XI. Ժառանգությունից զրկվածը
Primary tabs
Նախկին հրաշամանուկը
Քորնել, 1910-1911
Ես Քորնելում սովորելու համար թոշակ ստացա: Հայրս պետք է ինձ Իթաքա[1] ուղեկցեր, և ստիպված էինք ամռան վերջում որոշել, թե ինչպես պետք է այնտեղ հասնենք: Այն օրերն էին, երբ միջքաղաքային տրամվայները դեռ դուրս չէին մղել ավտոբուսներն ու կառքերը: Մեր ընտրությունը կանգ առավ դեպի կենտրոնոկան Նյու-Յորք և Իթաքա տրամվայով ռոմանտիկ ճանապարահորդության վրա: Այնտեղ այցելեցինք պրոֆեսոր Թիլիին և առաջիկա ուսումնական տարվա համար ծրագիր կազմեցինք: Որոշվեց, որ ես ազատորեն կարող եմ այցելել Թիլիի տուն և պրոֆեսոր Թիլիի կամ նրա կնոջ հետ քննարկել իմ պատանեկան հոգսերն ու խնդիրները:
Հայրս և պրոֆեսոր Թիլին ամբողջ երեկոյի ընթացքում հիշում էին Միսուրիի համալսարանում անցկացրած օրերը, և էլի ուրիշ բաներ: Այդ անկանոն զրույցի մեջ Թիլին հորս ասաց, որ հիշում է շատ տարիներ առաջ արված հղումը մեր ընտանիքին պատկանող հին ժամանակների փիլիսոփա Մայմոնիդին: Հայրս համաձայնեց, որ ինքն էլ լսել է այդ խոսակցությունը, որ, հավանաբար ճշմարիտ չէ, քանի որ հայտնի չէ, թե ինչ կար այդ թղթերում, որ պապս կորցրել էր, թե մեր ընտանիքը որոշակի չափով իսկապես սերում է Մայմոնիդից:
Մինչև այդ օրը ես չէի լսել ո՛չ ավանդույթի, ո՛չ էլ Մայմոնիդի մասին: Իհարկե, անմիջապես հանրագիտարանը բացեցի: Ես գտա, որ Մայմոնիդը կամ Ռաբի Մովսես բեն Մայմոնը, որը հրեաների շրջանում անվանատառերի ընդունված կիրառության պատճառով հայտնի էր որպես Ռամբամ, ծնունդով Կորդովայից էր, մշտապես ապրել էր Կահիրեում, եղել էր սուլթան Սալադինի բժիշկը: Իմացա, որ նա եղել է Եգիպտոսում հրեական համայնքի ղեկավարը և Արիստոտելի մեծ երկրպագուն, և որ նրա ամենահայտնի գիրքը կոչվել է Moreh Nebukim կամ «Ձեռնարկ նրանց համար, ովքեր շփոթության մեջ են» («Guide of the Perplexed»):
Հասկանալի է, ես շահագրգռված էի, որ մեր ընտանիքում այդպիսի կարևոր մարդ լիներ, ումով կարողանայինք պարծենալ, բայց ակնարկը, որ դա միայն լեգենդ է, ինձ խորապես ցնցեց: Առաջին անգամ իմացա, որ հրեա եմ, գոնե հորս կողմից: Կարող եք հարցնել, թե ինձ նման խելացի տղան ինչպես էր կասկածում դրան, երբ Վիներ տատս մշտապես, որքան հիշում եմ, եբրայերեն տպագրված թերթեր էր ստանում, և դա ինձ հայտնի էր: Միայն կարող եմ պատասխանել, որ աշխարհը բարդ է, և նրա թնջուկները այնքան էլ հասկանալի չեն դեռահասին, և բացի դրանից, ինձ հավանական էր թվում, որ Արևելյան Եվրոպայում լինեին մարդիկ, որ հրեական ժողովրդին չէին պատկանում, բայց ծանոթ էին հրեական գրերին: Դրանից բացի, հորաքրոջս աղջիկ Օլգան մի անգամ ինձ ասել էր, որ մենք հրեա ենք, բայց այդ ժամանակ մայրս ժխտեց դա, իսկ ես դեռ հարցեր չունեի մեծերի աշխարհի մասին:
Այն ժամանակ հրեական ազգությանը պատկանելը ավելի շատ անհարմարություններ էր պարունակում, քան հիմա, և որոշակի հիմքեր կային, որ երեխային թույլ տային մեծանալու մինչև որոշակի տարիք` առանց գիտակցելու անցանկալի ագային խմբին պատկանելու հասարակական դրոշմը: Չեմ պնդում, որ դա էր ճիշտ ճանապարհը, ուղղակի ասում եմ, որ դա պաշտպանական միջոց էր, որը կարող էր թելադրված լինել, և իրականում թելադրված էր երեխաներին պաշտպանելու ցանկությունից: Այդպիսի վարքագծի համար բարոյական պատասխանատվությունը հսկայական էր: Ազնիվ մղումներով արվեր, թե ստոր:
Նման վարքագիծը հնարավորինս լավ բացատրելու համար անհրաժեշտ էր այնպես անել, որ երեխաները մեծանային առանց գիտակցելու իրենց պատմական պատկանելությունը հրեաներին, բայց միևնույն ժամանակ ընկալում դաստիարակվեր: Անհարժեշտ էր, որ նրանք սովորեին տեսնել, որ ազգային անցանկալի փոքրամասնություններին պատկանելու պատճառով ուրիշների կրած անհարմարությունները չվաստակած բեռ է, և իրենք պետք է, գոնե, ձգտեն այն ավելի անտանելի չդարձնել: Նման վերաբերմունքը պետք է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, և այն հավասարապես պետք է ուղղված լինի հրեաներին, իռլանդացիներին, վերջերս ներգաղթածներին, նեգրերին և մյուսներին անարդարացիորեն դրոշմելու դեմ: Իհարկե, ամենալավը, և թերևս միակը, որը բարոյական տեսակետից արդարացված է, երեխայի մոտ դիմադրություն դաստիարակելն է, կամ գուցե թշնամություն` ստորացման բոլոր ձևերի նկատմամբ: Սակայն, արդյունքում յուրաքանչյուր բառ, որ կարող է երեխայի զգուշավորությունն առաջացնել կամ այն ուժեղացնել, հարված է նրա բարոյական ամբողջականությանը, իսկ արդյունքում՝ հարված է նրա վստահությանը ինքն իր և իր ուժերի նկատմամբ, քանի որ անխուսափելիորեն կգա այն պահը, որ նրան հայտնի կդառնա իր ծագումը: Ցանկացած տեսքով Նախնական մեղքի բեռը անտանելի դժվար է. բայց դրա հատկապես նենգ ձևն է այն գիտակցումը, որ դու պատկանում ես մարդկանց այն խմբին, որին քեզ սովորեցրել են արհամարհել, և որին քեզ սովորեցրել են քամահրանքով վերաբերվել:
Իմ հրեա լինելն ինձանից թաքցնելու պատասխանատվությունը հիմնականում ընկած էր մորս վրա: Հայրս շատ քիչ է մասնակցել դրան: Կարծում եմ, որ նրա սկզբնական մտադրությունն էր մեզ չծանրաբեռնել այն գիտակցմամբ, թե մենք պատկանում ենք ցածր գնահատվող ազգային խմբի, և միաժամանակ ցանկանում էր պահպանել մեր հարգանքը այդ խմբի նկատմամբ և հարգանքը մեր նկատմամբ: Նա հրեաների թեմային վերաբերող բազմաթիվ հոդվածներ է գրել, ինչպես նաև «Հրեական գրականության պատմությունը» («History of Yiddish Literature»): Նա առաջինն է Մորից Ռոզենֆելդին ներկայացրել ոչ հրեա հասարակությանը: Հայրս մասնակցել է Հրեական հրատարակչական ընկերության և էլի շարք նման կազմակերպությունների հետ բանակցությունների, և կարծում եմ, որ հորս և այդ ընկերությունների միջև որոշակի դժվարություններ են առաջացել: Հետագայում իմացա, որ հայրս հայտարարել էր, որ այդ դժվարությունները արդյունք են այն բանի, որ այդ կազմակերպությունները ինքնագոհ կերպով պնդում էին, որ հրեան ամենից առաջ պետք է հրեա լինի, նոր դրանից հետո մարդ, և որ պետք է անխախտ պահպանի պատկանելությունն այդ խմբին, և հետո նոր՝ մարդկությանը: Հայրս միշտ անկախ մարդ է եղել և չէր կարող նման ճնշումներ հանդուրժել:
Մորս վերաբերմունքը հրեաների և չընդունված մյուս խմբերի նկատմամբ այլ էր: Գրեթե ամեն օր լսում էինք նրա դիտողությունները հրեաների անկշտության, իռլանդացիների ֆանատիզմի, նեգրերի ծուլության մասին: Բավականին հեշտ է հասկանալը, թե ինչպես էին գցվում նման ողորմությունները այն ժամանակների գերակշռող նեղմիտ մեծամասնությանը նրանց կողմից, որ իրենց վրա զգացել էին անցանկալի փոքրամասնությանը պատկանելու անհարմարությունները, բայց, չնայած, սեփական ծագմանը նման հարմարվողական արհամարհանքի տանող շաժառիթները կարելի է հասկանալ, նույնիսկ կարելի է այդպիսի արհամարհանքը ներել, նկատի ունենալով այն ներումը, որը հավատացյալը հույս ունի ստանալու իր մեղքերի համար, բայց հնարավոր չէ դրա համար չափսոսալ և չամաչել դրանից: Նա, ով արդարություն է փնտրում, պետք է ստեղծի այդ արդարությունը, և վատ է, երբ հրեական ընտանիքի երեխաները, կարևոր չէ՝ նրանք այդ մասին գիտեն, թե ոչ, լսում են, թե ինչպես է ինչ-որ մեկը արհամարհական արտահայտվում հրեական ուրիշ ընտանիքի մասին միայն այն բանի համար, որ վերջիններս ճիշտ նույնպիսի ջանքեր են գործադրում, որպեսզի ծառայության մեջ առաջխաղացում ունենան, որը ժամանակին գործադրել են իրենց ծնողները:
Ընտանիքում լռելը, ինչպես դա անում էին իմ ծնողները, հնարավոր է, և խորհուրդ է տրվում, սակայն դա անելը հաջողվում է շատ մեծ դժվարությամբ, քան թվում է առաջին հայացքից: Եթե այդ առիթով լռություն պահպանելու համաձայնություն կա, ի՞նչ կարող է անել ամուսիններից մեկը, երբ մյուսը երեխաների ներկայությամբ ռասայի վերաբերյալ ստորացուցիչ դիտողություն է անում: Նա կա՛մ բացահայտում է գաղտնիքը, կա՛մ լռություն է պահպանում և դժկամությամբ հետևում մի պրոցեսի, որը ոչ մի տեղ չի տանում, այլ միայն որոշ ժամանակով հետաձգում է երեխայի կողմից զգայական աղետ ապրելը: Ամենահմուտ ստի հիմնական վտանգն այն է, որ եթե դրան անշեղորեն հետևեն, այն կհասցնի անազնվությունների շարքի քաղաքականության, որի վերջը չի երևում: Ճշմարտության հասցրած վերքերը մաքուր կտրվածքի նման են, արագ լավանում են, իսկ ստի հարվածներից ստացած վերքերը թարախակալում են:
Ընդունակություններիս չափով երկար ներողություն խնդրելով ծնողներիս բռնած գծի համար՝ ես դրա համար չեմ ցանկանում նրանց ո՛չ արդարացնել, ո՛չ դատապարտել: Ուղղակի ուզում եմ ասել, որ նման վարքագիծն ինձ համար լուրջ հետևանքներ ունեցավ: Այս ամենը շատ արագ հասցրեց նրան, որ սկսեցի ընդվզել ծնողներիս դեմ և նրանց անբարյացակամությունն ընդունելու դեմ: Ո՞վ եմ ես, որ օգուտ քաղեմ ինձ ոչ հրեայի տեղ դնելուց, որը տրված չէր ինձ ծանոթ մյուս մարդկանց, ուղղակի որովհետև մորս և հորս տղան եմ: Եթե հրեա լինելը մարդկանց մոտ պետք է առաջացնի արհամարհական անտարբերություն և ուսերի թոթվանք, ուրեմն ես կա՛մ պետք է ինձ ատեմ, կամ այնպիսի վերաբերմունք մշակեմ, որը կստիպի ինձ գնահատել այլ չափանիշներով, քան մնացած ամբողջ աշխարհը: Հնարավոր է, որ իմ շուրջն ստեղծված պաշտպանությունը բարի նպատակներ ուներ, բայց դա այն պաշտպանությունն էր, որ ես չէի կարող ընդունել, եթե ցանկանում էի պահպանել իմ ամբողջականությունը:
Եթե որպես հրեա գիտակցելը ինձ չթելադրվեր որպես անհրաժեշտություն, որ թույլ կտար պահպանել անձիս ամբողջականությունը, և եթե այն փաստը, որ ես հրեական ծագում ունեմ, ինձ հայտնի լիներ, և ես շրջապատված լինեի զգայական հակասություններից զերծ ընտանեկան մթնոլորտով, կկարողանայի և կընդունեի հրեաներին պատկանելը որպես բնական փաստ, որը ոչ մի հատուկ նշանակություն չէր ունենա ո՛չ ինձ համար, ո՛չ էլ մեկ ուրիշի: Հավանաբար, այդ ժամանակաշրջանում եղած արտաքին հակահրեականությունը մշտապես ինչ-որ հակասություն էր գրգռում, որը հետագայում ինչ-որ կերպ պետք է ազդեր ինձ վրա: Այնուամենյանիվ, եթե ընտանիքի վերաբերմունքը երկակի չլիներ, ինձ իրական ցավ չէր պատճառի իմ անձնական հոգևոր պաշտպանության հարցը: Այսպիսով, իմ հրեական ծագումն ինձանից թաքցնելու ոչ խելամիտ փորձը, միավորված ընտանեկան հակահրեականության պատճառած տառապանքի հետ, հանգեցրեցին այն բանին, որ հրեական հարցը դարձավ բավականին զգալի իմ կյանքում:
Ես սա ասում եմ ուրիշներին օգնելու միանգամայն հստակ և բացահայտ ցանկությամբ, որ կփորձեն կրկնել այս սխալը, որպեսզի խուսափեն նրանից, որ իրենց երեխան, մտնելով կյանքի շրջապտույտի մեջ, ապրի հիասթափության և անեծքի այս անպիտան զգացողությունները:
Այսպիսով, երբ հասկացա, որ հրեա եմ, ցնցում ապրեցի: Հետագայում, երբ ուսումնասիրեցի մորս աղջկական Կան ազգանունը և պարզեցի, որ դա ուղղակի Կոգան ազգանվան տարբերակն է, նորից ցնցում ապրեցի: Ես չունեի մորս ընտանիքին բնորոշ անձի երկատվելով արտահայտվող այն պաշտպանությունը, որը օտար մարդկանց և իրենց բարեկամներին գնահատելիս տարբեր չափանիշներ կիրառելու հնարավորություն էր տալիս նրանց: Ես ինձ համար տրամաբանորեն արտածեցի, որ, այո, ես հրեա եմ, և եթե հրեաներն ունեն անձնային որակներ, որոնք այդքա՛ն տհաճ են մորս համար, ինձ պետք չէ ունենալ այդ որակները և դրանք դրսևորել այն մարդկանց հետ հարաբերվելիս, որ թանկ են ինձ համար: Ես հայելու մեջ ինձ նայում և համոզվում էի, որ սխալ չկա՝ կարճատես ուռած աչքեր, թեթևակի շրջված ռունգեր, ալիքաձև մուգ մազեր, լիքը շրթունքներ: Բոլոր հայտանիշներն առկա են: Նայում էի քրոջս լուսանկարին, և, չնայած նա ինձ լավիկն էր թվում, որոշակիորեն դիտվում էր որպես գեղեցիկ հրեա աղջիկ: Նա այնպիսի դիմագծեր չուներ, ինչպես այն հրեա տղան, որը Քորնելի հանրակացարանում ինձ հետ նույն սենյակում էր մնում: Նա վերջերս ներգաղթած ընտանիքից էր, և իր անգլիա-սաքսոնացի համակուրսեցիների մեջ լրիվ օտար էր երևում: Իմ սնոբիզմն ինձ թույլ չէր տալիս նրան որպես ընկեր ընդունել, և ինձ համար լրիվ հասկանալի է, թե ինչու ես ինձ չէի կարողանում ընդունել որպես ինչ-որ արժանիք ունեցող անհատի:
Այդ զգայական և մտավոր երկընտրանքը լուծելիս ես արեցի այն, ինչ անում է դեռահասների մեծ մասը՝ երկու կողմերից վերցրի ամենավատը: Նույնիսկ հիմա այդ մասին մտածելն ինձ համար ստորացուցիչ է, բայց ես պարբերաբար փոքրահոգի ինքնանվաստացման վիճակից անցնում էի փոքրահոգի ինքնահաստատման վիճակի, երբ լինում էի ավելի հրեատյաց, քան մայրս: Չզարգացած և սոցիալապես չհարմարված տղայի խնդիրների հետ, որ դեռ ինքուրույն աշխատանքի սովորություն չձևավորած՝ առաջին անգամ երկար ժամանակով թողնում էր իր տունը և կրթությանը վերաբերող հարցերում ազատվում հոր անմիջական ճնշումից, այս ամենը տանջանքի հիանալի նյութ էր:
Եվ ես տանջվում էի: Ես պատկերացում չունեի, թե ինչպես պետք է ինձ մաքուր պահեմ, և կոկիկության սովորություն չունեի, ինձ համար անսպասելի էր լինում, երբ բերանիցս անպատկառ կոպտություն կամ ինչ-որ երկիմաստություն էր դուրս թռչում: Ինձ անհարմար էի զգում իմ համակուսեցիների միջավայրում, որոնք արդեն քսանն անց էին, և շրջապատումս չկար հասակակից, ում հետ կարող էի շփվել: Տանից հեռու, օտար մարդկանց շրջանում իմ կյանքն ավելի էր բարդացնում հորս փոխանցած բուսակերության սովորությունը։ Ես դեռ հորս ուժեղ ազդեցության տակ էի, և նույնիսկ հեռվից նրա զայրույթը հարուցելու հավանականությունը դաստիարակության ուժով ինձ հետ էր պահում այդ սովորությունից հրաժարվելու ցանկությունը, ինչպես դա հետագայում արեցին քույրերս:
Տանը իմ ուսումը միշտ հորս խիստ հսկողության տակ էր: Եվ դա բերել էր նրան, որ ես գործնականում ինքնուրույն աշխատելու հմտություններ չունեի: Գիտեմ, որ հայրս միշտ կողմնակից էր, որ ես մտածելու անկախություն ունենայի, քանի որ ցանկանում էր՝ ամուր կանգնեմ ոտքերիս վրա, բայց ամեն դեպքում, չնայած նրա բոլոր մտադրություններին, մեր համատեղ կյանքը ճիշտ հակառակ արդյունքի հասցրեց: Ես մեծացա նրա աջակցության կարիքն ունեցող մարդ, և նույնիսկ նրա խստությունը ինձ համար անհրաժեշտ էր: Ինձ համար չափազանց շատ էր այդ տանիքը թողնել և մեծահասակների շրջանում ապրող մեծահասակի ամբողջ պատասխանատվությունն ստանձնելը:
Այդ տարին, որ Քորնելում սովորում էի, շատ դասընթացների եմ հաճախել: Համոնդի ղեկավարությամբ հունարեն կարդացի Պլատոնի «Հանրապետությունը» («Republic»), և նկատեցի, որ գրեթե չեմ կորցրել հունարենի իմ նախկին կարողությունը, որին հասել էի Հարվարդում սովորելիս: Նաև այցելում էի հոգեբանական լաբորատորիա և Օլբիի դասընթացին, որը նվիրված էր տասնյոթերորդ և տասնութերորդ դարերի անգլիացի դասական փլիսոփաներին: Օլբիի դասընթացը չոր էր, բայց ուսանելի, և, կարծում եմ, որ գրական իմ ոճում կան տարրեր, որոնք ձեռք են բերվել տասնյոթերորդ դարի մեծ քանակությամբ նյութեր արագ կարդալու շնորհիվ:
Փորձեցի մասնակցել Հաթչինսոնի մաթեմատիկայի դասընթացին՝ կոմպլեքս ֆունկցիաների տեսության մասին, բայց, տեսա, որ այն իմ ուժերից վեր էր: Դժվարությունների մի մասը իմ ոչ հասուն լինելու պատճառով էր, իսկ մնացածը, իմ կարծիքով, կապված էր այն բանի հետ, որ դասընթացը առարկայի դժվարություններին համարժեք մոտեցումներով չէր: Միայն հետո` Քեմբրիջում, երբ ուսանողների հայեցողությանը թողնելու փոխարեն Հարդին իրեն բնորոշ համարձակությամբ վերլուծում էր այդ դժվարությունները («Շարունակեք, և հավատը կգա» վերաբերմունքի նման), սկսեցի ինձ վստահ զգալ ֆունկցիաների տեսությունում:
Պլատոնի դաընթացը այնքան էլ վատ չյուրացրի, քանի որ դա հորս ուսուցման համակարգի յուրովի շարունակություն էր, բայց ուրիշի ղեկավարությամբ: Մետաֆիզիկայի և էթիկայի դասընթացներին տանջվում էի նոր և մշուշոտ պատանեկան կրոնականությունից (ինչը շատ երկար չտևեց), և հստակ տրամաբանություն է պետք, որ ինձ հեռու պահեր սենտիմենտալությունից:
Տասնյոթ-տասնութերորդ դարերի փիլիսոփաների մասին մի քանի էսսե պետք է ներկայացնեի Օլբիին: Ինձ խիստ սահմանափակում էին իմ մանկական ոճը և գրիչին տիրապետել չկարողանալը: Իմ էսսեներն այնքան կարճ էին, և լեզուս՝ այնքան հեռու անգլերենի նորմերից, որ երբեմն ինձ հարցնում էին, թե արդյոք իմ մայրենի լեզուն գերմաներենը չէ:
Քորնելի համալսարանն ուներ իր պարբերականը, և Սեյջի բաժամունքի ուսանողների պարտականություններից էր փիլիսոփայական ուրիշ ամսագրերում հրատարակված հոդվածների մասին ռեֆերատներ պատրաստելը, որ հրապարակեինք այդ նպատակի համար առանձնացված բաժնում: Օգտագործվող հոդվածներն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն էին, և դրանք թարգմանելու անհրաժեշտությունը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու այդ լեզուներով փիլիսոփայական տերմիններին և աշխարհում ժամանակակից գաղափարներին: Չեմ կարող երաշխավորել մեր թարգմանությունների որակը, բայց մեզ համար այդ աշխատանքի գիտական արժեքը հսկայական էր:
Իմ կյանքի այդ ծանր տարում և լուսավոր պահեր էլ են եղել: Չնայած չէի կարողանում համակուրսեցիներիս հետ իրական ընկերական հարաբերություններ ստեղծել, բնության մեջ հավաքները, ինչպես նաև առաջին ձյան վրա սահնակով սահելն ինձ մեծ բավականություն էին պատճառում: Հանրակացարանում, որտեղ ապրում էի, երկու ասպիրանտ կար, ում հետ թունդ քննարկումներով լավ ժամանակ էի անցկացնում, իսկ նրանք սովորաբար երեխավարի կատակում էին ինձ հետ և միմյանց հետ: Տեղանքը, որի վրա համալսարանական քաղաքը փռված էր, հոյակապ էր, և հետո, երբ գարունը եկավ, ամենուր աճող ծաղկած սերկևիլենիներն այնպիսի հիանալի տեսարան էին ստեղծել, որ նախկինում չէի տեսել ո՛չ Թաֆտսի քոլեջում, ո՛չ էլ մի ուրիշ տեղ: Կայուգա լճում առագաստանավակներով մրցումներ էին անցկացվում, ինչպես նաև ճամփորդում էինք ջրվեժներով, որտեղ լողում էինք և սուզվում արագորեն թափվող ջրի զանգված տակ:
Մինչև այսօր էլ ընկերական հարաբերություններ եմ պահպանում համակուրսեցիներիցս մի քանիսի հետ: Լինքոլնին հիշեցնող նիհար Քրիստիան Ռամկիչը երկար զբոսանքների իմ ընկերն էր և հոգեբանական լաբորատորիայում միասին էինք աշխատում: Վերջին տարիներին նրա մասին տեղեկություններ եմ ստացել Աբիսինիայից: Նրան հրավիրել են, որ մասնակցի երկրի կրթական համակարգի բարեփոխմանը, իսկ նրա տղան ավիացիայով է զբաղվում:
Նրանց մեջ էր նա բուլղարացի Զանովը, ում հետ վերջին երկու տարիներին հանդիպել եմ Ռեյնի ինստիտուտում, նա դեռ փիլիսոփայություն է դասավանդում: Համակրելի Շաուբ ամուսինների հետ հաճախ էի ճաշում: Շաուբը դասավանդում էր կրոնների համեմատական վերլուծության դասընթաց, և Հին Ուխտի մասին նրա դատողությունները շատ լավ տեղավորվում էին իմ փիլիսոփայական հետաքրքրություններում, որոնք առաջացել էին հորս, Թաֆտսից պրոֆեսոր Ուեյդի և գրադարանում իմ պարապմունքների արդյունքում:
Տարին վերջանալուն մոտ պարզ դարձավ, որ չեմ արժանացել կրթաթոշակը վերկանգնելուն, որի շնորհիվ սովորում էի Իթաքայում, և եթե, այն ինձ նորից տրվի, դա կլինի հատուկ նվեր: Ես ճնշված էի ոչ միայն նրանից, որ դասընթացները հատկապես լավ էի սովորում, այլև մեղքի զգացողությունից, որը բնորոշ է պատանիներին, ինչը ուղեկցում է գործնականում բոլոր պատանիների ներքին սեռական զարգացմանը: Մեղքի իմ զգացողությունը հասցրեց նրան, որ ես սկսեցի խուսափել Թիլիի ընտանիքից, և այդ բաժանումն ավարտվեց հորս և պրոֆեսորի վեճով: Հորս հավատացնել, որ իր ընտանիքից ինչ-որ մեկը կարող է մեղավոր լինել, գրեթե անհնար է: Ես ինձ անկարող էի զգում դիմակայելու լուտանքի այն հոսքին, որ անխուսափելիորեն պետք է թափվեր իմ գլխին ստեղծված իրավիճակը քննարկելու ժամանակ:
Մինչև ուսումնական տարվա ավարտը տանից նորություն ստացա: Նոր եղբայր էի ունեցել, հիվանդ երեխա, որը կարող էր մեկ տարուց քիչ ավելի ապրել: Քորնելից վատ նորությունն իմանալով, հայրս ինձ հանեց Սեջի բաժամունքից և ստիպեց փոխադրվել Հարվարդի համալսարանի փիլիսոփայության բաժնի ասպիրանտուրա: Գիտեմ, որ ընտանիքի նկատմամբ պատասխանատվության պատճառով հորս համար դժվար էր ինձ ինքնավստահություն ձեռք բերելու հնարավորություն տալը, համենայնդեպս, ես, որպես երիտասարդ, կցանկանայի սխալս ուղղել այնտեղ, որտեղ կատարել էի: Այն պատճառով, որ հայրս պնդեց իմ տեղափոխվելը, իմ անվստահությունն ավելի մեծացավ, քան կար: Սխալներս շարվեցին կորսված տարիների տեսքով, որոնք լրացնելու հնարավորություն չունեի: Դրա հետ միասին ես նաև անկախ գոյատևելու կարողություն ձեռք բերելու հնարավորություն չեմ ունեցել, և ապագան ինձ պատկերվում էր պղտոր և վհատություն տարածող հորձանուտի տեսքով:
Տուն վերադառնալուց հետո ես ժամանակ ունեի ստեղծված դրության մասին բարոյական կողմից մտորելու: Քորնելիում գտնվելու ժամանակ անկախություն ձեռք բերելու պրոցեսը խիստ արգելակվեց վիրավորանքի, հուսահատության և բացասման զգացողությունների խառնաշփոթը ապրելուց, որոնք իմ մոտ առաջացել էին, երբ տարեսկզբին իմացել էի, որ հրեա եմ:
Ընկերներիցս մի քանիսն ինձ խնդրում էին, որ ավելի կոնկրետ արտահայտեմ այն զգացողությունները, որ ունենում եմ, ինչպես նաև այն, ինչը անհրաժեշտ է անել, որ ես կարողանամ լրիվ հիմնավորված ներքուստ հանգստանալ: Հանկարծ բացահայտում ես, որ հրեա ես, իսկ դրանից առաջ ինձ սովորեցնողները հրեաների նկատմամբ արհամարհական կամ թշնամական վերաբերմունք են պարտադրել. ուղղակի անհնար էր բարոյապես դիմանալը դրան: Դա ինձ կարող էր հասցնել հրեական անսահման հրեատյացության, կամ, հակառակը, ստիպել սփոփանք որոնել Աբրահամի գրկում:
Իրականում ո՛չ մեկը, ոչ մյուսը ինձ համար չէին: Հայրս մտքի և բարոյականության միասնության շատ խիստ դաս էր տվել, որպեսզի ես կարողանայի ինձ և մոտիկ հարազատներիս համար մի ճշմարտություն ընդունելու ցանկություն ունենալ, իսկ մնացած բոլորի համար՝ այլ: Ես այնքան կտրուկ արտահայտություններ եմ լսել հրեական ծագում ունեցող համալսարանական դասավանդողների ընտանիքների մասին, որ փորձել են չմիանալ հուդաիզմին, որպեսզի հասկանամ, որ իմ շրջապատում եղել են այնպիսի մարդիկ, որոնք Վիներների ընտանիքի մասին դատել են ուրիշ չափանիշով, իսկ մնացած ամբողջ աշխարհի մասին՝ այլ չափանիշներով: Լրիվ ակնհայտ է, որ եթե նույնիսկ ես կամ ինչ-որ մեկը իմ ընտանիքից ցանկանայինք ժխտել իմ հրեական ծագումը, այդ ժխտումը ոչ մեկը չէր ընդունի մեր տան շեմից այն կողմ:
Կարճ ասած, ստի մեջ ապրելու ո՛չ հնարավորություն ունեի, ո՛չ ցանկություն: Հրեատյացության ցանկացած դրսևորում իմ մեջ միայն ատելության դրսևորում է ինքս իմ նկատմամբ, և ոչ ավելին: Ինքն իրեն ատող մարդն ունի թշնամի, որից երբեք չի կարող ազատվել: Եվ եթե այդպես է, ապա դա ճանապարհ է դեպի հիասթափություն, երազանքների խորտակում և, ի վերջո, խելագարություն:
Ինձ համար նմանապես անհնար էր հուդայիզմի գիրկը նետվելը: Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեի, և իմ նախկին ամբողջ կրթության ընթացքում հրեական համայնքի միայն արտաքին կողմն եմ տեսել և շատ աղոտ պատկերացում ունեի նրանց ավանդույթների և սովորույթների, իրավունքների և պարտականությունների մասին: Օրթոդոքսալ հուդայիզմից խզումն սկսվել էր դեռ պապիս ժամանակներից. արևելյան հրեաներին գերմանացնելու և իդիշը վերին գերմանական լեզվով փոխարինելու ցանկությամբ տարված՝ նա հորս ուղարկեց լյութերական դպրոց: Այնպես որ, իմ վերադարձը հուդայակնություն իսկական վերադարձ չէր լինի, դա կլիներ նոր հավատքի և նոր համոզմունքների դիմում: Վատ էր, թե լավ, բայց երբեք իմ, ինչպես և հորս մեջ նման մղումները լավ արձագանք չեն գտել:
Ինչ-որ հավատ, կրոն, գիտություն կամ քաղաքանություն մասսայաբար ընդունելու վերաբերյալ սեփական դատողությունները ժխտելու մեջ հակասական մի բան կա: Գիտնականին անհրաժեշտ է պահել ցանկացած պահի, երբ նոր փաստեր կհայտնվեն, իր կարծիքը փոխելու իրավունքը. իսկ ես ծնվել և դաստիարակվել էի գիտնական դառնալու համար:
Իմ այդ դաստիարակությունը խորը թափանցել է իմ էության մեջ: Երբեք չեմ ունեցել հոտային հակումներ՝ ո՛չ մտածողության մեջ, ո՛չ զգացմունքներում, չնայած այն խորը հարգանքին, որ ունեմ մարդու նկատմամբ` որպես մարդու, անկախ նրանից՝ գիտնական է, թե ոչ: Բարոյական տեսանկյունից ինձ համար անհնար էր խառնվել հուդայիզմից փախածների հոծ բազմությանը, ինչպես նաև անհնար էր թաքնվել և սփոփվել հրեական կրոնի շրջանակում: Ես չկարողացա հավատալ, որ Նոր Անգլիայի բնակիչները, որոնց ծագումը գալիս էր անհիշելի ժամանակներից, ընտյալ ժողովուրդ են, ինչպես նաև հրեական ավանդույթի անխախտությունը չկարողացավ ինձ համոզել, որ իսրայելցիները ընտրյալ ժողովուրդ են: Միակ բանը որ գիտեի հուդայականության նկատմամբ հորս վերաբերմունքի մասին, այն էր, որ նա ավելի շուտ ստիպողական ասիմիլյացիայի կողմնակից էր, քան սիոնիստ, և որ նա այս հարցերով շատ էր վիճում Զանգվիլի և նրա նմանների հետ: Դա այն տեսակետն էր, որը ես խրախուսում էի, և ոչ միայն այն պատճառով, որ նա իմ հայրն էր, այլ որովհետև հարցին նրա մոտեցումը ճիշտ էր:
Այսպիսով, ես ուժեղ ցնցում ապրեցի` իմանալով որ հրեա եմ, բայց ես ինձ համար ելքը չէի տեսնում ո՛չ հրեատյացության մեջ, ո՛չ ուլտրահուդայականության: Եվ ի՜նչ պիտի անեի:
Չեմ կարող ճշգրիտ ասել, թե երբ եմ գտել իմ խնդիրների լուծումը, քանի որ այն աստիճանաբար հասունացել և վերջնականապես ձևակերպվել է նախքան ամուսնանալս: Սակայն մի բան ինձ համար բավականին շուտ է պարզվել. հրաների նախապաշարմունքը աշխարհում միակը չէր, այն նաև շատ տարբեր ձևեր ուներ, որոնցում իշխանություն ունեցող մարդկանց խումբը, գիտակցաբար թե անգիտակցորեն ձևեր էր փնտրում աշխարհում եղած ամեն լավը պահելու իր համար և դուրս մղելու նրանց, որ այն ունենալու ցանություն են հայտնում: Ես Քիփլինգի բավականին շատ աշխատանքներ եմ կարդացել, որպեսզի ծանոթանայի անգլիական իմպերիալիստների տեսակետին, և բավականին շատ ինդուս ընկերներ ունեմ, որ հասկանամ, թե ինչ դառը վիրավորանք է առաջացնում այդպիսի վերաբերմունքը: Չինացի ընկերներս շատ բացահայտ խոսում էին արևմտյան ժողովուրդների կողմից բուն Չինաստանի բնակիչների իրավունքները ոտնահարելու ձգտման մասին, և ընդամենը պետք է լսեի և աչքերս բաց պահեի, որպեսզի իմանայի ԱՄՆ-ում նեգրերի վիճակի մասին, հատկապես, եթե նրանցից մեկը մտադրվում էր ավելին լինել, քան ուղղակի ագարակի բատրակ կամ սևագործ բանվոր: Բոստոնի հնաբնակների և իռլանդական նորահայտ խմբավորման միջև փոխադարձ վիրավորանքների մասին լավ տեղեկացված էի. վերջինս պահանջում էր հասարակության մեջ իշխանության իր բաժինը, և շատ ազատական էր նրա հայացքը, թե ինչպիսին պետք է լինի այդ բաժինը, երբ խոսքը ուրիշ ներգաղթածների և ազգային փոքրամասնության խմբերի մասին է:
Արդյունքում՝ հրեատյաց կարծիքներին դեմ լինելիս կարող էի ներքուստ հանգիստ լինել, քանի որ ուշադրություն չէի դարձնում, որ այդ կարծիքն ուղղված է ազգային այն խմբի դեմ, որին պատկանում եմ: Ինձ և նրանց համար, ովքեր ինձ մոտիկ էին, որևէ հատուկ առավելություն ունենալու ցանկություն չունեի: Երկար ժամանակ հետաքրքրվում էի արևելյան երկրների և այլ պետությունների համակուսեցիներիս մասին և կարողացա նկատել, որ նրանց խնդիրները զուգահեռ են իմին, և շատ դեպքերում` ավելի խորը և բարդ:
Ավելին, երբ լսեցի Մայմոնիդից մեր ընտանիքի ենթադրյալ սերման մասին, ոչ միայն ուղղակի գիտակցեցի իմ հրեական արմատները, այլև ավելի խորը, այն իմաստով, որ Արևելքը մեր ընտանիքի ավանդույթների մասն էր: Ի՞նչ իրավունք ունեի ես՝ մարդ, ում նախնին ապրել էր մուսուլմանական հասարակությունում, ինձ ամբողջովին նույնացնելու Արևմուտքի հետ՝ մերժելով իմ կապը Արևելքին: Այսպիսով ես մոտեցա ուսումնասիրելուն և դիտարկելուն այն նմանությունը, որը կար հրեաների գիտական զարգացման, հատկապես այն հետաքրքիր և անցումային փուլում, որը սկսվել էր Մովսես Մենդելսոնից, և որը հանգեցրեց հրեական և եվրոպական կրթության միավորմանը, և նման երևույթների, որոնք անձամբ դիտարկում էի գիտությամբ զբաղվող ոչ-եվրոպացիների մոտ: Այս ամենը ավելի վառ երևաց ինձ հետո, երբ ինչ-որ ժամանակ օգնում էի պրոֆեսոր Խատորիին` Հարվարդում աշխատող ճապոնացի պրոֆեսորին, չինական փիլիսոփայության վերաբերյալ դասընթացի նրա ամենօրյա գործերում:
Թերևս, ահա ամենը հրեական ծագմանս վերաբերյալ իմ ապրումների մասին: Երևի արժե մի քանի փաստ ավելացնել հրեատյաց նախապաշարումների և դրա պատմության մասին այն միջավայրում, որտեղ ես մանկուց ապրել եմ: Անցյալ հարյուրամյակի սկզբում Միացյալ Նահանգներ տեղափոխված հրեական ընտանիքների պատմություններից ակնհայտ է փաստը, որ հրեատյաց նախապաշարմունքները նրանց կյանքի գլխավոր գործոնը չէին: Տեղին է ասելը, որ բողոքականները, որոնք Միացյալ Նահանգներում գերակշռող դիրք էին գրավում, ոչնչով դեմ չէին ընդունելու, որ իրենց սուրբ գրքերում շատ բան փոխ էին առել Հին Ուխտից, ընդունելու և տեսնելու հրեական ներգաղթածների մոտ իրենց սեփական ավանդույթները: Ինձ ասել են, որ «Ոչինչ չգիտեմ» շարժումը ամբողջությամբ հրեատյաց չի եղել, դեռ ավելին, այդ տհաճ դրվագի հրահրողներից մի քանիսը հրեա են եղել: Ինչ էլ որ եղել է, քսաներորդ դարի սկիզբը տեսել է հրեատյացությանը մեր ազգային դիմադրության թուլացում, ինչպես նաև վկայել է Նոր Անգլիայի բնակիչների կողմից նեգրերի նկատմամբ ավանդական բարյացակամության թուլացում, և այլ կարևոր դիրքերի թուլացում, որոնք բնորոշ էին նախկին պատմությանը: Ոսկե դարաշրջանը մոտեցել էր ավարտին, իր տեղը զիջելով հետնորդին՝ Անկման Դարաշրջանին:
- Բացվել է 1297 անգամ