Ունիվերսա՞լ քաղաքակրթություն. նորարացում և արևմտականացում
Primary tabs
Քաղաքակրթությունների՞ բախում
Գլուխ 3. Ունիվերսալ քաղաքակրթություն
Ունիվերսալ քաղաքակրթություն. հասկացության նշանակությունը
Որոշ հեղինակներ կարծում են, որ արդի աշխարհում կայանում է այն, ինչը Նայփոլն անվանել էր «ունիվերսալ քաղաքակրթություն»: Ի՞նչ է նշանակում այս հասկացությունը: Ընդհանուր առմամբ, հասկացությունը ենթադրում է մարդկության մշակութային միավորում և մարդկանց կողմից ընդունված հիմնական համակարգերի՝ հավատքի, ավանդույթների և այլ արժեքների միասնականացում: Ավելի նեղ առումով, դա ենթադրում է որոշակի իրողութուններ, որոնք խորքային են, բայց ֆիզիկական չեն, ֆիզիկական են, բայց խորքային չեն, էական են, սակայն մակերեսային են:
Առաջին հերթին՝ գործանականում բոլոր հասարակություններում մարդիկ ընդունում են որոշակիացված հիմնական արժեքներ՝ ենթադրելով, որ օրինակ սպանությունը վատ է, և որոշ հիմնային սոցիալական համակարգեր, ինչպիսին ընտանիքն է, սակայն տարբեր ձևաչափերով: Որպես կանոն, հասարակությունների մեծ մասում մարդիկ, ունեն «բարոյական գիտակցության» ընդհանուր մոտեցումներ: Եթե ունիվերսալ քաղաքակրթության հասկացության հիմքում դրված է նաև այս հանգամանքը, ապա այն հեռու է իրականությունից: Եթե մարդիկ պատմության ընթացքում բաժանել են որոշ հիմնարար արժեքներ և համակարգեր, ապա դա կարող է բնութագրել մարդու վարքագիծը, սակայն չի կարող լուսավորել կամ բացատրել պատմությունը, որը կազմված է մարդու վարքագծի փոփոխություններից:
Բացի դրանից, եթե ունիվերսալ քաղաքակրթությունն ընդհանուր է և վերաբերում է ամբողջ մարդկությանը, ապա ինչպիսի հասկացություններով պետք է բնութագրենք մարդկանց ընդհանուր արժեքները: Մարդկությունը բաժանված է ենթախմբերի՝ ցեղերի, ազգերի և ավելի լայն մշակութային ինքնության խմբերի՝ քաղաքակրթությունների: Եթե քաղաքակրթություն հասկացությունը տարածենք այն բոլոր ընդհանուր կետերի վրա, որն ունի մարդկությունը, ապա մենք կարիք չենք ունենա նոր հասկացություն ստեղծելու, որպեսզի բնութագրենք այդ ընդհանրական արժեքները:
Երկրորդ՝ «ունիվերսալ քաղաքակրթություն» հասկացությամբ կարելի էր բնութագրել այն ամենը, ինչ ունեն քաղաքակրթված հասարակությունները: Օրինակ՝ քաղաքներ և գրագիտություն: Սրանցով նրանք տարբերվում են պրիմիտիվ հասարակություններից և բարբարոսներից: Սակայն սա հասկացության նեղ ընկալումն է, որը մեզ է փոխանցվել 18-րդ դարից: Սակայն այն կորցնում է իր նշանակությունը, երբ տեսնում ենք, թե ինչ արագությամբ են վերանում պրիմիտիվ հասարակությունները: Քաղաքակրթությունն այս իմաստաբանական նշանակության առումով, անընդհատ ընդլայնվել է մարդկության պատմության ընթացքում, և քաղաքակրթման մակարդակի աճը լիարժեքորեն համատեղելի է բազմաթիվ քաղաքակրթությունների գոյության հետ:
Երրորդ` «ունիվերսալ քաղաքակրթություն» հասկացությունը կարող է վերաբերվել ենթադրություններին, արժեքներին և դոկտրիններին, որոնք շատերը ընդունում են Արևմտյան քաղաքակրթությունում, իսկ որոշները՝ այլ քաղաքակրթություններում: Դա այն է, ինչը կարելի է անվանել «դավոսյան մշակույթ»: Յուրաքանչյուր տարի, շուրջ հազար բանկիր, գործարար, պաշտոնյա, ինտելեկտուալ և լրագրող տասնյակ երկրներից հավաքվում են Շվեյցարիայում, որպեսզի մասնակցեն Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին[1]: Գրեթե բոլոր մասնակիցներն ունեն համալսարանական կրթություն՝ ճշգրիտ գիտությունների, բիզնեսի, իրավունքի ոլորտներում: Նրանք աշխատում են թվերի կամ բառերի հետ, բավականին լավ խոսում են անգլերեն, աշխատում են տարբեր կառավարություններում, մեծ ընկերություններում և ակադեմիական հաստատություններում, որոնք ունեն ուժեղ միջազգային կապեր: Նրանք, որպես կանոն ունեն ընդհանուր մոտեցումներ անհատականության, շուկայական տնտեսության և քաղաքական ժողովրդավարության նկատմամբ: Սրանք այն արժեքներն են, որոնք լայնորեն տարածված են արևմտյան քաղաքակրթության շրջանակներում:
Չորրորդ՝ առաջ քաշվեց այն գաղափարը, թե արևմտյան մոդելների պահանջմունքների և զանգվածային մշակույթի արժեքների տարածումն ամբողջ աշխարհում ստեղծում է ունիվերսալ քաղաքակրթություն: Այս փաստարկը խորքային և էական չէ: Մշակութային նախասիրությունները միշտ մի քաղաքակրթությունից անցել են մյուսին: Մի քաղաքակրթության նորարարությունները հաճախ կիրառվում են մյուսների կողմից: Սակայն դրանք, որպես կանոն կա՛մ տեխնոլոգիաներն են, որոնք չեն ունենում խորքային մշակութային հետևանքներ, կա՛մ կարճաժամկետ հրապուրանքներ, որ գալիս ու գնում են, առանց փոխելու դրանք վերցնող քաղաքակրթությունների հիմնային մշակույթը:
18-րդ դարում, երբ Չինաստանը և Հնդկաստանը մշակութային արժեքներ ներառեցին արևմուտքից, շատերի մոտ մոլորություն ստեղծվեց, թե նրանք ընդունեցին արևմտյան հզորության փաստը: Սակայն Magna MacDonald's-ի համբուրգեր կծելը դեռ չի ենթադրում, որ մարդը դավանում է բոլոր այն արժեքները, որոնք դավանում են համբուրգերի այդ տեսակն ստեղծողները:
Ունիվերսալ զանգվածային մշակույթի ավելի բարդ ձևերի կողմնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ոչ թե կոկա-կոլայի, այլ ԶԼՄ-ների և Հոլիվուդի վրա: Համաշխարհային կինոյի, հեռուստահաղորդումների և վիդեոինդուստրիայի վրա ամերիկյան ազդեցությունը գերազանցում է նույնիսկ այն ազդեցությանը, որն ունի ավիացոն արտադրության վրա: 1995 թվականին 100 ամենադիտված ֆիլմերից 88-ն ունի ամերիկյան ծագում: Իսկ երկու ամերիկյան և երկու եվրոպական հեռուստաընկերություններ ամենատարածվածն են աշխարհում՝ ինֆորմացիոն հոսքերի առումով: Բնական է, որ այս երևույթներն ունեն իրենց բացատրությունները և կրում են ավելի շատ նեղ մարդկային, քան քաղաքակրթական-մշակութային բնույթ:
Լեզու
Ցանկացած մշակույթի կամ քաղաքակրթության հիմնական բաղադրիչներ են համարվում կրոնը և լեզուն: Եթե այժմ ձևավորվում է ունիվերսալ քաղաքակրթություն, դա նշանակում է, որ պետք է լինեն ունիվերսալ լեզու և ունիվերսալ կրոն ստեղծվելու միտումներ: Այդպիսի հայտարարություններ սովորաբար անում են կապված լեզվի հետ՝ համաշխարհային լեզուն անգլերենն է: Այս պնդումը կարող է նշանակել երկու բան, որոնցից միայն մեկն է հիմնավորում դիտվում ունիվերսալ քաղաքակրության տեսության կողմնակիցների համար: Սա կարող է ենթադրել, որ աշխարհի բնակչության ստվար զանգվածը խոսում է անգլերեն, կամ անգլերեն խոսող զանգվածն աճում է: Սակայն մեր ունեցած աղբյուրները, որոնք հնարավորինս ճիշտ են, ապացուցում են հակառակը: Շուրջ երեք տասնամյակների տվյալները փաստում են, որ լեզուների գործածման ընդհանուր պատկերն էական փոփոխությունների չի ենթարկվել: Ավելին, տեղի է ունեցել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, ճապոներեն լեզուներով խոսող մարդկանց մասնաբաժնի կրճատում: Մի փոքր ավելի քիչ նվազել է մանդարինի բարբառներով խոսողների թիվը, իսկ ահա հինդու, մալայական-ինդոնեզական լեզուներով, արաբերեն, բենգալերեն, իսպաներեն, պորտուգալերեն շփվողների թիվն ավելացել է[2]: Անգլերեն լեզվակիրների թիվը 1958 թվականի 9.8 տոկոսից, 1992 թվականին դարձել է 7.6 տոկոս: Նույն ժամանակահատվածում, եվրոպական հինգ հայտնի լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն) կրողների թիվը 24.1 տոկոսից նվազել է, դառնալով 20.8 տոկոս: 1992 թվականին մանդարին լեզվով շփվող մարդկանց թիվը երկու անգամ գերազանցում էր անգլերեն լեզվով շփվողների թվին: Իսկ մարդկանց 3.6 տոկոսն էլ խոսում է չինարենի այլ բարբառներով:
Մի կողմից՝ լեզուն, որը մայրենի չէ երկրագնդի բնակչության 92 տոկոսի համար, չի կարող լինել ունիվերսալ լեզու, սակայն մյուս կողմից, եթե այլ լեզուների կրողները, այդ լեզուն օգտագործում են միմյանց հետ շփվելու համար, այն դառնում է՝ lingua franca, այլ կերպ ասած՝ լայն շփումների ունիվերսալ լեզու:
Երկրագնդի տարբեր մասերում ապրող մարդիկ, որոնք շփվում են անգլերեն, խոսում են այդ լեզվի տարբեր տեսակներով: Անգլերենը ձեռք է բերում տեղային կոլորիտ, որն առանձնացնում է նրան բրիտանական կամ ամերիկյան անգլերենից: Իրերի այս ընթացքը հանգեցնում է նրան, որ շատ դեպքերում, անգլերեն խոսող մարդիկ չեն հասկանում միմյանց ճիշտ այնպես, ինչպես չեն հասկանում չինարենի տարբեր բարբառներով խոսող մարդիկ: Նիգերիական փիդջին-ինգլիշը կամ հնդկական անգլերենը, դեռ զարգացման միտումներ ունեն: Սակայն ժամանակի ընթացքում, երբ դրանք կստանան իրենց վերջնական լեզվական ձևակերպումները, միջմշակութային շփման լեզվից կփոխակերպվեն ներէթնիկ շփման լեզվի:
Փոխադրություն ռուսերենից
Լուսանկարը՝ Վ.Թոքմաջյանի ՖԲ էջից
Ծանոթությունները՝ Վահրամ Թոքմաջյանի
[1] Հիմնական մասնակիցների մուտքավճարը շուրջ 20.000 դոլլար է:
[2] Հանթինգտոնի այս աշխատությունը չի ներառում 21-րդ դարի առաջին 17 տարիների տվյալները: Այդ ընթացքում, էապես ավելացել է չինարեն սովորողների և չինարենով շփվողների թիվը, որն ունի կայուն աճի միտում:
[1] «Foreign Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում հեղինակն այդ
- Բացվել է 1519 անգամ