Դռան առաջ հերկեցինք...

Վերադարձ

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում սկսել եմ իմ գործունեությունը 2013-2014 ուսումնական տարվանից՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Այնուհետև 2014-2015 ուսումնական տարում աշխատել եմ որպես 4-րդ դասարանի կազմակերպիչ, սովորողների հետ համատեղ իրականացրել ենք տարբեր ուսումնական նախագծեր: 2015-2016 ուստարում աշխատել եմ կրթահամալիրի 5 տարեկան նախապատրաստական խմբում՝ որպես դասվար: Այստեղ թվում է՝ ընդհատել եմ մանկավարժական գործունեությունս և գնացել մանկավարժական-ֆիզիոլոգիական արձակուրդ՝ երկրորդ տղայիս ունենալու, խնամելու։ Վերադառնում եմ երկու տարեկան դարձող որդուս հետ։ Այս ընթացքում նրա ավագ եղբոր՝ 5 տարեկան Ալեքսի հետ անընդհատ կրթահամալիրում ենք եղել՝ ծեսերում, ուսումնական նախագծերում, հավաքներում. և մայրական կարևոր առաքելությունից հետո վերադառնում եմ աշխատանքի՝ շարունակելու սիրելի աշխատանքս: Շնորհակալ եմ, որ ինձ 2018-2019-ի 5 տարեկանների դասարան ստեղծելու հնարավորություն տրվեց։

Վերադարձս փոխարինումով սկսվեց։ Մարտին կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ղեկավարի առաջարկով երկու շաբաթ փոխարինեցի Հյուսիսային դպրոցի 2-4 տարեկանների խմբի դաստիարակ  Օլյա Մանդալյանին։ Կրթահամալիրում իրականացվող հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիրը Ալեքսի միջոցով մեր տանն է արդեն քանի տարի, և ես սիրով ստանձնեցի փոխարինումը։ Ինձ համար դա կարևոր էր նաև այն պատճառով, քանի որ Օլյայի խմբում կային 5 տարեկաններ, որ իմ սաներն էին դառնալու. ևս մեկ հնարավորություն էր նրանց հետ ծանոթանալու, աշխատելու, որակներ բացահայտելու, որոնք կարևոր էին հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար:

Այնպես ստացվեց, որ այս օրերը համընկան «Ծառզարդար-զատիկ» նախագծին պատրաստվելուն։

Առաջին օրը նախակրթարանում պատրաստվեցինք «Ձոն» նախագծին. գունավոր թղթերից կտրատեցինք իրենց թաթիկները, այնուհետև դրանցից պատրաստեցինք տոնական բացիկներ, վերջում նվիրեցինք մայրիկներին։ Իսկական հրճվանք էր։ Փոքրիկները նաև ձայնագրության միջոցով շնորհավորեցին իրենց մայրիկներին։ Սա էլ մի ուրի՜շ հաճույք էր՝ և նրանց բլբլոցը լսելու, և՛ մայրիկների ուրախությունը տեսնելու։ Երեխաներն էլ ոգևորվեցին. ասում էին՝ ընկեր Դիանա, ռադիո՞ եք անելու:

Հաջորդ օրը խմբում հերթապահների ցուցակ առանձնացրեցի, ովքեր իրենց պարտականություններն իմանալով անցան գործի: Մի քանի օրից իրար արդեն ավելի լավ էինք ճանաչում, աշխատանքն էլ ավելի արդյունավետ էր դառնում:

Սկսեցինք  «Ծառզարդար-զատիկ» նախագծին պատրաստվել, սովորեցինք զատկական ասիկներ, ձվով բնագիտական փորձ արեցինք, ձվիկները փչեցինք, դատարկեցինք, ինչ քրքիջ էր խմբում տիրում, երբ ես առաջին օրինակը ցույց տվեցի: Ահա տեսանյութը.

Բոլորը հարցնում էին, թե ի՞նչ ենք անելու մեր այս դատարկ ձվիկները։ Հիշեցի այս զատկական ասիկը.

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Իսկ այս գունավոր ձվիկներով փորձեցինք զարդարել մեր Ծառզարդարի ճյուղը։ Իհարկե, մեզ այդ գործում օգնեցին խմբի ծնողները. էլ ի՞նչ ծես առանց ծնողների մասնակցության:

Նշեմ, որ խաղում էինք նաև մեր ազգային ծիսական խաղերը, հեքիաթ ընթերցում, զրուցում:

Երբ մեր ճյուղն արդեն պատրաստ էր, պետք էր ածիկ աճեցնել, այդ գործում մեզ օգնեցին Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզի դաստիարակներ Հարությունյան Սեդան և Այվազյան Անահիտը, որ իրենց վերապատրաստումն էին անցնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մի ամբողջ շաբաթ վերապատրաստվողները պետք է լինեին մեզ հետ. փորձառությունը՝ փորձառություն, բայց լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի շատ էր։ Մեզ հետ միասին, իրոք, իմացումի հրճվանք ապրելով, զարմանքով-ոգևորվածությամբ նրանք մասնակցեցին մեր գործունեության տարբեր ձևերին՝ տեխնոլոգիակավագործություն, երգուսուցում:

Նախակրթարանում աշխատանքս ընդհատվեց, երբ սկսվեց «Մուտք» մանկավարժական ճամբարը՝ 2018-2019-ի 5 տարեկանների ուսուցման, 6 տարեկանների առաջին դասարանի ղեկավարների հավակնորդների բաց ճամբար։ Նորից 5 տարեկանների ուսուցման խմբի հետ աշխատելու ցանկությունս մեծ էր. ճամբարը՝ վերադարձս արձանագրելու միջոց: Հաճույքով մասնակցեցի,  լուսաբանեցի. տիար Գևորգի, տիկին Մարիետի հետ աշխատանքը-քննարկումները, տեխնոլոգիայի, երաժշտության պարապմունքներն ինձ ինքնավստահություն հաղորդեցին։ Ճամբարականներս էլ աշխատում էինք հավեսով, իրար աջակցելով, ոգևորելով, հումորով, թեթև, բայց արդյունավետ։ Շնորհակալ եմ։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский