Սիրո կամ փողի պատճառով
Primary tabs
Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
10-րդ գլուխ
Գաբրիել Տրոպը հայտնի գիտնական է: Ես նրա հետ ծանոթացել եմ Բերքլիում, որտեղ նա գերմանական գրականություն է ուսումնասիրում գիտությունների դոկտորի աստիճան ստանալու համար: Այս աշխատանքը շատ մեծ նշանակություն ունի Գաբրիելի համար, բայց այն նրա միակ կիրքը չէ: Նույնքան ջերմ նա սիրում է երաժշտությունը և պնդում. «Եթե ես կորցնեի իմ ձեռքերից մեկնումեկը, ուրեմն իմ կյանքը կավարտվեր»:
Սակայն Գաբրիելին երբեք էլ չի գրավել պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու միտքը: Իրականում նա երկար ժամանակ չի էլ հետաքրքրվել երաժշտությամբ: Ավագ դպրոցում Գաբրիելը խղճահարությամբ էր նայում այն աշակերտներին, որ զբաղվում էին այդ առարկայով: Այդ խեղճերը առավոտ կանուխ շտապում էին փորձերի և ամբողջ դպրոցի բակով մեկ իրենց վրա տանում էին երաժշտական գործիքների ծանր պատյանները: Նման կյանքը նրա ճաշակով չէր, հատկապես դպրոց շուտ գալը: Նա գաղտնի երդվել էր ոչ մի ընդհանուր բան չունենալ երաժշտության հետ:
Բայց մի անգամ երաժշտության դասին, որը դպրոցական ժամանակացույցի մասն էր, նա ծուլորեն թմբկահարում էր դաշնամուրի ստեղները և հանկարծ հասկացավ, որ առանց ջանքի երաժշտություն է ստացվում: Խեղդվողի զգացողությամբ Գաբրիելը գիտակցեց, որ իրականում իրեն շատ է դուր գալիս այդ զբաղմունքը: Նա իր ակնհայտ հաճույքը ջանաց թաքցնել երաժշտության ուսուցչից, որ շրջում էր դասարանում և լսում աշակերտների նվագելը: Հավանաբար թաքցնելը լավ չստացվեց, որովհետև ուսուցիչը նկատեց տղայի լավ լսողությունը և առաջարկեց գնալ երաժշտական գործիքների պահեստ և ընտրել ինչ-որ բան:
Գաբրիելի ընկերը թավջութակ էր նվագում, և զուտ դրա համար տղան որոշեց պահեստից վերցնել հենց այդ գործիքը: Եվ հանկարծ հասկացավ, որ իրեն շատ են դուր գալիս թավջութակի ձևը և չափը, լարերի խորը, հնչուն ձայնը: Թավջութակներից մեկն ուներ «լաքի հրաշալի հոտ»: Եվ նա այդ ժամանակ որոշեց խախտել իր երդումը: Սկզբում նա իր երաշտության պարապմունքներին անփույթ էր վերաբերվում: Սակայն շուտով հասկացավ, որ իրեն դուր է գալիս թավջութակ նվագելը և տեսավ, որ ավելի ու ավելի շատ ժամանակ է հատկացնում դրան:
Այդ ժամանակվանից Գաբրիելն այնքան հաճախ ու ինտենսիվ էր պարապում, որ մի քանի ամսից արդեն վատ չէր նվագում: Մի տարի անց նա արդեն դպրոցական նվագախմբի առաջատար թավջութակահարն էր: Դա, բնականաբար, նշանակում էր, որ նա դպրոց էր գալիս առավոտ կանուխ և ամբողջ դպրոցի բակով մեկ իր վրա տանում երաժշտական գործիքով ծանր պատյանը՝ երաժշտությամբ չզբաղվող սովորողների խղճահարությամբ լի հայացքների ներքո:
Սակայն Գաբրիելին հավասարապես գրավում էին գերմանական գրականությունն ու լեզուն և գիտական գործունեությունը: Ինչ-որ մի պահի նա ստիպված էր դժվար որոշում կայացնել՝ ինչին նվիրի կյանքը՝ երաժշտությա՞նը, թե՞ գիտական գործունեությանը: Ներքին տևական պայքարից հետո ընտրեց գերմանական գրականությունը: Փաստարկները համոզիչ էին հնչում. գիտական գործունեությունը նրան հնարավորություն կտար շարունակելու թավջութակ նվագելը, մինչ պրոֆեսիոնալ երաժշտի ուղին կխլեր ժամանակի մեծ մասը և կզրկեր խորությամբ զբաղվելու գերմանական պոեզիայի հետազոտությամբ: «Ես ընտրել եմ գրականությունը, որովհետև ինձ թվում է, որ գիտական գործունեությունը կարելի է համատեղել երաժշտության ինտենսիվ պարապմունքների հետ, իսկ եթե ես դառնայի պրոֆեսիոնալ երաժիշտ, իմ գրական հրապուրանքը հետին պլան կմղվեր: Այդ պատճառով ընդունված որոշումն ինձ համար միակ հնարավորն էր: Ես կարող էի լրջորեն զբաղվել թավջութակ նվագելով և միևնույն ժամանակ բավական ժամանակ նվիրել գիտական գործին»:
Գաբրիելը մինչ հիմա օրվա ընթացքում նվագում է մի քանի ժամ և ելույթներ ունենում: Օրինակ՝ վերջերս նա Կալիֆորնիայի համալսարանում մասնակցություն է ունեցել Բերքլիի սիմֆոնիկ նվագախմբի թավջութակների համերգին: Գաբրիելը չի պատկերացնում կյանքը առանց նվագելու և երաժշտությունից ստացած մաքուր հաճույքի: Այն անվանել հոբբի, իր խոսքով ասած, ծիծաղելի է: Երաժշտությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում իր կյանքում և նրանում է իր տարերքը:
Գաբրիելը սիրողական երաժիշտ է բառի իսկական իմաստով: Եվ նա չի ուզում ոչինչ փոխել:
Հանուն սիրո
Ամենապարզ սահմանումն ասում է, որ ցանկացած բնագավառում պրոֆեսիոնալներն այն մարդիկ են, որ դրանով հոգում են իրենց ապրուստը, նույն ժամանակ այն մարդկանց ենք ասում սիրողական, ում համար այդ գործունեությունը հիմնական եկամտի աղբյուր չէ: Սակայն սիրողական և պրոֆեսիոնալ տերմինները հաճախ նշանակում են որակավորման, գիտելիքի և փորձի հետ կապված բաներ: Մարդիկ սովորաբար սիրողականներին, այսպես կոչված, երկրորդ դասի մեջ են հաշվում:
Համարվում է, որ նրանց մակարդակը միշտ ավելի ցածր է պրոֆեսիոնալի մակարդակից: Զանգվածային մտածելակերպով սիրողականներն այն մարդիկ են, ովքեր տեղային թատերական ներկայացումների ժամանակ ակտիվորեն խոսում են ժեստերով. հարյուր բալից ավել են հավաքում գոլֆ խաղալիս կամ քաղաքային անվճար թերթերի համար գրում են պատմություններ ընտանի կենդանիների մասին: Ինչ-որ բան անվանելով «սիրողական»՝ մենք գրեթե ավանդաբար այս բառն օգտագործում ենք ոչնչացնելու իմաստով և «սիրողական»-ի տակ ենթադրում ենք ընդամենը «պրոֆեսիանոլ խաղալու» անհաջող փորձ:
Երբեմն լիովին արդարացված է հստակ տարբերակում անցկացնել պրոֆեսիոնալի և սիրողականի միջև: Ի վերջո, նրանց որակավորումների տարբերությունը կարող է մեծ լինել: Եթե ինձ անհրաժեշտ է մի կոնկրետ վիրահատություն, բնականաբար, ավելի շուտ կվստահեմ այն մարդուն, որ մասնագիտացած է, քան նրան, ով դրանով զբաղվում է ժամանակ առ ժամանակ: Բայց հաճախ պրոֆեսիոնալի և սիրողականի տարբերությունը պետք է փնտրել մարդու անձնական ընտրության ոլորտում, այլ ոչ թե նրա որակավորման իրական մակարդակում: Շատ մարդիկ, ինչպես Գաբրիելը, իսկապես ունեն պրոֆեսիոնալ որակավորում իրենց սիրած գործում: Բայց որոշում են դրանով գումար չվաստակել: Նրանք այդ ոլորտում պրոֆեսիոնալ չեն համարվում, որովհետև դրանով գումար չեն վաստակում: Այդ մարդիկ ըստ տարբերակման «սիրող» են: Բայց նրանց մակարդակն այնքան էլ արդարացի չէ «սիրողական» անվանելը:
Անգլերեն amateur բառը լատինական ծագում ունի, որ նշանակում է սիրած, նվիրված ընկեր կամ մեկը, ով համառորեն ձգտում է հասնելու որոշակի նպատակի: Սկզբնական իմաստով՝ սիրողը մարդ է, ով զբաղվում է ինչ-որ բանով հանուն այդ գործի հանդեպ սիրո և ակնհայտորեն չի ակնկալում, որ այդ զբաղմունքը թույլ կտա վճարել իր ծախսերը: Այլ խոսքով՝ իրական սիրողականները մարդիկ են, որ գտել են իրենց տարերքը ոչ հիմնական աշխատանքում:
Բրիտանական Demos փորձագիտական-վերլուծական կենտրոնի համար պատրաստված «Պրոֆեսիոնալ-սիրողականների հեղափոխություն» զեկույցում Չարլզ Լիդբիտերը և Պոլ Միլերը իրենց լսարանի ուշադրությունը դարձնում են բարձր մակարդակի որակավորում ունեցող սիրողականների թվի աճին: Նրանք մեր ուշադրությունը սևեռում են այն բանին, որ այդ մարդկանց ձեռքբերումներն երբեմն ավելի նշանակալի են, քան պրոֆեսիոնալների ձեռքբերումները: Հենց դա է «պրոֆեսիոնալ-սիրողական» տերմինին գոյություն ունենալու իրավունք տալիս:
Հաճախ նոր տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս, որ տեխնիկան հասանելի լինի ավելի լայն շրջանակի մարդկանց, այն, ինչ առաջ սիրողականները չէին կարող իրենց թույլ տալ. աստղադիտակների համար լիցքավորված կապով ինտեգրված սխեմաներ, երաժիշտների համար պրոֆեսիոնալ գործիքներ, տնային համակարգիչների համար տեսապատկերների խմբագրման բարդ ծրագրերի ապահովում և այլ բարդ իրեր: Լիդբիտերը և Միլերը այդ թեմայի զարգացմամբ ավելի մեծ ուշադրություն են դարձնում հիփ-հոփ երաժշտական ժանրի զարգացմանը և ծագմանը, որը ծնվել է հենց ձեռքի մագնիտաֆոնի ժապավենի տարածման շնորհիվ:
Նրանք մեզ հիշեցնում են, որ Linux համակարգչային օպերացիոն համակարգը հայտնվել է ծրագրավորողների մի ամբողջ համայնքի համագործակցության շնորհիվ, ովքեր դրանով զբաղվել են հիմնական աշխատանքից ազատ ժամանակ: «Հոբելյան 2000» լայնամասշտաբ քարոզարշավը, որը հանգեցրեց երրորդ աշխարհի երկրներին տասնյակ միլիարդավոր պարտքերի դուրսգրմանը, սկսվել է մասնագիտական լոբբիստական փորձ չունեցող անձանց միջնորդությունից: Տասը դյույմանոց աստղադիտակ օգտագործող ավագ աստղագետը հանկարծ հայտնաբերեց գերնոր աստղ:
«Պրոֆեսիոնալ-սիրողականները զբաղվում են ինչ-որ գործով, նախ և առաջ, որովհետև սիրում են այդ գործը և այն անում են պրոֆեսիոնալ մակարդակով,- բացատրում են Լիդբիտերը և Միլերը:- Այդ մարդիկ հազվադեպ են իրենց հոբբիով ապրուստ հոգում` որպես կանոն այդ գործից ստանալով ընդհանուր եկամտի աննշան մասը: Սակայն գործին նրանք տրվում են կրքով և պրոֆեսիոնալի իսկական ջանքով: Նրանց համար ազատ ժամանակը պասիվ ժամանց չէ, այլ գործունեություն, որը ենթադրում է ակտիվ մասնակցություն և ներգրավածություն, հասարակության կողմից արժևորված և պահանջարկ ունեցող գիտելիքների և հմտությունների օգտագործում: Քիչ չեն դեպքերը, երբ պրոֆեսիոնալ-սիրողականներն իրենց սիրած գործին զուգահեռ զբաղվում են այլ ոլորտում ունենալով երկար տարիների կարիերա, որը հաճախ կապված է լինում անթիվ զոհողությունների և հիասթափությունների հետ»:
Լիդբիտերը և Միլերը պրոֆեսիոնալ-սիրողականներին անվանում են «նոր սոցիալ հիբրիդներ»՝ նշելով, որ նրանք զբաղվում են սիրած գործով հիմնական աշխատանքից դուրս, բայց այնպիսի էներգիայով ու ջանքով, որ հազվադեպ է լինում ուղղված սովորական ազատ ժամանակին: Ընտրված գործով ինտենսիվ զբաղվելը այդ մարդկանց ուժ է տալիս և հաճախ փոխհատուցում այն ժամանակը, որը տրվել է առանձնապես խանդավառություն չներշնչող գործին:
Որոշ մարդիկ, հասարակության աչքին լինելով դասական սիրողականներ, ստեղծում եմ իսկապես ստացված աշխատանքներ: Արթուր Կլարկը գիտաֆանտաստիկ բեսթսելերների հեղինակ էր, որոնց շարքում այնպիսի գործեր էին, ինչպիսիք են «2001: Տիեզերական ոդիսական» և «Ժամադրություն Ռամայի հետ»: Նա սկսել է գրականությամբ զբաղվել, երբ դեռ Բրիտանական թագավորական ВВС-ում սպա էր: Ծառայության ժամանակ նա հետևել է ռադիոլոկացիոն ստորաբաժանման գիտնականներին և հետաքրքրվել նրանց աշխատանքով: 1945 թվին նա Wireless World ամսագրում հրապարակել է հոդված «Extra-Terrestrial Relays: Can Rocket Stations Give World-Wide Radio Coverage?» (Տիեզերական վերահաղորդիչներ. հրթիռակայանները կարո՞ղ են ռադիոազդանշանի համաշխարհային ծածկույթ ապահովել) վերնագրով: Այդ հոդվածում Կլարկը փաստարկներ է բերել գեոստացիոնար ուղեծրում արբանյակների օգտագործման օգտին, ամբողջ աշխարհում հեռուստատեսային ազդանշանների հեռարձակման համար:
Գիտնականների մեծ մասը մերժել է այս առաջարկը՝ որպես հերթական գիտական ֆանտաստիկա: Սակայն Կլարկին այդ հարցը հետաքրքրում էր: Նա ջանասիրաբար ուսումնասիրում էր այդ թեման և տեխնիկապես հիմնավորում իր առաջարկությունը: Ինչպես մենք գիտենք, այն մարգարեական դարձավ: Յուրահատուկ գեոստացիոնար ուղեծիրը, որ նա առաջարկում էր օգտագործել, այսօր հայտնի է որպես Կլարկի ուղեծիր, և հիմա նրանով շարժվում են հարյուրավոր արբանյակներ: Եվ թեպետ Արթուր Կլարկը ապրուստի համար հոգում էր New York Times-ի բեսթեսլերների ցանկում տեղ գտած գրական աշխատանքով, հենց նրա սիրողական աշխատանքն է (ավելի ճիշտ՝ Wireless World հրատարակչությանը գրած նամակը, որը նախորդում էր հոդվածին) այսօր ներկայացված Ազգային աերո-տիեզերական թանգարանում:
Սյուզան Հենդրիկսոնն ընդհանրապես որոշակի մասնագիտություն չուներ: Նա դպրոցն ավարտել է, դարձել փորձառու ակվալանգ, սովորել տարեբերել ծովային կենդանիների հազվագյուտ նմուշները, դարձել է սաթի (յանտար) միջի միջատների մնացորդների փորփրման փորձագետ, մի խոսքով՝ ապրել է հետազոտողի և արկածներ որոնողի բազմակողմանի կյանքով: 1990 թվին Սյուզանը միացել է Հարավային Դակոտայի հնագիտական արշավախմբին, որը կազմակերպվել էր Բլեք-Հիլսի երկրաբանական ինստիտուտի կողմից: Սկզբում աշխատանքը շատ դանդաղ էր առաջ գնում: Խումբը հետազոտել է տեսակների մակերես դուրս գալու վեց տեղ և չի գտել ոչ մի նշանակալի բան: Մի անգամ, երբ արշավախմբի մյուս անդամները քաղաքում էին, Հենդրիկսոնը որոշել է հետազոտել քարտեզի վրա մնացած միակ տեղը: Այնտեղ նա գտավ մի քանի ոչ մեծ ոսկոր: Հայտնագործությունը գիտնականներին հանգեցրեց ամենախոշոր, երբևէ չգտնված տիրանոզավրի ամբողջական կմախքի հայտնաբերմանը: Այդ կմախքը ներկա պահին ցուցադրված է Ֆիլդայի պատմության Չիկագոյի թանգարանում: Այն անվանել են «Տիրանոզավր Սյու» նրան գտած Սյուզան Հենդրիկսոնի պատվին, ով իրենից ներկայացնում էր սիրողական հնագետի իդեալական կերպար:
Իր «The Amateurs» (Սիրողները) գրքում Դևիդ Հելբերստեմը գրում է չորս ատլետների մասին, ովքեր 1984 թվին ձգտում էին նվաճել օլիմպիական ոսկին: Ի տարբերություն մրցավազքի կամ բասկետբոլիստների չեմպիոնների, ում համար օլիմպիադայում հաջողությունը կարող է նշանակել հսկայական գումարներով պրոֆեսիոնալ պայմանագրեր (այդ ժամանակ Օլիմպիական կոմիտեն թույլ չէր տալիս մասնակցել НБА աստղային խաղերին) կամ գովազդային հոլովակներում բարձր վարձատրվող նկարահանումներ, թիավարողները, ում մասին գրում է Հելբերստեմը, իրենց հաղթանակով գումար շահելու ոչ մի հնարավորություն չունեին: Նրանք մղվում էին դեպի այդ մարզաձևը բացառապես դրա հանդեպ սիրուց և հաղթանակի հարբեցնող զգացողությունն ունենալու ցանկությունից:
Գրքում հատուկ ուշադրություն է դարձվում Քրիստոֆեր Վուդին: Հելբերստեմը նրան անվանում է «սիրողականի մարմնավորում» և գրում, որ «նա իր կարիերան, ընտանիքը, հաճույքը երկրորդ պլան է մղել, իր համառ ձգտումով կատարելության հասնելու մի սպորտաձևում, որով հետաքրքրվում էին շատ քչերը իր հայրենակիցներից և, հետևաբար, ոչ մի ֆինանսական օգուտ չէր բերում»: Երբ Վուդը դարձավ 31 տարեկան, նա արդեն չափից դուրս մեծ էր, որ զբաղվեր թիավարությամբ (համենայն դեպս՝ օլիմպիական չափանիշներով), բայց ուներ իր միսիան: Նա 1976 թվի օլիմպիական խաղերի պահեստային մասնակիցներից էր, բայց այդպես էլ չի մասնակցել ոչ մի մրցման: Նա 1980 թվին թիավարների օլիմպիական թիմի կապիտանն էր և պետք էր գնալ Մոսկվա: Բայց ԱՄՆ-ն որոշեց բոյկոտել այս օլիմպիական խաղերը՝ որպես Աֆղանստանում խորհրդային զորքերի ներխուժման դեմ բողոք:
1984 թվի օլիմպիական խաղերը Վուդի վերջին հնարավորությունն էին ոսկե մեդալ նվաճելու: Փոքրիկ, բայց շատ սերտ կապված համայնքում նա կարծես սիրված որդին լիներ: Առաջ անցնելով, ասենք, որ Վուդը ոսկե մեդալ չստացավ: Սակայն այս փաստը ոչ մի առնչություն չունի թեմայի հետ: Խոսելով Վուդից և այլ թիավարներից՝ Հելբերստեմը ցանկանում է մեզ ասել այդ մարդկանց կրքի ուժի և հրճվանքի աստիճանի մասին, որը նրանց բերում էր այդ ուղղակի սիրողական զբաղմունքը: Վուդն իր տարերքը գտավ ոչ պրոֆեսիոնալ զբաղմունքում: Նրա աշխատանքն իր համար սոսկ աշխատանք էր: Թիավարությունը նրա կյանքն էր:
Տարերքում գտնվելու համար բոլորովին էլ պետք չէ թողնել բոլոր գործերը և այդ գործով զբաղվել ամեն օր կամ ամբողջ օրը: Որոշ մարդկանց համար իրենց կյանքի որոշակի փուլերում թողնել մշտական, թեկուզ անհետաքրքիր աշխատանքը, որ զբաղվես սիրած գործով, հնարավոր չի թվում: Մյուսները նախընտրում են դա չանել մի շարք պատճառներով: Մեզնից շատերն իրենց ապրուստը հոգում են ոչ սիրած գործով, բայց իրենց կյանքում տեղ ու ժամանակ են գտնում իրենց սիրելի գործի համար: Ոմանք թաղվում են սիրած գործի մեջ հսկայական էմոցիոնալ հաճույք ստանալու, բայց դրա հետ մեկտեղ հասկանում են, որ այլընտրանք չունեն, քան սիրած գործով «մի անկյունում» զբաղվելը:
Մի քանի տարի առաջ մեքենա էի վարձել Սանտա-Մոնիկայի դիլերային կենտրոնից: Դա այդքան էլ հեշտ չէր: Ժամանակներ կային, երբ մեքենա գնելիս մեզնից պահանջվում էր միայն որոշում կայացնելը՝ գնել կամ ոչ: Հիմա պետք է լիարժեք թեստ անցնել պատասխանների բազում տարբերակներով՝ հասկանալու համար փայլեցման հարյուրավոր տարատեսակները, սրահի կահավորումը, աքսեսուրաները և տեխնիկական բնութագրերը, որոնք անհաղթահարելի խոչընդոտ են ձեր և ձեր ուզած մոդելի միջև: Ինձ համար դժվար էր որոշում կայացնելը՝ այդքան տարբերակներ աչքի առաջ ունենալով: Մտածեք ինքներդ՝ հաճախ ինձ օգնություն է պետք՝ ինչ հագնել առավոտյան: Ընդ որում հասկանալի է, որ այստեղ ընտրությունը ավելի քիչ է, իսկ տոկոսադրույքները՝ միանշանակ ցածր: Այն ժամանակ, երբ արդեն կողմնորոշվել էի՝ որ մեքենան գնել, ինձ մեքենա վաճառող Բիլի հետ արդեն ընկերացել և պլանավորել էինք, թե ինչպես նշենք մեր ծանոթության մեկ տարին:
Մինչ մենք սպասում էինք մեր փաստաթղթերի վերջնական ձևակերպմանը, ևս մեկ երկարատև պրոցես, ես հետաքրքրվեցի, թե ինչով է նա զբաղվում ազատ ժամանակ: Առանց մտածելու Բիլը պատասխանեց, որ լուսանկարում է: Ես հետաքրքրվեցի. հարցեր էի տալիս, ենթադրելով, որ խոսքը գնում է ընտանեկան տոների կամ տնային կենդանիներ լուսանկարելու մասին: Բայց պարզվեց, որ նա սպորտային լուսանկարիչ է և մասնագիտանում է միայն սերֆինգի (սարֆինգ) վրա: Բիլը հաճույքով բացատրեց, որ երիտասարդ ժամանակ սերֆինգով է զբաղվել և մինչ հիմա իրեն դուր են գալիս այդ մարզաձևի դինամիկան և գեղեցկությունը: Աշխատանքից հետո, հագստյան օրերին, տոներին, առաջին իսկ հնարավորության ժամանակ նա գնում է Մալիբու լողափ՝ ուղղակի լուսանկարներ անելու: Երկար տարիներ լուսանկարելով՝ նրա մոտ կուտակվել են տեսախցիկներ, շտատիվներ և հազարավոր դոլարների հատուկ ոսպնյակներ: Տևական արձակուրդի ժամանակ նա գնում էր Հավայի և Ավստրալիա, որ մեծ սերֆինգ լուսանկարի:
Ես հետաքրքրվեցի՝ արդյոք հրատարակվել են նրա նկարներից: Բիլը դրական պատասխանեց և բացեց գրասեղանի արկղը, որը լի էր ամսագրերով: Յուրաքանչյուրում կար նրա արած լուսանկարներից: Դրանք շատ, շատ լավն էին:
Ես Բիլին հարցրի՝ արդյոք չի մտածել դրանով գումար վաստակելու մասին: «Կուզեի,-պատասխանեց նա,- բայց դրանով շատ չես վաստակի»: Այնուամենայնիվ, սերֆինգ լուսանկարելը նրա իրական կիրքն էր: Մեկն այն բաներից, որ իմաստ էր տալիս նրա կյանքին: Նայելով նրա հոյակապ, պրոֆեսիոնալ նկարները՝ ես հետաքրքրվեցի, թե ինչ է այդ մասին մտածում այդ կենտրոնի նրա ղեկավարը: «Նա այդ մասին ոչինչ չգիտի,- ասաց Բիլը,- չէ՞ որ իմ կիրքը սերֆինգի հանդեպ ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ինչպես եմ կատարում իմ աշխատանքը, ճիշտ չէ՞»:
Վստահ չեմ, որ այդ հարցում նա ճիշտ է: Ենթադրում եմ, որ հոբբին բավականին ազդեցություն ունի Բիլի կատարած աշխատանքի որակի վրա, ճիշտ այնպես, ինչպես սովորաբար լինում է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր գտնում են իրենց տարերքը այնտեղ, որը տարբերվում է այն աշխատանքից, որով իրենք հոգում են իրենց ապրուստը: Մտածում եմ, որ բավարարվածությունը, որ ստանում էր Բիլը լուսանկարելով, օգնում էր նրան առավել արդյունավետ զբաղվելու իր սովորական գործով, այսինքն՝ օգնելու շփոթված հաճախորդներին ընտրություն կատարել տասնյակ ներկերի, փայլեցման նմուշների և կողային ոտնակների միջև: Շնորհիվ այն բանի, որ Բիլը սպորտային լուսանկարչության մեջ գտնում էր ստեղծական ոգին, նա կարող էր ծով համբերությամբ և հսկայական օգուտով կատարել իր ամենօրյա աշխատանքը:
Այդ ձևով տրվելու անհրաժեշտությունը իրեն զգացնել է տալիս շատ ձևերում: Իմ կարծիքով, նրանցից մեկն հատկապես հետաքրքիր է՝ կորպորատիվ ռոք-խմբերի ստեղծումը: Ի տարբերություն կորպորատիվ սոֆթբոլի* թիմերի, որոնք սովորաբար ներգրավում են վերամշակման բաժնի երիտասարդներին, գլխավոր կառավարման ներկայացուցիչները հաճախ հանդես են գալիս ռոք խմբերում (բացառությամբ այն դեպքերի, երբ նամակագրության վերամշակման բաժնից որևէ մեկը հանկարծ պարզվում է՝ բաս երաժիշտ է): Այս կորպորատիվ երաժիշտները ինչ-որ ժամանակ երազել էին դառնալ ռոք-աստղեր, բայց հետո գնացել էին ստանդարտ կարիերայի ստեղծման ճանապարհով: Կիրքը, որ մեծամասամբ երևում է նման սիրողական-երաժիշտների ներկայացման ժամանակ, հաստատում է, որ այս հոբբին նրանց տալիս է ուրախության և հաճույքի այնպիսի լիցք, որը երբեք չեն ստանում իրենց առօրյա աշխատանքի ժամանակ՝ անկախ այն բանից, թե ինչ բարձունքների են հասել իրենց մասնագիտության մեջ:
Ահա չորս տարի է Նյու Յորքում անցկացվում է յուրահատուկ ռոք-փառատոն A Leg to Stand On բարեգործական կազմակերպության օգտին:
Նման այլ միջոցառումներից սա տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր խմբի մասնակիցները (բացառությամբ մի քանի մարդու) աշխատում են հեջ ֆոնդերում: «Օրվա ընթացքում փառատոնի մասնակիցների մեծ մասը գումարներ է տնօրինում,- ասվում է «Օկտոբերֆեսթի ռոք»* ամերիկյան հեջ ֆոնդի մամլո հաղորդագրություններից մեկում,- բայց կտրվելով մոնիտորներից՝ նրանք ընկղմվում են երաժշտության մեջ»:
«Երեկոյան ժամը տասնմեկին մեզնից յուրաքանչյուրը սկսում է մտածել, թե ինչ է իրեն սպասում հաջորդ առավոտյան՝ ժամը չորսին ուղևորություն մետրոյով, կամ որ Տոկիոյի շուկաներն արդեն բաց են»,- ասում է Թիմ Սեյմուրը՝ ռոք - փառատոնի մասնակիցներից մեկը: Բայց համերգի ժամանակ ամենուր բուռն ու անհոգ զվարճանք է, երբ մենեջերները դասական հիթ են կատարում կամ հագնում բաց զգեստ՝ պատրաստվելով բեմ դուրս գալու՝ որպես կրկնորդ (դուբլյոր): Օրվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի և այս զբաղմունքի հակադրությունը ուղղակի ֆանտաստիկ է, բայց նման ելույթները փրկարար շունչ, միջոց են բոլոր մասնակիցների համար:
Արմատական փոփոխություններ կյանքում
Տարերքի բացահայտումը շատ կարևոր է ներդաշնակ կյանքի համար, այն բերում է բավարարվածություն: Այն մեզ օգնում է հասկանալ, թե ովքեր ենք մենք իրականում: Որպես օրենք՝ մենք սովորաբար փորձում ենք մեզ ներկայացնել մեր աշխատանքով: Հավաքույթներին կամ սոցիալական միջոցառումներին առաջին հարցը միշտ նույնն է՝ ինչո՞վ եք զբաղվում: Եվ մենք տալիս ենք մեր մասնագիտության մակերեսային նկարագրությունը՝ ես ուսուցիչ եմ, ես՝ դիզայներ, ես՝ վարորդ: Եթե չունենք վարձատրվող ու կայուն աշխատանք, զգում ենք որոշակի անհարմարություն և անհրաժեշտ համարում շրջապատողներին տալ լրացուցիչ բացատրություններ: Շատերը կարծում են, որ աշխատանքը մեր սոցիալական մարկերն է, անգամ մեր աչքին: Ընդ որում կարևոր չէ, որ այն չի արտացոլում մարդու ներքին էությունը անգամ իր սեփական հասկացողությամբ: Բայց աշխատանքը, որ մարդուն չի բերում բավարարվածություն, կարող է առաջ բերել տխրություն և ընդվզում: Փաստի գիտակցումը, որ մեր աշխատանքը և մեր տարերքը բոլորովին հակադիր հասկացություններ են, պետք է մեզ խթանի որքան հնարավոր է արագ գտնելու մեր տարերքը այլ բնագավառում:
Նախ և առաջ դա կարող է նոր իմաստ հաղորդել մեր մյուս զբաղմունքներին: Սիրած գործով զբաղվելը, անգամ շաբաթական մի քանի ժամ, ընդունակ է մարդուն վերադարձնել կյանքի բոլոր գույները: Սակայն որոշակի հանգամանքների միացումը կարող է այնպիսի փոփոխությունների հանգեցնել, որ անգամ չենք կարող պատկերացնել:
Հալեդ Հոսեինը 1980 թվին գաղթել է ԱՄՆ, 90-ականներին ստացել բժշկական կրթություն և կարիերան սկսել որպես բժիշկ Սան-Ֆրանցիսկոյում՝ ֆեշենեբելյան շրջանում ՝ մասնագիտանալով ներքին օրգանների հիվանդությունների բուժման մեջ: Սակայն հոգու խորքում նա գիտեր, որ ցանկանում է գրող դառնալ և պատմել Աֆղանստանի, մինչ սովետական զորքի երկիր մտնելը, կյանքի մասին: Շարունակելով զբաղվել բժշկությամբ՝ նա սկսեց աշխատել երկու տղայի մասին վեպի վրա, որ ապրում էին Քաբուլում: Հոսեինի գիրքը՝ «Քամու հետևից վազողը», վաճառվեց ավելի քան չորս միլիոն օրինակ, իսկ բոլորովին վերջերս նրա հիման վրա ֆիլմ նկարահանվեց:
Սիրած գործը, չնայած սիստեմատիկ բժշկական աշխատանքին, խորապես փոխել է նրան: «Քամու հետևից վազողը» գրքի հաջողությունը թույլ տվեց Հոսեինին երկար ժամանակով թողնել բժշկությունը և լիովին կենտրոնանալ գրական գործունեության վրա: 2007 թվին նա հրապարակեց իր երկրորդ վեպը՝ «Հարյուրավոր շողացող արևներ», ինչը դարձավ իսկական բեսթսելեր: «Ինձ միշտ դուր է եկել բժշկությամբ զբաղվելը, և ես մեծ պատիվ էի համարում, որ հիվանդները վստահում էին ինձ բուժել իրենց և իրենց հարազատներին,- պատմել է նա մի հարցազրույցի ժամանակ,- բայց գրողական գործը միշտ եղել է իմ կիրքը, դեռ մանկուց: Ես զգում եմ, որ իմ բախտը անհավատալիորեն բերել է: Ես արժանացել եմ չլսված արտոնության, որովհետև գրական գործունեությունը, գոնե այս պահին, իմ միակ հիմնական զբաղմունքն է: Իմ երազանքն իրականացել է»:
Մայլզ Ուոթերսի առաջին մասնագիտությունը ևս եղել է բժշկությունը: Նա սկսել է ատամնաբույժ աշխատել Անգլիայում 1974 թվից: Հոսեինի պես, Ուոթերսը ևս իր հետաքրքրությունն ուներ բոլորովին այլ բնագավառում. նա սիրահարված էր փոփ-երաժշտությանը: Դպրոցական տարիներին Ուոթերսը նվագում էր նվագախմբում և զուգահեռաբար երգի տեքստեր գրում: 1977 թվին նա, այնուամենայնիվ, թողեց ատամնաբույժի գործը , որ ավելի երկար ժամանակ հատկացնի երգեր գրելուն: Մի քանի տարի Մայլզը ծախսեց, որ հաջողության հասնի, ի վերջո, գրեց մի քանի երգ, որոնք դարձան հիթեր և սկսեց գումար վաստակել սիրած գործով: Որոշ ժամանակ նա դադարեց զբաղվել ատամնաբուժությամբ, ամբողջովին նվիրվեց երգեր գրելուն և պրոդյուսերությամբ զբաղվելուն: Էրիկ Կլեպտոնի, Ստիվ Ուինվուդի և Ջորջ Հարիսոնի հետ միասին նա մասնակցեց Ջիմի Կապալդի ալբոմ ստեղծելուն (Traffic՝ լեգենդար ռոք-խմբի մասնակիցներ ): Նա նույն շրջանում էր՝ ինչ Փոլ Մաքարտնին Pink Floyd–ից Դևիդ Գիլմորի հետ: Հիմա Մայլզ Ուոտերսը իր ժամանակը կիսում է երաժշտության և ատամնաբուժության մեջ՝ միաժամանակ պահելով բժշկական գործը, երգեր հորինելը և զբաղվելով պրոդյուսերական գործունեությամբ:
Ջոն Վուդը իր կարողությունն աշխատել է ՝ լինելով Microsoft մարկետինգային ուղղությունների ղեկավարը: Բայց մի անգամ Հիմալայներում ճամփորդելիս նա պատահաբար մի աղքատ գյուղում դպրոց տեսավ: Այդ դպրոցում 50 աշակերտ էր և ընդամենը՝ 20 գիրք, ընդ որում դրանցից ոչ մեկը մանկական չէր: Երբ Վուդը դպրոցի տնօրենից հարցրեց, թե ինչպես են նրանք կարողանում այդքան քիչ գրքով յոլա գնալ, նա օգնություն խնդրեց: Վուդը սկսեց գրքեր հավաքել և գումար այդ դպրոցի և նման դպրոցների համար: Նա իր նոր գործով սկսեց զբաղվել գիշերները և հանգստյան օրերին, իսկ ցերեկն իր ուժերը տալիս էր իր հիմնական, շատ բարդ ու պատասխանատու գործին: Վերջապես նա դուրս եկավ Microsoft-ից, որ կյանքը նվիրի իր իրական կոչմանը՝ աշխատանք Room to Read-ում, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որ աղքատ երկրներում գրագիտություն էր սովորեցնում: Microsoft-ի նրա որոշ գործընկերներ կարծում էին, որ նա ցնդել է: «Նրանցից շատերը ունակ չէի հասկանալու,- պատմում է նա հարցազրույցներից մեկի ժամանակ,-իմանալով, որ ես աշխատանքից ազատվում եմ, որ ավանակների մեջքին դրած գրքեր բաժանելով զբաղվեմ՝ իմ գործընկերները մտածում էին, որ ես ցնորվել եմ»: Room to Read-ը ոչ միայն փոխեց Վուդի կյանքը, այն արմատապես ազդեց հարյուրավոր այլ մարդկանց ճակատագրի վրա: Այս շահույթ չհետապնդող կազմակերպությունը ստեղծել է ավելի քան հինգ հարյուր դպրոցական գրադարան 6 երկրներում և նախատեսում է մինչև 2010 թ. ավելացնել այդ թիվը մինչև 10 հազար գրադարան և տասնհինգ երկիր:
Ոչ միայն ուղղակի ազատ ժամանակ
Կարևոր տարբերություն կա ազատ ժամանակի և զվարճանքի: Լայն իմաստով այս երկու բառերը նշանակում են ֆիզիկական և մտավոր ուժերի վերականգնման գործընթաց: Սակայն ունեն տարբեր նրբերանգներ: Ազատ ժամանակը սովորաբար ընկալվում է որպես աշխատանքին հակառակ բան և ենթադրում պասիվ, ջանք չպահանջող ժամանց: Աշխատանքը մենք սովորաբար համարում ենք մի բան, որ մեզնից էներգիա է խլում: Իսկ ազատ ժամանակը իդեալական միջոց է դառնում այն վերականգնելու: Այն ենթադրում է դադար, պասիվ հանգիստ օրվա դժվարություններից, թուլանալու հնարավորություն և ուժերի վերականգնում: Ժամանցն ավելի ակտիվ իմաստ ունի և ենթադրում է որոշակի ֆիզիկական կամ մտավոր ջանքեր, որոնք մարդուն էներգիա են հաղորդում: Ես ավելի շատ տարերք հասկացողությունը ասոցացնում եմ զվարճանքի, քան ազատ ժամանակի հետ:
Սյուզան Պետերսոնը Արիզոնայի նահանգի համալսարանում պատասխանատու ղեկավարության կենտրոնի և W.P. Carey բիզնես-դպրոցի պրոֆեսոր մենեջմենտ է և թրենինգի անցկացման կազմակերպություններից մեկի խորհրդատուն: Բացի դրանից նա մասնակցում է պարերի մրցումների առաջնություններին և բազում մրցույթների հաղթող է: Նա Լաս Վեգասում Holiday Dance Classic մրցույթի և 2007 թվի Hotlanta US Open Pro-Am Latin Championship առաջնության դափնեկիրն է:
Սյուզանը պարով մի փոքր զբաղվել է դեռահաս տարիքում, բայց երբեք լրջորեն չի մտածել պարի կարիերայի մասին: Դեռ Ավագ դպրոցի սան՝ Սյուզանը գիտեր, որ ուզում է ղեկավար լինել: «Մինչ մեծանում էի, ես հաստատ չգիտեի՝ ինչ եմ ուզում դառնալ, բայց գիտեի, որ ուզում եմ կրել գործարար կոստյումներ, ունենալ գիտական աստիճան, խոսել մարդկանց մեծ խմբերի հետ և տեսնել, թե ինչպես են նրանք ինձ լսում: Ես, չգիտես ինչու, միշտ մտածում էի, որ կարող եմ կրել հրաշալի գործարար կոստյումներ: Ինձ դուր էր գալիս ներկայանալ բազմաթիվ մարդկանց առաջ և իմանալ, որ կարող եմ նրանց կարևոր բան ասել: Իսկ այ պարերը, հաստատ, իմ կիրքը չէին: Ես զբաղվում էի դրանով, բայց ուրիշ ի՞նչ հոբի կարող էր ունենալ աղջիկը, եթե նա չէր ուզում ֆուտբոլ և բասկետբոլ խաղալ»:
Սյուզանը գրեթե պատահաբար իր համար նորից բացահայտեց պարը և նրան ուղեկցող ուրախ, ոգևորիչ զգացողությունը: «Ես ուղղակի հոբբի էի փնտրում, իսկ իմ ձեռքբերումներն ու մոտիվացիան օգնեցին առավել հարմար տարբերակն ընտրել: Մոտ 26 տարեկան էի, սովորում էի ասպիրանտուրայում: Այդ ժամանակ սալսան և սվինգը մեծ ժողովրդականություն էին վայելում, այդ պատճառով ես ուղղակի գնացի սոցիալ պարարվեստի ստուդիա, հետևեցի, թե ինչ են անում ուսուցիչները և կրկնօրինակեցի նրանց շարժումները: Դանդաղ, բայց ճիշտ ես բարձրացնում էի իմ դիրքը խմբային պարապմունքներին, իսկ հետո սկսեցի վերցնել անհատական դասեր: Եվ անսպասելիորեն գիտակցեցի, որ պարն իմ կյանքում հսկայական դեր է խաղում: Այդ կերպ՝ իմ աճը հենվում էր սեփական հավատի վրա, որ ես ունեմ անհրաժեշտ տաղանդ և որոշակի բազային հմտություններ: Բայց ավելի շուտ հենց իմ ակադեմիական գիտելիքներն օգնեցին ինձ սովորել այդ ամենը և կենտրոնանալ դրա վրա՝ ինչպես ցանկացած այլ բանի վրա:
Ես բառացիորեն սովորում էի պարերը որպես դասական ակադեմիական առարկա: Ինձ շատ օգնել է վիզուալիզացիան: Ես նստել էի ինքնաթիռի մեջ և պատկերացնում էի, թե ինչպես եմ պարում այդ բոլոր պարերը: Հնարավորություն չունենալով ֆիզիկապես անելու՝ ես դա միշտ անում էի մտովի: Զգում էի երաժշտությունը: Հուզվում էի: Տեսնում էի շրջապատողների դեմքի արտահայտությունը: Գործուղումից վերադառնալով՝ հաջորդ օրը գալիս էի ստուդիա և ավելի լավ պարում, քան մինչ գնալը: Իսկ իմ պարընկերն ասում էր.«Ինչպե՞ս ես կարողացել բարձրացնել քո պարելու որակը: Մի՞թե Ֆիլադելֆիա չէիր գնացել»: Որպես պատասխան լսում էր. «Ես մարզվում էի ինքնաթիռում: Իսկապես, երկու ժամ անընդմեջ ես մտովի մարզվում եմ»:
Ես պարին վերաբերվում էի, ինչպես իմ կարիերային, որին պետք էր 110 տոկոս նվիրվել և սկզբից ևեթ լինել ուժեղ ու ինքնավստահ: Բայց շուտով հասկացա, որ պարի համար դա ավելորդ է: Դուք կորցնում եք կանացիությունը և հանկարծ հասկանում, որ հաճախ եք ուշադրություն գրավում: Բիզնեսն ուժ է, ինքնավստահություն և նման բաներ: Պարը խոցելի է և զգայական, պահանջում է նրբություն: Ես զբաղվում էի բիզնեսով և պարով ու այդ երկու պարապմունքից էլ ստանում միանման հաճույք»:
Սյուզանը, ըստ երևույթին, իր կոչումը գտել էր երկու տարբեր ոլորտներում: Նրան հավասարապես դուր էին գալիս և՛ սեփական մասնագիտությունը, և՛ այն զբաղմունքը, որով նա զբաղվում էր որպես զվարճանք: «Ղեկավարության հարցերով թրենինգ անցնելով, թե ինչն է ինձ ամենաշատը դուր գալիս, ես զգում էի նույն ուժեղ զգացողությունը, չնայած ստանում էի բոլորովին այլ էմոցիաներ: Նկատի ունեմ, որ զգում եմ ինքնավստահություն, ուժ, սերտ կապ լսարանի հետ և ուզում եմ դրական ազդեցություն ունենալ իմ ունկնդիրների վրա: Իսկ պարի ժամանակ ես ինձ ավելի խոցելի եմ զգում, սակայն այս երկու զբաղմուքները, թեկուզ և տարբեր՝ թռիչք են, և ես լիովին ընկղմվում եմ՝ այդ ընթացքում ունենալով վառ էմոցիաներ»:
Ի վերջո, այդ հոբբին լրացուցիչ իմաստ է տալիս Սյուզանի կյանքին, քանի որ նրան տալիս է կյանքից բավարարվածության զգացում, այլ ոչ թե ուղղակի երեկոյան զվարճանք է: «Զբաղվելով պարերով, ես ավելի շատ բան իմացա կոմունիկացիայից, քան ցանկացած կուրսում: Պարի մեջ դուք միանգամից հասկանում եք, թե ինչ ազդեցություն եք ունենում այլ մարդու վրա: Եթե դուք ունեք վատ տրամադրություն, զուգընկերը հասկանում է դա, հնեց դիպչում է ձեր ձեռքին: Այդ պատճառով պարելիս զգում եմ բացարձակ մտովի կապ իմ ու ընկերոջս միջև, ում ընդունում եմ որպես կոմունիկացիայի ամբողջական ֆորմա: Երջանկության անհավատալի զգացողություն է դա տալիս:
Առաջանում է այնպիսի զգացում՝ կարծես ձեզ հոսանքն է տանում: Ես դա հասկանում եմ որպես լիակատար ազատություն: Եվ չեմ մտածում ոչ մի բանի մասին՝ ո՛չ լավի, ո՛չ վատի: Հավանաբար, ես ուշադրություն չէի դարձնի, եթե կողքիս սկսեին կրակել հրացաններից: Հրաշալի զգացողություն է»:
Սյուզանի քույրը՝ Անդրեա Հաննան, աշխատում է Լոս Անջելեսում՝ որպես ղեկավարի օգնական: Ինչպես և Սյուզանը, նա աշխատանքից զատ գտավ զբաղմունք, որն իր կյանքը լիարժեք դարձրեց:
«Ես չէի սիրում գրել մինչև դպրոցի վերջին դասարանները,-պատմել է նա ինձ,- մի անգամ անգլերենի ուսուցչուհին հանձնարարեց պարտադի ր էսսե գրել քոլեջ ընդունվելու համար, որտեղ մենք պետք է բացատրեինք ապագա մասնագիտության ընտրությունը: Ինչպես շատ ուրիշ առաջադրանքների դեպքում ես սարսափում էի մտքից, որ պետք է նստել և հինգ պարբերությունից կազմված էսսե գրել, որն ի վերջո կարմիր գրիչով կներկվեր: Բայց և այնպես, ես նստեցի և գրեցի, որ բոլորովին էլ պատրաստ չեմ քոլեջի համար, բայց ինձ ուրախացնում և հուզում է իմ կյանքի նոր փուլ սկսելու հեռանկարը: Դա իմ առաջին դպրոցական էսսեն էր՝ գրված հումորով: Բացի դրանից դա առաջին աշխատանքն էր, որտեղ ես կարող էի գրել այն մասին, ինչից գլուխ էի հանում, այսինքն՝ իմ մասին: Ի զարմանս ինձ, ուսուցչուհին շատ հավանեց աշխատանքս և իմ էսսեն կարդաց ամբողջ դասարանի առաջ, իսկ հետո ներառեց գրավոր աշխատանքների դպրոցական մրցույթում: Ես գրավեցի առաջին տեղը, որից հետո ինձ խնդրեցին իմ էսսեն կարդալ մի մեծ խումբ պրոֆեսիոնալ գրող կանանց առաջ: Իմ նկարն անգամ հրապարակեցին թերթում: Հուզիչ փորձ էր, և այն ինձ ինքնավստահություն տվեց քոլեջ ընդունվելիս:
Մեկ անգամ չէ, որ շրջապատողներից լսել եմ, որ գրողական ուժեղ շնորհ ունեմ: Մարդիկ ինձ միշտ ասում էին.«Երբ կարդում եմ քո գրածները, ես լսում եմ քո ձայնը»: Սովորելով քոլեջում, ես սկսեցի ժամանակ առ ժամանակ ընկերներիս ուղարկել էլեկտրոնային հումորային նամակներ միասին անցկացրած ժամանակի վերաբերյալ: Ես իմ ընկերներին դարձնում էի այդ պատմությունների կերպարները և գունազարդում պատմությունները միայն մինչ այն աստիճան, որ ծիծաղ առաջացնեին: Ընկերներս սկսում էին իմ նամակները ուղարկել մեկը մյուսին, ու շուտով ես նամակ ստացա ինձ անծանոթ մարդուց, ով մտածում էր, որ ես հրաշալի պատմություններ եմ գրում: Ես այն հրաշալի զգացումն ունեի, երբ հասկանում ես, որ քեզ մոտ ինչ-որ բան լավ է ստացվում:
Ամռանը՝ առաջին կուրսն ավարտելուց հետո, ես որպես քարտուղար աշխատանքի տեղավորվեցի ռադիոկայանում: Մի ամիս անց ես արդեն գրում էի գովազդային զվարճալի հայտարարություններ կայանի համար: Մենեջերը հավանում էր իմ մտքերը, և նրանցից որոշները հայտնվեցին եթերում: Իմ բոլոր ընկերները լսում էին՝ սպասելով իմ զվարճալի հայտարարություններին: Իսկապես հաճելի էր ռադիոյով լսել սեփական ստեղծագործությունները և արձագանքներ ստանալ:
Երբ իմ աշխատանքը գնահատվեց, ես սկսեցի հասկանալ, որ ընդունակ եմ մի բանում, որ կարող է իմ կարիերան դառնալ: Ես սկսեցի աշխատել զվարճանքի ինդուստրիայում քոլեջն ավարտելուց հետո: Գործունեության այդ ոլորտում հարմարվելով՝ ես մի քանի աշխատավայր փոխեցի, համագործակցեցի տարբեր սցենարիստների և կինոպրոդյուսերների հետ: Մի քանի տարի ես իմ ղեկավարների համար վազում էի սուրճի հետևից և լվանում նրանց մեքենաները, և հասկացա, որ նրանցից շատերին չի էլ կարելի կոչել արվեստի մարդ: Սկզբում երազում էի, որ սցենար գրեմ Saturday Night Live շոուի համար (Ուղիղ եթերում շաբաթ երեկոյան), բայց շուտով հասկացա, որ մշտական սեղմ ժամկետները և սթրեսային մթնոլորտը զրոյացնում են ստեղծական բոլոր հաճելի պահերը: Ես սկսեցի մտածել՝ ինչո՞ւ պետք է իմ տաղանդը գնահատվի իմ աշխատավարձի չափով: Ի վերջո, ինձ դուր է գալիս մարդկանց ծիծաղեցնելը, և եթե անգամ իմ ակնարկներից, պատմվածքներից ու էլեկտրոնային ծիծաղելի աշխատանքներից մեկը ստիպում է որևէ մեկին ծիծաղել, դա ինձ բավական է: Երբ ես դա գիտակցեցի, առավել երջանկացա:
Ես հասկանում եմ, որ գլխավոր պատճառը, որ ինձ դուր է գալիս հումորային պատմություններ գրել, ակնհայտ է՝ այդ անելով ես ինձ ավելի սրամիտ ու աչքաբաց եմ զգում: Երկար տարիներ ես ինձ անօգտակար էի զգում, որովհետև միշտ վատ էի սովորել դպրոցում: Իսկ գրական փորձերը ինձ վստահություն էին տալիս, օգնում ավելի լավ հասկանալ ինձ և մնալ այդպիսին»:
Նմանատիպ զվարճանքի նպատակը կյանքի ապրուստը հոգալու և դրանից բավարարվածություն ստանալու միջև անհրաժեշտ ներդաշնակությանն հասնելն է: Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք մենք անցկացնում մեր տարերքում, լավ ինքնազգացողության համար մեզ անհրաժեշտ է ժամանակ և միջոց գտնել սիրած գործի համար, որի հանդեպ իսկական կիրք ենք զգում: Դրա համար ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում պաշտոնական և ոչ պաշտոնական ցանցեր ու կազմակերպություններ, ակումբներ և փառատոներ, որոնք թույլ են տալիս շփվել և համախոհներով զբաղվել միասնական գործունեությամբ: Նման վայր կարող են դառնալ խորը, թատերական փառատոնը, գիշերային ակումբը կամ երաժշտական կոլեկտիվը: Էմոցիոնալ և հոգեկան բավարարվածությունը սիրած գործից պակաս կարևոր չէ երջանկության համար, քան նյութական կարիքների բավարարումը, որը տալիս է մեզ աշխատանքը՝ թեկուզ անհրաժեշտությունից ելնելով արված:
Երջանկության հետազոտումը գիտության մեջ համեմատաբար նոր ուղղություն է, որի սկիզբը վեց տասնյակ տարի առաջ դրել է Աբրահամ Մասլոն: Նա ենթադրում էր, որ հոգեբանական տեսանկյունից մենք չափից դուրս շատ ժամանակ ենք հատկացնում մեր դրական որակներին, փոխանակ կենտրոնանանք այն բանին, թե ինչն է մեզ դարձնում հոգեբանորեն ոչ առողջ: Ցավոք, նրա ժամանակակիցներից շատերին այս խոսքերը չէին ոգեշնչում: Սակայն Մասլոյի կոնցեպցիան լայն տարածում գտավ, երբ Ամերիկյան հոգեբանների ասոցացիայի նախագահը դարձավ Մարտին Սելիգմանը: Նա ուշադրություն դարձրեց դրական հոգեբանություն տերմինին և հայտարարեց, որ իր պաշտոնավարման նպատակը կլինի հետագա հետազոտություններն ու փաստերը կազմակերպելն ու փնտրելը, որոնք մարդկանց երջանկություն են բերում: Այդ ժամանակվանից գիտնականնները տասնյակ հետազոտություններ են արել, որոնք վերաբերում են այդ հարցին: «Երջանիկ մարդիկ, ըստ երևույթին, ուրախանում են ավելի շատ, քան ուրիշները,- գրում է Մայքլ Ֆորդայսը իր գրքում ՝ «Մարդկային երջանկություն» («Human Happiness»): Նրանց կյանքում ավելի շատ են զբաղմունքները, որոնցով իրենք զբաղվում են բավարարման և զվարճանքի համար: Նրանք ավելի շատ ժամանակ ծախսում են ուրախ, հուզիչ և ուրախություն բերող զբաղմունքների վրա»:
Կոչումը բացահայտելը չի նշանակում, որ դուք կհարստանաք: Իրականում հնարավոր է հակառակը, որովհետև սիրած գործով զբաղվելը կարող է ձեզ ստիպել թողնել հաշվապահի կարիերան, որ իրականացնեք ձեր երազանքը և բացեք պիցցայանոց: Սա չի երաշխավորում ձեզ փառք, ժողովրդականություն կամ նույնիսկ ընտանեկան հարաբերությունների բարելավում: Սակայն տարերքում լինելը, նույնիսկ ոչ երկար ժամանակով, կարող է ցանկացած մարդու կյանքը դարձնել լի ու ներդաշնակ:
Կոչումն իրականացնելը մարդկային գոյության ամենադինամիկ ու ներդաշնակ ձևն է, ուր մեր կյանքի տարբեր կողմերը անջատված չեն խուլ պատերով, այլ ընդհակառակը, փոխազդում են: Տարերքում լինելով ցանկացած պահի կարող է փոխվել մարդու ինքնընկալումը: Կարևոր չէ, գործը, որ մեր տարերքն է, մեր հիմնական գործն է , թե հոբբին, բայց այն կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր կյանքի և մեզ շրջապատող մարդկանց կյանքի վրա:
Ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինը հստակ հասկանում էր դա. «Եթե դուք ուզում եք փոխել աշխարհը,-ասում էր նա,- ապա ումից սկսել՝ ձեզնի՞ց, թե՞ ուրիշներից: Ես հավատում եմ, որ եթե մենք սկսենք մեզնից, և անենք այն, ինչ պետք է, և դառնանք լավ մարդիկ, հնարավոր է՝ ավելի մեծ շանս ունենանք փոխելու աշխարհը դեպի լավը»:
Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը
Լուսանկարի աղբյուրը
*Բեյսբոլի տեսակ, թիմով սպորտային խաղ գնդակով։
**Նկատի ունի Oktoberfest ամենամյա գարեջրի փառատոնը, որ անցկացվում է Մյունխենում:
- Բացվել է 1595 անգամ