտագործում, քան գրավորը, մայրենիի ուսուցումը՝ ամբողջ ուսումնական գործը, տարվում է հիմնականում գրավոր խոսքի զարգացման ուղղությամբ: Այս դիտարկման հետ ես որ չեմ վիճի. համաձայն եմ գերմանացի ուսուցչապետի հետ: Եվ չեմ էլ ունենա պատասխանը, թե որ տրամաբանությամբ է այդպես արվում:
Գրավոր խոսքի զարգացման բազմաթիվ միջոցներ-մեթոդներ են ձևակերպված, գործածվում, զարգացվում: Իսկ բանավոր խոսքի զարգացման ի՞նչ գործիքներ ենք օգտագործում, ի՞նչ մեթոդներ կան, ինչպիսի՞ հմտություններ են փոխանցվում դրանցով, բանավոր խոսքի զարգացման ի՞նչ արդյունավետ ձևեր կան: Իհարկե բանավոր խոսքի զարգացումը միայն մայրենի լեզվի ուսուցչի գործը չէ: Ուսումնական ողջ միջավայրը՝ ուսումնական գործի իր բոլոր մասնակիցներով, պարտավոր է նպաստել դրան: Բայց այն չի էլ կարող չդառնալ մայրենիի դասթընթացի ծրագրով որոշված գործունեության ուղղություններից մեկը, ընդ որում՝ ոչ պակաս կարևոր, գուցե նաև առավել կարևոր, քան գրավոր խոսքինը:
Ես խոսեմ բանավոր խոսքի զարգացման իմ գործածած մեթոդների, իմ փորձի մասին:
Մոտեցումս հետևյալն է. որպեսզի սովորողը ճիշտ խոսի, հստակ և լեզվական առումով ճիշտ ձևակերպի իր ասելիքը, նա պետք է ուշադրություն դարձնի իր բանավոր խոսքին: Խոսքի թափթփվածությունը, իմ կարծիքով, սովորողի բանավոր խոսքի ամենադիպուկ բնորոշումներից է: Ինչպե՞ս հասնենք նրան, որ դա հաղթահարվի: Ինչպե՞ս անենք, որ սովորողի ականջը սղոցի իր կիսատ-պռատ, սխալներով ձևակերպված խոսքը:
Նախ՝ ստեղծում ենք բնական հաղորդակցության, ինքնարտահայտման, բնական խոսքի արտահայտման իրավիճակներ: Արհեստական երկխոսությունները, նյութերի վերապատմումները, որ ջանասեր սովորողի համար հիմնականում դառնում են կիսաանգիր վերարտադրություն, քիչ են նպաստում կենդանի խոսքի զարգացմանը (եթե, իհարկե, նպաստում են): Ապա թվային միջոցով գրանցում ենք այդ խոսքը, որից հետո լսում և քննարկում ենք: Թվային հասանելի տեխնիկան այսօր դրա հնարավորությունը տալիս է յուրաքանչյուրին:
Ներքևում տրված է երկու տեսանյութ: Երկու տարբեր 6-րդ դասարաններում, որպես կիրակնօրյա ընթերցարան, առաջարկվել է կարդալ վրացի հեղինակ Ճաբուա Ամիրեջիբի «Հեծանիվը» պատմվածքը: Մի դասարանում սովորողները ստեղծագործության քննարկումը դատի են վերածել՝ իրենց հարցադրումներով, ընկալումներով, մյուսում՝ կլոր սեղան են կազմակերպել: Երկուսում էլ ազատ փորձում են ներկայացնել իրենց ասելիքը: Ես աշխատում եմ չմիջամտել, որպեսզի կենդանի, անմիջական մթնոլորտում լարում չմտնի, սովորողները ազատ խոսեն, արտահայտվեն: Լսեք խոսքը:
Կարող եք լսել նաև «Չաչանակ» մեդիա-բլոգի Ռադիոնյութեր բաժնում դրված նյութերը:
Խոսքային վրիպումներ՝ որքա՜ն ասես, լեզվական խճողումներ, լեզվական սխալ կառույցներ՝ նույնպես: Սա այսօրվա մեր բանավոր խոսքի վիճակն է: Ունենք այն, ինչ ունենք:
Հիմա պատմեմ այս տեսանյութերից և ռադիոնյութերից հետո արվող աշխատանքի մասին: Սկզբում սովորողներն իրենց անհատական ականջակալներով լսում են իրենց և իրենց ընկերների խոսքը, դուրս են գրում իրենց կարծիքով սխալ ձևակերպումները, լեզվական սխալները: Հետո սկսում ենք քննարկումը՝ ինչ պետք է ասվեր, և ինչպես պետք է ասվեր:
Ի վերջո՝ սովորողի ուշադրությունը հրավիրում ենք իր բանավոր խոսքի վրա, առանց որի խոսքը՝ ավելի հստակ, ձևակերպումն առավել գրագետ դարձնել հնարավոր չէ: Թե խոսքային առաջընթացը երբ կլինի, ում խոսքում երբ ի հայտ կգան փոփոխությունները, դժվար է ասել: Կարևորը ճանապարհն է, որով անցնում ենք՝ բնական հաղորդակցության ապահովում և այդ կենդանի խոսքի անհոգնել աշխատանք: Մնացածը կերևա… Ո՞ւր ենք շտապում:
11.10.2017
Ուրախ է և արդյունավետ
Սովորողները լսում են իրենց ընկերների խոսքը: Դուրս են գրում լեզվական վրիպումները:
Եթե ուսուցումն ուրախություն չի բերում, իմ համոզմամբ, ինչ-որ կարևոր բան պակասում է: Սա, կարծում եմ, ոչ միայն ուսուցմանն է վերաբերում: Անսպասելի հարցերի, դրանց պատասխանելու վարժանքն օգնում է նաև խոսքը արագ ու ճշգրիտ ձևակերպելուն: Հետո սովորողները կքննարկեն իրենց խոսքը, հետևություններ, ճշգրտումներ կանեն: Եվ այս աշխատանքը կդառնա բանավոր խոսքի զարգացմանն ուղղված արդյունավետ, ուրախ աշխատանք: Դիտենք այդ հարցուպատասխանից մի հատված: Սա առաջին փորձն է: Կարծում եմ՝ այսպիսի հետևողական աշխատանքի դեպքում մյուս և հարցերն ավելի հետաքրքիր-բովանդակալից կձևակերպվեն, և պատասխաններն ավելի հստակ-ճշգրիտ կլինեն:
Հիմա լսեք «Չաչանակ» ռադիոյի թողարկումը, որը սովորողների նախագիծ-նախաձեռնությունն է:
Ընդհանրապես սովորողների ռադիոհաղորդումները լեզվական բանավոր աշխատանքի լավ հնարավորություն են տալիս: Ակտիվ, հետաքրքիր բանավոր աշխատանքի ձև է: Յուրաքանչյուր ռադիոհաղորդումից հետո սովորողները հնարավորություն ունեն լսելու իրենց խոսքը, քննարկելու ձևակերպած հարցերը, հնչած պատասխանները: Բանավոր խոսքի մշակման լավ ու հետաքրքիր աշխատանք է:
Լսեք նաև այս Միլենա Հարությունյանի այս հաղորդումը: