Ընթերցանություն տանող ուղիղ ճանապարհը

Կարդալու խնդիրը միշտ է հուզել տարբեր սերունդների. ավագ սերունդը դժգոհ է լինում կրտսեր սերնդի ընթերցանության թափից ու ծավալից՝ ի՞նչ են կարդում, ինչքա՞ն են կարդում, ինչպե՞ս են կարդում, և ի վերջո, որպես եզրահանգում լինում է՝ վատ են կարդում, քիչ են կարդում, չեն կարդում…
Ո՞վ  է սովորաբար շատ կարդում. ով, որ լավ ու վարժ է կարդում: Եթե մարդը դանդաղ-կմկմալով-անվարժ է կարդում, չի էլ ուզում կարդալ, հավես չէ, դժվարությունը վանում է: Իսկ ո՞վ է լավ ու վարժ կարդում. ով, որ շատ է կարդում: Մարդը սիրով է անում այն, ինչ որ լավ է ստացվում: Եվ այսպես էլ ստեղծվում է փակ շրջանը՝ չի կարդում, որովհետև վատ է կարդում, վատ է կարդում, որովհետև քիչ է կարդում: Ո՞րն է լուծումը:

Իհարկե, քննարկելու բան չէ. կարդալ սովորում են կարդալով: Ուրեմն, ինչպե՞ս անել, որ շատ կարդան: Ինչպե՞ս կարդալու տեխնիկա զարգացնել՝ առանց նույն տեքստը պարտադրաբար բազմիցս կարդալ տալու: Հանենք մանկավարժությունից պարտադրանքը: Այսինքն՝ դառնանք առավել ստեղծական, առավել գրավիչ և փորձենք ընթերցանությունը դարձնել պահանջմունք, հաճույք: Գրքերի աշխարհը դառնա նույնքան ցանկալի, որքան արդի սերնդի վիրտուալ խաղերի աշխարհը:

Կա սովորողների մի խումբ, որ ընթերցող է: Ո՞րն է էդտեղ դպրոցի, ուսուցչի գործոնը, դժվար է ասել: Չվերագրենք մեզ բաներ, որ մեր գործունեության արդյունքը չէ: Կա ընտանիք, կա ընտանեկան ավանդույթ, կա մարդու անհատական նախասիրություն… Այս սովորողները մեզանից անկախ կարդում են, շատ են կարդում, անընդհատ են կարդում: Այս սովորողներին իմ տված օգնությունը, որպես ուսուցիչ, նրանց ընթերցանությունն ուղղորդելն է, նրանց բարձրարվեստ գրականություն առաջարկելը: Այս սովորողները, որպես կանոն, նաև պարտաճանաչ են, և հանձնարարված գրականությունը սիրով են կարդում: Սա էլ լինում է իմ օգնությունը իմ ընթերցասեր սովորող-հասարակությանը:

Բայց իմ սովորողները նաև ընթերցել այդքան էլ չսիրողներն են: Ո՞րն է իմ օգնությունը այս դեպքում, ո՞րն է իմ անելիքը՝ որպես ուսուցիչ:

Մենք  ամեն շաբաթ կազմակերպում ենք կարդացվող նյութերի ներկայացում, երբ սովորողները պատմում-ներկայացնում են իրենց ընթերցած գրականությունը:  Բերում են գրքերը, ցույց են տալիս, գովազդում են: Ներկայացնում են, լսում են իրար, փորձում են հետաքրքրել, գրքեր են փոխանակում: Ներկայացրած գրքերի մի մասը ինձ ծանոթ է լինում, փոխանցում եմ նաև իմ տպավորությունները: Գուցե ուսուցչի վերաբերմունքն էլ է կարևոր ոմանց համար: Ի՞նչ կիմանաս:

Ընթերցանության զարգացմանն ուղղված հաջորդ քայլը կրթահամալիրի կենտրոնական ընթերցասրահում ամեն շաբաթ ընթերցանության ժամ կազմակերպելն է: Մեր գրադարանը պարբերաբար ձեռք է բերում նոր, նկարազարդ, լավ տպագրության գրքեր: Հիմա հրատարակչություններն ավելի շատ են կարևորում լավ գրքերի տպագրությունը: Մեր ընթերցարանի աշխատակիցները՝ տիկին Մարին, Նոնան, սիրով տրամադրում, ներկայացնում են նոր հրապարակված, գրադարանի ձեռք բերած գրքերը: Սովորողները հնարավորություն ունեն թերթելու, հատվածներ կարդալու, ծանոթանալու այդ նկարազարդ, լավ տառատեսակով, գունեղ գրքերի հետ: Եվ հաճախ էլ այդպիսի ընթերցանության ժամից հետո իրենց հետ տուն են տանում այդ գրքերը՝ կարդալը շարունակելու համար:

Ընթերցանության տեխնիկայի բարձրացմանն ուղղված մյուս քայլը ընթերցանության անհատական նախագիծն է, երբ սովորողը որևէ նյութ ցանկանում է ներկայացնել իր ունկնդրին: Ձայնագրվելուց առաջ ինչքա՞ն է կարդում, ինչպե՞ս է պատրաստվում ձայնագրությանը, վարժ կարդալու համար քանի՞ անգամ է պետք լինում կարդալ նյութը, չեմ կարող ասել: Պայմանը մեկն է լինում՝ ձայնագրությունը չի կարող վատ ընթերցումով ներկայացվել:

Ահա 6-րդ դասարանցի Ռաֆայելն ու Ալբերտը ձայնագրությամբ առակ են ներկայացնում: Մեր այս երկու տղաներն էլ ամենայն հավանականությամբ բավականին աշխատել են, որ առակը ներկայանալի հնչի (նրանց վարժ ընթերցանությունը հեշտ չի տրվում): Եվ տեսեք՝ վատ էլ չի ստացվել: Ես, համենայնդեպս, գոհ եմ:

Ընթերցանությունը խթանող հաջորդ միջոցը կիրակնօրյա ընթերցանությունն է: Ահա այդպիսի մի ցանկ.

Յուրաքանչյուր ուրբաթ-շաբաթ օրերին ընտրում եմ ընթերցանության մի նյութ, որը հրապարակում եմ բլոգում մի քանի առաջադրանքով: Դա լինում է շաբաթ-կիրակի օրերի համար լրացուցիչ կրթության առաջադրանք:
Սովորողներին ավելի ծավալուն ընթերցանության նյութ եմ առաջարկում աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային արձակուրդի օրերին՝ որպես արձակուրդային ընթերցանություն: Կարծում եմ, սրանք ուղիներ են, որոնք տանում են դեպի ընթերցանություն: Ով որքա՛ն կանցնի այս ուղով և մինչև ո՞ւր կհասնի, ո՞վ կիմանա…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский