Ստեղծականությունը ուսուցման գործընթացում գուցեև ամենակարևոր պայմաններից է, կարևոր է, որ ուսուցման բոլոր փուլերում այն դառնա շարժիչ, առաջ մղող ուժ: Բայց հնարավո՞ր է ստեղծականություն ապահովել, սովորողի համար ստեղծական մթնոլորտ և միջավայր ստեղծել առանց բավարար չափով նրան ազատություն տալու: Դաս-դասարանական պարտադրվող կառույցում, մի տեղում հավաքված սեղանների առկայությամբ (П-աձև, թե իրար ետևից դրված, ո՞րն է տարբերությունը) դա գրեթե անհնար է: Սեղանների այս դասավորվածությամբ, միևնույն է, կենտրոնում ուսուցիչն է՝ իր թելադրանքով. ազատ-ստեղծագործ միջավայրը չի տեղավորվում այսպիսի դասավորության մեջ: Այս խնդրի լուծման համար էր, որ ես իմ ուսումնական պարապմունքների կազմակերպման համար անհրաժեշտ համարեցի մեծ`108 քառ.մետր տարածություն ունեցող կաբինետ ունենալը: Ընդարձակ տարածքում հեշտ է նախագծային ուսուցում իրականացնելը, երբ տարբեր խմբեր կարողանում են իրարից հեռու, կաբինետի տարբեր անկյուններում աշխատել: Այսպես աղմուկը ավելի քիչ է լինում, և խմբերն իրար չեն խանգարում: Սովորողներին ստեղծական-ազատ միջավայրում ազատ արտահայտվելու, մտածելու, հորինելու, ստեղծագործելու, քննարկելու իրար հետ, ձայնագրություններ ու տեսագրություններ անելու, կլոր սեղաններ կազմակերպելու, փոքրիկ ներկայացումներ բեմականացնելու հնարավորության տալ. ահա այս խնդիներն եմ փորձում լուծել ուսումնական պարապմունքների ընթացքում: Ստացվո՞ւմ է: Ուզում եմ, որ ստացվի: Բոլոր դեպքերում՝ ջանքերս այդ ուղղությամբ եմ գործադրում:
Սովորաբար ես սովորողներին առաջարկում եմ ընտրել բանաստեղծություններ՝ իրենց որոշած աշխատանքի համար՝ ձայնագրելու, տեսագրելու, բերանացի անելու համար: Լավ է, երբ սովորողը գրականության մեծ աշխարհում փնտրտուքով է զբաղվում: Ինչքա՞ն է կարդում ընտրելու համար, ի՞նչ է ընտրում, ինչպե՞ս է ընտրում: Լավ աշխատանք է: Կան բանաստեղծություններ, որ ես եմ առանձնացնում խմբային ուսուցման համար, սակայն այս դեպքում էլ բանաստեղծությունը բերանացի անելը հատուկ աշխատանք չի դառնում. սովորողներն անգիր են անում ուսումնական այլ գործունեության արդյունքում: Եղ. Չարենցի «Աշունը դեղնաթուխ նստել է դռանը» ստեղծագործության հետ տրված առաջադրանքներից մեկը բանաստեղծությունը որևէ ձևով ներկայացնելն էր. ձևը սովորողները իրենք պետք է ընտրեին՝ խաղ, բեմականացում, երգ, պար… Այնքա՛ն սիրով ու աշխույժ են սովորողները քննարկում այդ ձևի ընտրությունը: Ես, որպես կանոն, չեմ միջամտում: Այնպես, որ խմբերի ներկայացումները ինձ համար էլ է հետաքրքիր լինում: Ահա այդ ներկայացումներից մեկը.
Սովորողները իրենց նախագիծն իրականացնելիս հաճախ այլ ուսումնական միջավայրի կարիք են ունենում՝ ընթերցասրահ, այգի, միջանցք… Դրան էլ հանգիստ եմ նայում: Վստահում եմ սովորողին: Ուսումնական դասական պարապմունքի՝ դասի մոդելն արդյո՞ք չի սպառել իրեն: Եթե ուսուցումն իրականացվում է նախագծով, եթե կա սովորողի գործունության ազատ ընտրություն, ինչո՞ւ անպայման դասասենյակ, նախապես ուսուցչով, դասացուցակով որոշված փակ տարածք: Ինչո՞վ է դա բացատրվում, ինչո՞վ է արդարացված:
Դեռ անցած-նախանցած տարվանից ես կանգնեցի այդ հարցի առաջ: Սովորողներն անցան անհատական, խմբային նախագծերի իրականացմանը, դասաժամը կառուցվեց նախագծային ուսուցման հենքի վրա՝ առաջացան նոր խնդիրներ: Խումբը նկարահանություն ունի, որի համար այլ միջավայր է պետք, ունի ձայնագրություն, որի համար անաղմուկ տեղ է պետք, ռադիո նյութ է պատրաստում, որի համար կաբինետային գործող միջավայրը հարմար չէ՝ մյուս սովորողներն են՝ իրենց հարցերով, աշխատանքային միջավայր՝ իր աշխատանքային աղմուկով: Իսկ ռադիո-հաղորդում պատրաստող խմբի համար այլ միջավայր, այլ պայմաններ են պետք: Իմ առաջ մանկավարժական խնդիր կանգնեց: Ուսուցիչը մեկն է, աշխատանքային խմբերը՝ շատ: Փակ տարածքից դուրս գալը, այլ միջավայր ընտրելը, ինքնուրույն, առանց ուսուցչի հսկող աչքի ստեղծական աշխատանքը ձգող է, ոգևորող, սովորողների համար՝ հրապուրիչ: Բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս անեմ, որ սովորողն իմ տեսադաշտից դուրս զբաղվի ուսումնական աշխատանքով, իր դասաժամը պարապ-սարապության չվերածի, ինչպե՞ս ստանանք այդ ինքնակազմակերպումը, ինչպե՞ս ազատություն տանք սովորողին՝ ապահովելով նրա ուսումնական գործունեությունը:
Բեմականացում՝ այգում
Կար նաև մի այլ խնդիր: Սովորության ուժը հզոր բան է. պետք է ինքս ինձ համոզեի, որ առանց ինձ էլ ուսումնական կյանքը կարող է շարունակվել, որ ես չեմ այդ ուսումնական գործընթացի մեխը, որ սովորողները իրարից, միջավայրից ու նախագծային գործունեությունից գուցեև ավելի քիչ չեն վերցնում, քան դասարանում՝ ուսուցչի կազմակերպած ուսուցումից: Ինձ համար այնքան էլ դժվար չեղավ հաղթահարելը. անհատականացված ուսուցման տարիների փորձը օգնեց: Իսկ հսկողությունից դուրս արդյունավետ աշխատելու հարցը փորձեցի հետևյալ կերպ լուծել: Նախագիծն իրականացնելու համար կաբինետից դուրս եկող սովորողի կամ սովորողների խմբի առաջ դրեցի պայման՝ օրվա վերջում ես պետք է տեսնեմ արվածի հաշվետվությունը՝ ձայնագրության, տեսաֆիլմի, ռադիոնյութի, հարցազրույցի կամ մի այլ նյութի տեսքով: Կարող է դա լինել նախագծի մի փոքրիկ հատված, բայց պետք է աշխատանքը երևա: Ցույց տալու ձևն էլ սովորողը ինքը թող գտնի: Երբեմն սովորողները իրենց աշխատանքի ընթացքն էին նկարում և հրապարակում բլոգում: Դա էլ էր հաշվետվության հետաքրքիր ձև: Իսկ եթե ոչ՝ հաջորդ անգամ խումբը, անհատը զրկվում էր կաբինետի պատերից դուրս նախագիծ անելու իրավունքից: Սովորաբար նրանք չեն ուզում կորցնել իրենց համար հավանաբար շատ հետաքրքիր ազատ գործունեության այդպիսի հնարավորությունը: Ահա այդպիսի մի ինքնուրույն աշխատանքի տեսագրությունից մի փոքր հատված. ուշադրություն դարձրեք սովորողների ինքնաբուխ ազատությանը, որը ուսուցչի առկայությամբ գուցեև չստացվեր:
Ո՞վ է ասում սովորողը պայմանավորվածությունները հարգող չէ: Էն էլ ոնց է հարգում, հատկապես եթե դա իր հետաքրքրություններին է վերաբերում: Այս երկու-երեք տարվա մեջ հազվադեպ է պատահել, որ խումբը առանց հարգելի պատճառի (հիմնականում՝ տեխնիկական) ուշացնի նյութը հրապարակելը: Իսկ ուշացումով անպայման հրապարակել են:
Այսպիսի աշխատանքից հետո ինձ օրվա վերջում տեսանելի է լինում աշխատանքի արդյունքը: Իսկ ընթա՞ցքը: Չգիտեմ, չեմ կարող ասել: Եվ կարծում եմ՝ կարևոր էլ չեն մանրամասնությունները: Նախագծի իրականացումից գալիս են սովորողները հաշտ-համերաշխ, ուրախ, ոգևորված, իսկ օրվա վերջում ես արդեն տանը տեսնում եմ նրանց ստեղծագործական աշխատանքի արդյունքը: Եվ դա ինձ լիովին բավարարում է: Գոհ եմ ես, գոհ են սովորողները: Կատարվող գործունեությունը ուսումնական է, ստեղծական է, հետաքրքիր է և իհարկե՝ արդյունավետ: