Ինքնուրույնանալով հեշտ էլ ներառվում են նախակրթարանում
Primary tabs
Կամ` երեխայի ինքնուրույնությունն է խմբում նրա ներառման ճանապարհը։
Հաճախ ծնողներն անհանգստանում են. «Երեխաս չի ներառվում խմբում, դաստիարակը բողոքում է՝ թե խմբի բոլոր երեխաների ուշադրությունը շեղում է, չի ենթարկվում, բոլորին խանգարում է»: Հա, խմբում շատ կարևոր է դաստիարակների դերը: Երեխաները շատ զգայուն են. նրանց համար մեկ չէ՝ իրենց սիրում են հոգո՞վ, թե՞… Երբ երեխան պարտեզ է գալիս, անկախ դաստիարակի տարիքից և փորձից՝ չպետք է շտապել, որ երեխան լսի, ենթարկվի. առանց այն էլ նա նոր միջավայրում է, ծանոթանում է նոր մարդկանց ու փորձում հարմարվել: Պարտեզ հաճախող երեխան կտրվում է մայրիկից-տատիկից, տանից և հայտնվում միջավայրում, որտեղ գոնե պիտի կարևորեն իր ցանկությունները, դառնան խաղընկեր, որ նա վստահի և կապվի դաստիարակի հետ: Դրա համար էլ «Ես մի բան ասեմ`ինձ չլսի՞»-ի նման արտահայտություն մեր խմբում չի կիրառվում:
Շատ կարևոր է նաև ծնողի դերը երեխայի դաստիարակության հարցում: Եթե մայրիկն ուզում է, որ երեխան պարտեզ գա, ինքը պիտի դառնա խմբի գործընկեր, մասնակցի ծնողական ակումբներին, ծեսերին, ճամփորդություններին. այդպես իր ցանկությունները կվերածվեն առաջարկների, իր երեխայի համար պարտեզը կդառնա ընտանեկան միջավայր:
Բայց ներառվելու համար ամենակարևորը երեխայի ինքնուրույնությունն է։
Պարտեզ հաճախող երեխայի առաջին քայլերը
Եթե լաց է լինում, դժվարությամբ է բաժանվում ծնողից, պետք չէ շտապել: Ես երբեք չեմ բարկանում լացող երեխայի վրա, չեմ քաշում-ստիպում, համբերատար ու սիրով փորձում եմ զբաղեցնել-շեղել: Մայրիկն էլ չպիտի բարկանա։ Եթե բարկանա կամ խաբի, և երեխան ձայնը կտրի, հաջորդ օրը նորից է լաց լինելու, և ավելի երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի այլևս լաց չլինի։ Կամ էլ ծնողը կհուսահատվի և ինչ-որ ժամանակով էլի պարտեզ չբերի:
Դաստիարակի նկատմամբ երեխայի վստահությունը ձեռք է բերվում նրան դիտարկելով ու հաշվի առնելով նրա նախասիրությունները։ Նոր ընդունված երեխայի նկատմամբ կրկնակի ուշադիր ենք լինում, որ ծանոթանանք՝ նրան ինչ խաղեր են հետաքրքրում, հեքիաթ է սիրում լսել, երգ-երաժշտությո՞ւն, թե՞ միայն մեքենաներով ու լեգոներով, այլ մի բանով խաղալ։ Որպես խմբի դաստիարակ, շատ եմ դիտարկում երեխաներին: Բոլորին անհատական մոտեցում եմ ցուցաբերում, երբեք ինձ իրենցից չեմ առանձնացնում: Եթե անգամ ուղղորդողի դեր եմ ստանձնում ազգային խաղեր խաղալիս, ոտանավոր սովորեցնելիս կամ հեքիաթ պատմելիս, անպայման առաջարկում եմ, որ իրենք էլ պատմեն, հորինեն: Այդ պահին, եթե մեկ երեխա ծիծաղում է, կամ մեկը լաց է լինում, կարող ես սկսել.
- Լինում է, չի լինում մի լացկան ծիծաղ է լինում…
Շատերի համար բարևելը այդքան էլ կարևոր չէ, պատճառաբանում, թե դեռ փոքր են. բայց հավատացեք՝ հենց այդ բարևից է սկսում ազատության, ինքնավստահության, ինքնուրույնության քայլը: Երեխաներ կան, որ ընդհանրապես սկզբում չեն բարևում: Խմբում սկսում ենք փնտրել «Կորած բարևը» այնքան ժամանակ, մինչև երեխան բարևում է և խոստանում, որ իր բարևը էլ չի կորցնի: Առավոտյան գալիս է երեխան պարտեզ, խմբասենյակի դուռը բացում, ժպտալով և ուրախացած ասում է.
- Ես մենակ եմ եկել:
Ես նախ՝ բարևում եմ, հետո ոգևորում.
- Կեցցե՛ս, դու մեծ ես, ամեն ինչ կարող ես:
Նստում են, որ հողաթափերը փոխեն: Խաղում ենք՝
- Բարև ձեզ, բարև, հողաթափ:
Երեխան ծիծաղում է.
- Բարև ձեզ:
Նոր երեխան սովորաբար հաց չի ուտում: Եթե երեխան տանը «ուտող» է լինում, ծնողը զարմանում է, սննդի որակով հետաքրքրում։ Եթե երեխան տանն էլ շատ «չուտող» է, պարտեզ են բերել, որ մյուսների հետ հաց ուտի, ծնողը հուսահատվում է: Իսկ պարտեզում հաց չուտելու պատճառները տարբեր են՝ երեխան նեղացել է մայրիկից, որ իրեն պարտեզ է բերել, սնունդը դուր չի գալիս, անհանգստությունից սովածությունը չի զգում, տանն իրեն ուտեցնում են, իսկ պարտեզում ուտեցնող չկա, կամ էլ վախենում է՝ ճաշը կթափի, շորերը կկեղտոտվեն, և իր վրա կբարկանան: Բոլոր դեպքերում, եթե երեխան հրաժարվում է ճաշից, երեխային սկզբում միայն հաց եմ առաջարկում, եթե հացից էլ է հրաժարվում, կոնֆետ եմ տալիս. սա սովորաբար իր գործն անում է, անմիջապես աչքերը փայլում են։ Երեխան դաստիարակի ձեռքից վերցրեց կոնֆետը և կերավ՝ հաջորդ օրը վազելու է ասի՝ ինձ կոնֆետ տուր: Կամաց-կամաց կարելի է համոզել, որ ճաշն էլ ուտի: Չուտող երեխայի ծնողի հետ փորձում եմ պարզել՝ երեխան տանը ինչ է ուտում, ինչ է շատ սիրում, որպեսզի հասկանամ հաջորդ քայլերը:
Իմ խմբում երեխաներն ուտում են ինքնուրույն։ Իհարկե, լինում են երեխաներ էլ, որ չեն կարողանում. սիրով օգնում եմ, որ ուտեն, ու սովորեցնում եմ:
Հաջորդ խնդիրը՝ որ երեխան ընկերներ ունենա, շփվի:
Երեխան պարտեզ է հաճախում` չի լացում, հաց է ուտում. մնում է, որ ընկերանա, խաղա ու շփվի: Երեխայի ցանկացած «վատ»՝ ոչ ընկերական-բարեկամական արարքի մասին զրուցում ենք: Պարտադիր չէ՝ մանկավարժական երևակայություն բանեցնելով, ուղղակի՝ լուրջ։ Օրինակ՝ խմբում ճաշի ժամն էր, երեք տարեկան Գրիգորը վատ բառեր էր ասում: Հարցրի.
- Ինչո՞ւ ես էդպես խոսում:
- Ես պուճուր եմ:
- Ոչ դու մեծ ես, շատ մեծ ես:
Գրիգորը մտածեց: Մի քիչ լռելուց հետո ասացի.
- Գրիգոր ջան, ճաշդ կեր:
- Տաք է, ընկեր Աննա։
- Չէ, արդեն սառել է:
Գրիգորը նորից հիշեց.
- Մեծերն են ճաշ ուտում, ես պուճուր եմ:
Գրիգորը երկու տարեկան քույրիկ ունի։ Հարցրի՝ քույրիկիցդ պուճո՞ւր ես։
- Չէ, ես քույրիկից մեծ եմ, բայց պապիկի նման մեծ չեմ:
Բայց արդեն հիշում է, որ քույրիկի նման պուճուր չէ։
Իմ խմբում երեխայի կյանքի յուրաքանչյուր փուլում (անկախ տարիքից), դաստիարակությունն իրականացվում է իմացության, շփման, ճանաչողության, բացահայտման միջոցով: «Ես կարող եմ» նախագիծը իմ խմբի երեխաները հաճույքով են անում: Երեխային պետք է ոգևորել, ներգրավել ցանկացած
գործունեության մեջ: Ամաչկոտ երեխաներին միշտ ասում եմ.
- Դու կարող ես:
Երեխաներն ազատ են, իրենք են ընտրում իրենց ընկերոջը, ում հետ խաղում, ում կողքին նստում են:
Հիգիենիա. լվացվել:
Երեխան չի լացում, խաղում է ընկերների հետ, ամեն ինչ լավ է, բայց դժվար մի խնդիր մնացել է՝ հետևել հիգիենային: Խմբում լվացվելը պարտադիր պայման է ոչ միայն սանհանգույցից դուրս գալուց հետո, ուտելուց առաջ կամ հետո, այլ ամեն մի փոքր անհրաժեշտության դեպքում: Իմ խմբում երեխաների տարիքին համապատասխան 2 լվացարան կա: Երեխաները ինքնուրույն կարողանում են ջուրը բացել, օճառից օգտվել, լվացվել, ջուրը փակել, այնուհետև անձեռոցիկով ձեռքերը չորացնել: Խմբում երբ անհրաժեշտ է, լվացվում ենք։ Իրենք են պահպանում իրենց հիգիենիկ միջավայրը:
Ինքնուրույնության զարգացում
Մարդ չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ: Դեռևս վաղ տարիքից երեխաներն ամեն ինչին ձեռք տալու և ձեռքերի միջոցով առարկաների հետ գործողություն կատարելու հակում ունեն: Երեխային չեմ ասում «մի՛ արա» կամ «չի կարելի»։ Իհարկե, երեխայի զբաղմունքի անվտանգությունը ամենակարևորն է. եթե վտանգ եմ տեսնում, կա՛մ օգնում եմ արագ, կա՛մ ուշադրությունը շեղում նրան հետաքրքրող այլ գործի:
Սաների ինքնուրույնության զարգացումն իրականացվում է ամենօրյա գործունեության միջոցով: Յուրաքանչյուր գործունեություն վերածվում է ծեսի:
- Առավոտյան ծես (ընդունելություն, միջավայրի խնամք)
- Քնի ծես (անկողին գցել, հավաքել, շորերը հանել, հագնել)
- Ճաշի ծես
Երեխաները մենակ են մտնում խմբասենյակ, հողաթափերը ինքնուրույն են փոխում, կոշիկները` սիրուն դասավորում: Հետո սկսում են ծաղիկները ջրել, դռների ապակիները մաքրել, դաշնամուրի փոշին սրբել, բակի ավելորդ իրերը հավաքել: Տեսնո՞ւմ եք` նույն ժամին 2-4 տարեկանների խմբում չի կարող գործունեության մի ձև լինել: Ընտրությունը շատ է, արդյունքում` ինքնուրույն ենք և սովորում ենք ապրել մաքուր, առողջ միջավայրում։ Հաճախ ուշադրությունը, հիշողությունը զարգացնող խաղեր ենք մտածում, բայց արի ու տես, օրը սկսում ենք հենց խաղ-աշխատանքով: Երեխան կոշիկները հանում է, հագնում հողաթափերը (հիշու՞մ է իր հողաթափը, արդյո՞ք ճիշտ է հագնում):
Համի, հոտի զգացողության զարգացում՝ թեթև, աննկատ, հավեսով: Երբ երեխաներն աղբը տանում են թափելու, աղբանոցի մոտ ասում են «աղբի հոտ է, փիս հոտ է»: Անցնում են հացի փռի մոտով՝ «վա՜խ, բուլկիի հոտ է գալիս»: Ճաշի ժամին՝ «ի՜նչ համով է», «էս բիբարը կծու է», «ճաշը աղի է», «թեյը քաղցր է»։
2-4 տարեկանների ինքնուրույնությանը նպաստող գործունեությունից չեմ կարող առանձնացնել առավոտյան ուրախ նախավարժանքը: Հնչում է Կոմիտաս: Երեխաները երգում են, բեմադրում են, վազում են, թռչկոտում են, ծիտիկներ, մեղուներ, շնիկներ դառնում, գլուխկոնծի են տալիս, գալարվում են, ուղիղ գծով փորձում քայլել:
Ինքնուրույնության հասնելու համար պետք է նաև համագործակցեն. մեկը սկսում է, մյուսները դրանք լրացնում են և շարունակում: Արդյունքում տարբեր հմտություններ և գիտելիքներ են ձեռք բերում:
Միշտ պետք է փորձել հասկանալ երեխային, ապահովել անվտանգ միջավայր՝ուրախ, զվարճալի տրամադրություն, համախմբվածություն, որի հիմքում սերն է:
Առավոտյան Նանեն մտավ խմբասենյակ և ասաց.
- Գրիգի և Դանիի համար սպիներ եմ բերել:
Արագ պայուսակից հանեց և տվեց ընկերներին: Արեգն էլ վազելով եկավ և Գրիգի ձեռքից փորձեց սպիները խլել: Հետո սկսեց լաց լինել.
- Գրիգը սպիները չի տալիս, որ խաղամ։
Երկու տարեկան Սառան էլ է լաց էր լինում:
Խոստանում եմ.
- Բոլորս էլ կխաղանք…
Սպիները 2-4 տարեկանների ժամանակակից խաղերից մեկն է: Առաջ հոլ էինք պտտեցնում, հիմա էլ` սպիներ: Խաղի էությունը պտտեցնելն է՝ արագ, դանդաղ, հատակին, սեղանին, իսկ շատերը փորձում են փչելով էլ պտտեցնել:
Խմբում խառնաշփոթ էր, բոլորը սպիներ էին ուզում: Ես էլ թեյի ափսեներն ու բաժակները բաժանեցի երեխաներին: Սկսեցինք այն պտտեցնել: Հետո խցան վերցրեցի, սկսեցի պտտեցնել: Ա՜յ, քեզ խաղ: Հրաշալի է, եթե ափսեները կամ բաժակները պտտելու ընթացքում մի քիչ վտանգավոր են, ապա խցաններն անվտանգ են: Ջա՜ն, խցաններով սպիներ կպատրաստենք: Նպատակը մեկն էր՝ երեխաները պատրաստեն իրենց խաղալիքը, արդյունքում բոլորը ունենան սպիներ:
Վաղուց հավաքված խցանները դրեցինք սեղանին: Խցաններն էլ հետաքրքրեցին. սկսեցին ուսումնասիրել:
- Խցանները փոքր են, բայց խորն են։ (4տ. Ավետ)
- Ես 4 հատ Կոկա-կոլայի խցան ունեմ։ (4 տ. Դանիել)
- Իմը Հայ-կոլայինն է, դեղին գույն է։ (4տ . Լիլիթ)
- Ես ջերմուկի խցաններ եմ հավաքել։ (4տ.Լիկա)
Գույն, թիվ, հաշիվ, ավելացնել, պակասեցնել, խմբավորել… Խաղացինք։ Հետո յուրաքանչյուրը վերցրեց միագույն 5 խցան: Մի խցանի մեջտեղը անցք բացեցինք, որպեսզի բարակ փայտ անցկացնենք, որ կարողանանք պտտեցնել: (Անվտանգության համար փայտի ծայրերին սիլիկոն ամրացրի): Ծակած խցանի շուրջ իրարից հեռու երեք խցաններ փակցրեցինք: Մեր սպիները պատրաստ էր:
Ուրախ և հաճելի խաղ, անկախ տարիքից՝ բոլորը հավեսով խաղում էին:
Հանկարծ նկատեցի, որ Նարեկը իր սպիների մեջ կինետիկ ավազ է լցնում, ուզում է, որ իր սպիները ամենաարագը պտտվի. «Եթե խցանները ծանր լինեն, ավելի արագ կպտտվեն»:
Դե, կատարելոգործելը վերջ չունի...
- Բացվել է 1935 անգամ