Հրապարակ. գործառույթներ, կրթություն և մասնակիցներ

Անցնող ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք ըստ էության հանգեցրեցին մասնակի իշխանափոխության: Ըստ այդմ, տրանսֆորմացիաների ենթարկվեցին նաև հասարակական փոխհարաբերությունները: Ցանկացած նմանատիպ գործընթաց, իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ: Այդ տրանսֆորմացիաների, հասարակական հարաբերությունների, փոփոխությունների, սիմվոլների մասին խոսել են բազմաթիվ տեսաբաններ, ուստի, այս տեքստում կխուսափենք նմանատիպ դիտարկումներ կատարելուց:

Հրապարակ

Այս տիրույթն ունի ամենատարբեր գործառույթներ՝ տոնական, ծիսական, մշակութային, հիշատակային, քաղաքական: Ցանկացած մարդ, այդ թվում՝ և սովորողը, կարող է հայտնվել հրապարակում: Հայտնվելով հրապարակում` մարդը լուծում է որոշակի խնդիր, բավարարում է որոշակի պահանջմունք: Դրանք կարող են ունենալ ամենատարբեր դրսևորումները: Այստեղ չենք փորձի անդրադառնալ այն հարցին, թե ինչ խնդիրներ են առաջադրում կամ լուծում տարբեր սոցիալական խմբերը:

Մեր քննարկման առանցքը մեկն է` ի՞նչ կարող է տալ հրապարակը բարձր դասարանի սովորողին:  Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է ճշտել, թե ո՛ր սովորողը կարող է հայտնվել հրապարակում: Առաջին հայացքից թվում է, թե շատ պարզ է. ցանկացած սովորող կարող է լինել այդ հրապարակում: Սակայն իրականում այդպես չէ: Ինչպես հասարակության որևէ խումբ, այնպես էլ այս խումբն ունի իր ներքին առանձնահատկությունները և շերտավորումը՝ իրեն բնորոշ բաղադրիչներով և դրսևորումներով: Հրապարակում, որպես կանոն, հայտնվում են սոցիալական որոշակի հասունություն ունեցող, հասարակական խնդիրներով հետաքրքրված սովորողները: Բայց որոշ դեպքերում, սոցիալական հասունությունը կարող է թվացյալ լինել, և սովորողը կարող է ուղղակի ներառվել հորձանուտում, որը բավականին մոտ է հրապարակի արտահայտչամիջոցին: Սակայն բնականոն հրապարակային միջավարի պարագայում նույնիսկ այդ դեպքում այն կարող է լինել նոր հմտություններ ձեռք բերելու կամ եղածը զարգացնելու միջավայր։

Մասնակիցներ

Հայաստանյան հեղափոխական գործընթացների հիմնական մասը տեղի ունեցավ փողոցներում ու հրապարակում: Իմ նախորդ հոդվածներից մեկում՝ «Մենք փողոցայի՞ն ազգ ենք», անդրադարձել էի պետության կայացման մոդելներից երեքին՝ դպրոցական, պառլամենտական և փողոցային: Ստացվեց այնպես, որ այս շարժման ընթացքում, մեզանում հիմնականում աշխատեց փողոցային մոդելը: Այս մոդելն ունի հետաքրքիր գրավչություն, հատկապես երիտասարդների ու դեռահասների համար: Փողոցային ու հրապարակային տարածության մեջ մասնակիցներն ստանում են բավականաչափ ազատություն: Շարժումն իր մեջ ներառեց ուսանողական և աշակերտական բազմահազարանոց խմբեր: Օտար և չեզոք հեղինակները հիմնականում համակարծիք են, որ այս հեղափոխական գործընթացի առանցքում հենց երիտասարդությունն էր:

Օրվա իշխանությունների կողմից հնչեցին կոչեր առ այն, որ աշակերտներին պետք չէ խառնել քաղաքական պայքարին: Այստեղ գանք իրավական ու սոցիալական խնդիրների պարզաբանմանը: Իրավական մասով ամեն ինչ շատ հստակ է: Աշակերտն իրավունք ունի իր խաղաղ անհնազանդության իրավունքն իրացնելու: Ավելին, իրավունք ունի ինքնուրույն կազմակերպելու ցույցեր, երթեր, ակցիաներ: Շատ դեպքերում, այս շարժման շրջանակում, դրանք տեղի էին ունենում ինքնաբուխ և ուղղորդման մասին խոսք անգամ չկար: Ինչ մնում է սոցիալական բաղադրիչին, ապա նման գնահատականներ տվողները հաշվի չեն առնում ժամանակակից դեռահասի՝ 14-17 տարեկան պատանու և պարմանուհու սոցիալական տարիքը, պահանջմունքները, մտածողության փոփոխությունը, հասարակական գործընթացներում ներառվածության աստիճանը և բազմաթիվ այլ գործոններ: Այստեղ կա նաև խնդրի այսպես ասած՝ բարոյահուզական կողմը: Ստացվում է, որ 18-ամյա պատանին պարտավոր է սահման պաշտպանել, իսկ 16-ամյան, չի կարող իր քաղաքացիական պահանջները և պահանջմունքները ներկայացնել:

Շարժման մասնակից սովորողներին կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբերի, սակայն այդ խմբերից որևէ մեկի նկարագիրը հնարավոր չէ տալ ամբողջական.

Ա. Գիտակցված ցուցարարներ
Բ. Մեխանիկորեն մասնակցողներ
Գ. Գործընթացը որպես ակտիվ ժամանց դիտարկողներ

Առաջին խմբում հիմնականում նախաձեռնող սովորողներն էին, որոնք մինչ այդ էլ դրսևորվել էին ինչպես դպրոցական, այնպես էլ այլ՝ քաղաքացիական ու կրթական նախագծերում: Երկրորդ խումբը պարզապես գործընթացների մասնակիցներ էին, որոնք ունեին մի քանի դրդապատճառներ՝ իրադարձություններից հետ չմնալու, իրենց ընկերների կողքին լինելու, դասերից խուսափելու և այլն: Այստեղ, իհարկե չենք պնդում, որ նշված բոլոր պատճառները բնութագրական են երկրորդ խմբին: Երրորդի խմբի համար, այդ գործընթացները պարզապես ժամանցային մշակույթ էին՝ բառի դրական իմաստով: Ժամանակ անցկացնելու, մարդկանց հետ շփվելու, նկարվելու, նոր ծանոթություններ հաստատելու, ինչու ոչ, նաև հակառակ սեռի հետ հարաբերվելու և այլն: Հատկապես վերջինը բավականին հետաքրքրական ազդեցություն ունեցավ գործընթացների վրա, որն առանձին դիտարկման թեմա կարող է հանդիսանալ:

Հարթակ

Հարթակի վերաբերյալ, կարծում եմ, դեռ կլինեն համալիր դիտարկումներ: Ի՞նչ էր քարոզում հարթակը, ի՞նչ խնդիրներ էր առաջ քաշում, ի՞նչ մոտեցումներ ունեին, ի՞նչ ելույթներ էին հնչում և այլն: Առաջ քաշված հարցերն առանձին-առանձին ուսումնասիրելու համար կարիք կլինի առնվազն մի քանի հոդված մշակել: Մեզ ավելի շատ հետաքրքիր է այդ հարթակի կրթական բաղադրիչը՝ այն, թե ի՛նչ կարող էր սովորել մասնակից սովորողը: Հարթակն ունի ճաշակ թելադրող գործառույթ այդ նույն հրապարակում կանգնած մարդկանց նկատմամբ: Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել 2008 թվականի գործընթացների և 2018 թվականի գործընթացների միջև, ապա ցավոք, հարթակը չունեցավ կրթող գործառույթ: Ավելին՝ եղան մի շարք վրիպումներ: Սկզբնական շրջանում, անգամ երաժշտության մասով, ամեն ինչ հաջող էր: Հնչում էր հիմնականում ռոք երաժշտություն: Սակայն հրապարակի մասնակիցների թիվը բազմապատկվելուց հետո փոխվեց երաժշտությունը ևս: Մասնակիցներն իրենց հետ բերեցին իրենց երաժշտությունը: «Քյառթուն» կամ «ռաբիզը», ինչպես կուզեք անվանեք, խմբային առումով, գերակա են մեր հասարակության մեջ: Ուստի իրենք բերեցին իրենց երաժշտությունը, որը նաև ձևակերպում ստացավ, ու շարունակվում է մինչ հիմա՝ հիթ դարձած որոշ երգերի տեսքով: Սրան գումարվեցին այլատյացություն քարոզող և ռազմահայրենասիրական համարվող երգերը: Այս վերջինները անցնող 20 տարիների տոտալ քարոզչության արդյունք էին, որն արմատավորվել էր հենց դպրոցներում: Հարթակը ոչինչ չարեց այս ամենը կանխելու ուղղությամբ: Ավելին՝ փոքրիկ տղայի ելույթով կարծես ամրագրեց այն, սակայն հետագայում սրբագրեցին: Ըստ էության, հարթակից ելույթ ունեցողները չունեին բովանդակային ասելիք, պատրաստի տեքստ: Մեծ հաշվով, հրապարակում հավաքվածների զգալի մասին դա չէր էլ հետաքրքրում. նրանք չէին եկել հրապարակ՝ ինչ-որ բան սովորելու: Այլ էին պահանջմունքները: Սա հասկանում էր նաև շարժման առաջնորդը, ուստի իր ելույթները կառուցում էր շատ պարզ ու մատչելի բոլոր շերտերին: Հասկանալիությանը զուգահեռ՝ կորչում էր այդ տեքստերի կրթական գրավչությունը: Արձանագրենք, որ հարթակը, գիտելիքի առումով համարյա ոչինչ չտվեց:

Սակայն գործընթացը կրթական դիտանկյունից պրոյեկտելիս դիտարկում ենք շատ հետաքրքիր իրողություն: Նորից համեմատենք 2008-ի հետ, որտեղ աշխատում էր կրթության ուղղահայաց վեկտորը՝ կար առաջնորդ, որը խոսում էր, մարդիկ լսում էին նրան. փաստացի առկա էին տեսություն, տեսական ուսուցում: Նիկոլը կրթական նոր մոտեցում կիրառեց, որը մենք կոչում ենք նախագծային մեթոդ: Դու ինչ-որ կարճ դասախոսություն ես կարդում, հետո ասում ես՝ դասախոսությունը վերջացավ, հիմա գնում ենք կիրառելու։ Այս բաղադրիչը կարևոր դեր խաղաց երիտասարդությանը միավորելու գործում, որովհետև երիտասարդությունն էլ այսօր չի սիրում՝ նստի ու լսի հարթակից հնչող ճառեր։ Նիկոլը մարդկանց մղեց գործողությունների՝ ճառային մասը հնարավորինս փոքրացնելով։ Հենց այստեղ երիտասարդության ցանկություններն ու գործելաոճը համընկան Նիկոլի մոտեցումների հետ: Այսինքն՝ աշխատեց ճառագայթի հորիզոնական վեկտորը: Շարժման հիմքում հայտվեց անհատը՝ ինդիվիդումը, որը կատարում է գործողություն: Այսինքն, մասնակիցը (այդ թվում՝ սովորողը) պատասխանատվություն էր կրում իր գործողության համար՝ կլիներ փողոց փակելը, թե ինչ-որ ակցիայի մասնակցելը: Բայց սրան զուգահեռ՝ հրապարակը չկորցրեց իր նշանակությունը: Այն աշխատեց ագորայի սկզբունքով: Մարդիկ ամեն երեկո գնում էին հրապարակ՝ հաջորդ օրվա անելիքների մասին տեղեկանալու համար:

Հեղափոխություն

Շատերս շահարկում ենք հեղափոխություն բառի իմաստը: Գործածում ենք այն տեղի և անտեղի: Իրականում, հեղափոխությունը ենթադրում է հին համակարգի ամբողջական փոփոխություն՝ իր բոլոր բաղադրիչներով: Հայաստանում տեղի է ունեցել միայն մասնակի իշխանափոխություն: Հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ է: Այս փուլում հեղափոխության մասնակիցներ ենք մենք բոլորս:

Սակայն այստեղ կա հետաքրքրական մի գործընթաց՝ հեղափոխությունը ղեկավարում է Կառավարությունը, որն այդքան էլ բնորոշ չէ հեղափոխական հասարակություններին:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский