Թող քո խոսքը ժլատ լինի, իսկ լռությունը՝ պերճախոս. մանկավարժական գործիքներ
Primary tabs
Կրթական գործում կարևորը սանը-սովորողն է, և նրան հասնելու, ուսուցման խնդիրները լուծելու համար մանկավարժական ուսումնասիրության, քննարկման նյութ են դառնում սովորողի վարքը, հոգեբանությունը, ձևակերպվում են սովորողի բնութագրման ձևերը, ցանկությունները և այլն: Հարց՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը, իսկ ինչպե՞ս կուզենար սանը-սովորողը տեսնել իր ուսուցչին, ինչպիսի՞ն է ուսուցիչը սանի, սովորողի պատկերացումներում: Ինչպե՞ս է խոսում, ինչպե՞ս է նայում, ինչպե՞ս է ժպտում, լռում, բարկանում, հագնվում, քայլում, խաղում, ուտում, նստում, շոյում և այլն: Ի՞նչ ճանապարհով է ուսուցիչը հեղինակություն դառնում սովորողի համար:
Մանկավարժական հեղինակությունը հիմնականում կառուցվում-ձևավորվում է ուսուցչի վարքով, նրա խոսքի տեխնիկայով, ձայնով, դիմախաղով, ժեստերով, նրա կազմակերպած և ստեղծած մթնոլորտով, միջավայրով, վարքի կոկիկությամբ, մանկավարժական խնդրիրներ լուծելիս հոգեբանական դադարներով. շարքը կարելի է շարունակել:
Ուսուցիչը իր խմբի (դասարանի) կրթադաստիարակչական, քաղաքացիական հղկման ընթացքի հիմնական կազմակերպիչն է: Ինչպիսի՞ պատրաստվածություն կունենան սովորողները ուսումնական պարապմունքների՝ հանրակրթական, արտադրական, ստեղծական մտածողության ու պատրաստվածության, ակտիվ ինքնավարության, ի՞նչ աստիճանի սոցիալական ակտիվություն կդրսևորեն և բարքերին հաղորդակից կլինեն՝ կախված է հենց ուսուցչից:
Սաների ուսուցումը և դաստիարակությունը բարդ և բազմաշերտ ընթացք է, գործողությունների շղթա, որը պահանջում է ոչ միայն հատուկ կազմակերպում՝ հատուկ հմտությունների, ջանքերի կիրառմամբ (անհատական՝ յուրաքանչյուրին ուղղված ջանքերով), այլ նաև հոգեբանական այնպիսի կարողություններ և հմտություններ, որոնք կլինեն մանկավարժորեն հիմնավորված ու կիրառելի:
Մասնավորապես հոգեբանական առանձնահատկությունները վերաբերում են էքսպրեսիվ խոսքին: Ուսումնական պրոցեսում ուսուցիչն անընդհատ գտնվում է խոսքային շփման ձևի մեջ: Եվ այն հանգամանքը, թե ինչպես է ուսուցիչը կարողանում կիրառել այդ կարողությունը (խոսքային), ինչպիսին են նրա այդ կարողության առանձնահատկությունները, հմտությունները գործունեության հաջողությունները, կախված կլինեն նրա պատրաստվածությունից:
Էքսպրեսիվ խոսքը ներառում է ներքին (բովանդակային), ինչպես նաև խոսքի արտաքին առանձնահատկություններ, որոնք ուղեկցվում են արտաքին դիտման համար մատչելի, ընդգծված (էքսպրեսիվ) արտահայտչամիջոցներով՝ դիմախաղով (միմիկայով) և մնջախաղով (պանտամիմիկայով):
Փորձառու ուսուցիչը ոչ միայն հետևում և պատասխանատու է այն ուսումնական գործունեության համար, որ կազմակերպում և իրականացնում է, այլ նաև պետք է ուշադրությամբ հետևի, գրանցի սովորողների արձագանքները՝ հոգնածությունը, ձանձրույթը, անհնազանդությունը, անուշադրությունը, միաժամանակ պետք է վերահսկի նաև իր վարքը՝ խոսքը, ոչ վերբալ դրսևորումները՝ կեցվածքը, դիմախաղը, ժեստերը՝ որպես սովորողի արձագանքի հնարավոր պատճառներից մեկը:
Վարքի դրսևորման կարևոր պահանջներից մեկը մարդու բնական, անկեղծ լինելն է: Երբ մարդը անկեղծ չէ, դա միանգամից նկատելի է դառնում: Մարդու իրական դեմքը անհատականության իմիջն է, որը մասնավորապես դրսևորվում է դիմախաղով:
Մասնագետները պնդում են, որ եթե խոսքի միջոցով ինֆորմացիայի 7% է փոխանցվում, ձայնի տոնի, առոգանության բարձրացման միջոցով՝ 38% , իսկ դիմախաղի, մնջախաղի, ժեստերի, կեցվածքի միջոցով՝ 55 %: Այլ կերպ ասած՝ մանկավարժական խնդիրը դառնում է ոչ թե ասելիքը, այլ «ինչպե՞ս»-ը, կերպը, մատուցման ձևը: Պատահական չէ, որ Ցիցերոնն իր աշակերտներին ասում էր. «Հոգու բոլոր գործողությունները պետք է ուղեկցվեն ժեստերով, ձեռքերի ոսկորներով, մատներով, ամբողջ ձեռքով դեպի առաջ, ոտքերը հողին հարվածելով և հատկապես աչքերի հարուստ միմիկայով: Ժեստերը մարմնի լեզուն է, որը հասկանում են անգամ վայրենիներն ու բարբարոսները»: Ուսուցչի մանկավարժական արվեստի ցուցանիշ է համարվում հաղորդակցության գործիքների՝ վերբալ և ոչ վերբալ, կիրառման նրա հմտությունը:
Դիմախաղը որպես մանկավարժական գործիք
Դիմախաղը դեմքի մկանների շարժում է, որն արտահայտում է ներքին հոգեկան վիճակը, ապրումները, սեփական մտքերի, զգացմունքների, տրամադրության, իրավիճակի արտահայտման արվեստ է դեմքի մկանների շարժման միջոցով: Անկառավարելի միմիկան մատնում է մարդու հոգեվիճակը: Ով որ տիրապետում է իր դիմային մկաններին, նա կարող է թաքցնել իր զգացմունքները: Դիմախաղին տիրապետելը կոչվում է միմիկայի (միմոսային) արվեստ:
Միմիկան կառավարելը պարզապես անհրաժեշտ է մի շարք մասնագիտություններում, որոնց բովանդակությամբ որոշված է մարդկանց հետ փոխհարաբերություն կամ փոխազդեցությունը: Դիվանագետի դեմքի արտահայտությունը հայտնի է ամբողջ աշխարհին իր զսպվածությամբ: Մանկավարժի համար ևս շատ կարևոր են դեմքի արտահայտությունը և երեխաների հետ աշխատողի դիմախաղի պայմանական բնութագրերի գիտակցումը, տիրապետումը, կիրառումը:
Հաճախ դեմքի արտահայտությունը և հայացքը ավելի մեծ ազդեցություն են ունենում սովորողի վրա, քան խոսքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ուսուցչի դեմքն անշարժ է, մատուցված ինֆորմացիայի 10-15%-ը կորչում է: Ժեստն ու դիմախաղը նպաստում են ինֆորմացիայի ավելի լավ յուրացմանը՝ բարձրացնելով էմոցիոնալ նշանակությունը: Սովորողները կարդում են ուսուցչի դեմքը՝ կռահելով նրա վերաբերմունքը, տրամադրությունը: Պետք է հիշել, որ ուսուցիչը պետք է բացառի տնային հոգսերի դիմակը դասարան-խմբասենյակ բերելը: Պետք է դեմքով և ժեստերով արտահայտել միայն այն, ինչ վերաբերում է գործին և նպաստում է ուսումնա-դաստիարակչական խնդիրների իրագործմանը: Ուսուցչի դիմախաղին ներկայացվող պահանջներ՝
- Լինել թափանցիկ, բաց՝ աշխարհի և սովորողների հանդեպ, լինի հասանելի, չլինել «հրեշի» կերպարով, որպեսզի սովորողը անարգել դիմի:
- Լինել ադեկվատ, համապատասխանել մանկավարժի որակներին. դա թույլ է տալիս սովորողին առանց վախի փոխազդել, հաղորդակցվել ուսուցչի հետ, այսինքն՝ ուսուցիչը տեսնում և ճանաչում է սովորողի «ես»-ը:
- Լինել պոզիտիվ, կառուցել դրական դրսևորումներով, մտքերով, ասոցիացաներով հումանիստական հաղորդակցություն:
- Լինել խորաթափանց, խորագետ, քանի որ ուսուցիչը գործ ունի երեխայի հոգեկանի հետ, դրա նուրբ դրսևորումների, նրա անհատականության զարգացման, այլ կերպ ասած՝ դա աշխատանք է հոգու հետ:
Ուսուցիչը (դասվար, կազմակերպիչ, դասավանդող) կարող է գործի դնել երևակայությունը, առանց երևակայության այս ամենը հօդս կցնդի. նա իր սովորողների հետ կարող է մշակել համապատասխան դիմախաղի, հոգեբանական դադարների այբուբեն, որի կիրառմամբ առանց լարումի կարող են գրանցել պարապմունքի արդյունավետությունը, կարգապահությունը, հերթապահությունը, խոհանոցից օգտվելու կարգը, ճամփորդության ընթացքը և այլն:
Մեծ դիապազոն ունի դիմախաղը, գլխավոր դերում են աչքերը և հոնքերը: Բոլորս գիտենք, որ հոնքերը բարձրացնելիս արտահայտում ենք մեր զարմանքը, դրանք կիտելիս վհատվում ենք, ժպիտով հայտնում ենք մեր գոհունակությունը, կախ շուրթով նեղացվածությունը, և այդպես կարելի է թվել:
Դադարը (հոգեբանական) խոսքում՝ որպես մանկավարժական գործիք
Հոգեբանական դադարը հաղորդակցմանը կյանք ու միտք է տալիս, դրանց ենթատեքստն է հաղորդում:
«Թող քո խոսքը ժլատ լինի, իսկ լռությունը՝ պերճախոս»: Ահա այս «պերճախոս լռությունն է» հոգեբանական դադարը, որը շփմա , հաղորդակցման շատ կարևոր միջոց է և խոսում է առանց բառերի, բառերը փոխարինում է հայացքով, դիմախաղով, ճառագայթումներով, ակնարկներով, հազիվ նշմարելի շարժումներով և գիտակցված ու ենթագիտակցված շփման կամ հաղորդման միջոցներով: Պատկերացրեք սովորողների արձագանքը իրավիճակին, նաև դրա զարգացումը: Դադարը, լռություն չի ենթարկվում ոչ մի օրենքի, մինչդեռ նրան են ենթարկվում խոսքի բոլոր օրենքները:
Փաստ է, որ սովորողները գնահատում են իրենց ուսուցչի զսպվածությունը, պարզությունը, բնականությունը՝ անկեղծությունը, խենթություն-ոգեղենությունը, խաղային, իրավիճակային, արկածային միջավայր ստեղծելու կարողությունը և, որ ամենակարևորն է՝ երևակայությունը և հավեսը:
Ոչ վերբալ մանկավարժական գործիքների չափից ավելի կիրառումը, ի դեպ, կարող է հանգեցնել նեգատիվ ազդեցությունների: Ոչ տեղին դիմախաղը, չափից ավելի ժեստերը, ուսուցչի լարված անընդհատ շարժը խմբասենյակով վանում և սովորողների մերժողական հոգեբանական արձագանքն է առաջացնում։ Այն ապակենտրոնացնում է նրանց ուշադրությունը. նրանք ավելի վատ են ընկալում, յուրացնում նյութը և հակառակվում են ուսումնական գործընթացին:
Ուսուցիչների ավելի հաճախ հանդիպող զգացմունքային վիճակներից նշվում են էմոցիոնալ անհավասարակշռությունը, վրդովմունքը, ագրեսիվ պահվածքը, դժգոհությունը, լարվածությունը: Եթե ուսուցիչն ունի նմանատիպ հատկանիշներ, ապա դա արտացոլվում է նրա միմիկայի, ժեստերի, խոսքի, պարալինգվիստիկ արտահայտությունների մեջ (կոպտություն, չափից ավելի քննադատողականություն, սոցիալական տարբերության ընդգծում):
Ոչ վերբալ փոխազդեցության հնարավոր նեգատիվ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է դրա մշակումը և ճիշտ օգտագործումը մանկավարժական գործունեության մեջ: Ոչ վերբալ շփման ձևերի տիրապետումը օպտիմալացնում է ուսուցչի փոխազդեցության համակարգը աշակերտների վրա, ստեղծում է բարենպաստ պայմաններ, համատեղ գործունեության ստեղծական մթնոլորտ:
Ուսուցչի դեմքի արտահայտությունը նրա հոգեկան իրավիճակի հայելին է: Դրական դիմախաղը տրամադրում է շփման: Այդ ոչ պակաս կարևոր հատկությունը բացում է երեխայի համար հնարավորություն՝ դիմելու ուսուցչին ցանկացած հարցով, խորհրդով, օգնության, զրույցելու կամ բարի խոսքի համար:
Անգնահատելի է դիմախաղի, ժեստերի և մնջախաղի դերը նաև վերբալ հաղորդակցման համար: Այն միայն լրացնում է ուսուցչի և սովորողի շփումը: Հայտնի է, որ ուսուցչի խոսքը պետք է լինի ոգեշնչող, ներթափանցող, անկեղծ, վստահություն ներշնչող, պետք է ստեղծի մթնոլորտ, միջավայր:
Փոքր-ինչ իմ փորձի մասին
Մանկավարժության մեջ եմ ավելի քան յոթ տարի, ուսուցչությանս բնագավառն է թատրոնը՝ դերասանի վարպետության, բեմական խոսքի դասընթացներ ավագ դպրոցում, իսկ ազդեցության դաշտը՝ մասնավորապես Հյուսիսային դպրոց-պարտեզը:
Որպես անհատ՝ ունեմ հարուստ դիմախաղ. վերաբերմունք-տրամադրություն թաքցնելը չի ստացվում, դիմապատկերս փաստում է իրավիճակի արձագանքի մասին: Մանկավարժության մեջ էլ դա անխուսափելիորեն կիրառում է գտնում։ Խոսքի մեջ էլ շատախոսություն չեմ կիրառում, ձայնս ցածր է, խոսքս զուսպ, բայց դիպուկ, հարուստ դադարներով, որոնք խոսքիս կշիռը մեծացնում են: Գուցե դա թատերական կրթության ձեռքբերումներից է, բայց սովորողների հետ շփման մեջ ձանձրույթի, տարաձայնության որևէ դրսևորում չեմ գրանցել: Խոսքի մեջ դադարները ցնդելու ազդեցություն ունեն սովորողների վրա, հանկարծ որսում ես նրանց ուշադրությունը, դիմախաղը, հոգեկանի արձագանքը: Ստեղծվում է մի մթնոլորտ, որտեղ երևակայությունն է, խոսքը, ժեստը, դադարը, ակցենտը, խաղը: Մանկավարժական ազդեցության հրաշալի գործիքներ են:
Աղբյուրներ`
- «Մանկավարժություն» Բորդովսկայա, Ի.Վ, Ա. Ա., Ս. Պետերբուրգ 2005
- «Մանկավարժական ուսումնասիրությունների ներածություն» / խմբագրությունը Ա. Ս. Ռոբոտովայի, Տ.Վ. Լեոնտևի 2008
- «Մանկավարժական հիմունքներ» Զյազյուն, Ի. Ա., Կրիվոնոս, Ի. Ա., Տարասևիչ, Մոսկվա 1989
- «Մանկավարժական նախագծում», Կոլյոսնիկովա Ի. Ա., Մ.Պ. Գոռչակովա- Սիբիրսկայա, Մոսկվայի Ակադեմիա 2006
- «Մանկավարժների դաստիարակչական գործունեությունը», Կոլյոսնիկա, Ի. Ա., Բորիտիկո, Ն. Մ., Պոլյակով, Ս, Դ. Մոսկվայի Ակադեմիա 2008
- «Մարմնի լեզու» Պիզ, Էքսմո 2006
- «Ուսուցչի դիմանկարը հետազոտող գիտնականների, հոգեբանների և հենց սովորողների կողմից որպես մի հավաքական կերպար» Սինելնիկովա, Տ.Ա. (Մանկավարժական վարպետություն. Միջազգային գիտական համաժողով), Մոսկվա 2014
- «Մանկավարժի պրոֆեսիոնալ աշխարհի ձևավորում», Ֆռոլովսկայա, Մ.Ն., 2009
- Մ.Չեխով, «Դերարարի տեխնիկայի մասին»
- Ն. Ֆոմենկո, «Մանկավարժի դիմախաղի ազդեցությունը սովորողների վրա ուսումնադաստիարակչական ընթացքում»
- Բացվել է 1491 անգամ