Ծեսեր համակարգելու այցեքարտ
Primary tabs
Ծեսով սովորող ուսուցչի հաշվետվություն
Ծեսը հնուց եկած բովանդակային գործողությունների շարք է, որը խորհրդանշական ձևերով վերարտադրում է ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Այն ավանդական կանոններին հետևելն է, որը նվիրում է, ընտելացում տվյալ կրոնին և արժեքների համակարգին, էթնոսին, պետությանը:
Լինելով երիտասարդ, ապրելով քաղաքային միջավայրում՝ երբեք չեմ ուսումնասիրել ժողովրդական ծեսերը, չեմ մասնակցել որևէ ժողովրդական ծեսի` պատկերացում չունենալով դրանց բովանդակային խորության մասին: Մինչդեռ հոգևոր ծեսերին, ծիսակարգերին ծանոթ եմ, գիտեմ իմաստային բոլոր մանրամասները, խորհուրդները: Իսկ կրթահամալիրում, որտեղ աշխատում եմ 2014 թվականից, ծեսերը որոշվում են հեղինակային կրթական ծրագրով, կազմակերպվում ուսումնական օրացույցով, և երաժշտության ուսուցչի-դաստիարակի դերը ծեսերի կազմակերպման մեջ ամենակարևորներից է։
Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» մշակումից օգտվելով՝ 2017 թվականի փետրվարին ինքս նախագծեցի Բարեկենդանի ծեսը: Սկզբում ծես ասելով պատկերացնում էի միայն երգ ու պար (նման օրինակով իրականացրել էի Տեառնընդառաջի ծեսը): Շուտով հասկացա, որ մուտք եմ գործել մի դաշտ, որի մասին բացարձակ պատկերացում չունեմ:
Բավականին երկար ուսումնասիրեցի ծեսը, դժվարացա, հիասթափվեցի: Նորը իմանալու ձգտումը, հետաքրքրասիրությունը, կրթահամալիրի դասավանդողների ունեցած փորձը օգնեցին իրականացնել Բարեկենդանի ծեսը: Այն դարձավ այցեքարտ մյուս ծեսերը ավելի համարձակ, հավեսով, համախմբված և բովանդակային իրականացնելու համար:
Այն խնդիրները, որոնք դրել էի սկզբում՝ իմ առջև, ապա` սովորողների, կարծես թե լուծված էին:
Արդյունքում, ծեսն իրականցրեցինք նախակրթարանի խմբերում, 4, 5-րդ դասարաններում: Սովորողները յուրացրեցին Բարեկանդանի երգերը, խաղացին ազգային խաղերը, պարեցին նոր պարեր, մասնակցեցին թատրոնի բեմադրությանը, կատարեցին սեփական իմպրովիզներ բեմադրության մեջ, ունեցան տարազային հանդերձանք:
Ծեսը իր մեջ պարունակում է բազմաթիվ շերտեր, որոնք պահանջում են տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, երաժշտական, մարզական, պատմական, լեզվական, ծնողական լրացուցիչ կրթության լուծումներ:
Բարեկենդանի ծեսը կազմակերպելու ընթացքում հասկացա, որ սովորողների մի խմբի հետ միայն ես չեմ կարող իրականացնել դա: Առանց վերը նշված լուծումների՝ հնարավոր չէ: Ինչ-որ բան մնում է թերի, ոչ հստակ:
Այսպիսով, ծեսը դառնում է միավորող, համախմբում է մարդկանց, պահանջում իրար կապվող մտքեր, գաղափարներ, միասնական գործողություններ:
Զատկական ծեսն իրականցրեցինք այս մոդելով` կարևորելով ծեսի նախապատրաստական աշխատանքները, հետո նոր՝ բուն ծիսակատարությունը:
Քանի որ այս անգամ ծեսին մասնակից էր դարձել ողջ դպրոցը, ավելի հեշտ էր ըստ խմբերի բաշխել կատարվող գործողությունները: Իմ գլխավոր խնդիրն էր, ծեսի կազմակերպման և ուսուցման մեջ պակասեցնել դերակատարությունս:
Արդյունքում, մի քանի դասավանդողներով զատկածեսի մեջ մեկտեղեցինք այլ կրթական նախագծեր և որպես ամփոփում՝ իրականացրեցինք դրանք. 1-3-րդ դասարանի սովորողների և դասվարների հետ այցելեցինք Փարաքար գյուղի մանկապարտեզ կրթական ծրագրերի փոխանակում և զատկական ծեսի ամփոփում նախագծերով, իսկ 4-5-րդ դասարանի սովորողների և դասավանդողների հետ Զանգի Զանգի գեղեցիկդ իմ Զանգի նախագծով ամփոփեցինք Զատիկը:
Նախակրթարանը Զատիկն ամփոփեց դպրոցի բացօթյա լանջերին:
Արտագնա ճամփորդությունների ժամանակ կամ բացօթյա տարածքում սովորողները դառնում են ավելի անկաշկանդ, ինչն էլ օգնում է ծեսը իրականացնել ավելի արդյունավետ: Առանց նվագակցության երգն ու պարը բնական է հնչում, իսկ ազգային խաղեր կազմակերպելը դառնում է դյուրին:
Այսպիսով՝ ծեսն ստանում է կազմակերպման նոր ժամանակակից ձև, որն էլ այդքան գրավում է սովորողներին:
Ծեսերի իրականացման գլխավոր նպատակն է ազգային մշակույթի յուրացումը, երաժշտական ճաշակի զարգացումը:
Ամանորի ծեսը ուսումնական նյութերի և փաթեթների ստեղծման, ծնողական համայնքի ներգրավվածության, կազմակերպչական, համատեղ նախագծերի իրականացման, հայտնի անձանց անմիջական մասնակցության, համացանցում ծեսի տարածման առումով ամենահաջողվածն էր:
Ծեսը իրականացրեցինք «Ամանորը Հայաստանի տարբեր շրջաններում» նախագծով, որի նախապատրաստական աշխատանքները տևեցին բավականին երկար:
Արդյունքնում, սովորողները յուրացրեցին հայկական տարբեր տարածաշրջաններին բնորոշ երգերը, պարերը, ավետիսները, բարեմաղթանքները, ծիսական խոհանոցը, ծիսական գործողությունների առանձնահատկությունները, հանդերձանքը, բարբառը, քարտեզը և այլն: Այս բազմազանությունից ծնվեցին և հետո ստեղծվեցին ուսումնական նյութեր, տեսադասեր, որոնք հարստացրեցին կրթահամալիրի Երաժշտական ձայնադարանը: Սովորողների հետ ձայնագրեցինք 3 նոր ավետիս և դրանց հիման վրա նկարեցինք տեսահոլովակներ:
Սուրբ Ծննդյան ավետիս, Սեբաստիո բարեմաղթանք
Սուրբ Ծննդյան ավետիս, Արցախի բարեմաղթանք
Ալելույա, Էջմիածնի բարեմաղթանք
Ծնողներին ամանորյա ծեսի մեջ ներգրավելու համար կազմակերպեցինք և իրականացրեցինք բազմաթիվ հավաք-սեմինարներ, որի ընթացքում էլ ուսուցանեցինք ամանորյա երգեր, պարեր, ավետիսներ: Այս մեթոդը շատ արդյունավետ էր, որովհետև ծնողների ոգևորվածությունը բերեց մեզ աջակցելու պատրաստակամության, ինչն էլ հեշտացրեց մեր աշխատանքը:
Ծեսեր իրականացնելու առաջնային նպատակը ուսուցումն է, ապա` փոխանցումը և տարածումը:
Ամանորյա բուն ծեսի նախապատրաստական փուլում կրթահամալիրը իրականացնում էր հանրապետության նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում: Վերապատրաստվողներին ցույց տվեցինք, թե ինչպես ուսուցանել ամանորյա ծեսից բխող երգերը, պարերը, խաղերը, ծիսական գործողությունները և բերել այս ամենը դեպի հանրակրթություն:
Սովորողներին ծեսը պետք է մատուցել դյուրին և մատչելի, նրան հասկանալի լեզվով և գրոծողությամբ: Նա պետք է ծեսը ընկալի որպես հավես ինչ- որ բան, որի մեջ կա խաղ, հումոր, իր սիրած երգը, ոտանավոր, թատրոն:
Ամանորյա ծեսի նախապատրաստական կազմակերպված աշխատանքների շնորհիվ ունեցանք կոկիկ, հավաք, բովանդակային, ուսումնական ծես, որի շուրջը համախմբվեցին ծնողները, սովորողները, դասավանդողները և բազմաթիվ այլ հյուրեր:
- Բացվել է 2273 անգամ