Ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է...

Կրթահամալիրի ուսումնական երկրորդ շրջանի գնահատում ուսումնական մեկ ճամբարի օրինակով

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում գործում են հունվարյան և հունիսյան ուսումնական ստուգատեսային ճամբարները: Հունիսյան ստուգատեսներից են թարգմանչականը, թատերականը, երաժշտականը, կինո-ֆոտո գործունեությանը: Հունիսին գործում է նաև «Բարեկամություն» միջազգային ճամբարը՝ Վրաստանի, Արցախի, Հայաստանի տարբերի մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժական աշխատողների մասնակցությամբ: Կրթահամալիրի հունվարյան ուսումնական ճամբարը նշանավորվում է հանրակրթական ամենամյա Դիջիթեք, բնագիտատեխնիկական և մարզական ստուգատեսներով: Նշված բոլոր ստուգատեսների անցկացմանը զուգահեռ կրթահամալիրի բոլոր դպրոցները ամբողջովին անցնում են նախագծային ուսուցմանը և իրականացնում ճամբարային ամենատարբեր նախագծեր՝ ուսճամփորդություններ, սովորող-սովորեցնող նախագծերի ակտիվացում, ազգային ավանդական խաղերի անցկացում Ագարակում, մարզական ստուգատես, այցելություն թանգարաններ, հրավիրյալ մասնագետների վարպետության դասեր, ծիսական շաբաթ (ծիսական հարսանիքի գաթաների և տարոսիկների պատրաստում, պարերգերի ուսուցում): Այս տարվա հունվարը հարուստ էր կրթահամալիրային, բոլորի համար որոշված մեծ նախագծերով։

Նախագծային ուսուցումը սովորական ավանդական ուսուցման կազմակերպումից տարբերվում է նրանով, որ այն ամբողջովին աշակերտակենտրոն է և հիմնված է սովորողի գործունեության վրա, երբ սովորողը ոչ թե վերարտադրում է ուսուցչի ասածը կամ դասագրքում գրածը, այլ ստեղծում է իրենը իր հետազոտական, փորձարարական աշխատանքով և հասնում է նախանշած արդյունքի: Փաստորեն կրթահամալիրի ուսումնական ճամբարները իրենց բնույթով հաստատում են հին չինական առածը. «Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և ես կհիշեմ, ներգրավիր ինձ գործունեության մեջ և ես կսովորեմ»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի չորս կրտսեր դպրոց՝ երկուսից չորս տարեկանների նախակրթարանային խմբերով, Միջին և Ավագ դպրոցներ և միջին մասնագիտական կրթությամբ մի Քոլեջ: Այնպես է ստացվել, որ մեր կրտսեր դպրոց-պարտեզները Մայր (Միջին և Ավագ դպրոցների) շենքի համեմատությամբ իրենց աշխարհագրական դիրքերով համընկնում են աշխարհի չորս կողմերին՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան և հենց այդպես էլ կոչվում են՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ, Արևելյան դպրոց-պարտեզ և Արևմտյան դպրոց-պարտեզ:      

Այս հոդվածում ներկայացնում եմ Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարում հունվարի 8-9-ին և 23-24-ին իմ կատարած դիտարկում-ուսումնասիրությունը՝ ցույց տալով ուսումնական ստուգատեսային ճամբարի համար նախատեսված նախագծերը և դրանց իրականացման արդյունքները ճամբարի վերջում:     

Այսպիսով, տրված է ձմեռային ուսումնական ստուգատեսային ճամբարի մեկնարկը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Ինձ հետաքրքրում է, թե ինչ նախագծերի վրա են աշխատում 4-5-րդ դասարանների տարատարիք ջոկատները: Նախքան դպրոց մտնելը ուսումնասիրում եմ դպրոցի 4-5-րդ դասարաններում դասավանդողների ուսումնական բլոգները:     

Առաջինը հետաքրքրվում եմ թարգմանչական նախագծերով զբաղված սովորողների գործունեությամբ: Նոր ճամբարային նախագիծ է սկսել Լիլիթ Հայկազունին. «Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները հայերեն կարդալը և հեշտացված անգլերենով ներկայացնելը»:

Էլինա Սիմոնյանի բլոգում կարդում եմ նույն ջոկատի ռուսերեն թարգմանական նախագծերի մասին: Ուշադրության է արժանի «В мире животных» նախագիծը, որը և հետազոտական է և թարգմանական:

Մաթեմատիկոսների խոհարարական նախագծից երևում է, որ Գրետա Բակունցը համառորեն ուզում է մաթեմատիկայի ուսուցումը իրական կյանքի հետ կապել:  Իրոք, կոտորակների գաղափարի ամենատեսանելի բացատրությունը խոհանոցում է՝ նոր թխած կլոր գաթան կտրատելիս:

Շուշան Ալեքսանյանի բնագիտական նախագծի գործունեությունը ներառում է կենդանիների խնամք ագարակում, բույսերի և դրանց թաղարների խնամք և՛ իրենց Արևմտյան դպրոցում և՛ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի ջերմոց լաբորատորիայում:

Սոնա Փափազյանն իր բլոգում հայրենագետների խումբն անվանել է «հայրենագետ-հետախույզների» ջոկատ:  Սովորողների այս խմբի առանցքային նախագիծը «Ազգային և ավանդական խաղերն» է:

Բազմազան է Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական խմբի գործունեության ցանկը: Ահա այդ ցանկից մի օրինակ. «2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում»:

Խոստումնալից ու հետաքրքիր նպատակ է դրել Արմինե Աբրահամյանը իր ստեղծագործող-ընթերցասերների առջև. «Մայրենի լեզվի լաբորատորիա -ընթերցասրահի ստեղծման, ձևավորման աշխատանքներ»:

Բոլոր նախագծային խմբերի գործունեության բնույթն ու էությունը մի բան ստեղծելն է: Սերտածը շատ շուտ մոռացվում է, բայց ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Պատմեին, չէի հավատա:

Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների դասավանդողների բլոգները հունվարի 8-ին ուսումնասիրելուց հետո հունվարի 9-ի առավոտյան արդեն դպրոց-պարտեզում էի, որպեսզի իմանամ, թե ինչպես են հրապարակված նախագծերն իրականացվում: Որքան էլ ինձ պատմեին, չէի հավատա ու զգա այն ամենը, ինչի ականատեսը եղա այդ օրը:

Եթե ինձ ասեին, որ հինգերորդ դասարանցին կարդում է կենդանիների մասին հանրագիտարանը, բարդ լեզվով ու անհարկի մանրամասն տեղեկություններով գրված տեքստից քաղում է իր համար հետաքրքիր միտքը և պարզ ռուսերենով շարադրում իր բլոգում, չէի հավատա: Բայց ես տեսա՝ Էդուարդ Սարգսյանի և Հայկ Ղազարյանի աշխատանքի ականատեսը եղա: Տեսա նաև, թե ինչպես են Լուզիա Եղիազարյանը և Անահիտ Թովմասյանը կենդանիների մասին ռուսերեն  երաժշտական մուլտֆիլմի թարգմանությունն անում:

Դպրոցի մեդիահարթակում հավաքվել էր Արմինե Աբրահամյանի ընթերցասեր-ստեղծագործողների խումբը: Երբ վարագույրը մի կողմ քաշեցի ու ներս մտա, ինձ համար անսովոր տեսարան էր: Դասավանդողը լուռ հետևում էր, թե ինչպես է սովորող Հայկ Նահապետյանը իր ընկերներին համակարգչային նոր ծրագիր սովորեցնում: Ծրագիրը կոչվում է Playbuzz, որը, կարծում եմ, օգտակար կլինի նաև ուսուցիչներին, քանի որ այդ ծրագրով կազմում են ուսումնական առաջադրանքներ, թեստեր: «Հայկ, դիմացդ սովորողներ են նստած, որոնք չգիտեն այդ ծրագիրը: Մի քիչ դանդաղ ու ավելի մանրամասն բացատրիր», լսվում է Արմինեի ձայնը: Որքան լուրջ էին հետևում Հայկի բացատրություններին: Շատ ու շատ դասավանդողներ կուզենային այդպիսի լսարան ունենալ:

Իսկ հարևանությամբ Զարուհի Ոսկանյանի տեխնոլոգիայի կաբինետն էր, որտեղ աշխատում էր տեխնոլոգիական նախագծեր իրականացնող խումբը: Այո՚, նրանք աշխատում էին բառի առաջնային, ոչ փոխաբերական իմաստով. առաջին դասարանցիների համար գունավոր տառախաղ էին ստեղծում: Մի ժամից նրանք հյուր էին գնալու Աշխեն Թադևոսյանի առաջին դասարանցիներին՝ իրենց հետ տանելով նորաստեղծ տառերը, որպեսզի փոքրիկները կարողանային տառերը կողք-կողքի շարելով՝ բառեր ու նախադասություններ գրել սեղանի վրա:

Սոնա Փափազյանը հավատարիմ էր իրենց «ազգագրական ավանդական խաղեր» նախագծին: Իրենց հերթական ծիսական խաղի համար տարեգաթա էին թխում:

Շատ էի ուզում տեսնել, թե ինչպես է Գրետա Բակունցը մաթեմատիկան համակցում խոհանոցին:  Կարելի է ապրել այնպես, որ երբեք չառնչվես մաթեմատիկային: Կարելի է և ապրել այնպես, որ ամենուր առնչվես մաթեմատիկային: Գրետա Բակունցը ապրելու երկրորդ ձևն էր սովորեցնում իր ջոկատի անդամներին: Այդ օրը վաղ առավոտյան նրանք վերցրել էին մրգային աղցանի բաղադրատոմսը և իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ խանութ էին  գնացել: Ի՞նչ արժե տանձի, բանանի, խնձորի և նարինջի մեկ կիլոգրամը: Իսկ ի՞նչ կարժենա բանանի 200 գրամը, խնձորի 250 գրամը և որքա՞ն պետք է վճարել դրանց համար: Կյանքում հանդիպող, ոչ դասագրքային մաթեմատիկայի իսկական խնդիրներ, որոնք լուծում էին պահանջում ոտքի վրա:

Հունվարի 23-ն է, և ուսումնական ստուգատեսային ճամբարի վերջին օրերին նորից սկսում եմ հետևել Արևմտյան դպրոցի նախագծերի իրականացման ընթացքին, ծանոթանում արդեն արձանագրված արդյունքներին:

Լիլիթ Հայկազունու և Էլինա Սիմոնյանի թարգմանական խմբի տարատարիք ճամբարականները արդյոք կարողացե՞լ են իրականացնել իրենց թարգմանական նախագծերը: Ի՞նչ արդյունքներ են արձանագրել Գրետա Բակունցի «Մաթեմատիկան խոհանոցում» նախագիծն իրականացնողները: Առաջին դասարանցիները օգտագործեցի՞ն Զարուհի Ոսկանյանի տեխնոլոգիական խմբի ստեղծած գունավոր տառախաղը: Արմինե Աբրահամյանն իր ընթերցասերների խմբով կարողացա՞վ ստեղծել մայրենի լեզվի լաբորատորիա-ընթերցասրահը: Հնարավո՞ր է բացահայտել, թե ինչ ազգային ավանդական խաղեր է խաղացել Սոնա Փափազյանի «Հայրենագետ-հետազոտողների» խումբը:

Ինձ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար նախ այցելում եմ Արևմտյան դպրոց՝ հանդիպելու ուսումնական նախագծեր իրականացնող դասավանդողներին, իսկ հետո սկսում եմ ուսումնասիրել նախագծերն իրականացնողների ուսումնական բլոգները:

Ահա գտնում եմ Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի մոտիվներով պարզեցված տեքստի հայերենից անգլերեն թարգմանությունը, որն արել է 5-րդ դասարանցի Արև Սուքիասյանը:

Հունվարի 9-ի իմ զարմանք արտահայտող «պատմեին չէի հավատա» միտքը իրենց հայերենից ռուսերեն թարգմանություններով արդարացրեցին հինգերորդցիներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Մարջանյանը և Լուզիա Եղիազարյանը

Մաթեմատիկա դասավանդող Գրետա Բակունցի ուսումնական բլոգում երեք տեսաֆիլմերի միջոցով բացահայտում ենք, թե ինչպես է փոքրիկ մաթեմատիկոսների խումբը երկրաչափական պատկերների նմանությամբ թխվածքբլիթներ թխում, մրգեր կտրատում, իսկ կոտորակների գաղափարն իմաստավորում՝ պիցցա պատրաստելով, կտրատելով և համտեսելով:

Այս տեսաֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է Զարուհի Ոսկանյանի՝ տեխնոլոգիական նախագծեր իրականացնող սովորողների պատրաստած   տառախաղը փորձարկվում երկարացված օրվա կազմակերպիչ Փառանձեմ Գրիգորյանի խմբում:

Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ կենսաբանության տարբեր բաժինների (բուսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա) դասագրքերը լի են անհարկի գիտականությամբ գրված տեքստերով, որոնք վանում են դպրոցահասակ սովորողին, չեն թողնում սիրել բնությունը, բույսերին ու կենդանիներին: Բայց չէ՞ որ հանրակրթական դպրոցի հիմնական աստիճանում այս ուսումնական առարկայի գերխնդիրը հենց բնությունը սիրելը պետք է լինի: Դա է բնագիտության կրթական ամենակարևոր չափորոշիչը: Բնությունը սիրելու կրթական չափորոշչի հետևողական ձևավորմանն է ուղղված Շուշան Ալեքսանյանի ճամբարային յուրաքանչյուր օր:

Ո՞վ կարող է տեսնել ու գնահատել անտեսանելին ու անգնահատելին՝ ազգային ինքնաճանաչողության, թեկուզև, փոքր արթնացումը Սոնա Փափազյանի «հայրենագետ-հետախույզների» մոտ՝  հայկական ավանդական հոլախաղով, աքլորակռվով, կոխով,  պարան ձգոցիով, հարսանեկան գաթայի պատրաստումով ու թոնրի լավաշի թխումով, տարբեր ծիսական պարերգերով:

Հունվարյան ուսումնական ստուգատեսային ճամբարի ձեռքբերումներից էր նաև Արմինե Աբրահամյանի «Ստեղծագործ ընթերցասերներ» նախագծային խմբի աշխատանքի արդյունքը՝ մայրենի լեզվի լաբորատորիա-ընթերցասրահի ստեղծումը Արևմտյան դպրոցում: Վստահ եմ, որ Արմինե Աբրահամյանի այս նախագծով ավելացավ կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների մայրենի լեզվի և ընթերցանության նկատմամբ սիրո չափը, բայց ո՞վ կարող է այն չափել ու գնահատել: 

Ուսումնական ճամբարի վերջին օրը՝ հունվարի 26-ը, դեռ երկար են հիշելու կրթահամալիրի բոլոր սովորողները, դասավանդողներն ու մանկավարժական բոլոր աշխատողները: Այդ օրը հատկապես անմոռանալի է լինելու մեր գործընկերներ Խորեն Հազարումյանի և Լուսինե Աբրահամյանի համար, քանի որ դա իրենց իսկական հայկական ծիսական հարսանիքի օրն էր Մարմարյա սրահում և ուսումնական ագարակում:

Այս հարսանիքը միավորեց կրթահամալիրի բոլոր սովորողներին ու դասավանդողներին մի ընդհանուր նախագծի շուրջ: Մի ամբողջ ամիս բոլոր դպրոցների ճամբարային աշխատակարգերում ներառված էր հարսանեկան ծիսական պարերգերի ուսուցումը, հարսանեկան արդ ու զարդերի, ծիսական տարոսիկների պատրաստումը, իսկ վերջին շաբաթվա ընթացքում նաև՝ հայկական ծիսական խոհանոցի փլավի ու գաթայի պատրաստումը: Ազգային ինքնաճանաչողությանն ուղղված մի իսկական ուսումնական նախագիծ դարձավ այդ հարսանիքը: Բոլորն էին դարձել հարսանքավորներ, իսկ վերջին երկու օրերին մեզ միացան նաև Վայոց Ձորի Խաչիկ, Արագածոտնի Օհանավան և Վրաստանի Կախեթիի շրջանի Վարդիսուբանի գյուղերի դպրոցականներն ու դասավանդողները:

Բոլորն էին հարսանքավորներ դարձել: Բոլորն էլ մի քիչ ավելի բարի ու մի քիչ ավելի հայ էին դարձել:

 

 

 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский