Հետքի վրա ենք ու չենք շեղվի...

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Այս ե՜րբ գնաց սեպտեմբերը՝ իր ուսումնական տարով, որ հիմա էլ գալիս է, նորի իրավունքով, իր հերթական տարով ուսումնական՝ 2017-2018։ Մեզանում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, սեպտեմբերը երկու-երեք օր շուտ է գալիս, այս անգամ օգոստոսի 30-ին՝ որպես մարզատոն-ստուգատես... Որքա՜ն գործ է արվել, հատկապես պարտիզա-պուրակային, բակային-հողային, բացօթյա-մարզական-լողափային, ու որքա՛ն էլ կիսատ-պռատ կա... Այսօրվա ավանդական մանկավարժական ժողով-ներկայացումից հետո, հայդե՜, չորս կողմ մեր ստեղծած աշխարհի. սրանք համատեղ արվողներից են, ոչ թե սովորողի համար, այլ սովորողի, մեր մանկավարժության պատվիրատու գործընկերների հետ... եթե մանկավարժության աշխատանքը չենք ուզում վերածել սիզիփոսյանի...

Ամենադժվարը, իհարկե, ներքին կամուրջներն են՝ աշխատանքային, մշտական բանուկ, հարմարավետ կամուրջները, նոր անցումներով, նոր կապերով… Նախագծային ուսուցման պարտադրանքն է սա, նրա ամենամեծ արդյունքն ու անշրջելի պայմանը՝ մշտական բանուկ կամուրջներ-հաղորդակցություն… Մեր սովորողների ծնողների հետ, երեխային, որևէ տարիքի սովորողին շրջանցող կամուրջ ուղղակի չի ստացվի, սխալ ճանապարհ է… Այս կապը՝ դպրոց-ընտանիք առ այսօր հենց դրան էլ ծառայել է՝ սովորողին շրջանցելու համար… Ես այդպիսի նախագծերով կամուրջներ ոչ միայն չեմ գցի, այլև վճռական դեմ եմ կանգնում… Սովորողը իր անհատականությամբ, իր ձեռքբերումներով պիտի մեզ կապի… Մեր պայմանագիրը ուսումնառության հենց սովորողի հետ է, ու ցանկացած կապ-քննարկում-առաջարկ չի կարող շրջանցել սովորողին… ինչի՛ կբերի, ուր կտանի. խուլերի խոսակցություն… Ես ուզում եմ, մենք մտավախություն ունենք, մենք թույլ չենք տա, մենք պահանջում ենք, ի վերջո, խնդրում ենք… Այսքա՞նը… Սա կամուրջ չեղավ, սա քարկապ է, սա անդունդի վրա է գցվում կամ անդունդ է տանում…

****

Ճամփորդությամբ ուսուցմամբ, կրթական փոխանակումներով, կինո-ֆոտոյով, բնապահպանական-հայրենագիտական ֆլեշմոբներով կկարողանա՞նք մեր բնակավայրերի մարդկանց-պատանիներին տեսանելի դարձնել ավերակներ-շինություններ, որոնց քանդում-վերացումը իրենց աշխարհին մաքրություն կբերեր… Աչքս տեսնի: Անընդհատ գործող ֆիզիկական ու մեդիա միջավայրում, շարունակ ընդարձակվող ցուցադրություն ու կինոֆոտո ներկայացումներ տձևի՝ երիտասարդ-վճռական մարդու տեսած, աչքի գերանը դարձած… Այսպես մտցնեն մեր աչքը երբևէ, որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում, անհարկի միջամտության հուշարձանները, որոնք զռռում են, չեն շշնջում ու պահանջում վերացնել, քանդել-սրբել իրենց:  

Կկարողանա՞նք մեր նախագծերում ներառված դպրոցներին՝ ուսուցիչներով-սովորողներով ընդգրկել ֆլեշմոբային առաջադրանքներում՝ սկսած առաջադրանքների կազմակերպումից, նախագծային բովանդակությունից… Սրանով մենք վճռական քայլ կանենք ֆլեշմոբների առարկայական բնույթը հաղթահարելու ուղղությամբ՝ բաժանելով դրանք օտար լեզուների, լեզուների, բնագիտության-մաթեմատիկայի, փոխանակ դրանք բոլորը որպես հմտության գիտելիք գործածելու՝ որևէ նախագծով, ասենք՝ առաջիկայում «Գետը համայնքում» նախագծով, առաջադրանքների կազմման, կենսական՝ նախագծով որոշված համայքային խնդիրների լուծման համար… Սրանով մեր մանկավարժությունը կրթահամալիրի Բանգլադեշից դուրս կգա, կմտնի համայնքներ ու բնակիչների ընտանիքներ: Այո, ֆլեշմոբը այսպիսով նոր պատվիրատու-կազմակերպիչ է ձեռք բերում՝ նախագծերով ուսուցումը… Եթե, իհարկե, սա վերջնական չենք ուզում ձևականացնել-բովանդակազրկել…

****

Մեզ մինչ այս ծանոթ էին Շուշիի  ավերակները, որ շշնջում էին։ Շարունակո՞ւմ են շշնջալ։ Շարունակակա՞ն է դրան մեր արձագանքելը, որպես ուսումնական նախագիծ, 2017-2018 ուսումնական տարում։

Ամենաշատը հաճույքով ես ճամփորդում եմ քայլելով. ուսապարկը ուսիս՝ ես նորից, ցանկացած պահի ոտի տակ կտամ Հայաստանը… Ավտոմեքենան փոխադրամիջոց է սոսկ ինձ համար, ու ինձ դժվար է կտրել նրա պատուհանից… Դժվար թե ինչ-որ բան վրիպի… Աչքերով փնտրում, գտնում, կենտրոնանում, ուսումնասիրում-ճանաչում եմ… Ողջը իմն է։ Ցավ է տգեղ-անճաշակ-անտեղի միջամտությունը մարդու շինության ձևով՝ շենք կլինի, թե ցանկապատ, գույն ու ցուցանակ, ուրախություն է անձնական ամեն մի մաքուր-հետաքրքիր բան՝ բնական կտոր, թե հուշարձան… ծառ, արտ, ծաղկանոց… գետ ու լճակ…

Ես, գիտեք, բնության մեջ կեղտից-աղբից կարող եմ ցասում ունենալ, և բնական մի բան է Հայաստանով մեկ, որտեղ որ լինի՝ աղբը հավաքելը… Մեր շենքից մինչև Խանջյան փողոցի աղբարկղը ամեն առավոտ տոպրակով աղբը տանելիս ես շարունակ կռանում-ճամփի աղբը հավաքում եմ… Կարողանայի աչքիս տեսած մարդկային տգեղ-անտաշ միջամտությունները շտկել՝ քանդել-հավաքել… Հայաստանով մեկ… Մի էքսկավատոր «կռասավեց» ու մի  բեռնատար ունենայի ու այս պահից սկսած իմ աշխատանքը դարձնեի քանդել-հավաքելը, սրբելը…

Ճամփորդությամբ ուսուցմամբ, կրթական փոխանակումներով, կինո-ֆոտոյով, բնապահպանական-հայրենագիտական ֆլեշմոբներով կկարողանա՞նք մեր բնակավայրերի մարդկանց-պատանիներին տեսանելի դարձնել ավերակներ-շինություններ, որոնց քանդում-վերացումը իրենց աշխարհին մաքրություն կբերեր… Աչքս տեսնի: Անընդհատ գործող ֆիզիկական ու մեդիա միջավայրում, շարունակ ընդարձակվող ցուցադրություն ու կինոֆոտո ներկայացումներ տձևի՝ երիտասարդ-վճռական մարդու տեսած, աչքի գերանը դարձած… Այսպես մտցնեն մեր աչքը երբևէ, որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում, անհարկի միջամտության հուշարձանները, որոնք զռռում են, չեն շշնջում ու պահանջում վերացնել, քանդել-սրբել իրենց:  

Մեր աշխարհիկ կառույցների մեջ կամուրջներն իմ թուլությունն են… Ձեզ տարա Օշական, Աշտարակի-Քասախի հին (ձորի) կամրջով, տարա կանգնեցրի Օշականի ձորում, դեպի Էջմիածին ուղղությամբ, հին կամրջի խառնարանում… Վայոց ձորից Սելիմով Սևանի ավազան Մարտունու Գեղհովիտ անցման ժամանակ ոչ մի կամրջակ աչքիցս չի վրիպել.. հերթով կանցնեմ, կողքին կնստեմ, կնայեմ, տակը կնստեմ… Հրազդանի կիրճը՝ բոլոր կամուրջներով, իմ մշտական ուշադրության կենտրոնում է։ Հիմա էլ «Գետը բնակավայրում՝ գյուղում, քաղաքում»  նախագծով քանի՜ գյուղ-դպրոց-համայնք կարելի է իրական գործով կապել, քանի՜ կամուրջ գցել, իրական ֆիզիկական գետերի-առվակների վրայով անցումներ ու մարդկային հաղորդակցության այսպիսի խառնարանով, որ փնջային հավաք է կոչվում։ Առաջինը, որ երեկ սկսվեց, Սևանի ավազանի Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Արտանիշի դպրոցների հիսունի չափ սովորողների, ուսուցիչների հետ երկօրյա հավաքն էր։ Երեկ կեսօրին միաժամանակ շարժվեցին Որոտանի գետով Հրազդանի աջ ափ՝ կրթահամալիրի Բանգլադեշ կամրջաշինարարների, Սևանի ավազանի Վարդենիկ, Երանոս, Զոլաքար գյուղերի գետերով նոր կամրջակներով Սևանի ավազանը մեզ մի նախագծով կապող, փնջային հավաք նախապատրաստող խմբերը… Առանձին փնջային հավաքներ՝ իրական-իսկական-խելամիտ նախագծային աշխատանքի փուլերով…

Ու հիմնադրամ մտածեցի, որ գնահատի գույքը ավերակի-տձևի տիրոջ, փողը տա, ու քանդես-սրբես երկրի երեսից այնպես, որ էլ չբուսնի: Մեզանում մի վիճակ է ստեղծվել, որ իրական գեղանկարչական գործիքներ են քլունգը-լինգը, կոմպրեսորը… շինտեխնիկան: Ու նկարիչ-ճարտարապետ-դիզայները պետք է գործի սրանցով… Կսկսեի սրբելով կառուցումը… Սեմյոնովկա գյուղից։ Գյուղի մի ընդարձակ հարթակում դեպի մայրուղի, Ձկնագետի հովիտ նայող շշմելու տարածք կա՝ իր նախկին պանրի արտադրամասի լքված-խորոտիկ շինությամբ, տանիքը վերցրած, բայց պատերով ամուր-վերականգնելի երկար գոմ, ու սրանց արանքում՝ սրբելով նկարչության զռռացող օբյեկտներ… Տեխնիկայով, ձեռքերով մի քանի օրվա աշխատանք, ու հարթակը կդառնար նոր Սեմյոնովկայի խորհրդանիշը… ճամփորդության կենտրոն… ձիարշավով… այլ մարզա-խաղադաշտերով, պարզ-վրանային տիպի կացարաններով… խոհանոցով, դեպի Ձկնագետ անվերջ սարահարթեր… Այդպիսի մի նկարչությամբ զբաղվեցի ես Սեմյոնովկայի դպրոցի բակում, շենքի շուրջ ու ներսում։ Շենքի հարևանությամբ՝ մոլոկանների թողած բացառիկ տները… դիմացը՝ անմահական ջրով աղբյուրը, մոռացված հուշարձանի մի կտորը… Տարոսը Հայաստանով մեկ բոլոր բնակավայրերին: Հետո կմտնենք հարևան Վրաստան… Ու թվում է, իսկապե՞ս, ես ամենահանդուրժող մարդն եմ:

Երկօրյա շրջայցը մեր «Գետը համայնքում» նախագծով… ստացվեց: Այս ե՞րբ մեծացան մեր չորրորդ դասարանցիները, որ հիմա միասին այսպիսի նախագծի մասնակիցներ ենք… հավասար հավասարի հետ երկու օր-գիշեր 350 կմ ճանապարհ շատ հոգատար-կիրթ Արթուր վարորդի հետ, այսպիսի ճամփորդության համար հարմար «Սպրինտեր» մեքենայով, մեր Քնարիկի, Սոնա Փափազյանի, իմ հավաքած խճանկար-երթուղով… Գոհար Բալջյանի, Քրիստինե Շահբանզյանի, Կարինե Խառատյանի մամայությամբ, Հասմիկ Սիմոնյան օգնականով, Տաթև Համբարյան ու Միքայել Ղազարյան նախանձելի մարզական զույգով՝ 2017-ի լեռնագնացության մեր խորհրդանիշներով,  9-10-րդցիներ Արենի-Արմենի ավագությամբ… 25 ընկերներ դարձած տարատարիք ճամփորդներ, որ խիտ-շատ խիտ երկօրյայի ընթացքում, առավոտյան 7-ից մինչև ուշ երեկո կարողացան հարազատացնող, հեռանկար ունեցող կապեր հաստատել Սեմյոնովկա, Ծովագյուղ, Արտանիշ գյուղերի, նրանց դպրոցների բարեհամբույր-ընդառաջող ղեկավարների-սովորողների-ուսուցիչների խմբերի հետ, հայտնագործել Ձկնագետը, Գետիկ-Աղստև հովիտներով ստեղծված բնությունը, Արտանիշը՝ իր Սևանա լճով, ծոցով, թերակղզով, բարձունքով, իր ծագումով-ծնունդով Դաշքեսանից Արայիկ Մարգարյանի ու արդեն 12-րդ դասարանցի, ծնունդով արտանիշցի Արտուշի, Վահեի, … հետ… Ա՜յ քեզ պատրաստակամ-քչախոս մարդիկ. հայտնագործությունը մարդու, բնակավայրի, աշխարհի այսպես է լինում…

****

Ապրում է մեզ հետ, հանդիպում իմ հեծանվային դրախտի ճամփին հաճախ…
– Ողջո՜ւյն, վարպե՛տ Դերենիկ,- սլացքի հետ հասցնում-կանչում եմ, մնում է իր ժպիտը իմ ետևից, ինձնից առաջ, միշտ ինձ հետ։ Վարպետ Դերենիկը պարբերաբար այցելում է մեզ, կրթահամալիրի սարալանջերի կանաչի մեջ կորած Բանգլադեշով մեր ուրախանում, մեկ-մեկ կարևոր ցուցում տալիս, անպայման ոգևորում․․․
Հիսուն տարի Երևանի հարավ-արևմուտքի, Շահումյանի թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարեկարգման-կանաչապատման աշխատանքների գյուղատնտես Դերենիկն իր գործին է՝ օրն ի բուն, շոգին-կրակին, շուրջ տարի․․․ Երևանցին՝ անցորդը, չի՞ տեսնում նրան, չի՞ ճանաչում այս մարդամոտ, տրամադրությունդ իր կյանքի-աշխատանքի հավեսով հեշտ բարձրացնող մարդուն․․․ Ես իմացա հաճույքով, որ մեր Սուսան Ամուջանյանը, Գոհար Բալջյանը, իրենց խմբերով, ուսումնական նախագծով որոշել են անդրադառնալ, իր նվաճած կանաչ տարածքում-հարթակում ամբողջական-արժանի ներկայացնել մեր բոլորիս վարպետ-գյուղատնտես Դերենիկին․․․

Չգիտեի Նասլեդ անունը, որ Հայաստանում ինձ չի հանդիպել, Ջավախքի հայերի շրջանում տարածված է: Երեկ Վաչիանի մշակույթի տան պարի խմբի՝ գյուղի դպրոցի սովորողների կրթահամալիրում գտնվելու վերջին օրը՝  «Սեբաստիա» համերգասրահում հրաժեշտի հանդիպման ժամանակ խմբի ղեկավար, Նասլեդ Քեյանը հայտնեց, որ Նասլեդ են եղել, անունն այդ կրել են-փոխանցել են իր երկու պապերը… Իսկ ես, Գրիգոր ԽաչատրյանՆորայր Այվազյան (Սպարապետ) տեսածս, հայտնի մեթոդով ստուգաբանեցի.
– На след՝ հետքի վրա՜ ընկա:
Իսկապես, մշակույթի-հանրային կյանքի կազմակերպման եռանդուն-նպատակասլաց երիտասարդ գործիչը, որ Երևանում էր իր կնոջ ու աղջիկների՝ 4-ամյա և 6-ամյա Արաքսյա-Մետաքսյա դստրիկների հետ, հետքի վրա է կյանքում-իր աշխատանքում և շարունակ կհաջողի, ունենալով բոլորիս աջակցությունը… Ջավախքում, նրա սահմաններից դուրս օր օրի հայտնի դարձող պարի խումբը առաջին անգամ էր հյուրընկալվում-գործում մեր կրթական միջավայրում՝ ներառված ուսումով-կյանքով-պարով, և դրանից շատ տպավորված-գոհ էին…

Նասլեդը և կրթահամալիրի ֆենոմենը հասկանալու հետքի վրա էր. ամբողջական բաց-ներառական, համերաշխության ու փոխօգնության վրա կառուցված-կազմակերպված մեր աշխարհի նիստուկացը տպավորել էր նրան ու խմբին… Այս ո՜նց, առանց մեր հագեցած ուսումնական առօրյայից կտրվելու-շեղելու կարողացանք չորս օր մեզ անծանոթ 42 մարդու տնավարի ընդունել-խնամել, փոխանցել այնպես, որ չուզենան գնալ, չիմանան, թե ինչպես թռան չորս օրերը… Ազատ հայրենիքի ու մարդու վայելք պարգևի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ ջանացիք: Սա մեր «Արի տուն»-ն է, «Մեր տունը ձեզ փեշքեշ»՝ հերթական հաջողված նախագիծը փոխանակման…

****

Ինձ հարցնում են կարծիք հարգելի Արայիկ Հարությունյանի այս հրապարակման մասին… Արայիկը եղել է կրթահամալիրում, միասին շրջել ենք մեր հեղինակած դպրոց-պարտեզներում, բոլորի կարծիքով՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից սկսած, հարյուրավոր ամեն օր երթևեկող սովորողների ու նրանց ընտանիքներով վերջացրած, առաջադիմական… Պարոն Հարությունյանը տպավորված էր… Ինչո՞ւ  չի կարելի նման ուսումնական հաստատություններ ստեղծել Երևանի մյուս բնակելի թաղամասերում՝ օգտագործելով ազատվող ուսումնական շենքերը ու դրանց բակերը, սրանով բավարարելով և քաղաքում առկա, չարչրկվող մանկապարտեզային հերթերի խնդիրը: Մենք սիրով-բարեխիղճ կաջակցենք այսպիսի նախագծին, առանց վարչական պատկանելության… Թող սրանք լինեն քաղաքացիական նախաձեռնություններ, ազատ տարածքներ, խթանելով նախադպրոցական կրթության մասնագետների, մանկավարժական աշխատանք փնտրողների մուտքը: Մեր կանոնադրական խնդիրներից է մեր մանկավարժության, մեր ձեռքբերումների տարածումը: Այստեղից և բաց կրթական համակարգի հետևողական զարգացման պարտադրանքը: Հետքի վրա ենք ու չենք շեղվի:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский