Պրահա Վիեննայով, թե Վիեննա Պրահայով

Հեղինակ: 

Ճամփորդ ուսուցչի-տնօրենի օրագիր. 21.10.2016-28.10.2016
PDF

Բլեյան Աշոտ հայրիկի հմայիչ եռյակին՝ Լիլիթին, Տաթևին, Շուշանին եմ պարտական այս ճամփորդական շաբաթի համար… Շնորհակալ եմ, աղջիկներ: Հիմա, երբ դուք կարդում-անցնում եք իմ 821-րդ գրով, ես, Արմինեն, Դավիթն ու Շուշանը ձեզ ժպտում ենք… Պրահայի՞ց, Վիեննա-Պրահա գնացքի պատուհանի՞ց… Շուշանը թող չնեղանա, որ ես իմ օրագրում հրապարակեմ մեր ճամփորդություն-ուղևորության սեղմագիրը, որ այնքա՜ն նման է-բնորոշ այն կազմող իմ-ձեր Շուշկի-Պուշկիին…

21.10.2016
6:20 – Ժամանում Վիեննա
6:55-7:20 – Օդանավակայանից գլխավոր կայարան (մեր հանրակացարանն էլ՝ կայարանից 10 րոպե ոտքով. իրերը կթողնենք, կշնչենք մի քիչ ու դուրս կգանք Դավիթի գնացքը նստելու)
9:09-13:08 – Վիեննա – Պրահա (գնացքով)
Եղանակը Պրահայում – Ցերեկը 11-13o, Գիշերը 2-4o
21.10-24.10.2016 – Պրահայում տժժիկ
24.10.2016
10:00-14:10 – Պրահա – Վիեննա (ավտոբուս)
24.10-28.10.2016 – Վիեննայում տժժիկ
Եղանակը Վիեննայում – ցերեկը 12-15o, գիշերը 4-5o
Ձմեռային վերարկու, սապոգներ, անձրևանոց, տաք շորեր (3-4 սվիտեր հերիք է)։ Սրբիչներ ու անկողնային պարագաներ Պրահայի տանը ու Վիեննայի հյուրանոցում կան, բաղնիքի պարագաներ կարող եք վերցնել, ուրիշ բաներ հիշեմ կասեմ)։

Շուշանն ապրում-սովորում-աշխատում է Վիեննայում. ես Վիեննային այսպես հայրաբար պիտի ողջունեի՝ Վիեննա, իմ սքանչելի Շուշանի բնակավայր: Իսկ հին Պրահայում ուզեցել եմ լինել… Պրահայի տրամվայը նստել, թափառել-քայլել…  Եվ ի՜նչ ուրախություն է ինձ համար Դավիթ ու Շուշան Բլեյանների կյանքի շրջանն այս՝ միասին: Շուշան քույրիկին տեսնի-լսի, հարցեր տա… Իմ օրագիրը ի՞նչ տեսք կունենա… Կլինի՞… Կիմացվի…
 

Ամենախո՞ս, ամենաթափառակա՞ն, ամենահարցասե՞ր․․․ չէ՜, չէ՜ ամենաշուշոյասեր․․․

Այսպիսին է ճամփորդ Դավիթ Բլեյանը ինքն իր բնութագրմամբ։ 
Պրահայի Կառլովո մեստի փողոցի 6-րդ հարկի մեր կացարան-բնակարանի պաշգամբից՝ սքանչացնող տեսարան՝ Պրահան՝ Եվրոպայի ամենահին մայրաքաղաքներից մեկը, քո առաջ բացվա՜ծ․․․ Իսկ ամեն ինչ այնպիսին է, ինչպես պիտի լիներ-պատկերացված էր մինչև մեկնելը, այս դիրքը գրավելը․ Ստեփան եղբայր ուղեկցողից սկսած, Զվարթնոցի Վիեննայի օդանավակայանով, Վիեննայի-Պրահայի երկաթուղային կայարաններով, օդանավով ու գնացքով․․․ Պրահայի տրամվայներով, մեզ դիմավորող Շուշանով-Թերեզով, նրանց Վիեննայի կացարանով, առաջին տպավորությամբ տրանզիտի Վիեննայով, որ այնքա՜ն դժվար-յուրահատուկ է Դավիթն արտաբերում (եզակի բան, ու Շուշոն հումորով-համառությամբ շտկում է․ կստացվի իհարկե), Վիեննա-Պրահա գնացքի պատուհանից փռված Եվրոպայով՝ Բռնոյի նշանավոր Սուրբ Պողոս-Պետրոսի  տաճարով, Սվիտավա գետով ու նրա առափնյա բնակավայրով, Պրահայի Վլտավա գետով-կամուրջներով․․․հարյուրամյա պուրակներով․․․ հին Պրահայով, մեր լուսավոր-պարզ-հարմարավետ բնակարանով ու նրա սեփականատեր Կամիլիայով, մեր շենքի առաջին հարկի մարկետով ու մինի խանութով։ Պարզապես իմ թվարկածները, որ կային որպես պատկերացումներ, հիմա փաստեր են իմ գրում՝ սիրով արձանագրվող․․․

Իմ, Արմիենի ու Դավթի Երուսաղեմի ուխտը վկա՝ ամենագոյության փաստը, Դավթից ավելի անաչառ ու դիպուկ չես լինի՝ Շուշոն է մեր ճամփորդության շարժիչը-երաշխավորը, Ամենաշուշոն․․․ Արմինեն կրկնե՞ց՝ Շուշոյի հետ չես կորչի․․․ Եվ, Եվրոպա՛, դու ուրիշ ես հիմա Շուշանի ուղեկցությամբ․․․ Դե, Դավիթն ու Շուշոն գետափին, թե կամրջի վրա․․․Սուպեր․․․
Դավիթ Բլեյանի օրագրից.
– Գնացքը առաջ է գնո՞ւմ, թե՞ ետ․ Պրահայից հետո կվերադառնա Վիեննա․․․
– Ինչի՞ է էսքան ուշ․․. Ինչի՞ անտառի կենդանիները չեն երևում․․․ որովհետև կենդանիները ամենախորքո՞ւմ են․․․
– Գետը, գետը․․․ ի՞նչ է անունը․․․ էս մեկինը․․․ Չէ, պա՜պ, սրանք գետեր են․․․
– Եթե այս ոստիկանը չլիներ, ի՞նչ կլիներ, պա՜պ․․․
– Ես էլ գամ քույրիկի մոտ Վիեննա՝ սովորելու․․․ Ի՞նչ պիտի անեմ դրա համար, պա՜պ․․․
– Աչքերս կիսաբաց-կիսախուփ, գլուխս քո ծնկներին-ուսին՝ քանի՞ մղոն ճանապարհ անցանք Եվրոպայով, պա՜պ․․․
– Ի՞նչ ես մտածում, պա՜պ․․․Էս կողմ նայի, պա՜պ․․․ մտածում ես, թե Բանգլադեշի ավտոտնակից քանի հեծանվատունիկ դուրս կգա՞․․․ Արի կարապները հաշվենք․․․
– Պա՜պ, Շուշոն գերմաներեն գիտի՞ (գիտի), անգլերեն, վրացրերեն, ռուսերեն․․․ չեխերե՞ն․․․
– Պա՜պ, որ մենք չենք խոսում, Շուշոն հասկանո՞ւմ է․․․

«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր, որ անցավ մեր կյանքը

Հիմա ժամանա՞կն է…
Պրահայում առաջինը արթնանում ենք, իհարկե, ես և․․․ տրամվայները: Մեր պատշգամբից հրաշալիորեն բացվող Կառլովի հրապարակում ամեն ինչ, ինչպես ափում, երևում է․․․ Տրամվայների աշխույժ- երթևեկն ու մեքենաներից-մարդկանցից դատարկ փողոցները առավոտվա․․․ Երկու տասնյակից ավելի (հաշվեցի-կորցրեցի) գմբեթներ-աշտարակներ, խաչերով-սուր ծայրով․․․ հրես՛, մի կառուցվող հսկա եկեղեցի` ողջը տախտակամածի մեջ․․․

Հրապարակը ողջ պուրակների մեջ է առնված, ամենատարբեր չափերի, պարզ բնության կտորներ, որ աչք են շոյում, կանչում․․․

Ես ու Դավիթը սպասել չենք տա ո՛չ տրամվայներին, ո՛չ պուրակներին․․․ Իսկ Պրահայի ծառերը ներկա են ու պամություն` վաղեմի հսկա կաղնիներ, ամենատարբեր շագանակիներ (կաշտաններ), ազնվական, ինչպես նյութական հուշարձանները, որ միջավայրն են Պրահայի․․․

 

Տունս լցվեց Շուշոյով, կասեր մայրս․․․ Առավոտը Պրահայի Կառլովի նշանավոր հրապարակում Դավթի և Շուշանի հետ, երկուսն էլ քնած, ուղղանկյուն դասավորությամբ մահճակալներին․․․ Տեսնեք Շուշանի խնամքը, Դավթի հիացումը Շուշոյով – հնազանդումը Շուշանին․․․
– Շուշոն օպերային երգչուհի է, պա՜պ․․․
Իսկ Շուշոյի ձայնը Վլտավայի պատմական կամրջի տակ, ինչպես խորանում է հնչում․․․
Որքան էլ ուշադիր, Ավստրիան աննկատ անցանք-բաց թողեցինք, Բժեցլավում, Չեխիայի փոքրիկ, մեր չորսժամյա գնացքի ճանապարհի տասնյակ ու տասնյակ կայարաններից մեկում, մարդիկ անաղմուկ-աշխույժ նստում-իջնում են, ու ես մտքերով Երևանում Թբիլիսի-Երևան-Գյումրի գնացքում եմ․․․ Պատմել եմ․․․ Ես չեմ կարողանա մի սովորական-հերթական շրջան սկսել իմ կյանքում-աշխատանքում` 2017-ի հունվարով կրկին սկսվող․․․ «Նա, որ դուրսն է տեսնում, երազ է տեսնում, ով իր ներսն է նայում, արթնանում է…»...

Մեզանում այդ ճանապարհին 25 տարում ի՞նչ է փոխվել, բայց մեռյալությունը այնպես է հաստատուն, որ ես չգիտեմ, թե ինչպես ենք  հաղթահարելու կառուցապատման հանրային անճաշակությունը… Չեմ պատկերացնում…սրա արմատները որտե՞ղ փնտրես… Լավ է, որ իմ հասցին շարունակում են գալ Արեն Շահնազարյանի լանդշաֆտային-լանջային (լանջիկայի՞ն) լուծումների նախագծերը, Քնարիկ Ներսիսյանի շրջանավարտների ողջույնը, Նունե Մովսիսյանի Հայկական կակաչի՞ց բխող մտքերը… Վանուհի Բաղմանյանին mskh պորտալում լսեցի. իսկապես ինչո՞ւ Քնարա, ինչո՞ւ ոչ Քնարիկ կամ Քնար: Մինչ Շուշանն ու Արմինեն կանացի առանձնության մեջ են, Դավիթը` մեկ քուն, մեկ արթուն, ինձ շարունակում են զբաղեցնել քաղաքական հարցադրումներն ու դրանց լուծումները…

Արմինեն օգնում է ոչ միայն ճամփորդի իմ օրագիրը հրապարակելու, ինչպես Թոփչյանը Երևանում, այլև լրացնում է իր բլոգում, իր դպրոցի կայքում, իր պատումով և տեղին-ճիշտ է անում։ Կարդացե՛ք, դիտե՛ք, իհարկե, հատկապես որ ո’չ միայն տպավորություններն են իրենը, այլև լուսանկարները։ Շուշանն էլ` իր օպերատիվ մեդիայում․․․Դավիթը հերոսն է մեր ճամփորդության․պահում-պահպանում ենք։ Բարի կիրակի․․․
 

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան ինձ վրա, որ ուղղակի իմ հոգեկանի իմաստն արտահայտող ուրիշ բառ է։ Իմ գրելը գալիս է, իմ գործելը, չէ՜-չէ՜, իմ ապրելը ո՜նց է գալիս, իմ հավեսի հազարն է դառնում նոյեմբերը․․․
Պրահա․․․ Այսքա՜ն աղավնիներ, զանգեր ողջ քաղաքով եկեղեցու-տաճարի․․․ տրամվայներ ու Արևիկի հավանած տրդելնիկները (չեխական խմորեղեն)՝ պաղպաղակով ու շոկոլադով․․․ Ժամանակի կարճությունը, Շուշան-Դավիթ տանդեմը թույլ չեն տալիս Պրահայի՝ զբոսաշրջիկներով լեցուն այս քաղաքի մասին այլ շարադրանք անելու, բայց մի զուգահեռ անեմ, որ երևանցի Արմինեի ու Շուշանի համաձայնությամբ ես հիմնավորեցի որպես Երևանի ու Պրահայի՝ մեզ համար ամենացավալի տարբերություն, դա Վլտավա ու Հրազդան գետերի նկատմամբ հակադիր քաղաքաշինական վերաբերմունքն է։ Պրահան Վլտավայի վրա փռված-ներկայացված-ցուցադրված 18 տպավորիչ կամուրջներով քաղաք է՝ որպես ամբողջություն աջափնյայի ու ձախափնյայի, իր բազում կղզիներով-կղզի-պուրակներով․․․ Մեր երկու-երեք օրը զբոսանք էր գետի վրայով-գետի շուրջ. քաղաքը հիանում էր Վլտավայի ջրերով, ջրերը բռնած բազմապիսի նավերով, բադերով, կարապներով, սպիտակ այլ թռչուներով․․․ Վլտավան քաղաքով ծայրից-ծայր անցնում է՝ միշտ բաց, թափանցիկ, մատչելի, անցողիկ. ի՞նչ է Պրահան առանց գետի․․․ չկա Պրահան առանց Վլտավայի․․․

 

Ինչո՞ւ մեկ միլիոնից ավելի բնակչությամբ մայրաքաղաքը մեր, ծայրից-ծայր ունենալով Հրազդանի նման գետ, չօգտվեց այդպիսի գեղատեսիլ կիրճ-ռելիեֆի բնական հնարավորությունից, աստվածատուր դիրքից։
Ինչո՞ւ Քաղաք զարգացումը դարձավ փախուստ Զանգվից, մեջքով դեպի գետը-կիրճը, այնպես, որ քաղաքացիները մոռանան-չհիշեն, որ գետ ունեն, որ ապրում են գետի-կիրճի ափին․․․Ընդամենը չորս, թե հինգ կամուրջ պարիսպներ-ծածկոցներ ողջ գետի հոսքով․․․ մեկական տեսարան՝ Դավթաշենի, Կիևյան, Հաղթանակի, Շենգավիթի կամրջից ու վերջ․․․ Ո՜ւր է քաղաքը, ո՜ւր է գետը․․․ ի՞նչ եղավ կիրճը այս միլիոնանոց քաղաքում․․․ Ինչպե՞ս գտնես-մոռացումից բերես քո ծննդավայրը։ Ո՞վ բերի․․․

 

Հավատա՞ց Շուշանը, որ ես տարիներ հետո որևէ կարգավիճակով, ֆորմալ-ոչ ֆորմալ, բայց ուղղակի զբաղվելու եմ Երևանի գետով՝ Հրազդանով․․․ բայց իմ այս որոշման վրա Պրահան՝ իր Վլտավայով, ուղղակի մոգական ազդեցություն թողեց․․․ իսկ Շուշան աղջիկս, կարևոր է, որ գոհ է հայրիկի ֆիզիկական ու հոգեկան վիճակից։ Շուշանը կեղծողներից չէ՜։

Դավիթ Բլեյանի ճամփորդական օրագրից

– Դինոզավրերը չեն վերացել, նրանք ապրում են․․․ նրանք մտել են մեր մտքերի մեջ, պա՜պ։
– Առաջին մարդը դինոզավրերից հետո Արտաշես պապիկն է, հետո՝ Նեկտար հորաքույրը․․․ հետո ո՞վ, պա՜պ․․․ Չէ՜, չէ՜, դու միշտ դինոզավր ես․․․,- ծիծաղում է։
Շուշանն ավելացրեց․
– Մեր Ադամն ու Եվան Արտաշ պապն ու Նեկտար հորաքույրն են։
– Ադամն ո՞վ ա, մեր Արտաշես պապի՞կը․․․
– Կյանքը որտե՞ղ է, Շուշիկ, ասա՛․․․
– Քո անմահ հորը հարցրու,- պատասխանում է Շուշոն՝ փակելով պատշգամբի դուռը։
– Պրահայում ագռավներ չկան, պա՜պ․․․ ի՞նչ եղան․․․ նրանց փոխարինել են աղավնինե՞րը․․․
Առավոտը մեր պատշգամբի դիմաց փռված Կառլովի հրապարակից, նրա պուրակներից հանկարծ ճախրեցին հարյուրավոր, չէ՛, հարյո՜ւր հազարավոր աղունիկներ․․․
– Ինքը քո պապան է․․․իմն էլ․․․ Դրա համա՞ր է Շուշիկը իմ քույրիկը․․․
– Կարինե տատիկը Շուշիկի մայրիկն է, իսկ իմ մայրիկն ու Շուշոն ընկերուհիներ են․․․

 

Ոչ արձակուրդային խոհեր ու ոչ ժամանակավոր լուծումներ․․․ պարտադրված

Արձակուրդն իհարկե, կասեցնում է իմ օրագրի անընդհատությունը․ սկսում է գործել նոր ռեժիմ․․․ Բան չմնաց․ նոյեմբերի 1-ից ես, իմ պաշտոնը ու օրագիրս կհանդիպենք սեբաստացի-ոչ սեբաստացի ընթերցողին անընդհատության ընթացքով մինչև 1000-րդ գիրը։ Սրան հաջորդող հեքիաթային 1001-րդ ում ի՜նչ լուր ունեմ հաղորդելու․․․ Ո՜նց եմ զսպելու, չգիտեմ, բայց ամեն ինչ իր հերթով․․․

 

Ո՛չ Պրահայում, ո՛չ Վիեննայում թափառական-անտեր-անխնամ՝ փողոցային շան-կատվի չհանդիպեցի։ Վիեննայում, կրթահամալիրի Դպրոց-պարտեզի՝ Արևմտյան դպրոցի դասավանդողների նամակը (ինչ չեմ կարողանում մարսել՝ խմբային-անանուն անստորագիր հրապարակումը) ինձ ստիպեց բարեխիղճ ուսումնասիրություն անցկացնել։ Վիեննայում, հայտնի-հսկվող կարգով, անխնամ շուն ո՛չ միայն չկա, այլև չի կարող լինել, որքան էլ որ մեծ ու պստիկի հետ նրանք ամենուր են․ այդպիսին է քաղաքային հասարակությունը՝  իր հետևողական կենցաղով, ձևավորած քաղաքային իշխանությամբ․․․

Ես երբեք շուն-կատու չեմ պահել՝ անկարող եմ, ախր, կենդանի արարած է, պիտի երեխայի պես խնամես․․․ բա որ հանկարծ մի բան պատահի, ու ինքդ էլ մեղավոր-անփույթ եղած լինես․․․ Վիեննայում ինձ խոցեց, ո՜նց խոցեց մեր Ագարակի հայկական գամփռիկի հետ կատարվածը․․․ Չգիտեմ՝ ինչպես կարող ես մխիթարել Ագարակի պատասխանատուներ Խորենին Հազարումյան ու Լուսինեին Աբրահամյան․․․
Գևորգ Հակոբյանը կարծեմ այլ, որպես մանկավարժական գործ՝ տարատարիք սովորողների, դասավանդողների ամենօրյա տեղափոխման կազմակերպման ձեր առաջարկի ներկայացման  պահանջով էր դիմել քեզ ու քո ընկերներին, Զառա Առաքելյան։ Ասում եք՝ փակվենք մեր շենքերում, բնակարաններում-դպրոցներում, մեքենան բնակարան ու դպրոցական շենք հասցնենք, որ մեզ անտեր շները չգզե՞ն․․․ Այգի դուրս չգա՞նք, փողոց չանցնե՞նք․․․ Քաղաքային իշխանությանը պիտի պարտադրենք, հետևողական լինենք ու հասնենք, որ քաղաքում մեզ հետ ներառական կյանքով ապրեն ընտանի կենդանիներ՝ շներ, նախ և առաջ, կատուներ․․․ Վենետիկում, հայր Գաբրիելն էր պատմում, դրված է աղավնիների կեցության կարգավորման հարցը․․․

Արմինեին ցույց տվեցի․ փողոցը անցնում էին 10-12 տարեկան, ուսապարկերով, մարզական քայլքով, պարզ հագնված 22-24 սովորողներ՝ տղաներ ու աղջիկներ, կիրթ- աշխույժ․․․ ուսումնական ճամփորդներ, խմբի հետևից ու առաջից՝ մեկական խուրջինով-մարզական ուսուցիչ-դաստիարակ․․․ Այնքա՜ն շատ են տպաավորությունները Լիլիթ ու Շուշան Բլեյանի հավանած Վիեննայից, որ չեմ շտապում ի մի բերել, տեղին ու ժամանակին ընթերցողին ներկայացնել․․․ Բայց տեսե՜ք, խնամված շները, մարզական երեխաներն ու առույգ քաղաքացիները, ամենուր հանդիպող հանրային տարածքները, գալիս, առաջ են ընկնում․․․
Վիեննայում գտնվելու չորրորդ օրն է․ երեք օր մեր ողջ ժամանակն անցկացրել ենք ընտանիքով  ամենատարբեր հանրային տարածքներում՝ պուրակներում-այգիներում հրապարակներում, անվտանգ-մարզական-խաղային․․․ շների ու երեխաների հետ․․․ Վիեննան ու նրա հարյուր հազարավոր քաղաքացուն, նրա հարյուր հազարավոր այցելուին հավանեցի՝ ձիգ-առույգ-ճամփորդական-մարզական․․․ Քայլք,  հեծանիվ ամենուր, պարզ-հարմար հագուստ, հանրային անվտանգ-կարգավորված երթևեկ՝ հետիոտն-մետրոյով-ավտոբուսով-գնացքով-տրամվայով-ձիակառքով-հեծանվով բազմապիսի՝ քո ընտրությամբ, երեխա ու կին, տարատարիք՝  առանց սահմանափակման, ամենուր շներով․․․Իրոք, ո՛չ երեխային դպրոցից հանելն է ճանապարհը, ո՛չ տներում, մեքենաներում փակելը, ո՛չ շներից վախենալը․․․ ո՛չ նրանց սպանել-գնդակահարելը, իհարկե․․․ այլ մեր հանրային կյանքը կարգավորելը։ Սկսենք մեր հագուկապից, հարգելի անուն-ազգանունով դասավանդող-դաստիարակ-ծնող. մարզական, հարմա՛ր հագեք, անպայման խուրջին-ուսապարկով, առանց ավելորդությունների, իջե՛ք Մայր դպրոց, Բաբաջանյան փողոցի վերգետնյայի մոտ ու քայլեք երեխայի հետ․․․ Նայեք ձեր ժամացույցին, տեսեք հինգ-վեց րոպեի քայլքի ճամփան մաքուր վերգետնյայով, Բախշյան մանկական այգով, մինչև բարեկարգվող տարածքով Դպրոց-պարտեզ․․․ ի՛նչ չլուծված խնդիր ունի, լուծե՛ք ձեր իշխանության հետ․․․

Լսո՞ւմ եք, լուծե՛ք, սկսե՛ք լուծել․․․ որքա՞ն կարելի է հետաձգել․․․ Ինչ մնում է ինձ, գալիս եմ․․․ ինքնաթիռով․ ավելի արագ փոխադրամիջոց իմ ձեռքի տակ չունեմ։
Դավիթն արթնացել է առավոտյան․
– Դավիթ, լողանաս, հետո մեղր ուտես, հետո քույրիկը գա․․․ ինչպես երեկ պայմանավորվել էինք․․․
– Պա՜պ, դու լավ չես հիշում մեր պայմանավորվածությունները․․․
– Դավիթ, հիշո՞ւմ ես երեկվա խանութում աշխարհի բոլոր կինդեր-ձվիկները կային, լավ էր, չէ՞․․․
– Ինչո՞ւ էն մե՜ծ տուփով կինդեր ձվիկները չառաք․․․
Այսպես, սկսում ենք հրաժեշտ տալ Վիեննային։
– Համ էլ Վիեննան կպրծնի ձեզանից,- Շուշանը կատակում է։
Իսկ Դավիթը որոշել է իր ծննդյան օրվա ՝ դեկտեմբերի 12-ի կինդեր ձվիկները գալ, Վիեննայից տանել․․․
– Այստեղ ձվիկներն էժան են ու շա՜տ․․․

 

Եթե ես գրեի անմիջական-ինքնաբուխ որպես առաջին՝ 2016թ. հոկտեմբերի 21-ի տպավորություն Վիեննայից, առավոտ կանուխ ժամը 6-ից, հարմարավետ-ներառական օդակայանից, կսկսեի, իհարկե, խորոտիկ, մեկ դարձած Շուշան Բլեյան ու ընկերուհի՝ հանրակացարանակից Թերեզի ընդունելությունից, երկաթուղային ցանցի, գնացքի (այսքա՜ն մարդկային հաղորդակցություն երկրով-Եվրոպայով մեկ), Վիեննայի մուտքի՝ օդակայանից մինչև գլխավոր երկաթուղային կայարան, մեզ դիմավորած կանաչ լանջերի ու նրանց լրացնող արտադրական ձեռնարկությունների շարան-հանգույցի, կայարանից մինչև Շուշոյի հանրակացարան հետիոտն ճանապարհին զուգահեռ ձգվող հեծանվաճանապարհի, մեզ անընդհատ ուղղված «Մի՛ կանգնեք հեծանվորդի ճանապարհին» հիշեցումների մասին… Արտադրական ձեռնարկությունները՝ Վիեննայի հարստության աղբյուրը՝ կիլոմետրերով ձգվող, բազմազան արտադրանքով ու գրավիչ դիզայնով… Պատմե՞լ եմ Վանաձորի՝ կիլոմետրերով ձգվող արտադրական հանգույց-ավերակի թողած հետքի մասին… Այսպիսի հանգույցների երկիր է Հայաստանս… Երկրային մի կյանքը կարող է չբավարարել այդ հետքերը հաղթահարելու համար, այսպես որ գնա՜, կամ, որ ավելի ճիշտ է, շարունակի չգնալ…

Վիեննայում Շուշան Բլեյանի թելադրանքով և Մխիթարյան միաբանության հայր Գաբրիելի սիրալիր ընկերակցությամբ Դավիթ Բլեյանի ու Արմինե մայրիկի՝ հենց Դպրոց-պարտեզի մենթոր ուսուցչուհի Արմինե Աբրահամյանի հետ մի քանի անմոռաց ժամ անցկացրինք քաղաքային գրադարանում… 

Իսկական դպրոց, երբ ջնջված են սահմանները՝ միջանցքի (օժանդակ տարածքի) գրապահոցի և ընթերցարանի, ամբողջովին ներառական, անհատական ու խմբային աշխատանքի հարմարեցված-մատչելի մի միջավայր լուսավոր, երբ ընթերցողն է կենտրոնում: Գիրքը որևէ ձևով՝ թարմ-գունեղ-գրավիչ, թղթային թե էլեկտրոնային տեսքով, մեծ ու փոքր, նույնքան գրավիչ մոնիտորներով… Ընդունիր քեզ հարմար դիրք՝ դեպի քաղաք նայող տեսարաններով, ու ընկղմվիր իմացության աշխարհը՝ ազատ տեղաշարժվելով երեքհարկանի ընդարձակ հարմարավետ տարածքներով… Իսկ գրադարանի աշխատողներն իրոք աննկատ սպասարկում են, օգնում… Տեսնեիք՝ Դավիթ Բլեյանը որքա՜ն որպես մեր տան իր սենյակ, իր 2-4 տարեկանների խմբասենյակ ընդունեց Վիեննայի գրադարանը. ուժով դուրս հանեցինք նրան, խոստումներով, ձու-ձու կակայով։ 

Կեցցե՜ս, Վիեննա, շնորհակալ եմ, որ այդպիսին ես, որ կաս…

Որ Վիեննան Եվրոպայի հայտնի մշակութային մայրաքաղաքներից է՝  Փարիզից հետո-Փարիզին հավասար, որպես թանգարանների-ցուցադրությունների-համերգների բրենդի քաղաք, գիտեի, լսել էի, աջուձախ պատմել էին… Այնտեղ լինելու առիթներ ունեցել էի, չէի օգտվել, բայց ծրագրված այց էի կատարում Վիեննա, այնտեղ բնակվող Շուշան Բլեյանին, որ այդ իրողությունը որպես փաստ արձանագրեի, հաշտվեի։ Զավե՜շտ, պիտի ապրեի Վիեննայում որպես բնակիչ՝ ընտանիքով, Դավթի ու Արմինեի հետ… Շուշանը Վիեննայում, ինչպես Լիլիթը Երևանում արեց, պիտի օգներ իմ այս կեցությանն այդ քաղաքում… Պրահան ուրիշ էր, սեր էր, թափառում էր. «գժությո՜ւն», լսեցի Նազենի աստղի ձայնը Լոս-Անջելեսից՝ Էդիտա քույրիկի ընկերակցությամբ…
Վիեննան՝ իր չորս օրով, այո, կեցություն էր ինձ օտար, բայց ճակատագրով հարազատ դարձած մեծ քաղաքում… Լիլիթ Բլեյանն ունի երգեր, որ այսպիսի կեցությունից են ծնվել, իրեն օտար մի քաղաքում… Ահա ինչու Պրահայից հետո ես կասեցրի իմ օրագիրը. դեռ պետք էր մարսել-հասկանալ բոլորովին ուրիշ մի քաղաք, մի այլ իրականություն… Ու կապվեցի ամբողջական ներառական այս քաղաքին…
– Ինձ անպայման տրամվայ կբերես, Շուշիկ,- պատվիրեց Դավիթ Բլեյանը քույրիկին, երբ իմացավ, որ ամանորը Շուշանն անցկացնելու է Երևանում…
– Հիշո՞ւմ ես, պապ, որ ես փոքր էի, մենք մետրոյով, հետո տրոլեյբուսով գնում էինք Արևիկենց տուն…
Օրեր առաջ Դավիթը մայրիկի հետ Բանգլադեշի խանութում համառորեն տրամվայ է փնտրել…
– Դու որտե՞ղ ես տրամվայ տեսել,- զարմացել-հետաքրքրվել է վաճառողուհին…
– Վիեննայում… Ես Վիեննայում մի տրամվայից մյուսն էի նստում, հետո՝ մետրո, հետո՝ ավտոբուս, գնացք…
Տրամվայ այդպես էլ չեն գտել, ընտրել են էլեկտրագնացք՝ վագոններով, ու ինքնաթիռներ, որոնք Դավիթը տարավ հետո Տաթև քույրիկենց տուն, ողջ ճանապարհին, հետո էլ Վահան եղբոր հետ խաղաց, ցուցադրեց, բայց բարեխիղճ հավաքեց, բերեց տուն… Հիմա կարող է փակվել իր սենյակում և երկար խոսել-խաղալ իր տրամվայ-մետրոպոլիտենի հետ…
Արմինեի սիրելի զբաղմունքն է Դավթին ականջ դնելը.
– Վիեննայի տրամվայներն ու մետրոներն ավելի լավն են Պրահայից…
Ես հիմա էլ չեմ հասկանում՝ ոնց օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ քանդվեց երևանյան տրամվայի երկաթգիծը, որ ձգվում էր «Նաիրի» կինոթատրոնի պտույտից-շրջանից («տրամվի կրուգ»-ը մեր լեզվից ի՜նչ շուտ թռավ, անվերադա՞րձ) Արշակունյացով-Արցախով-Էրեբունիով-Սեբաստիա-Լենինգրադյանով… Բաղրամյան-Կոմիտասով… քանի՜ «տրամվի կրուգ»-ով։ Հանրային տրանսպորտի՝ տարիներով ձևավորված ցանցը մնաց որպես անցնող սերնդի հիշողություն, ասֆալտի տակ, որով երթևեկում են մեզ ստորացրած «մարշրուտկաներ»-ը… Մենք ի՜նչ երևանցի, ի՜նչ քաղաքացի… Առանց հանրային տրանսպորտային ցանցի՝ ի՜նչ քաղաք… Ինչպե՞ս կարելի էր այդքան դժվարությամբ-ջանքերով-ուրախությամբ ստեղծված հասարակական տրանսպորտային ցանցը՝ նոր-նոր անկախություն-պատասխանատվություն-հնարավորություն ձեռք բերած՝ կատարելագործելու-արդիականացնելու փոխարեն… ջնջխել… մնալով մարշրուտկաների գծերի տերերի գերին… Շուշանն ինձ պատմեց, որ Վիեննայում չի հիշում՝ վերջին անգամ ե՞րբ է տաքսիից օգտվել, ինչի՞ համար… Տարեկան մշտական ունի՝ ուսանողական, շա՜տ մատչելի, ու քաղաքի ո՛ր ծայրից, ո՛ր ժամին մետրո-տրամվայ-ավտոբուս-հեծանվով, երաշխավորված անցումներով, րոպեական ճշտությամբ գրված ցուցանակներով, սայլակով թե հեծանվով… վերելակներով… շարժասանդուղքներով կհասնես փնտրված հասցեով… Վիեննա ոտք դնելիս առաջին գործը, որ արեց Շուշանը, իմ ու Արմինեի համար շաբաթական մշտական դակեց առաջին հանդիպած փողոցի անկյունում դրված մի սարքից. նույն մշտականը՝ բոլոր թվարկած փոխադրամիջոցներով անարգել, առանց ցույց տալու երթևեկելու համար… Երևանցուն բնորոշ կասկածամտությամբ, մինչև վերջին օրը ես ստուգում էի կանգառին մոտենալիս… ցուցանակի վրա վառվող երթուղին, փոխադրամիջոցի համարը, ժամանման րոպեն… 1-ից մինչև 9-ը թվերը… Ո՛չ մի վրիպում, ուշացում, խափանում… Ոչ մի անգամ տոմս ստուգել…
Քաղաքը, մեծ քաղաքը, միլիոնանոց մայրաքաղաքն ինձ համար նախ և առաջ բնակավայր է՝ իր հանրային հասարակական համակարգերով՝ նախ և առաջ քաղաքով մեկ հուսալի փոխադրումով, խնամվող բնակավայր՝ շենքերով-տներով-բակերով, հետո՝ այգի-պուրակներով, անցումներով, հրապարակներով, թանգարաններով-համերգային սրահներով… սպասարկման մատչելի ծառայություններ՝ նախ և առաջ՝ բոլոր կարգի բնակիչների, հետո՝ բոլոր կարգի այցելուների…
Լիլիթ Բլեյանը ճանապարհելիս ինձ ասաց.
– Հայրիկ, Վիեննայում դու քեզ լավ կզգաս. այնտեղ մարդու համար ամեն ինչ մտածված է… Լեզուն գիտես թե ոչ, ոտավոր ես թե սայլակավոր…
Չեմ թաքցնում, ես ոտավոր, խմբի հետ, զննեցի-մոնիտորինգի ենթարկեցի Վիեննան որպես բնակավայր… Լիլիթն այս անգամ ևս ճշգրիտ էր…
Կեցցե՜ս, Վիեննա, շնորհակալ եմ, որ այդպիսին ես, որ կաս…

Արծվենի հայացք քաղաքին, մեր կյանքին, մեր գործերին…

Այն ընթացքում, երբ իմ թիթեռ տղան իր մայրիկի հետ ճախրում էր թիթեռների աշխարհ դարձած թանգարան-ջերմոցում, ես իմ գունեղ թիթեռ Շուշան աղջկա հետ թևածում էի Վիեննայի ընդարձակ-սքանչացնող-խաղաղություն պարգևող թանգարանային պուրակում… Վիեննա-Պրահա-Վիեննա նախագծով իմ, Արմինեի, Շուշանի և Դավթի հրապարակումները՝ առաջիկայում.  այնքան խիտ ապրում կա ու տեսանյութ, որ պատմիր ու մոնտաժի՜ր… մեր բլոգները չեն սպառի նոյեմբերին։
Բայց այդ ամենում կա մի հայացք, որ ինձ ամենաշատն է գամել, անշարժացրել, ինձ բաց չի թողնում… Դա քաղաքին հայացքն է վերևից… Պրահային՝ մեր բնակարանի պատշգամբից, Պրահյան դարպասների – Հին Պրահայի բարձունքից, Վիեննային՝ «Ջրերի աշխարհ» թանգարանի 11-րդ հարկից ու … Պրատա կոչվող այգու կարուսելի՝ Սուսոն ասաց նոր, «Սատանի չարխի» բարձր կետից, քաղաքային գրադարանի տանիքից… Ես չեմ կշտանում. չես հագեցնի հիացումդ բոլոր տանիքների, բնակելի թե ոչ բնակելի շինությունների-շենքերի, տաճարների տանիքները, աշտարակները թե գմբեթները՝ խնամված, հուսալի-գեղագիտական, հատ-հատ, թաղամաս առ թաղամաս, կողմ առ կողմ, նայիր՝ չես կշտանա. քաղաքը ոչ միայն ամաչելու ոչինչ չունի, քաղաքը հիացնում-զմայլեցնում է հենց վերևից հայացքով… Պրահան թե Վիեննան…

Այս շաբաթ ես երկար ընդմիջումից հետո նայեցի Երևանին`իմ  ծննդավայրին, հայոց մայրաքաղաքին, Ազատության պողոտայի բարձունքից, Բանգլադեշի մեր հարթակներից, Երևանի կենտրոնի հյուրանոցի տանիք-հարթակից, Լիլիթ Բլեյանի 12-րդ հարկի բնակարանի պատուհանից… Ամոթի ու ցավի զգացում. սա Երևա՞նն է, սա՞ է Երևանը… Մի փրկություն կա՝ փախցնես հայացքդ առ Մասիս ու Արագած, քաղաքային ու քաղաքը շրջապատող բարձունքներ… Սա էլ՝ եթե չենք փակել մեր հայացքի, մեր բնական հարստության, Երևանի դիրքի ուղիները…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский