Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար

Ուսուցանելու իմ կերպը, մոտեցումները տարիների ընթացքում հիմնովին են փոխվել: Ուսուցչական գործունեության երկար ճանապարհի ընթացքում, կարող եմ խոստովանել, որ հեշտ չի եղել իմ լիդեր-ուսուցչի գլխավոր դերից անցում կատարելը դեպի ուսուցիչ-կազմակերպիչը: Կենտրոնում լինելու գայթակղությունը մեծ է։ Մի քիչ արտիստիկ, սեփական հեղինակության ուժով, սեփական դերի ու նշանակության մասին բարձր կարծիքով… ուսուցչի համար երևի թե հեշտ չէ երկրորդ պլան մղվելը, ետնաբեմում աշխատելը, գլխավոր դերակատարից սպասարկող անձնակազմի շարքում իրեն դիտելը: Հեշտ չէ ընդունելը, որ դու միակ սովորեցնողը չես. սովորող-սովորեցնող երկանդամի մեջ առջևից գնացողը դու չես:

Դու գնում ես առջևից, իսկ ետևիցդ ով հասավ՝ հասա՞վ… Այստեղից չէ՞ ետ մնացողների բանակը… Մանկավարժական հայտնի արտահայտություն է՝ ետ մնացող սովորողներ… Ինչի՞ց կամ ումի՞ց են ետ մնացել… Վազքի մրցո՞ւմ է, ո՞ւմ հետ են մրցում...
Ինչո՞ւ և ինչպե՞ս է ուսուցիչը միակ սովորեցնողը: Այս համացանցի դարաշրջանում, այս ինֆորմացիոն հսկայական դաշտի մեջ, ուսուցողական զարգացող միջավայրում ուսուցիչը՝ միակ սովորեցնո՞ղ…

Եթե դու, որպես մանկավարժ, կրթական միջավայր չես ստեղծում, սովորողին հնարավորություն չես տալիս ինքնակրթության, նրան հավես չես փոխանցում արտահայտվելու, ընկերոջը իր իմացածը փոխանցելու, հավես՝ փնտրելու, գտնելու, ուսումնասիրելու, հետազոտելու, և հենց էս ամենի առկայությունից, որպես ուսուցիչ, գոհունակության զգացում չունես, էլ ո՞րն է քո գործը, ո՞րն է քո տվածը, ի՞նչ ես դու փոխանցում քո սովորողին: Ինքնահաստատվո՞ւմ ես. ո՞ւմ հաշվին, ինքնարտահայտման համար լսարա՞ն ես գտել: Բա սովորողն ու նրա՞ ինքնադրսևորման իրավունքը… Եթե սովորողն իր գործունեությամբ կենտրոնում չէ, եթե չի նախաձեռնում, պլանավորում, իրագործում, համագործակցում, ինչպե՞ս են գործունեություն իրականացնեու համար կարևոր հմտություններ ձևավորվում: Նախագծային ուսուցումը նախևառաջ սովորողին գործունեության մղելն է, այդ գործունեությունը պլանավորելն ու կազմակերպելը, դրա ընթացքում կարևոր հմտություններ ձեռք բերելը: Սրանով է այդպիսի ուսուցումը ինձ համար գրավիչ, ընդունելի-սիրելի: Դիտեք տեսանյութը: 10-րդ դասարանում գործում է սովորող-սովորեցնող նախագիծը:

Արփին ընկերներին է փոխանցում թատրոնի ընտրությամբ խմբում իր ստացածը.

Նախաձեռնությունը եկավ 10-րդ դասարանի մեր «հնաբնակ» սովորողներից: Կրթահամալիրի Միջին դպրոցն ավարտած Արփի Սահակյանի և Շուշան Ադամյանի մեջ գրական թատրոն ստեղծելու, ինչպես իրենք արտահայտվեցին՝ գրական դահլիճի վերադարձի ցանկություն էր առաջացել: Ասեմ, որ երկուսն էլ իրենց անհատական պլանով թատրոն են ընտրել: Որոշեցին, որ սցենարի վրա էլ իրենք կաշխատեն, ընկերներին էլ կօգնեն՝ նրանց ընտրած ստեղծագործությունները պատշաճ ներկայացնելու: Ամեն ինչ սկսվեց Շառլ Բոդլերի «Արբեք» բանաստեղծությունից. «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք»… Սկսեցին ընտրել ֆրանսիական պոեզիա: Ո՞վ ինչպե՞ս ընտրեց, ո՞ւմ ի՞նչն էր հոգեհարազատ… Ինձ համար էլ էր հետաքրքիր: Եվ սովորողները ընտրությունը կայացրին:

Ներկայացումը պլանավորվածից այլ կերպ ստացվեց: Դրանով էլ հենց նախագիծ է: Մեր նոր սովորող-սեբաստացիներից ոմանց համար նախընտրելի եղավ մեդիա-ներկայացումը: Գրական դահլիճի բեմը առայժմ ոչ բոլորի համար էր հաղթահարելի: Ոչինչ: Ո՞ւր ենք շտապում: Մեդիա-ներկայացում, թող լինի մեդիա-ներկայացում… Նկարահանման տարածքի ընտրությունը և ձևը որոշվեց խմբային քննարկումների ընթացքում: Յուրաքանչյուր սովորող ինքը որոշեց իր նկարահանման կերպը: Երաժշտությունը առաջարկեց Արփի Սահակյանը: Սա այն տեսանյութն է, որ ստացվեց արդյունքում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский