Արատեսի դպրական կենտրոնը կրթահամալիրի տնօրենի արխիվում, օրվա մեջ

Հեղինակ: 

1989թ.

Արատեսը՝ կենդանի Գլաձոր

Ի բազում ամաց տենչեցեալ եմ այսմ իրագործութեան...
Ստ. Օրբելյան

«Անուշացնել է պետք կրթությունը, որպեսզի բոլոր մանուկները սիրով գան դպրոց»: Վստահե՞մ քեզ, իմ ընթերցո՛ղ, իմ ամենանվիրական տենչանքը: Ազգովին ոտքի կանգնեցնենք մեր նոր ավանդական հայոց դպրոցը, որ ինչպես միջնադարի մեծ դպիրները՝ դիմավորենք յուրաքանչյուր ծնողի այսպես. «Թող մեզ քո երեխային, այսուհետև նրա կյանքի համար մենք ենք երաշխավոր»:

Զարմանալի է, չէ՞... Եղե՞լ է իրավ Գլաձորի բարձր դպրոցը: Գլաձորի ժամանակակիցներն ու դպրոցի սաներն ասում են այո՝ որպես «երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք ամենայն իմաստից», «գլուխ դպրոցաց», «Մեծ դպրատուն», «գերհռչակ համալսարան»: Իր 60-ամյա գոյության ընթացքում Գլաձորը տվել է բարեկիրթ և հայրենասեր մտավորականների ընտիր մի սերունդ, որը 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի առաջին կեսին՝ հայ ժողովրդի պատմության այդ ծանր տարիներին, ոչ միայն ոչնչացումից փրկել է անցյալի հայ մատենագիտության շատ ու շատ մեծարժեք գործեր, այլև ծանրակշիռ ներդրումներով հարստացրել է հայոց հոգևոր ժառանգությունը: Եղել է, իհարկե, Գլաձորի համալսարանը, եթե նրա երախտահիշատակասան Ստ. Օրբելյանը այն համարում է Հայաստան աշխարհի «արեգակնափայլ և երկնահանդես, գերհռչակ, հոյակապ և մեծաշուք» ուխտ: Նույն համալսարանի սաներից են պատմիչներ Հովհան Օրբելյանը ու Ստեփանոս Տարսայիճը, Տաթևի համալսարանի ուսուցչապետ Հովհան Որոտնեցին, Հերմոնի դպրոցի րաբունապետ Տիրատուրը, Նորավանքի ուսուցչապետ Կյուրիոնը, մատենագիրներ Մխիթար Սասնեցին ու Հովհաննես Արճիշեցին, գանձասաց Կիրակոս Երզնկացին…

Բավ է: Ինչքա՞ն պիտի մեզ օրորենք մեր փառահեղ պատմությամբ: Ինձ իրեղեն Գլաձորը պարզեք: Մի՛ տարեք նորից Վերնաշենի թանգարան ու Թանահատ, կենդանի Գլաձորը մատնացույց արեք: Թող որ ոչ ամբողջական, թող որ այսօր շարունակվող ու զարգացող Գլաձորի ավանդների ձևով, ապրող ու ժողովուրդ ապրեցնող Գլաձորը ցույց տվեք:

Որքանո՞վ են այսօրվա մեր դպրոցները Գլաձորի դպրոցի շարունակությունը, նրա կրթական արժեքների ժառանգորդը: Մտնենք Եղեգնաձորի շրջանի լավագույն դպրոցները, ծանոթանանք դրանց կրթական կերպին, ծրագրերին, դասագրքերին: Կա՞ մեր այսօրվա դպրոցի մեջ Գլաձորը: Ինչպիսի՞ հոգևոր հարազատություն կա Գլաձորի դպրոցի ու մեր այսօրվա դպրոցի մեջ: Որքանո՞վ ենք այսօրվա ուսուցիչներս Գլաձորի «յաստուածազգեաց և յաշխարհալոյս» րաբունապետ Ներսես Մշեցու, «տիեզերալոյս րաբունապետ» Եսայի Նչեցու, «սուրբ ու բազմերջանիկ քաջ հռետորաց Հայոց» Դավիթ Սասնեցու, «նուաստ և յետինս իր բանասիրաց Տիրատուր րաբունի» օրինական ժառանգներն ու նրանց գործի շարունակողները:

Գլաձորի դպրոցը, Եվրոպայի առաջին՝ Փարիզի ու Պրագայի համալսարանների ժամանակակիցը, ինքնուրույն առաջավոր կրթական քաղաքականություն էր մշակում ու ներդնում՝ «Արիստոտելի իմաստասիրական ծառ» անունով հայտնի սխեման, «յոթ ազատ արվեստներ» անունով հայտնի առարկաների խումբը և այլն: Մենք յոթանասուն տարի անընդհատ մոսկովյան կրթական ծրագրեր ու կառուցվածքներ պատճենելուց հետո նոր-նոր խելքի ենք գալիս…Կիրակոս Բանասերի վկայությամբ, Թովմա Մեծոփեցին Գլաձորի համալսարանում ուսումնասիրել է Աստվածաշնչի 72 գրքերը: Մենք խորհրդային դպրոցում հավաքեցինք «երկրային արքայության մարգարիտները» և հանձնեցինք հրին, անհոգի մեծացնելով անհավատ-անաստված-գյավուրների տասնյակ սերունդներ: Գլաձորի համալսարանում սովոր և անգիր իմացել են «Վիպասական պատմագրաց» հիսունմեկ աշխատություն և  անտիկ ու վաղ քրիստոնեական շրջանի փիլիսոփաների բոլոր նշանավոր գործերը: Խորհրդային դպրոցը դրանց փոխարինեց ԽՍՀՄ կեղծ պատմությամբ ու չգիտես որտեղից վերցրած գիտական կոմունիզմով: Մինչ Եվրոպական համալսարաններն ու դպրոցները հեշտության համար կրթությունը մինչև 16-րդ դար տանում էին լատիներենով: Գլաձորի, մեր միջնադարի բոլոր դպրոցների կրթության լեզուն մայրենին էր. դպիրներն ու դպրապետերը տիտանական ջանքերի ու զոհողությունների գնալով լատիններից, հունարենից ու ասորերներից փութաջանորեն թարգմանում էին բոլոր նշանավոր երկերը, դրան զուգահեռ ինքնուրույն ստեղծելով երաժշտական, գրչության արվեստի, քերականության, տոմարագիտության ուսումնականձեռնարկներ: Իսկ մեր հայացքը նորից Մոսկվային է ուղղված՝ կենտրոնին, թե երբ նա մեզ կհրամցնի վերափոխված ու կատարելագործված նոր դպրոցի նորագույն դասագրքերն ու ծրագրերը… Ոնց չէ՞, սպասեք, կստանաք:

Գլաձորը հոգևոր ու կրթական ակունք էր: Ամբարելով իր մեջ իր ժամանակի ու հայ իրականության կենսատու ավիշը, նա տասնամյակներ շարունակ հոգեպես անում էր ամբողջ Սյունյաց աշխարհը, հովանավորում ու պատճառ դառնում կրթական նոր կենտրոնների, ուսուցիչներ ու ծրագրեր պատրաստում թեմի եկեղեցական ծխական դպրոցների համար: Խորհրդահայ կրթական համակարգը զրկեց իրեն կենսական ակնունքերից, դիմազրկեց ուսուցիչներին ու դպորցներին, մեկուսացրեց դպրոցները միմյանցից, ստեղծելով արհեստական ու ոչ կենսատու կենտրոններ՝ ժողկրթբաժնի, մեթոդկաբինետների ու մինիստրության ձևով:

Անհավատալի է, բայց փաստ է. մայրաքաղաքում Երևանի մեկուկես հազար աշակերտ ունեցող դպրոցի ու լեռան ստորոտին ծվարած մի կերպ հարյուրի չափ աշակերտ հավաքած գյուղական դպրոցը, եթե տարբերվում են իրարից, ապա երևի միայն շենքով՝ նույնն են ուսումնական ծրագրերն ու դասագրքրեը, կրթական հեռակա ու մոտակա խնդիրները, ուսումնական խնդիրները, ուսումնական պլանները, ուսուցիչները: Մեր երեխաների կրթության ձևն ու բովանդակությունը չի ծնվում իրական պայմաններում, չի թելադրվում ազգային ավանդներով, այսօրվա դպրոցը շարունակում է հողից ու ժողովրդից խորթացնել սերունդ սերնդի ետևից:

Վերջերս շատ է խոսվել ազգային դպրոցի ու ազգային կրթության մասին: Բարի-բարի ցանկություններով հայոց դպրոցը չի ստեղծվում: Մայրենի լեզվի, հայ ժողովրդի պատմության ու երգ-երաժշտության ժամերի ավելացումով մեր երեխաների ազգային կրթությունը չի վարելավվի: Օտար լեզվով գրված կամ օտար իրականության մեջ ծնված, օտար կրթություն ստացած կամ արհեստական միջավայրում ծնված դասագրքերն ու ծրագրերը օտարել են երեխայի իր հող ու ջրից, աշխարհագրական այս կտորում իր նախնյաց կողմից տքնանքով ստեղծված և քանի սերունդ փոխանցված մշակությից: Երեխան չիմանա՞ իր դիմացի սարի անունը, մոտակա բլրի հետ կապված ավանդույթը, իրեն սնող անտառի, դաշտի, ծառ ու թփի անունը: Ով թերթել է խորհրդահայ շրջանում ստեղծված աշխարհագրության, պատմության, երաժշտության, հայրենի բնության, բնագիտության, գրականության ու լեզվի դասագրքրեը, նա գիտի, թե դրանց միջոցով ինչպիսի աղետ է ծրագրվել մեր ու մեր երեխաների գլխին:

Խորհրդահայ դպրոցն այսօր ծրագրերի, դասագրքերի, կրթական մոտեցումների բովանդակային-խորքային արմատական լուծումների կարիք ունի: Տեսեք:

Գրչության արվեստի ուսուցման նախապատրաստությունը պատկանում է Երասխաձորի դպրոցին: Բագրևանդի Արշակունյաց Աշոտ 6-րդ դարում յուրացրեց գրչության արվեստը և պատրաստեց «հյուլք աշակերտաց»: Նչեցու և Գրիգոր Տաթևացու դպրոցում գրչության արվեստը ուսուցանվում էր առանձին ֆակուլտետում, որի համար Նչեցին և Տաթևացին հատուկ դասագիրք էին կազմել: 19-րդ, 20-րդ դարի հայոց դպրոցում գրչության արվեստը ներկայանում է վայելչագրության, գեղագրության տեսքով: Խորհրդահայ դպրոցում գրչության արվեստը մեռավ: Հիմա աջ ու ձախ պահանջում են դպրոցում կենդանացել այդ արվեստը: Հրաշալի է: Բայց պատկերացնո՞ւմ եք այն տիտանական աշխատանքը, որը պիտի արվի. հազարամյա ցաք ու ցրիվ ամբողջ նյութը հավաքի, դասակարգվի, ամբողջացվի, իմաստավորվի, գրչության արվեստ ավանդելու ունակ դպիրներ պատրաստվի: Ո՞վ պիտի անի, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ միջոցներով: Նայեք երգ-երաժշտության մեր այսօրվա դասագրքերին ու երաժշտական կրթության դպրոցական համակարգին: Ահավոր է: Իսկ հիմա լսեք միջնադարի «վարաժպետ ամենայն հայոցի» աշակերտի վկայությունը. «Ուսուցանեն զնախկին երգիչ վարդապետաց զերաժշութիւնս՝ քաղցրալուր ձայնի եղանակաւ, մինչև անգամ յամենայն երկրէ եւ ի քաղաքաց եկեալ, պարապէին առ ոտս նորա»: Հիմա փորձենք կամուրջներ գցել Տաթևացու և մեր այսօրվա դպրոցների միջև: Գլաձորի և Տաթևի դպրոցներում երաժշտական կրթությունը կրթության բաղկացուցիչ մասն էր. երաժշտությունն ու մայրենի լեզուն նույն կշիռն ունեին: Խորհրդահայ դպրոցը ազգային երաժշտական կրթությունը վտարեց դպրոցից, դպրոցը ողողելով օտարածին ու անճաշակ երգերով: Ճանապարհ կա անցնելու, մեծ ճանապարհ: Վաղուց պետք էր, որ պարը դառնար հանրակրթական առարկա, մտներ դպրոց, որ պարեր ամբողջ դպրոցը: Իսկ մեր ուժը առայժմ ներում է խմբեր պահպանելուն: Ի՞նչ ազգային դպրոց առանց ազգային պարի: Այո, բայց ինչքա՜ն գործ կա այս ճանապարհին՝ գործող բոլոր պարի խմբերի բոլոր պարերի տեսանկարահանում, Հայաստանով մեր ժողովրդական պարեր իմացողների տեսանկարահանում, պարուսույցների ու երաժիշտների պատրաստում. որը՞ թվես: «Բերնեն ականջ շատ կարճ է, խոսքեն գործ շատ երկար» (Կոմիտաս):

Գլաձորը երկնային պարգև չէր: Մինչև Գլաձորի հիմնադրումը Սյունիքն ուներ դպրոցական կյանքի հին և հարուստ ավանդներ: Ահա, Մաշտոցի կամոք Ծղուկ գավառի Շաղաթ գյուղաքաղաքում ծնված դպրոցը: Պետրոս Քերթող դպիրի, Մաթոսաղա Սյունեցի ուսուցչապետի ջանքերով այն արդեն 8-րդ դարում վերածվեց բարձր դպրոցի: 8-րդ դարում այստեղ են կրթություն ստացել Մովսես Քերթող Սյունեցին և նրա նշանավոր աշակերտ գիտնական Ստեփանոս Սյունեցին, որը երաժշտություն է դասավանդել Շաղաթի դպրոցում: Շաղաթի դպրոցից բացի, Սյունիքում գործել են նաև ուրիշ դպրոցներ: Եվ կրթական կենսատու միջավայրում ժայթքել է Գլաձորի հրաշքը:

Գլաձորը չմեռավ: Այն սնեց և կանխորոշեց ծնունդը միջնադարյան մի քանի նշանավոր դպրոցների: Գլաձորի դպրոցի սան Հովհան Որոտնեցու հիմնած Տաթևի դպրոցը Գլաձորի բնական շարունակությունն էր ու զարգացումը, նրա օրինական հետնորդը:

Այո, մեր այսօրվա ավերված հոգևոր աշխարհը ուղղելու է առողջ ազգային Դպրոցը: Իմաստուն չէ, իրատես լինենք: Ինչպես Հայոց, նույնպես և Վայոց Ձորի այսօրվա քանդված դպրոցները մեկեն ոտքի չեն կանգնելու: Անհնար է: Չեն բավականացնի ոչ միայն նյութական միջոցները, այլև մեր հոգևոր ուժերը: Մինոր կենդանի Գլաձոր կամ Տաթև է պետք, կրթական համակարգը անընդհատ ու առողջ սնող Ակունք-Դպրական կենտրոն, որը կամբարի ու կզարգացնի շրջանի մշակութային ու դպրական ավանդները, կպահպանի-կձևավորի շրջանի մշակութային ու սոցիալական ինքնատիպությունը, կկրի շրջանի հոգևոր ու մտավոր պոտենցիալը, կսնի շրջանի կրթական ցանցը կենարար ավիշով:

Եղեգիսի կիրճի Արատես գյուղը կարճ ժամանակում վերածել գյուղ-դպրոցի, մեր օրերի Գլաձորի: Արատեսում հավաքագրելով-կենտրոնացնելով կրթական արժեքներ ստեղծելու ունակ ուսուցչին ու մտավորականին, կարճ ժամանակում ստեղծել դպիր-համախոհների միաբանություն, գյուղը վերածել դպրական կենտրոնի: Արատեսում հիմնել Վայոց Ձորի Ավագ կամ Բարձր եռամյա դպրոցը, խիստ ընտրությամբ ընդունելով շրջանի ամենաուսումնատենչ պատանիներին: Կրթության բովանդակությունն ու ձևը աճեցնել ուսուցչի հետ՝ դպրոցում: Մանկավարժական գիտության մթնոլորտում՝ դպրոցական կյանքում, ուսուցչից թրծել դպիր: Հետազոտող-ուսուցիչներին՝ դպիրներին, ընկղմել մանկավարժական պրակտիկայի ծովը և ընդերքից հանել մեզ այսօր այնքան անհրաժեշտ հայոց նոր Դպրոցը՝ իր դասագրքերով ու ծրագրերով, կրթական ոգով:

Ահա այսպիսի ծրագրով այս տարվա մայիս ամսին մենք եկանք Եղեգնաձոր: Ի մեծ ուրախություն մեզ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Թարվերդյանի և գործադիր կոմիտեի նախագահ Մելանյա Դովլաթյանի հետ ծրագրերի քննարկումը վերածվեց գործընկերների շահագրգիռ խոսակցության: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը նախանձելի գործնական ու հատու գտնվեց: ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը ընդառաջելով Եղեգնաձորի շրջանի և ՀԽՍՀ ժողկրթության նախարարության միջնորդությանը ս. թ. սեպտեմբերի 7-ին Հ. 412 հրամանով Արատես գյուղը հանձնեց Մխիթար Սեբաստացի կրթօջախի (Երևանի նախկին Հ. 183 փորձառական դպրոց) տնօրինաությանը՝ վերոհիշյալ մանկավարժական ծրագրի հեղինակներին:

Ինչո՞ւ ընտրվեց Վայոց ձորի Արատես գյուղը:

Գողտրիկ լեռնային գյուղ, խաղաղ ու գեղեցիկ, իր գետով, դեպի կիրճը վազող առուներով, շրջապատի սարերին ու լանջերին ձուլված իր համայնապատկերներով: Պատմական հայոց գյուղ իր սքանչելի առհավատչյայով՝ 13-րդ դարի ծնունդ Արատեսի եկեղեցիով: Լքված գյուղ, որի վերջին բնակիչները մեկնել են Ադրբեջան:

Մեր առաջին զրույցի ժամանակ, երբ ես ոգևորված պատմում էի մեր ծրագրերի մասին, շրջխորհդի գործադիր կոմիտեի նախագահ տիկին Դովլաթյանը ճշգրիտ ձևակերպեց. «Ես մեր Արատես գյուղը տեսնում եմ Մխիթարյան Միաբանների Սուրբ Ղազար կղզու տեսքով»: Այո, մեզ այսօր դպրական կենտրոն է հարկավոր Սուրբ Ղազարի օրինակով, որը մեծապես կօգնի մեր ազգային դպրոցի կանգնելուն:

Ինչո՞ւ մենք: Երևանի նախկին Հ. 183 փորձառական դպրոցը այսօր գործում է հանրապետական ենթակայության հանրակրթական փորձառական գիտաարտադրական համալիր-կրթօջախի տեսքով: Մեր կրթօջախը ինքնուրույն կրթական քաղաքականություն է իրականացնում, ունենալով օժտված և նվիրյալ ուսուցիչների հզոր միաբանություն, որտեղ գլխավոր ուժը երիտասարդ տղամարդ-դպիրների մեծ խումբն է: Գործին մեծ նպաստ կբերեն նաև մեր կրթօջապի համբավը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, հատկապես Սփյուռքում, մեր կրթօջախի գործնական ամենալայն կարապետը հանրապետության ստեղծագործական և գիտական մտավորականության հայկական «Բարեգործական», մշակույթի և Մանկական ֆոնդերի հետ:

Ինչպե՞ս ենք առաջ տանելու այսպիսի ծավալուն գաղափարը: Թանկ գաղափար է: Մենք ոչինչ չենք խնայելու: Տեղն է, ասենք. դպրոցական կրթության բարելավման մասին վնասակար է խոսել, եթե ժամանակ ու փող չունենք: Գլաձորի ստեղծման պատմությունը շատ ուսանելի ու օգտակար է այսօր Արատեսիվերակերտման ճանապարհին: Տեսեք:

Թանահատի վանքը մինչև համալսարանի հիմնադրումը հայ մշակությի աչքի ընկնող օջախներից է եղել: Այստեղ գործել է դպրոց, ուր զբաղվել են գիտությամբ, ընդօրինակել են ձեռագրեր, հայտնի է եղել Խաչատուր փիլիսոփան: Արատեսում Թանահատի վանքի դպիր-միաբանների գործը տանելու են մեր կրթօջախի այն նվիրյալները, որոնք արդեն տեղափոխվել են Արատես:

Թանահատի Ս. Ստեփանոս տաճարի կառուցումը 1279 թ. ավարտելուց ձեռնամուխ են եղել համալսարանի հիմադրմանը: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մշակույթի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության աշխատակիցները ավարտում են Արտես վանքի չափագրման աշխատանքները: Ուզում ենքհավատալ, որ վարչությունը ամենաբարեխիղճ ձևով կձեռնարկի վանքի վերականգման աշխատանքները: Ավագ դպրոցի ու դպրական կենտրոնի ճարտարապետական նախագծի հեղինակը ծագումով եղեգնաձորցի ճարտարապետ Համլետ Խաչատրյանն է, որը աշխատում է ճարտարապետների միջազգային ակադեմայի հովանավորությամբ: Գյուղը կառուցապատվելու է բացառապես մեկ հարկանի տներով՝ Վայոց Ձորի լավագույն շինարարական ավանդների առավելագույն օգտագործմամբ: Ավարտուն վիճակում գյուղ-դպրոցը պիտի Վայոց Ձորի ճարտարապետական անսամբլի օգնական մասը դառնա: Պետք կլինի օժտված քարտաշներ, փայտագործներ, մետաղագործներ: Կառույցի նախնական նախագծային-նախահաշվային արժեքը 5 մլն. ռուբլի է: Լավ է, որ ՀԽՍՀ կառավարությունը համաձայնել է ֆինանսավորել շինարարությունը: Գլաձորի տաճարի շինանարարությունը և համալսարանի հիմնադրումը անհնար կլինի առանց նվիրյալ մեկենասների՝ հովանավորների: Չէր լինի Գլաձորը առանց Օրբելյան և Խաղբակյան  իշխանական տների, Սյունիքի հոգևոր առաջնորդարանի, Վայոց Ձորի ժողովրդի նյութական ու հոգևոր առաջնորդարանի, Վայոց Ձորի ժողովրդի նյութական ու հոգևոր մշտական օգնության: Գլաձորի մասին խոսելիս նրա հիմնադիր րաբունապետներ Ներսես Մշեցու և Եսայի Նչեցու կողքին պիտի անպայման հիշատակենք Օրբելյան իշխանական տան «ամենից օրհնված և ամենից գովելի» Սմբատ Օրբելյանին, «Սուրբ մենարանի տեր և իշխեցող» Խաղբակյան (Պռոշյան) իշխանական տնից «աշխարհաշեն» Պռոշին: Տաճարի կառուցումից հետո նրան տվել են բազմաթիվնվերներ՝ վարելահողեր, այգիներ և դրամ, որոնք նշված են տաճարի պատերին փորագրված աղբյուրագրություններում: Նվիրատուների թվում են ամիր Հասանիկին Թաճերը, Խազաշի դուստր Խաթունը, Սիմեանասը, Սանաճարը, Մխիթարի դուստր Թաճմելիքը, Ասլան Ափան և ուրիշներ: Անմոռանալի է Սյունիքի հոգևոր առաջնորդ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի ներդնումը:

Ի՞նչ միջոցներով է կանգնեցվելու Արատեսը:  

Առանց պետական հզոր հովանավորության Արատեսը չի կանգնի: Արատեսը չի կանգնի նաև առանց Վայոց Ձորի ժողովրդի գործնական խանդավառության, առանց ձեռնարկությունների ղեկավարների շահագրգիռ մասնակցության: Ընդունելի է և նվիրական ամեն տեսակի օգնություն՝ դրամական նվիրատվություններից սկսած մինչև շինանյութերի և մեխանիզմների հայթայթումը: Բնակսոցբանկի Երևան քաղաքի Շահումյանի շրջանային բաժանմունքի մեր հաշվարկային համարն է 122216:

Գլաձորը վանք չէր սովորական մտքով, ինչպես Գեղարդը կամ Կեչառիսը, ուր նույնպես վարժապետներ կային և որոնք աշակերտներ ունեին: Գլաձորը գերազանցորեն դպրոց էր. այստեղ գալիս էին միայն ուսանելու, կատարելագործվելու և դպրական-գիտական աշխատանք կատարելու: Արատեսը գերազանցորեն դպրական կենտրոն է լինելու՝ Բարձր դպրոց: Մնացյալը ամեն ինչ պիտի ենթարկվի այս գաղափարին: Գյուղը կունենա իր ագարակատերը՝ իր 5-6 մենատնտեսներին, որոնք պիտի մթերքներով ապահովեն միաբան-ուսուցիչներին ու դպրոցի սաներին: Գյուղում կկազմակերպվի ազգային կահույքի, կենցաղային օգտագորման ազգային իրերի մեծ արտադրություն, կգործեն բրուտանոց, դարբնոց, գեղարվեստական, գործվածքի ու կաշվի մշտական արհեստանոցներ, դպրանոցը կունենա իր հրատարակչությունն ու ժամանակակից տպարանը: Դպրոցի կազմում կգործեն հայ երգի, պարի, գրչության, բառուբանի, ձեռարվեստի ուսումնասիրման ու տարածման կենտրոններ:

Գլաձորի հիմնադիրները հենց սկզբից հրավիրել են աշխատելու ժամանակի ամենապատրաստված ուսուցիչներին: 1279 թ. գարնանը Տարոնի Առաքելոց վանքը ենթարկվում է քրդերի հարձակմանը: Դպրոցի ուսուցչապետ Ներսես Մշեցին իր աշակերտ Եսայի Նչեցու հետ Տարոնից փախչում և ապաստանում է Քաջբերունիքում: Ահա այնտեղից նրանք հրավիրվում են Գլաձոր: Տարոնի ուսուցիչները սիրով են ընդունվում Գլաձորում: Այդ մասին շնորհակալական խոսք է արջանագրել իր հիշատակարաններից մեկում Եսայի Նչեցին: «Մենք մեր աշակերտներով բազում և անթիվ բարի գթություն գտանք սրանից, նրանք մեզ՝ եկվորներիս, հավաքեցին, ընդունեցին ոչ որպես օտարականներին, այլ իբրև իրենց հարազատ ազգակիցների, գութով և սիրով ընդառաջեցին մեզ…»:

Մենք փնտրելու ենք Արատեսի ուսուցիչներին ամբողջ Հայաստանով մեկ, հրավիրելու ենք ամենաօժտվածներին,և շատ կարևոր է, որ Վայոց Ձորի իմաստուն ու հյուրասեր ժողովուրդը բոլորին ընդունի «իբրև իրենց հարազատ ազգակիցների, գութով ու սիրով ընդառաջի բոլորին»:

Գլաձորի համալսարանի սան Ստեփանոս Օրբելյանը «Ողբի սուրբ Կաթուղիկէն» վիպաքնարական քերթվածում պահանջում է վերջ դնել սովորական դարձած ողբանքին («Թողումք զողբանքըս ցաւագին»), չհուսահատվել ամենևին («Յուսահատիլ չէ պարտ բանիւին») և հուսադրում, որ երբևէ գալու է մեր ժողովրդի վերածննդի օրը.

Նա նորոգումըն մեզ Կրկին,
Որ բնաւ չյիշեմք զփառն առաջին:

Թույլ տվեք մինչև վերջ անկեղծ լինել: Այս տարվա մայիսյան մի օր ես իմ գործընկերոջ՝ օժտված ու նվիրյալ դպիր-երաժիշտ Արթուր Շահնազարյանի հետ եղեգնաձորցի Էդուարդ Ասատրյանի ուղեկցությամբ առաջին անգամ եղանք Արատեսում: Եվ «տեղիքն անապատ ու անդորրի մեջ» մեզ կենդանացավ ու նյութեղեն դարձավ Արատեսի «գլուխ-դպրոցացը»: Կլինի, կկենդանանա նորեն Գլաձորը Արատեսի տեսքով: Ո՞վ կլինի այս գործի Պռոշ իշխանը:

Ես համոզված եմ, որ Վայոց Ձորի լուսասեր ժողովուրդը տեր կկանգնի իր գյուղ-դպրատանը: Շրջանը կհիմնի իր կրթասիրաց ֆոնդը: Բարեգործության որքան լայն հնարավորություն՝ շատը ունեցածից, քիչը՝ սրտից: Ինչքա՞ն պիտի մեզ օրորենք մեր պատմությամբ: Ինչո՞ւ չհանդգնենք մեր նորոգված այսօրը ստեղծել: Ինչո՞ւ:

Աղբյուրը

1990թ.
«Ուժեղ գյուղական դպրոցը՝ առողջ գյուղի միջնաբերդ» հոդվածից

Իմ տաղանդավոր գործընկերը, մեր կրթօջախի Արատեսի դպրական կենտրոնի րաբունապետ Արթուր Շահնազարյանը «Գավառ և դպրոց», խորագրով ամբողջական ծրագիր է ներկայացրել: «Գարուն» ամսագրի առաջիկա համարներից մեկում Արթուրը կշարադրի ծրագիրը: Շշմելու ծրագիր է. գրավիչ ու իրականանալի: Լսենք Արթուր Շահնազարյանին.

«… Որքան ազգային, այնքան համամարդկային: Հողը պարարտ է. տակավին Հայաստանի շրջաններում պահպանվում են ինքնատիպ, գունեղ, շքեղ ու երգեցիկ բարբառները, տակավին Արևմտյան Հակաստանից գաղթած և Արևելյան Հայաստանի գյուղերում հաստատված շատ ու շատ համայնքներ պարում են իրենց պարերը և պատմում են հին զրույցները: Այդ ամենին պետք է նպաստել. մենք իրավունք չունենք անօրեն կերպով խոչընդոտելու մեկի ժառանգության իրավունքին, և նաև իրավունք չունենք չվերադարձնելու նրան այն, ինչ իրենն է, իր նախնու թողած ժառանգությունն է մեր ձեռքում. աշխարհի արդարության կարգն է՝ ժառանգությունը վերադարձնում են առանց քննելու, թե դա տիրոջը օգուտ է, թե ոչ. հետո նոր խորհուրդ են տալիս: Այն ինչ կորցրել է գյուղը, այսօր պահպանում է քաղաքը. և հսկայական նյութանգործածական, իբրև կյանք և գործածական՝ զուտ իբրև գիտություն գտնվում է գրադարաններում, զանազան դիվաններում, ինստիտուտներում: Մարդիկ այսօր զգում են իրենց հարազատ մշակույթի կարիքը, ինչպես հարազատ հող ու ջրի, և պահանջում են «խեղդելու» պես:

Արդ, այս ամենաբնական ճամփան բռնելով կարելի է սկսել նոր վերածնունդը, ապրել 5-րդ դարի աշխույժը։

Հիմնելով ամեն գավառին կամ որևէ գավառի պատկանող ժողովրդի հատուկ ոճի կրթօջախ, նպաստում ենք համահայկական կրթությանը: Հիմնելով նման կրթօջախ հարկ է շեշտը դնել տվյալ մշակույթի վրա, և ոչ միայն այդ անցնել, այլ ընդգծելով այդ անցնել հավասար կարգով համահայկականը: Ուրեմն կլինի լոռեցիների դպրոց, ալաշկերտցիների դպրոց և այլն»:

Պետք են արդյո՞ք գյուղական շրջանի բոլոր գյուղերին միջնակարգ դպրոցներ: Գուցե խելամի՞տ է այսօր բավարարել ութամյա գյուղական հանրակրթական դպրոցով, ստեղծելով տվյալ շրջանի (ռեգիոնի կամ թեմի) համար մեկ ուժեղ Ավագ դպրոց, որտեղ կհավաքվեն լիարժեք միջնակարգ կրթություն ստանալու և մտավոր գործունեությամբ զբաղվելու ընդգծված ձգտում ցուցաբերած պատանիները:

Հայոց գյուղը շատ է ավեր ու գյուղակական դպրոցը՝ լուրջ հիվանդ: Անհնար է, որ մեկեն կանգնեն բոլոր ավեր գյուղերը, ու ապաքինվեն միաժամանակ բոլոր դպրոցները: Անհնար է: Մի օրինակը լավ է տասը նկարագրությունից ու տասը հազար կոչերից: Առողջ օրինակը վաստակի ուժ ունի՝ տարածվում է:

Մեզ ամենաշտապ ձևով օրինակելի գյուղական համալիր-դպրոցի օրինակ է պետք, գյուղական իրականությամբ թելադրված ու այդ իրականության օրինական ծնունդ կրթօջախ: Դպրոց, որն ինքը կորոշի գյուղի մշակութային կյանքը, կամբարի ու կզարգացնի գյուղի ավանդները, հուսալի կպահպանի գյուղացուն հոգու սովից, իսկ գյուղական նիստ ու կացը՝ այլասերումից:

Մեզ գյուղական շրջանի ռեգիոնալ (թեմատիկ) ավագ դպրոցի ամբողջական օրինակ է պետք՝ արական գիմանազիայի և օրիորդաց վարժարանի տեսքով, որը կամբարի ու կզարգացնի շրջանի (թեմի) մշակութային ավանդները, կպահպանի-կձևավորվի տնտեսական ինքնատիրապետությունն ու առանձնահատկությունները, կկրի շրջանի հոգևոր ու մտավոր պոտենցիալը:

Մեզ անդրանիկ գավառական դպրոց է հարկավոր, որը կգա պաշտպանելու ու ընդգծելու գավառի մշակութային անկրկնելիությունը, կկենդանացնի մեր ժողովրդի այդ հատվածի բարբառը, խոր բազմազանությամբ կսնի Հայոց Ոգին:

Մեզ առողջ ու կենդանի հայոց լեռնային գյուղի օրինակ է պետք: Առավելագույնս իր աշխարհագրությամբ ու ընդերքով թելադրված բնական-ավանդական սոցիալ-տնտեսական զարգացում ունեցող գյուղ, գյուղ, որը կստեղծի և կպահպանի իր միկրոմշակույթը, մեծ աշխարհի ձայները, գույներն ու գաղափարները կանցկացնի իր ամուր հոգևոր պարսպի ու իր իսկ հաստատած բարոյականության շերտերի միջոցով:

Ուզում եմ հավատալ, որ Հայոց Ուսուցիչների Միությունը և «Կրթասեր» բարեգործական միությունը կգան նյութապես ու կազմակերպորեն սատարելու բոլոր այն անհատներին ու գյուղական համայնքներին, ովքեր կխիզախեն գյուղական դպրոցի նորոգման վարպետները լինելու:

Աղբյուրը

«Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր» հոդվածից

Հայոց սահման-գյուղերը, հայոց ետ բերված գյուղերը՝ անառիկ բերդեր: Սա մեր օրերի թիվ մեկ ազգային խնդիրն է: Այո, բայց ախր ինչպե՞ս…

Կասեք՝ կառավարությունը սահմանային ու լքված գյուղերի զարգացման պետական ծրագիր պիտի մշակի: Չեմ հավատում, քանզի նախ դեռ պիտի սուվերեն պետություն ունենալ, ուժեղ իր հողի վրա ինքնիշխան Հայոց Հանրապետություն: Չունենք, բայց սահմանային գյուղերի ամրապնդումը օրակարգի խնդիր է: Ելքը անհատների, ուժեղ անձնաց նախաձեռնությունն է, ելքը առանձին կազմակերպությունների կողմից իրենց իսկ ընտրած գյուղի կենադնացումն է, իրենց իսկ մշակած ծրագրին համապատասխան: Լուծումները կարող են ամենատարբեր լինել: Մեր կրթօջախի օրինակով գիտեմ:

Մենք լծվեցինք Եղեգիսի կիրճի Կզլգյուլ (Արատես) լքված գյուղը դպրական կենտրոնի վերածելու գաղափարին: Եվ հրապարակվեցին գաղափարով, գյուղի հեռանկարով՝ շրջանային իշխանությունները, սիրով ընդառաջեց և հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Վլադիմիր Մովսիսյանի: Այսօր ոչ մի կասկած չկա՝ կանգնում է հատկապես Արատեսը, որպես գյուղ-դպրատուն, որը կշենացնի Եղեգիսի ձորը, դառնալով Հայոց նոր վերածննդի կրթական կենարար աղբյուր:

Հեռանկարային գործ է սկսել Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղում Էլեկտրոնիկայի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: Ինստիտուտի ՀՀՇ-ի տղաների խանդավառությունը և հետևողականությունը համոզում է, որ կարճ ժամանակում նորովի ու հզոր կկանգնի և այս գյուղը: Անշուշտ, կան և ուրիշ ոչ պակաս հուսադրող օրինակներ, որոնց մասին լայն հասարակությունը տեղեկացված չէ: Հարկ է, որ շրջանային թերթերը հանգամանորեն գրեն այսպիսի ձեռնարկումների մասին, հարկ է, որ գյուղի շենացման ցանկացած ծրագիր նախօրոք հրապարակորեն քննարկվի: Առայժմ սա է մեր իրականությունը՝ միայն հզոր ցանկության ու մեծ եռանդի, իր իսկ ծրագրի ու գաղափարի իրագործմանը ճգնավորի մոլեռանդությամբ տրված անհատը կամ անհատների խումբն է ի զորու այս խարխլված իրականության լծակները շարժել, որ լքված գյուղը զորեղանա բերդ դառնալու չափ:

Կոչեմ ապրողաց:
Մեծ խելք պետք չէ հասկանալու համար՝ ադրբեջանցին մեր հողերի գինը լավ գիտե, իր անելիքը հրաշալի պատկերացնում էր ու իր նվաճածը հատուկ ծրագրի իրագործում էր: Նայենք ուշադիր Հայոց փոքրացած աշխարհի քարտեզին. նույն գույնի ներկենք ադրբեջանցիների նախկին բնակավայրերը: Սթափ մտորումի որքա՜ն նյութ կա: Ադրբեջանցիք էլ չկան, բայց դատարկ է այդ գոտին, մերով չենք արել ու չենք տիրել: Ադրբեջանցին էլի կգա: Այո՛, մենք այս զարմանալի հողի, Հասյատան հայրենիքի արժեքը դեռ չգիտենք ու նրա հավատարիմ տերերը չենք առայժմ, քանզի հեշտությամբ լքել ենք մեր պապերի տներն ու մեր նախնյաց գերեզմանները, անպաշտպան թողել անգամ մեր հոգևոր ինքնության և քարեղեն վկաները՝ եկեղեցիները: Արժանի մշակները չենք այս հողի ու արմատով այս հողի մեջ չենք: Հողի ու տան իրական տերերը նրա վրա ու նրանում ապրողներն են:

Հողը երկար անտեր չի մնա, ոչ էլ տունը՝ դատարկ:
Կոչեմ Ապրողաց:

Աղբյուրը

«Արեւի նման նայեցեք աշխարհին» հոդվածից

Ամեն ազգ արժանի է իր պատմությանն ու ճակատագրին։ Մեր դժբախտությունների ու հաջողությունների ակունքները մեր մեջ պիտի փնտրենք, քանզի ներսից ենք փտած ու ներսից է լինելու մեր փրկությունը։ Այսօրվանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, .փախչողն ու գաղթողն էլ չի իմացել թե ո՞ւր ապաստանի, ու ոչ մի տեղից էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել։ Այսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները։ Այսօր մենք 30 հազ. քառ. կմ+4,6 հազ. քառ կմ տարածքում 8 մլն 500 հազ.+150 հազ. հայերով Հայաստան—Հայրենիք ունենք, այսօր մենք վերջապես մեր ազգային պետականության հաստատման-վերականգնման բոլոր հնարավորություններն ունենք։ Երբեք այսքան օգնող չեն եղել քամիները։ Ահա քարոզում են հոդվածների հեղինակները, որ կկանգնի Հայաստանը հզոր ու բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի ազգերին ու պետություններին արժանի ու հավասար, և կկանգնի շուտ, եթե… Մեզ ամենից առաջ Ոգի է հարկավոր, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրող մարդու Ոգի, որ ամեն օր արթնանանք հանգիստ ու լիքը՝ լավագույն ապագայի անսասան հավատով։

Իմ սիրելի կրտսեր բարեկամներ։ Ձեր տարիքը երազելու տարիք է, մեծ ու լուսեղեն անուրջների տարիք։ Ամենալավ երազը բաց աչքով տեսածն է։ Ու հար տեսնում եմ ես նույն երազը՝ Վայոց Ձորի Եղեգիսի կիրճի Արատեսի դպրական կենտրոնից Սելիմի լեռնանցք ձիերով արշավող իմ սաներին։

Ահա հրաշալիորեն անփույթ ու ազատ, երկարածամ Լիլիթներն ու հրաչյա Սամվելները, ճառագող հայացքով ու անհիշաչար, ինքնավստահ ու անանձնական... Վարգում են իմ տղաներն ու աղջիկները Սելիմի լեռնանցքով։ Կիջեւանեն նրանք Սելիմի քարավանատանը, վաղը օրվա երկրորդ կեսին կլինեն արդեն Սևանի Ծովինարի պանդոկում։ Առավոտյան առագաստանավերով կշարժվեն Ջիլի իրենց ամրոցը, իսկ մի քանի օր հետո մարզական մեքենաներով կուղևորվեն Ջվխլիի իրենց ճամբարը, այնտեղից Արցախ ու Վարագավանք, Դսեղ ու Փարվանա։ Ես նրանց հետ կլինեմ միշտ ու անընդհատ կկրկնեմ նույնը՝ տեսնո՞ւմ եք այս անծայրածիր, բերրի ու հեքիաթային հողը, որը, ավա՛ղ, վատ է մշակվում։ Տերն ու մշակը եղեք այս բեղուն հողի, տեսնո՞ւմ եք ահա այս անեզր, երկնքին ձուլված օվկիանը՝ Սևանը, որքա՛ն վատ է յուրացված այն, հաշտվենք նրա հետ ու որպես Ոսկե ձկնիկ ապրենք... «Եվ երբ այդպես է, աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով... Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծություն է ներկայացնում եւ արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արեւն է ինքը եւ իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։ Արևի նման նայեցեք աշխարհին»։
— Ավելի բախտավոր եղեք, ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։ Սամվել, Լիլիթ, լսո՞ւմ եք։

Արատեսի բնապատկեր՝Աշոտ Բլեյանի (2018թ.)

 

 

 

 

 

Օրագրից

2014

Եվ քանի որ այսօր մեկնարկում է մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային 9-րդ հավաքը, հավաքի ծրագրով Սուսան Մարկոսյանի հետ ներկայացնում եմ 2015թ. հունիսյան ուսումնական ճամբարի մեր նախագիծը՝ որպես իմ օրապատումի՝ հավաքի հավելված, Մադինայում ծնված, Մադինայից բերված։

Հունիսյան դաշտային-վրանային ճամբար.

Զարգացնելով ՀՀ ՊՆ հետ ամառային դաշտային ճամբարի մեր փորձը՝ նախատեսում ենք 12-օրյա 2015թ. դաշտային-վրանային հունիսյան ճամբարը։ Նախագիծը երեք հանգրվան կունենա, յուրաքանչյուրը՝ իր դաշտային-վրանային ճամբարով.
• Եղեգիս-Արատես-Հերհերի հարթակ՝ 4 օր,
• Մադինա-Արգիճի-Արմաղանի հարթակ՝ 4 օր,
• Սևանա լճի հայելի՝ 4 օր։

Այս ճանապարհը ես տեսել եմ 1989-1990-ին. ու խոստացել եմ Ձեզ, չեմ կարող իմ 60-ամյակի տարում չկատարել իմ խոստումը։ Ճամբարը կաշխատի ողջ ամառ և հայրենագիտական- էկոլոգիական, ուսումնա-հետազոտական աշխատանքի հնարավորություն կտա բազմաթիվ սովորողների և ուսուցիչների։

Ճամբարը կմիավորի կրթահամալիրի 2014-2015 ուստարվա բաց ստուգատեսների հաղթողներին՝ Հանրակրթական Դիջիթեքի, Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, մարզական, տեխնոլոգիական, «Ընթերցում ենք…», «Տիգրան Հայրապետյան», թարգմանական, երաժշտական, թատերական, կինո-ֆոտոյի, և Սևանի ավազանի, Մարտունու շրջանի, Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի կիրճի սովորողներին։

Հրապարակում եմ նաև ճամբարի, ստուգատեսների միավորող խորագիրը.
Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ։

2015

1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի մոտ` խճուղու վրա, կտրեց իմ ճամփան, մենք իրար արդեն լավ գիտեինք, նախ` «Գարուն» ամսագրից, որտեղ տպագրվել էր իմ՝ այնքան աղմուկ հանած «Դպրոցը պիտի դառնա դպրանոց» նախագիծը, և մենք հասցրել էինք երկար խոսել իմ դպրոցի մասին, 1988-ին սկիզբ առած շարժումից, Երասխի ճակատամարտից, որին ես մասնակցել եմ որպես ՀՀՇ վարչության անդամ, անզեն, իհարկե, Վազգենը՝ որպես ճակատամարտի հրամանատար… Մի ողջ գիշեր եղել ենք միասին… 1990-ի այդ օրը ես շտապում էի Եղեգնաձոր՝ Արատեսի դպրանոցի գործերով, և Վազգենը, ով ակնածելու չափ կարևորում էր իմ կրթական գործունեությունը, ինձ համոզեց-խնդրեց այցելել Դավալու՝ Արարատ գյուղ՝ իրենց տուն, և հացի սեղանի շուրջ մենք երկար ու հիմնավոր զրուցեցինք իմ կրթական նախագծերից: Երբեք չեմ մոռանա Վազգենի խոնարհ-ոգևորված լռությունը, լսումը… Ես՝ չորս տարով մեծ, հայտնի դպրոցի տնօրեն, կրթական ամենախիզախ նախագծերով, Վազգենը՝ նոր անուն հայոց նոր պանթեոնում՝ «Գարունի» գրող-լրագրողի ագահությամբ…

1994-ին, երբ ես դարձա Հայաստանի լուսավորության նախարար, Վազգենն արդեն հաղթանակած սպարապետ-հրամանատարն էր, պետնախարար՝ կառավարությունում, Հայաստանի ամենաազդեցիկ-հայտնի եռյակում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի հետ… Վազգենի աջակցությունը կարևոր էր ինձ համար՝ պարտվողական-պացիֆիստի, Նոր ուղու «խարանով» լուսավորության նախարարիս… Ես այն ստացա: 1995 թ. պետական բյուջեում նախատեսված չէր գումար՝ դասագրքերի տպագրության համար, և ես խիզախեցի այդ դժվար շրջանում, որպես դասագրքերի տպագրության ազատականացում՝ ընտրելու բաժանորդագրության եղանակը… ետպատերազմական Հայաստանում… «Երկրապահ» միությունն իմ հայտարարած-բացած՝ նոր դասագրքերի տպագրության պետական հաշվին փոխանցեց էական գումար։ Վազգենը ծանոթացավ դասագրքերի նմուշներին, լսելի գովեց-խրախուսեց, իմ կողքին կանգնեց Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ…

2017

Ողջո՜ւյն,  Արատես… որ տեսա քեզ…

Մեր այցը Եղեգիսի կիրճ, Արատես, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, աշխատանքային է․ առաջիկա 2-3 տարին Արատեսում «Դպրոց բնության գրկում» նախագծի նորացման, ամբողջացման գործածման համար վճռական շրջան է․ անավարտ, կիսատ չի կարելի թողնել Արատեսում սկսածը․․․ Կրթահամալիրը ցույց կտա, որ ընդունակ է իր միջոցներով, իր նոր մանկավարժական հայացքով Եղեգիսի ձորում ձևավորվող նոր, խոշորացված համայնքի հետ կրթական-հեռահար գործընկերությամբ, շոշափելի ազդելու նոր կենցաղային-կրթական-մշակութային մասնագիտական միջավայրի ձևավորման վրա։ Իսկ Դավիթ Բլեյանը Արատեսում չի եղել. տիար Գևորգից լավ ո՞վ կարող է ուղեկցել Դավթին։ Արմինեն վերջին պահին միացավ մեզ՝ որպես այս ճամփորդությանը հարմար-հուսալի վարորդ-օգնական․․․ Կեցցե՛ օրը․ ողջո՜ւյն Արատես։

Եղեգիսի կիրճում, որքան էլ որ այս տարվա խիստ երաշտը զգալի էր ողջ ճանապարհին, կիրճում, Արատեսում․․․ չոր, չոր, չոր ամենուր․․․ մեր բերած անձրևի, Մարինե Մկրտչյանի «Նուրի-Նուրի» ուսումնական նախագծի արձագանքը կարող էր լինել․․․ Երկա՜ր, մեր օրվա տևողությամբ, անձրևը սպասում է յուրաքանչյուր, մեզ հանդիպողի դեմքին, խոսքում, աղոթքում․․․

– Ողջո՜ւյն, Արատեսի հիդրոէլեկտրոկայան,- այսպես ողջունեց Դավիթը Բլեյանը կայանին ու կայանը սպասարկող շատինցի երիտասարդներին․․․
Հովիկ, Գայ, Դավիթ Օհանյանների համար մեր վեց տարեկան դարձող Դավիթը հայտնություն է։ Շնորհակալ եմ․ նրանց ամնիջականությամբ, կենսափորձով Դավթի ներառումը միանգամից-բնական եղավ, ու Դավիթն սկսեց Արատեսը զգալ-տեսնել․․․ հայտնագործություններ անել որպես սան իսկական դպրոցում՝ բնության գրկի․․․

Մենք քայլեցինք երկա՜ր, Արատեսի վանքից դեպի ձոր, եկեղեցու տակի նշանավոր աղբյուրից մինչև նորակառույց ամբարտակ, նորոգված-նոր բացած դաշտային ճամփով ու գոհ մնացինք, տեսածից-բացատրություններից, բնապահպանական լուծումներից-շահագործումից․․․Գետի, հողի, արոտների, անտառի, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքից․․․ Ամենո՜ւր մաքուր էր, իսկ եկեղեցու մոտ հանդիպեցինք Վրաստանից եկած ամուսինների․․․ Լավ նշան է. ճանապարհին ողջ ես չեմ մոռանում-կարգավորում եմ օրեր հետո սկսող հայ-վրացական «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի պատրաստությանը․․․

Ձորում, Արատեսում ես քչախոս եմ, ժամանակին այնքա՜ն ենք խոսել-մսխել, որ գործը կիլամետրերով հետ է մնացել խոսքից․ հիմա խելամիտ-հաշվարկված գործելու ժամանակն է, մեր 2017, 2017-2018-ի, 2019-2021թթ միջնաժամկետ ծրագրով գործողությունների որոշման համար անհրաժեշտ տեղեկությունների-հստակեցումների այց է մերը, Հերմոնի համայնքի ղեկավարի, թե «Արատես էներջի» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Օհանյանի հետ․․․ Ու մենք վերադարձին, Շատինն անց, Շատին համայնքի կետրոնով 12 գյուղերի ձևավորած խոշոր համայնքի պատկերն ունենալու համար թեքվում ենք դեպի Եղեգիսի կիրճով Սելիմի լեռնանցք․․․

Արատեսում, Եղեգիսի կիրճում, համայնքի 12 գյուղերում-դպրոցներում մեր «Դպրոց բնության գրկում» նախագիծը, երկրագործության մանկավարժության նոր ցանցը կստեղծվի բաց-քննարկման-մասնակցության միջավայրում․․․ Կընդգրկենք և՛ Եղեգնաձոր քաղաքի քոլեջը, և՛ մասնավոր բուհը մասնագիտական, և՛ բիզնեսում կայացած ֆիրմաները և հանրակրթական դպրոցները, նրանց առաջատար մասնագետներին, կրթահամալիրի գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանը․․․ Խոշորացված համայնքներով ձևավորվող Հայաստանը՝ իր վարչատարածքային զարգացումներով, նոր պատվիրատու-միջավայր է տեխնոլոգիական հանրակրթության-արհեստագործական կրթության նոր ցանցի ձևավորման համար․․․ Փոփոխություններից չպետք է վախենալ-դրանց դիմադրել, պասիվ տեղավորվել դրա իներցիոն ընթացքում․ ո՛չ։ Փոփոխությունների պիտի գնալ, որպես անձնային որոշում, ակտիվ մասնակցություն անձին-համայնքին սպասարկող կրթության նոր միջավայրի- հնարավորությունների կազմակերպման համար։

Անենք մի բան, մի գործ, մի կազմակերպում «Դպրոց բնության գրկում» կանոնադրական անունով, որ Արատեսի անվանը, մեր ստուգաբանմանը համարժեք լինի․․․ Արի, տես։ Տեսնելու արժանի բան լինի, որ ասենք՝ արի՛, ընկեր։ Ինչպես 6 տարեկան Դավիթը եկավ, տեսավ․․․

– Պա՜պ, ես իմացա՝ ինչու եք ասում Արատես․․․

2018

Մեքենայով, երկար ճանապարհ… Ի՛նչ արած, աշխատանք է, ու այնպիսին պիտի դարձնես, որ դառնա Տոն, Տոն-ական… Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյան խորամանկների (խորը-մանուկներ), իմ ու Գևորգ Հակոբյանի մայիսի 28-ի ճամփորդությունը մտածված է հենց այդպիսին… Արտաշատի խճուղով, Երասխով, Չանախչի-Սովետաշեն-Զանգակատնով, Արենի-Արփա գետի հովիտով, զարմանալի Եղեգիսի կիրճով կարմիր ծաղիկ Արատեսով… Նախկինում ադրբեջաբնակ այս ձորի Կարմիր ծաղիկ Արատեսը ադրբեջանցիք հենց Կզըլգյուլ էլ կոչել են… Ու մեզ ներկայացավ այդպիսին՝ որպես Կարմիր ծաղիկ՝ իր թարմ-անզուգական գեղեցկությամբ… անեղծ…

Ճանապարհից շեղումը Աղավնաձոր շեղում չէ. այստեղ է  ծնվել-իր վաստակաշատ մանկաբարձ Անժել կնոջ հետ ապրում Վայոց ձորի իմ հավատարիմ ընկերը, 1988-ի շարժումի նվերներից… Կարոտել էինք, ու մեր կարճատև հանդիպումը Արտաշ Գալստյանի հայրական խնամված տանը իհարկե շարունակություն ունի…

Անմոռաց-մաքուր հայրենիով մեր պատկերների ցուցադրություն-մրցակցության ճանապարհի անակնկալը օրվա կարմիր-դեղին ծաղիկներով մարգագետինն էր Զանգակատուն չհասած… Երկար կանգնեցինք, այնքան որ վնասազերծեցինք փշալարը… հայի արած…

Արատեսում Տաթև-Միքայելը առաջին անգամ էին, զարմացած բնության այս անկյունով, Արատեսի «Դպրոց բնության գրկում» պատանեկան-մանկավարժական արշավախմբային ճամբարի (հունիսի 20-25) գործունեությունը հունիսին սկսելու որոշումը մեր աշխատանքային այցին առավել գործնականություն-հաստատակամություն է հաղորդում… Մենք վերադարձանք նույնքան զարմանալի Սելիմի լեռնացքով-Սևանի ավազանով…

Մնաց, քննարկում-պայմանավորվածությունը արատեսյան, որ ինձ թվաց որպես մեր օրերին համարժեք՝ ադեկվատ. այսպես շեշտեց ազատաբեր ապրիլ-մայիսին Հրապարակի հերոս Նիկոլը… Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի Հերմոն բնակավայրի պատասխանատու Գայ Օհանյանի հետ մեր լուծումների հիմքում սա էր՝ ոչ թե Նիկոլը, իր կառավարությունը տան, այլ մենք օգտվենք Նիկոլի առաջնորդությամբ պարմանիների հեղափոխությամբ ազատության-արդարության շնչից ու ինքներս դառնանք գործատու-գործաստեղծ… մեր նախաձեռնությամբ, կիսատ թողածի վերսկսումով նաև, վատ արածի վերափոխումով…

Արատեսի դպրոցը իմ պարտքն է, ու խոշորացված Եղեգիս համայնքում կրթության նոր կազմակերպումը 2018-ի մեր ծրագրերում է՝ նախարարության հավանությանն ստացած… Եվ բնական է, որ Հովիկ Օհանյանը կա-մասնակցում է երկուստեք երիտասարդացած կազմով մեր քննարկումներին, որպես այս անօտարելի գործի երաշխավոր:

Ով իր անելիքը ունի, դրա հնարավորությունը կստանա լիուլի: Եկել են այդ ժամանակները՝ գործելու:

Եկանք, տեսանք... Շարունակում ենք...

Աշխատանքային այցը՝ Վայոց ձոր, ինչպես միշտ, Հայաստանով մեկ՝ Շիրակ-Գյումրի, թե Աշտարակ-Արագածոտն․․․ աշխատանքային խմբով էր՝ ուսուցիչ-սովորողներ, կամավորներ՝ կրթահամալիր մուտքի ճամբարով աշխատանքի համար դիմածներ, ճամփորդական հարմարավետ միկրոավտոբուսով, հայրենագիտական-ճանաչողական շրջայցով այս անգամ Վայոց ձորի Եղեգիսի կիրճով, վերադարձը՝ Երևան Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, Մարտունի-Սևանով․․․ արկածով-փորձաքարով Շատին գյուղում․ մեր օրերի Հայաստանում ենք, չես փախչի․․․  Չենք եկել դրա համար։

Մի խումբ մարդիկ Շատինի դիրքն օգտագործում են ամիսներ, ամեն անգամ տարբեր առիթներով փակում են կամ դեպի Մարտունի հանրապետական կամ դեպի Եղեգիս միջգյուղական ճանապարհը․․․ Ուղիղ եթեր, 1988-ի Շարժման 30 տարվա հեղինակային վերաշարադրում, դատավճիռներ հրապարակային․․․ միտինգ հե՛նց ճանապարհի վրա։ Մարդկանց այս խումբը Նիկոլի առաջնորդությամբ սկսած 2018-ի ապրիլյան շարժումից այս մի գործիքն է յուրացրել՝  բովանդակությանը, սկզբունքներին, սիրո և համերաշխության էությանն օտար, 2018-ի Շարժման հաստատած իշխանության օրինական գործելակերպից կտրված։

2017-ին ձևավորված Եղեգիս խոշորացված նոր համայնքը՝ իր ընտրած ղեկավարով, ավագանիով, Վայոց ձորի մարզպետարանը՝ իր նոր ղեկավար կազմով՝ մարզպետ ու երեք տեղակալներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ, մարզի ոստիկանությունը տևական շրջան չեն գտնում ՀՀ օրենքով տասներկու գյուղից ձևավորված համայնքի (անունը՝ Եղեգիս, կենտրոնը՝ Շատին) առաջացած-առաջացող, հորինված-հիմնավորված հարցերի այնպիսի ներկայացում-քննարկում-լուծում, որը կապահովի համայնքի բնականոն գործունեությունը, կբացառի հակաօրինական գործունեություն-քայլ, ինչպիսին ճանապարհների փակումն է, մարդկանց հրապարակային անվանարկումը, ստորացումը, բռնությունը․․․ Այսպես ոչ միայն ջուրը չի զուլալվի, այլ կպղտորվի շարունակ, պղտոր ջրում ձուկ բռնողների ուզածով․․․

Շատինը Ամուլսար չէ, նրա խնդիրը համահայկական չէ, անգամ մարզային չէ․․․ համայնքային է։ Հենց դրա համար են ստեղծված խոշորացված համայնքները, հենց այստեղ է գյուղի խնդիրը մարզի մի ամբողջական տարածքում՝ համայնքում լուծումներ գտնելու-փորձարկելու բանալին։ Եղեգիս համայնքի 12 գյուղերից յուրաքանչյուրն ունի նմանատիպ այլ խնդիրներ։ Մարդկանց խումբը, անհատը, հարգանքով նրանց իրավունքների-ազատությունների նկատմամբ, ինչպե՞ս են հանդես գալիս Եղեգիս խոշորացված համայնքի անունից, երբ ՀՀ օրենքով որոշված համայնքի կենտրոնը Շատինում չի գործում, երբ համայնքի ղեկավարը-ավագանին օտարված են Շատինից ու օրենքով իրենց որոշված լիազորություններից․․․ Ո՞ւմ պիտի նախ և առաջ դիմի գյուղի բնակիչը՝ հողագործը, ֆերմերը, երկրագործության թե կրթական-բնապահպանական, այլ հանրային խնդիրներով, եթե ոչ համայնքին, նրա ղեկավարին կամ ավագանուն, որտե՞ղ պիտի քննարկվեն-ստուգվեն, որպես լուծում առաջադրվեն դրանք, եթե ոչ նախ և առաջ համայնքում, հրապարակային, ավագանու բաց նիստում, համայնքի ղեկավարի մասնակցությամբ։ Սրա շրջանցումը անիշխանության հաստատումն է, համայնքը, մարզը մի խմբի կողմից ցնցումի մեջ պահելը։

Մենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, տարածման 2018-ի աշխատանքների շրջանակում, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի, մարզպետարանի աջակցությամբ, մեր շաբաթօրյա այցով-հանդիպում-ներկայացմամբ սկսեցինք կրթությունը համայնքային խնդիրներին ծառայեցնելու՝ համայնքային խնդիրները որպես ուսումնական նախագծեր-ուսումնական աշխատանք ձևակերպման ու լուծման մեր փորձի փոխանցումը։ Դժվարությամբ, բայց սկսեցինք․․․ Տարին կիսվում է, և արձակուրդային օգոստոսը մեր այսպիսի հեղինակային-հրատապ գործի պատրաստության վերջին ամիսն է։ Ցավոք, մենք արդեն ամիսներ կորցրեցինք այս շփոթի-հակամարտության, չպարզվող անորոշության արդյունքում։

Մարզկենտրոն Եղեգնաձորում ունեցանք շատ ավելի անմիջական հանրային-անձնային աջակցություն, քան կարելի էր ենթադրել։ Ե՛վ մարզկենտրոնի դահլիճում, և՛ մարզի Երիտասարդական կետրոնի բացօթյայում, և՛ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հայրական տան բակում մենք յուրայիններ էինք մեր բերած աշխատանքով խանդավառների հետ՝ փոխմարզպետ Նանե Ասատրյան-Բագրատունուց սկսած։ Մեզ այստեղ ամենուր ճանաչում են, խանդավառ են, ընդառաջող։ Մենք՝ հավատարիմ մեր ստեղծարար-համախմբող-հանրային համերաշխություն հաստատող հավատամքին, քայլ առ քայլ, հետևողական իրենց կյանքի-խնդիրների հեղինակ-պատասխանատուներ կդարձնենք համայնքի 12 գյուղերի, մարզի այլ համայնքների, գյուղերի, քաղաքների յուրաքանչյուր, ուսուցչի, սովորողի, բնակչի։ Մենք մարզին, համայնքին չենք պարտադրում մեր ծրագրերը, չենք բերում մեր լուծումները։ Իմ ասածը վերաբերում է նաև Արատեսի բնության գրկում դպրոցին, անավարտ դպրական կենտրոնին։ Մենք վճռական ենք միասին ստեղծելու կառուցման նախագիծը, որպեսզի նորացված-վերաստեղծվող ճամբարը-կենտրոնը բաց լինի բոլոր փուլերում, ասել է՝ թե համայնքային մասնակցությամբ։

Դիրքով-հմայքով մշտահմա... Արի  ու տես...

Հուլիսի 28-ի մեր բաց, ծրագրած այցը Վայոց ձոր, լավ է, որ նախատեսված շարունակություն ունի. չենք թողնի, որ ընդհատվի․․․ Իմ, ճամփորդության մյուս մասնակից սեբաստացիների հրապարակումները չեն դադարում, ճանաչողական-հաղթահարելի են դարձնում հուլիսի այս չթուլացող տապը։ mskh-ի առաջին էջից տեղեկացաք, որ «Արատես դպրական կենտրոն»-ի նախագծային խումբը, երեկ իր աշխատանքային հանդիպումն անցկացրեց․․․ mskh-ի նախագծային բլոգը թափով ստեղծման ընթացքի մեջ է․․․ Արմինե Թոփչյանը նախագծային խմբի համակարգող, 24 ամյա նորեկ սեբաստացի Սմբատ Պետրոսյանի, ճարտարապետ-նախագծող Սլավիկ Մուրադյանի հետ, վստահ եմ, յուրաքանչյուրիս մասնակցությունը կապահովի, անկախ բնակության-աշխատանքային վայրից, այնպես որ Արատեսի դպրական կենտրոնի ամեն մի շահառու հավաստի-ամբողջական-թարմ տեղեկություն կունենա նախագծին առնչվող փաստական հանգամանքների, 30-ամյա պատմության, նախագծի մշակման-իրագործման ամեն մի գործողության, փուլի մասին։

Մենք գործում ենք բաց. Արատեսի դպրական կենտրոնի նախագիծը նորացնում-մշակում-իրագործում, անընդհատ, հնարավոր կարճ ժամկետում գործուն վիճակի բերում՝ մասնակցային առավելագույն մատչելիություն ապահովելով յուրաքանչյուր շահառուի համար․․․ Իսկ շահառուն, ՀՀ բնապահպանության նախարար, սեբաստացի շրջանավարտ Էրիկ Գրիգորյանի նման, ով Արատեսի բնության դպրոցում 1990-ականներին անմոռանալի օրեր է անցկացրել, Եղեգնաձորցի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանի նման, ով մարզպետարանում հուլիսի 28-ի հավաքի ժամանակ ոգևորված պատմում էր 1990-ականների դպրական կենտրոնի գործունեության մասին, հարյուրավոր շրջանավարտներ-ուսուցիչներ՝ կրթահամալիրի, Վայոց ձորի, Արատեսի կենտրոնում անցկացրած օրերի, ճամփորդությունների, սառնորակ լողի, ձիավարության, մասնագետների միջոցով բնությունից վերցրած դասերից, հայրենագիտությունից անկրկնելի տպավորությամբ, չխամրող հիշողություններով… Մեզ չենք օրորելու այսպիսի պատմությամբ՝ տրվելով հիշողություններին. սա ասում եմ, որպես հայտարարություն-հրավեր։ Աջակիցների պակաս չենք ունենա։ Նա, ով այսօր մեզ խոչընդոտում է, վաղը կհանի արգելքը, ով պասիվ հետևում է, մասնակից կդառնա․․․ Արատեսը, ինչպես 1990-ականներին, կդառնա ամենահանրային-գրավիչ տարածքերից մեկը, իրական-բաց-միջազգային, տարատարիք սովորողի, թե դպիր*-ուսուցչի համար, շուրջտարյա։ Այսպիսին է Արատեսի դիրքը, եղանակները, գետը, կիրճը, անտառները, քարափները, ջրվեժները… մշտահմա։ Մոմիկի գլուխգործոցներից Արատեսի վանքը… Արի ու տես։

Հենց սրա համար 1989-ին Հայաստանի կառավարությունը նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար․․․ Հեղինակային կրթական ծրագրով մեր, այո, մենք պետական ենք, պետական է դպրական կենտրոնի նախագիծը, պետական սեփականություն են եղել և մնում մեզ օգտագործման հանձնված հողերը։ Ես Վայոց ձորում, Հերմոնում, թե իրավահաջորդ Եղեգիսի համայնքում, Արատեսում որևէ սեփականություն չեմ ունեցել՝ ո՛չ իմ, ո՛չ որևէ մեկի անունով պահված, ավելին․․․ մեր դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվեց կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման տարածքը, էլի պետական, ներգրավված կառավարության նույն որոշումով հաստատված, Վայոց Ձորի մարզի, Հերմոնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում։ Նույն որոշումով  Հայաստանի կառավարությունը պարտավորեցրեց, մեջ եմ բերում․

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին.
ա) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման հրապարակային սակարկությունների պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, ինչպես նաև կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորությունները.
բ) կրթահամալիրի զբոսաշրջային, արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում: Նշված պայմանի անհնարինության դեպքում սահմանել պարտադիր անվճար սերվիտուտի իրավունք:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ ապահովել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման և սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:

Սրան ավելացնեմ, որ 2004թ. հունվարի 13-ի համաձայնագրով, Հերմոն համայնքի ղեկավարը ստանձնել է ո՛չ միայն դպրական կենտրոնի կառուցմանը չխանգարելը, այլև․

  • Արատեսի դպրական կենտրոնի բնականոն գործունեության նպատակով…. առկա արահետներով, անցուղիներով տեղամասերը չընդգրկել օտարվող (վարձակալության տրվող) հողամասերի կազմում.
  • Արատեսի դպրական կենտրոնի բնականոն գործունեութան համար սահմանել անհրաժեշտ երթուղիների համար անհրաժեշտ հողային, խմելու և ոռոգման ջրագծերի սերվիտուտ.
  • Արատեսում օտարման կամ վարձակալության հրապարակային սակարկության պայմաններով հաստատել, որ հողերի սեփականատերը (վարձակալը) Արատեսում կառուցապատման նախագծերը համաձայնեցնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հետ.
  • մեր հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի պահակային պահպանություն՝ որպես միասնական տարածք.
  • մեր հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհների կառուցում։

Ահա այս՝ դիրքով, բնությամբ մշտահմա (այստեղից և անունը ադրբեջաներեն՝ ոսկի վարդ, և՛ յոթնապատիկ խոցված տիրամոր նման տարածքի կենտրոնում գերող եկեղեցին՝ Արատեսը՝ «արի ու տես» ստուգաբանմամբ, հենց «դպրական կենտրոն-դպրոց բնության գրկում»-ի համար է, բոլորինը ու յուրաքանչյուրինը, որի կառուցման-ստեղծման պատասխանատվությունը հանգամանքների բերումով ստանձնեցի ես ու պիտի ավարտեմ հնարավոր շուտ, ձեր օգնությամբ, մնացածը՝ այո՛, եթե կեղծ օրակարգ չէ, ապա Արատեսի դպրական կենտրոնի հետ կապ չունի, հաստատ։ Հետևե՛ք իմ գրին, ես իմ պատումը հուլիսի 29-ի, շարունակում եմ․․․ հատուկ «Արատեսի դպրական կենտրոն» նորաստեղծ բլոգի համար։ Իմ օրվա այս գրի աղբյուրը Սուսան Մարկոսյանի՝ հուլիսի 28-ի այցի հաշվետվությունն է․․․  Մամա՜ ջան, որքա՜ն խելացի-ուսանելի-որակյալ կարող է լինել նախագծի համակարգողի աշխատանքը։

Մանուկն ու ջուրը... Արի՛ ու տես...

Տեսե՜ք, մինչ 1988-ի արցախյան շարժմանն ուղեկցող դեպքերը՝ մարդկանց զանգվածային տեղահանումներ-փոխանակումներ, ադրբեջանաբնակ էին ոչ միայն Արատեսը, որը ինքնուրույն գյուղ էլ չէր, այլ Ղավուշուղ կոչվող խորհրդային տնտեսության տեղամաս, այլև Եղեգիսի կիրճի՝ այսօրվա Եղեգիսի խոշորացված համայնքի Հերմոն՝ նախկին Ղավուշուղ, Վարդահովիտ՝ նախկին Գյուլիդուզ, Եղեգիս՝ նախկին Ալայազ, Գողթանիկ՝ նախկին Ղաբախլու… Ահա ձեզ տխուր վիճակագրություն. այդ բնակավայրերից ամենաբարվոքը Եղեգիս-Ալայազն է, 441 բնակիչ, 43 դպրոցահասակ երեխա, Հերմոն-Ղավաշուղում կա 214 բնակիչ, 22 դպրոցական, Վարդահովիտում՝ 252 բնակիչ, 11 դպրոցական, Գողթանիկ-Ղաբախլուում՝ 200 բնակիչ, 19 դպրոցական…

Արատես դպրական կենտրոնի օգոստոսի ճամբարը հայրենագիտական ուսումնասիրության խմբերով կփորձի ներկայացնել 30 տարում կատարված գործերը-փոփոխությունները այս բնակավայրերում՝ սոցիալական, երկրագործական, բնապահպանական ողջ ասպեկտով․․․ Արժեքավոր կլինի այդպիսի ուսումնասիրությունը Հայաստանով մեկ՝ նախկին ադրբեջանաբնակ բոլոր գյուղերում։ «Արատեսի դպրական կենտրոն» նախագիծը ոչ միայն պիտի զարգանա-հաջողի, այլև խթանի զարգացման այլ ծրագրեր Եղեգիսի համայնքի գյուղերում․․․ Մեզ ուրախացրեց վերջերս Վարդահովիտում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման(FPWC) հայտնի հիմնադրամի «Արևորդի» հայտնի փառատոնի անցկացումը, Վարդահովիտում հիմնադրամի՝ ծրագրեր իրագործելու մտադրությունը։ Եղեգիսի խոշորացված համայնքը լավ գործըկեր կարող է դառնալ՝ հետևելով, որ ծրագրերը չշեղվեն-չդանդաղեն, որ ծրագրերով-նախագծերով նախատեսված ներդրումները, արդյունքները ուղղվեն համայնքի մարդուն, նրա ինքնավստահության, ներգրավվածության աստիճանի բարձրացմանը։

1989-ին Արցախյան շարժման, Անկախ Հայաստանի վերածննդի ստեղծման ակտիվ մասնակից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ այն ժամանակ նորաստեղծ, բայց հանրապետությունում հայտնի, Հայաստանի ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորում «Մխիթար Սեբաստացի» կրթօջախի նախաձեռնող խումբը Եղեգնաձորում, Վայքում առկա խնդիրներից, որպես առաջնային կրթական-սոցիալական, կարևորեց-առանձնացրեց-կենտրոնացավ նախկին ադրբեջանական-դատարկված գյուղերի նկատմամբ նոր մոտեցումներ-լուծումներ որդեգրելու վրա։ Իմ հայտնի հրապարակումները, որ կարող եք գտնել նաև Արատեսի դպրական կենտրոնի բլոգում, ոչ միայն պատմական անցած նշանակություն ունեն։ Մեջբերում եմ․

…. Մեծ հաշվով հանցավոր ձևով անպատրաստ էինք բռնագաղթի հետևանքով մարդկային մեծ զանգվածների այսպիսի արագ տեղահանման: Չունենք մեր կորսված շեների վերահայացման ազգային ծրագիր: Չունենք այսօր ճակատագրով մեզ պարտադրված տասնյակ գյուղերի վերաբնակեցման սոցիալական-տնտեսական խելամիտ, հեռահար քաղաքականություն: …. 100 տոկոսով նոր բնակեցված, բայց հող չմշակող ու անասուն չպահող, բարիք չստեղծող և քաղաքի հաշվին ապրող գյուղ ունենք, օրինակ, Եղեգիսի կիրճում:…. Զբաղեցրած տների որոշակի քանակը դեռ ապրող ու զարգացող, բարիք ստեղծող գյուղ չէ: Կենսունակ գյուղը սոցիալ-մշակութային առողջ միջավայր է: Զորացող գյուղը գյուղացուն իր քրտինքով հարստացնող տնտեսություն է:

Մեր ընտրությունը կանգնեց Արատես-Կզլգյուլի վրա․․․ Եվ այս՝ մարդուց ազատված տարածքը Արատեսի դպրական կենտրոնի վերածման նախագիծը, որի հեղինակը լինելու պատիվը ունեմ ես, իհարկե, խմբային նախագիծ-առաջարկ է, որի իրագործումը 1990-ական թվականներին իր շուրջ հավաքեց-միավորեց ծնունդով-աշխատանքով-կապերով Եղեգնաձորի-Վայքի բազում անհատների․․․

Եղեգիսի կիրճի Արատես գյուղը կարճ ժամանակում վերածել գյուղ-դպրոցի, մեր օրերի Գլաձորի: Արատեսում հավաքագրելով-կենտրոնացնելով կրթական արժեքներ ստեղծելու ունակ ուսուցչին ու մտավորականին, կարճ ժամանակում ստեղծել դպիր-համախոհների միաբանություն, գյուղը վերածել դպրական կենտրոնի:

Շնորհակալ եմ 1989-ին ՀՀ կառավարության նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահ Մելանյա Դովլաթյանին, որոնք հաշված շաբաթների ընթացքում իրավակազմակերպական լուծումներով հնարավոր դարձրին նախագծի մեկնարկը։ Իմ գիրը, իհարկե, պատում է անընդհատ-ամենօրյա, ու․․․ այսօր՝ այսքանը, հատկապես, որ նորաբաց «Արատեսի դպրական կենտրոն» բլոգը ինքնուրույն, բնագրով, դպրական կենտրոնի բոլոր շրջաններին-կողմերին անդրադառնալու հնարավորություն է տալիս։ Ինձ ամենաշատը ոգևորում է սա՝ 2018-ի ապրիլյան շարժմամբ «Արատեսի դպրական կենտրոն»- նախագծային նոր խմբի առաջացումը, նրա թափը, գործողությունների թեթևությունն ու հետևողականությունը․․․ Հուլիսի 28-ին եկանք, տեսանք-խոստացանք, այսօր օգոստոսի մեկն է, և բլոգը օգտատերեր ունի, mskh-ում է, մատչելի յուրաքանչյուրին, երիտասարդ սեբաստացի ուսուցիչների խումբը, կապի մեջ Եղեգնաձորի-Վայոց ձորի հետ, երեկ նախապատրաստում էր բլոգի՝ խոստացված ներկայացումը օգոստոսի 3-ին, Եղեգնաձորում, Արատեսի դպրական կենտրոն 2018-ի անելիքների քնարկումը նախագծով նոր շահառուների հետ…

Թե՛ Կառլսոն, թե՛ Մանչուկ, թե՛ հեղինակ. երեք դարձած մեր Դավիթը...

Խելացի որոշում է կայացրել մեր Արատեսի դպրական կենտրոնի նախագծային խումբը՝ բլոգ բերելով նախագծի երեսուն տարվա մասնակիցներին… Ահա ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն է պատմում, որ 1990-ականներին իր 7-8-րդ դասարանցի դասընկերների հետ Արատեսում ճամբարային օրերին է առաջին անգամ ձի նստել։

Մարդը ձեր ափի մեջ է… Զգույշ լերուք…

Մարդ որ իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք դա անել չի կարող․ հորս խոսքերն են, չեն ջնջվում… Անծանոթ մարդկանց Դավթի հետ կարծես հետաքրքիր է, պատմում են-փոխանցում․․․ Ինձ էլ հետաքրքիր է հաստատ, երիտասարդների-պատանիների հետ նոր հավես-իմաստ-պատվեր եմ ստանում լռեու-լսելու-դիտարկելու ցանկություն․․․ ինչպես Արատեսի դպրական կենտրոնում այս եռօրյայում, նրա ճամբարի պատրաստության շրջանում, Եղեգնաձորում՝ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում, տարիներ գործող, մեծ խումբ երիտասարդների վստահությունը վայելող Հասմիկ Մարգարյանի ղեկավարությամբ, թե Երևանում՝ Արատեսի դպրական կենտրոն բլոգի համակարգող Սմբատ Պետրոսյանի ու սեբաստացիերի ճամբարային խմբում․․․ Շնորհակալ եմ, ճամբարի, ճամփի ընկերներ, դուք ինձ կարևոր թեթևություն փոխանցեցիք, կարևոր ուշադրություն․․․

Արատեսը, որպես Ոսկի ծաղիկ-Կզլգյուղ, եղել է ու կա այսօր․․․ Թավշյա կանաչի մեջ անտառի, ողջ տարածքով՝ մաքուր-անաղբ, զուլալ ջրով գետի, նրա առվակ-աղբյուրների. կռացիր ու խմիր․․․ Հատուկ օրագիրը երկու օր բաց թողեցի, թող ճամբարականները պատմեն խոսքով-լուսանկարով, իրենք իրենց ու իրենց հայտնաբերած գեղեցկուհու մասին․․․ Իմ ուղեկցությամբ մենք արշավախմբի ճիշտ ընտրված կայանից ինձ հայտնի կածանով իջանք արջերի իմ քարանձավ, հետո խորամանկեցի, ուզեցի, որ կիրճին Արատեսի նայեն նաև ներքևից, գետի ջրի միջից, ու քայլելով ժամեր՝ անցանք կիրճով, ջրվեժներով, աջ ու ձախ ափերով, մինչև կամուրջ․․․ Ոտից գլուխ ջուր, լողացած․․․ ճամբարում չորացանք…

Իսկ դարձի ճամփին, դադարներով-հարթակներով, Արատեսը շրջանցող մեր կառուցած ճանապարհով մինչև Հերմոն, որ ափի մեջ հայտնված գեղեցկուհուն տարբեր դիրքերից դիտարկենք, ամբողջական դառնա տպավորությունը․․․ Ստացվեց։

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հետ կաբինետային զրույցում ժամանոց, մարզպետարանի բաժնի պետ Արամ Գրիգորյանի հետ զրույցում, ԱԺ պատգամավոր, մարզում հայտնի, Եղեգիսի կիրճում սիրված Սերգեյ Բագրատյանի հետ կարճատև անակնկալ հանդիպման, թե Շատինի գլխին 1990-ի գյուղապետ Մարատ Սմբատյանի հետ թռուցիկ հանդիպման ժամանակ, Եղեգնաձորում, Եղեգիսի կիրճում, Չիվայում, Աղավնաձորում, ամենուր մարդկանց բարյացակամությունը, հետաքրքրվածություն-պատրաստակամությունը դպրական կենտրոնին աջակցելու, անկեղծ են։ Ոչինչ, որ այս անգամվա ճամբար-հավաքում Մալիշկա-Եղեգնաձորի պատանիներն են, մյուսը չի ուշանա, ընթացքի մեջ է պատրաստությունը, կա նաև Արատեսի դպրական կետրոնի երևանյան հարթակը՝ կրթահամալիրը․․․ Բոլորին մատչելի կլինի Արատեսի դպրոցը բնության գրկում։

Շնորհակալ եմ Եղեգիսի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Օհանյանին, Հերմոնի  գյուղապետ Գային, համայնքի աշխատակազմի մշակույթի-կրթության պատասխանատու Արսենին, որ երեք օր ճամբարի հետ եղան և՛ երիտասարդական ավյունով, և՛  անկեղծ նվիրումով դպրական կենտրոնի այսօրվա զարգացումներին։

Կարևորը՝ որ Արատես դպրական կենտրոնի աշխատանքները շարունակական-ծավալվող լինեն․․․  Շարունակականությունը կապահովեն սեբաստացի աշխատողների-պատանիների աշխատանքային ջոկատը, շինարարական բրիգադը, որոնք այս շաբաթ կսկսեն դպրական կենտրոնի պատրաստությունը սեպտեմբերյան անընդհատ ճամբարային հավաքներին բազմաբնույթ… Հետևեք Արատեսի դպրական կենտրոնի բլոգին։

Կյանքի ներդաշնակությո՞ւն եք փնտրում, համեցե՛ք…

Յուրա Գանջալյանն իր այս գրածով, Արատեսյան պատմությամբ, դպրական կենտրոնի բլոգը կենդանի է դարձնում․․․ Երեկ Վահագն Այվազյան սեբաստացին Մոսկվայից փոխանցում էր իր ողջույնները դպրական կենտրոնին։ Հոկտեմբեր-նոյեմբերին Վահագնը կլինի Երևանում, ու միասին, աշխատանքային այցով կլինենք Արատեսում, միայն թե մինչ այդ պիտի գտնենք ճարտարապետաշինարարական ինստիտուտի 2001-ի շրջանավարտի «Արատեսի վանքային համալիրի վերականգնման նախագիծ» թեմայով դիպլոմային աշխատանքը՝ ճարտարապետ-ռեստավրատոր Հովհաննես Սանամյանի ղեկավարությամբ, 200 տպագիր էջ վերլուծությամբ, լուսանկարներով, 12 մեծ գծագրով։

Ձեր դպրական կենտրոնը՝ բոլորիս Արատեսում

Այնտեղ վարազներ կտեսնես աչքի հեռավորությամբ, որ նկարես-տարածես, որ նրանք այքա՜ն վստահ են իրենց զգում, որ կմոտենան առավոտ շուտ դպրական կենտրոնի վրաններին, ու դուք կարթնանաք անծանոթի շփումից... Առավոտյան դպրական կենտրոնի կառուցապատվող, տարածքը շրջանցող ճամփին կհանդիպեք խոշոր նապաստակի, ու մեծ խումբ կաքավներ թը՜ռռ կանեն... Արատեսի վտակն անցնելիս փորձառու աչքի օգնությամբ կհայտնաբերես կարմրախայտերը սառնորակ  ջրում, ու ամբարտակի տեսախցիկը կգրանցի արջին՝ պար գալիս, քոր անելիս... Ու ողջ տարածքում՝ կիլոմետրեր վեր ու վար, ջրում, մարգագետիններում, չես հանդիպի որևէ աղբի, վնասված ծառի․․․

Դու Արատեսում ու նրա դպրական կենտրոնի բլոգում կարող ես հետևել այս վայրի բնությանը, կենտրոնի սեպտեմբերյան ուսումնական պատրաստություններին՝ ողջ թափով, որպես կրթահամալիրի աշխատողների և սովորողների նախագծային աշխատանք, բաց, յուրաքանչյուրի համար, առանց խտրության՝ Եղեգնաձորից, Մալիշկայից, Շատինից...., ուսանող, ուսուցիչ, թե պարզապես՝ Արատեսի նոր վերածննդի աջակից-բարեկամ։

Բաց, մաքուր, սրտաբաց, լեցուն գործերով... Արատեսի դպրական կենտրոնում աշխատանքային ջոկատի օգոստոսի 9-12-ի եռօրյայի ջանքերը բեկում բերեցին նախագծին․․․ Դպրական կենտրոնի նախագծող Սլավա Մուրադյանը խոստովանեց՝
- Ես այսքա՜ն հաճույք չէի ստացել չափագրումից․․․ շաբաթվա աշխատանքային բոլոր օրերին՝ Արատեսում, թե կրթահամալիրով մեկ... Բացի իմ սուրբ օրվանից՝ շաբաթից, խնդրում եմ, այդ օրը մեր նախագծային հեքիաթային հանդիպումների համար է, մնացած օրերը ինչ ասեք՝ կանեմ։
Պայմանավորվեցինք. առաջիկա աշխատանքային ջոկատի հավաքագրումը հե՛նց այս գրով հայտարարում եմ։

Երեքշաբթի կլոր սեղանի շուրջ ներկայացնում ենք դպրական կենտրոնի նախագծով աշխատանքները օգոստոսի։ Իսկ աշխատանքային այցերը կրթահամալիրի աշխատողների համար ամենօրյա գործուղումային ռեժիմում են. Արատեսի դպրական կենտրոնը՝ մեր դպրոցը բնության գրկում, կրթահամալիրի մասնաճյուղն է, ես, տիարի պատասխանատվությամբ, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Արատեսում՝ գլխավորելով նախագծային աշխատանքները, որ անընդհատ են... Հենց հիմա Արատեսի դպրական կենտրոնում շինարարական բրիգադը շարունակում է նախագծով աշխատանքները․․․

Այս օրերին «բեկում» ասելով՝ արձանագրում եմ, որ Արատեսի դպրական կենտրոնը, ինչպես մեր բոլոր մասնաճյուղերը, վճռական ազատվեց ցանկապատերից։ Մեկ միասնական, բաց-թափանցիկ-բնակելի տարածք՝ Արատեսի վանքից, գետին հակառակ, վեր՝ մինչև հյուսիսի առաջին, և վանքից վար՝ գետի ուղղությամբ, մինչև հարավի առաջին կացարանը․․․ Տղաների մեր խումբը՝ Էդմոնդը Փաշինյան, Արմանը Սահակյան, Մենուան Հարությունյան, Սմբատը Պետրոսյան, երկրագործական-սեբաստացիական մոբիլ-ստեղծական հավաքանի, համերաշխ ու անդադրում, մի բառով՝ կեցցե՜․․․ Դպրական կենտրոնի բարձունքը, որի նվաճումը խնդիրն էր ջոկատի, գրավվեց, ճանապարհը մաքրելով-բանուկ դարձնելով յուրաքանչյուրի համար, որպես միջնաբերդի աշտարակ, Հերմոնի փեսա, ծնունդով եղեգիսցի զինվորական Ռադիկի ասելով՝ որպես Արատեսի աստղադիտարան․․․

Ոչինչ, որ բոլորի անունները չտամ․․․ աղջիկներ, ուսուցիչներ, սովորողներ, տղաներ, բարեկամներ․․․  Հուզիչ էր իրենց ղեկավար Հասմիկ Մարգարյանի հետ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի ներխուժումը նախագիծ՝ համեղ ձմերուկով, որ շեֆ խոհարար Անուշի աչքից չի վրիպում, ձորի անմահական սալորով. մեզ ո՞նց կարող են մենակ թողնել, նաև իրենց դպրական կենտրոնն է բոլորիս Արատեսում․․․ Շնորհակալ եմ Եղեգիսի համայնքին՝ Արթուր ղեկավարով-Դավիթ տեղակալով, Գայով ու համերաշխ, երիտասարդ  աշխատախմբով․․․ սիրով ու շնորհքով աջակցելու համար։ Ինձ համար կարևոր էր եկեղեցուց քիչ ներքև, ադրբեջանաբնակ նախկին գյուղի ակումբի շինության-տարածքի գործառույթի որոշումը. Արատես-պանդոկ թող լինի... Զբոսավարի իմ աուդիոպատումը՝ Անուշի-Սմբատի հետ, դպրոցի ճամփին, խանդավառ Արթուրի ավտոբուսում․․․ հասա՞վ օրագրի ընթերցողին։ Եթե ոչ՝ ասեք, հոգ չէ, ես միշտ ունեմ իմ բլոգի պատումի-գրի շարունակականությունը․․․ Ինչ որ այսօր չեմ ասել՝ կասեմ վաղը...

Օրվա ամեն մի գիրը տաղ է ծննդյան...

Նոր սեբաստացիներ, «Արատեսի դպրական կենտրոն»-ի նախագծային խմբի ղեկավարներ Սմբատ Պետրոսյանն ու նախագծող-ճարտարապետ Սլավա Մուրադյանը երեկ հեծանվային վազքով անցան Կենտրոն-Գեղարվեստ-Հարավ-Քոլեջ հանգրվաններով․․․ Բաց համալրումը՝ կյանքով-աշխատանքով, այսպիսի զորություն ունեն. մեր դպրոցների ղեկավարներ Շամիրամը, Տաթևը, Քնարիկը, Նառան ոչ միայն ճանաչում են, այլև մի-մի խնդիր լուծում այս ընդունակ-հետաքրքիր-նախաձեռնող մասնագետ-մանկավարժների հետ, պատրաստում միասին, իրական դարձնում Արատեսի դպրական կենտրոնի օգոստոսի պատրաստության և սեպտեմբերի ուսումնական տարվա ծնունդի Կլոր սեղան-ներկայացումը․․․ Մենք կրթահամալիրի Բանգլադեշի մեր չօգտագործվող, վատ օգտագործվող պիտույքներից, կահ-կարասիներից պիտի ծնենք Արատեսինը․․․ Խնայող ամենուր, ամեն ինչում, որ ծրագրերը մեր միջոցով-ջանքերով խնամած, առողջ ծնունդի կյանք ունենան․․․ Մանուկ պահելը, որքան էլ դժվար, գոհություն կյանքի, ուրախության աղբյուր լինի շարունակ․․․

Իսկ Արմինե Թոփչյանը Արատեսի բարձունքներից, քարափներից թարմացած հայացք ունի Բանգլադեշի կրթական պարտեզին․․․ Մեր շուրջն այնքան ավերակ կա, հե՛նց միայն այդ ավերակից-պարսպից ազատվելը, բարձունք գտնելը ու հայացքով նոր՝ շուրջդ, շրջակա աշխարհդ չափելը, ինչպես՝ Գեղարվեստ-Հյուսիսի արևելյան տանիքից, նոր ուսումնական հարթակներից․․․ Արմինեն, Սոնան Փափազյան, Ոսկանյան Մարինեն բացթողումն են իմ երեկվա, որ հատուկ էի արել՝ որպես կամուրջ իմ երեկվա և այսօրվա գրերի։ Որքա՜ն արդյունավետ աշխատեց այս եռյակը, այդքան պակասող արատեսյան զովություն, հոգևոր խաղաղություն ու երանություն բերեց մեր սոցիալական ցանցին։ Համեցե՜ք։

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

Մենք մեր մանկավարժությունը հեղինակային, մեր գործը, մեր սեբաստացիական աշխարհը, որի երեսուն տարին բոլորում է 2019-ին,  նորացնում ենք-զարգացնում ենք, դարձնում իսկական բաց-միջազգային-շուրջտարյա։ Արատեսի դպրոցն էլ, որպես նախագիծ՝ ծնված հին ու նոր Հայաստանների սահմանին, Արցախյան շարժման վերածննդի շնչով-ոգով-թափով, տեսե՜ք, ուրախացե՜ք, աջակցե՜ք սեբաստացիական երիտասարդական կազմով, պարմանիներով՝ Միջին դպրոցի, Ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներով, Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում մեր դպրոցի, կրթահամալիրի մասնաճյուղի նորացման-զարգացման-ծավալման գործը՝ ղեկավարումը ստանձնած 24-ամյա Սմբատ Պետրոսյանի առաջնորդությամբ, հարգանքով աշխատավոր Շատինի ու երկրագործ շատինցու նկատմամբ. որևէ մեկի-խմբի շանտաժին-ահաբեկմանը մենք չենք տրվի․․․ Մենք մեր ու ձեր Եղեգիս բերում ենք կրթական, այդ թվում՝ մասնագիտական ուսուցման նոր ծրագրեր-լուծումներ, մարդկային աշխույժ, բնապահպանական-կենցաղային-ազգագրական նոր մշակույթ Եղեգիսի նորաստեղծ համայնքում։ Եվ իշխանությունը բոլոր մակարդակներում օր առաջ պիտի այս փողոցային տգեղ աղմուկը լռեցնի, որ կարողանանք համայնքի, նրա 12 բնակավայրերի ու մարդկանց հետ մեր համակեցությունը հաստատել, մեր ունեցածը փոխանցել։
– Հանգի՜ստ, միայն հանգիստ,- նետեց Կառլսոն Դավիթ Բլեյանը, երբ հերթական ղժժոցը հայտնի խմբի՝ համակարգչի եթերից մտավ իր կյանք․․․
Մեզ ուժ է տալիս գիտակցումը, որ մենք՝ Երևանում, դուք՝ Եղեգիսի կիրճում, իրար կարիքն ունենք։

Գործ է՝ անհրաժեշտության աստիճանի կարևոր, իր գրով…

Երեկ, օրվա վերջին, Եղեգիսի Արատեսից Երևան ճանպարհին նույն անփոփոխ զգացումն էր․ կարծես չեմ վերադարձել, մնացել եմ Արատեսում… մեր ավագ դպրոցի աշխատանքային հերթական ջոկատի հետ, որ կազմված էր «Մուտք կրթահամալիր» ճամբարի 10-րդ դասարանի պատանիներից․․․ Գայ Օհանյանը՝ Եղեգիսի Հերմոնի գյուղապետը դիպուկ-հումորով նկատեց՝ Արատեսում սեբաստացիական երդման էին եկել նոր սեբաստացի պատանիները․․․ Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Արատեսի բնության գրկում, աշխատանքով երկրագործ-բնապահպանի. նրանց խոսքը կլինի՝ «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ․․․ Մնացել էի Եղեգիսի շինարարների հետ, որոնց հետ այսօր կշարունակեմ դպրական կենտրոնի կացարանի՝ գյուղական հին տնակների նորոգման, դպրական կենտրոնի ողջ տարածքով բարեկարգման աշխատանքները… Մնում էի, որ ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ անընդհատ դարձնեմ բարեկարգման-նորոգման աշխատանքների առաջադրանքի հետևողական-ամբողջականությունը, որ և՛ աշխատանքների թափը չկանգնի, և՛ վարպետությունը… Մնամ, որ պատանիների, նրանց ղեկավարներ՝ Անուշի, Լիլիթի, Վարդանի հետ քայլեմ Արատեսի ճամփորդական կածաններով, առեղծվածային հմայք-ուժ-ազդեցություն ունեցող բնության այս կտորի բացահայտումներով, որ լսեմ ճարտարապետ-թանգարանագետի դիտարկումները, գրանցեմ-փոխանցեմ շինարարներին, եկող մեր բոլոր արատեսցի պատանիներին, Արատեսի հուշարձանների, այդ թվում՝ բնության պահպանությունը մանրամասն-խնամքով կատարելու պահանջը։ Մնամ, որ Քնարիկ Ներսիսյանի, Սմբատ Պետրոսյանի ֆոտոօբյեկտիվներից ոչինչ հիմա չվրիպի ու փոխանցվի մեդիայով․․․

Ու Արատեսի ազդեցությունը այնքա՜ն զորեղ էր, որ շարունակվեց ճանապարհին հայրենագիտական զմայլանքի դադարներով՝ Ելփինի միջնաբերդին, որ հիմա ճարտարապետ-վանեցու հաստատմամբ նման է Վան քաղաքի ունեցածին, Չանախչիի Արածոյի կիրճին, չգնա՞ս ետևից, տեսնես՝ իրո՞ք Արաքս է հասնում, Արփայի հովտի Նորավանքի մուտքի ակտիվ, նոր միջամտություններով․․․ գինու նոր մառանում համտեսով, Ռինդի գինու համը բերանումս մնացած զգացումով․․․ Արարատյան դաշտում Արարատի ուրվագծով, արևի հրե գնդի մայրամուտով… Մեր դպրոցը բնության գրկում Արատեսի կենտրոնի, 2018-2019 ուստարվա օրացույցով հայտարարված մեկնարկով անընդհատ-շուրջտարյա-բաց, առանց խտրության գործունեությունը, շարունակ հերթագայող ջոկատներով, սովորողների և սովորեցնողների ուժերով կենտրոնի շարունակական բարելավումը պահանջում են, որ ես առաջիկայում ամեն շաբաթ մեկ-երկու օր աշխատեմ, լինեմ Արատեսում, Եղեգիսի կիրճում․․․

Երեկ, օրինակ, անհրաժեշտության աստիճանի կարևոր էր ճարտարապետության դոկտորի՝ իրոք, դոկտոր, 70-ամյակը օրեր առաջ նշած մարդու, կենսունակ իմաստությամբ, մշակութային-բնության հուշարձանների սրտացավությամբ-իմացությամբ, ճանապարհորդ-հետազոտող Աշոտ Գրիգորյանի հետ այցելություն-ուսումնասիրությունը Արատեսի հարևան, նախկինում ադրբեջանաբնակ Վարդահովիտ-Գյուլիդուզի շարունակություն Գետավանքում (Գյադիվան)։ Արատեսը կարող էր արժանանալ Գետավանքի այսօրվա վիճակին. իր նշանավոր վանքի, Գագիկ իշխանի բերդի մասունքները,  գերեզմանոց-դամբարանի տարածքը՝ որպես մի անվերահսկելի անասնապահական խմբերի-անհատների օբա-օբատեղի, որտեղ խաչքարը, դամբարանը, գերեզմանը կոխկրտվում են հայրենի անասունների սմբակների տակ, ցեխի, ջրի, տարերքի, բանջարի, կարտոֆիլի հարվածներով կորչում-գնում, և այս ամենը՝ առաջացող, ծավալվող ՀԷԿ-երի չդադարող շինարարությամբ։ Հայտնի պրոֆեսոր-թանգարանագետին այսքան շփոթված-անպաշտպան-անզոր ո՞վ էր տեսել․․․

Եվ ես այստեղ հասկացա Աշոտ Գրիգորյանի ոգևորվածությունը Արատեսով, նրա այսօրվա վիճակով։ Արատեսում նա եղել էր Համլետ Խաչատրյանի ու ինձ հետ, 1990-1992-ին, երբ ՀՀ կառավարության հայտնի որոշումով, մեր մանկավարժական նախագծով թափով սկսվել-ընթանում էր մեր Արատեսի դպրական կենտրոնի նախագծումը-կառուցապատումը՝ կառուցապատման սխեմային համաձայն, 1988-1989-ին ամայացած, լքված, ամբողջովին անմարդաբնակ Արատես-Կզլգյուլ անմարդաբնակ գյուղակի խարխուլ տների իրացումը, նոր տների-շինությունների հիմքի գցումը, եկեղեցու, Արատես գետի կիրճի-բլուրների, քարայրների, լանջերի, Արատեսի վտակների ազատումը-մաքրումը բնակիչների 200-ամյա տգեղ, անթույլատրելի միջամտություններից․
– Ի՜նչ լավ մաքրել եք, ի՜նչ լավ պահպանել, ի՜նչ ոգևորող հեռանկար եք հաղորդել նոր Արատեսին․ իսկական կարմիր ծաղիկի տեսքի եք բերել,- երկու օր շարունակ, Արատեսի գողտրիկ անկյունով վեր ու վար, արևելք-արևմուտք անցումներով հիանում էր գիտակ-սրտացավ արվեստագետը՝ միջազգային կապերով-հեղինակությամբ։
Ավելի կարևոր գնահատակա՞ն։ Ու մատիտն ու թուղթը ձեռքին, իր երիտասարդ գործընկերոջ՝ Արատեսի նախագծող, մեր սովորողների ճարպտարապետության ուսուցիչ Սլավիկ Մուրադյանի հետ անցան գործի։ Նրանց այլևս չես բաժանի․ մնացին Արատեսում… Սիմվոլների խնդրի, բնության գրկում դպրոցի կածանների, նոր հարթակների, նոր անունների, նոր նախագծային դետալների որոշման ուսումնական աշխատանքով։ Արատեսը իր հայտնի գիտական ստուգաբանմամբ հանդերձ, Արա աստծու հետ մի նշանակությամբ, մի ստուգաբանմամբ ինձ հետ է կապվում՝ արի տես ու կմնաս․․․ հավատարիմ այս անկյան, այս արմանք-զարմանքին, չես հեռանա, կվերադառնաս։ Արատե՛ս, հիմա տես, դարձի են գալիս պատանեկան խմբերով, երիտասարդ ստեղծագործ-կառուցումի ավյունով։

Երեկ Արատեսում առաջին նվիրատուն հայտնվեց․ ջրի բաքեր ու ջրատաքացուցիչ ունեցանք։ Երեկ Շատին գյուղի բնակիչ, երիտասարդ Շուշանի ուղեկցությամբ Ավստրալիայից բարեգործական կազմակերպության մի խումբ՝ երեխաներով, այնքա՜ն հիացած մեր պատանիների աշխատանքով, անմիջապես կենդանի բանակցություններ սկսեցին գործընկերության։ Երկուշաբթի դրանք պայմանավորվածություններ կդառնան Երևանում։ Երեկ, Երևանի ճանապարհին, Շատինի մի երիտասարդ ընտանիքի հետ պայմանավորվում էինք մի խումբ պատանիների հետ Սպիտակավոր-Շատինավանք-Արատես ճանապարհին միանալու մասին։ Արատեսի վերածնունդը նոր Եղեգիսի կիրճում հաշտության և ստեղծականության մղումներ է բերում։ Ավելի ու ավելի տեսանելի․․․ 2018-ի շարժման որակներով՝ դուխով և նվիրումով ևս։ Եվ շնորհքով, բարեխիղճ։ Արատեսը, այո, մեզանից ավելին է պահանջում։

Հետգրություն

Գետավանքից մինչև Գողթանիկ Եղեգիսի ջրերով այնքա՜ն տարվեցի, որ չնկատեցի ինչպես ձախ ձեռքիս ցուցամատը վնասեցի։  Թվում էր՝ կոտրվածք է կամ ճաք, բայց ի՜նչ լավ բան է ծանոթ վիրաբույժը։ Առանց ռենտգենի, ընկերավարի որոշեց՝ սալջարդ է, խորը սալջարդ․ երկու-երեք օր, և կանցնի։

Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավերակ չէ…

Ամենուր այստեղ ավերակներ են… Ավերակը կանչ ունի, կապ է. քանի՜ անգամ ես փորձեցի կտրել իմ կապերը՝ չլսել-չտեսնել․ իմ կյանքն է, չեղավ, ու Արատեսը՝ իր դպրական կենտրոնով, բնության գրկում, որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն-մասնաճյուղ, իմ աշխատանքն է եղել, հիմա դրա ընդարձակումը՝ ավերակներից Եղեգիսի տարածքներն ազատելը… Հանկարծ չփորձեք ավերակ համարել նաև վանք-հուշարձանները. Արատեսի վանքը 1989-ից սկսած, ինձ համար գործող եկեղեցի է, խոնարհ՝ իր վիճակով, սպասումով, համբերությամբ, երբ շուրջդ ավերակ-բռնություն-անտեսում է, շարունակ վտանգներ… Հե՞շտ է ավերակում ապրելը-գործելը, աղոթատեղի մնալը… Ու վերջապես… Արատեսի վանքը տարիների մեր երևացող-չերևացող ջանքերով, դպրական կենտրոնով ազատվում է՝ իր շուրջ-բոլորով, սկսում է ապրել մեզանով, մարդկանցով, պատանի-երիտասարդ, բոլոր տարիքի մարդկանցով, որ գալիս են, կգան, որպես ուխտավորներ, որպես այցելուներ նշանավոր հուշարձանի, բայց ավելի ու ավելի շատ, կանոնավոր օրացույցով, գալիս են-կգան, որպես բնության գրկում դպրական կենտրոնի սովորողներ և սովորեցնողներ․․․ Եվ կարևոր է օգոստոսյան այս փուլում արձանագրելը, որ Արատեսը իր կառուցումով ուսումնական կենտրոնի, իր բնության գրկում անընդհատ դարձող դպրոցով, իր նշանավոր բլոգով, հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, որ նրա կառուցումն իրականացնողը նրա բնակիչն է՝ որպես կենտրոնի սովորող, թե եղեգիսցի շինարար․․․ Իսկ հայաստանյան մասնագիտական համայնքի կողմից կառուցման վերահսկողությունը, մշտական ուսուցման համակարգումը ստանձնեց ճարտարապետ-հետազոտող-թանգարանագետ դոկտոր Աշոտ Գրիգորյանը օգոստոսի 24-ի հայտարարված հավաքում, կառուցապատվող Արատեսի տարածքում շրջայցին՝ 16։00, դպրական կենտրոնի բացօթյա կլոր սեղան-ներկայացման ժամանակ՝ ճիշտ ժամը 18։00…

Սրանից հետո մեր որոշումերը, կլոր սեղանները, ներկայացումները, հանդիպումները կլինեն բաց, հայտարարված ժամին, բայց Արատեսում, դպրական կենտրոնի հարթակներից մեկում․․․ Մենք խոսում ենք բնության գրկում շուրջտարյա գործող, բաց դպրական կենտրոնի մասին՝ իր հրապարակած դասընթացներով-հավաքներով-ճամբարներով․․․ Մենք այսպիսով ուժ-իրավունք ենք ստանում խոսելու Արատեսի վանք-բարձունքի՝ վանական համալիրի վերականգնումը սկսելու մասին․․․ Սեպտեմբերի 7-ին 2018-2019 ուսումնական տարվա յուրօրինակ արշավախմբային մեկնարկն է եռօրյա հավաքով, որի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 8-ը, նվիրված կլինի Արատես վանքին՝ իր վերականգնման նախագծով. հարգելի ճարտարապետ-վերականգնողներին հրավիրում ենք դպրական կենտրոնում իրենց նախագիծը ներկայացնելու․․․

Արատեսն ազդո՞ւմ է Եղեգիսի կիրճում մեր վարքի վրա…

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ (նախկինում՝ ադրբեջանաբնակ Գյուլիդուզ) գյուղ մենք մտանք Արատեսից, Հերմոնով, հողի ճանապարհով… Շաբաթ օր էր, օգոստոսի 25-ը։ Մեզ հետ էր ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որ առաջին անգամ էր լինում այս կողմերում. իսկ նրան ես խոստացել էի ցույց տալ Գողթանիկը, Վարդահովիտը, Գետիկավանքը…  Գետիկավանքում ունեցած շփոթմունքի մասին պատմել եմ իմ երեկվա գրում, կրկնելու-վերապրելու բան չէ…

Ի՞նչ են ասում ընթերցողին այս աշխարհագրական անունները, հետաքրքի՞ր են մեր մարդուն նախկին ադրբեջանաբնակ այս տարածքները…

Արատեսի դպրական կենտրոնի եռօրյա-հնգօրյա հայրենագիտական-բնապահպանական հավաքների ծրագրով մենք նախատեսել ենք Եղեգիսի համայնքի բնակավայրերի ուսումնասիրություն, և մեր այս այցը նախապատրաստական էր, ճանաչողական։ Վարդահովիտի ընդարձակ հրապարակը՝ իր կենտրոնում տեղադրված քարով, մերձակա այգու մեջ տեղադրված բարձր խաչքարերով գրավեց, իհարկե, մեր ուշադրությունը… Քարը՝ իր եզակիությամբ, խաչքարերը՝ հեռվից մասնագիտական աչքին տեսանելի՝ մոմերի մեծացող մրով-սևով… Ճարտարապետ դոկտորի աչքին մանրուքներ չկան:

Մոտեցանք, մաքրեցինք խաչքարերը եզակի, ինչպես մեզ համոզիչ ներկայացրեց դոկտորը, շրջապատը ողջ… Մոտեցավ և Վարդահովիտի գյուղապետ Սամվել Գևորգյանը, գյուղի այսօրվա բնակիչ շատինցիներ… Պայմանավորվեցինք շարունակել սկսածը ու Վարդահովիտի հրապարակը դառնա մուտք-ուղեցույց վարդերի հովտով դեպի Գետիկավանք, Գագիկ իշխանի բերդ-ապարանք… Շատինը, որ 1980-ականներին Վարդահովտի (Գյուլիդուզ) հետ եղել է որպես մի խորհրդային տնտեսություն, որ 1988-1989-ին ճանապարհել է այստեղի ադրբեջանցի բնակիչներին, որ հիմա բնակեցրել է Վարդահովիտը ու Գետիկավանքը… ավեր-օբայի* վերածել, կրո՞ւմ է պատասխանատվոություն Եղեգիսի համայնքում Վարդահովիտ-Գետավանքի որպիսության համար… Ինչպե՞ս։ Տասնյակ հարյուրավոր հեկտար տարածքներ, ձորեր-գետեր, սրբավայրեր… ավերակների մեջ կորած…

Գետիկավանք-Գյադիվանք-օբայի թողած ազդեցությունը, ահա, օրեր են անցել, ու անհաղթահարելի է: Վստահ եմ, որ Եղեգիս համայնքը, նրա Շատին գյուղը՝ իր հոգևոր-մարդկային ներուժով ողջ, ունենալով մասնագիտական աջակցություն, համայնքի առաջնահերթությունների օրակարգ պիտի բերի Գետիկավանքը, ունենա իրավիճակի շտկման ճանապարհային քարտեզ: 2018-ի հուլիսին այստեղ՝ Վարդահովիտի դաշտերում, համայնքապետարանի-մարզպետարանի աջակցությամբ անցկացվեց Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի ամենասպասված ուիքենդ-նվերը… Սա համարենք հանրային ուշադրության կարևոր դրսևորում։ Այդպիսին է նաև Աշոտ Գրիգորյանի այցը, նրա պարտավորությունը՝ մասնագիտական ուշադրության կենտրոնում պահելու ողջ Եղեգիսի մշակութային-հուշարձանային խնդիրները։ Արատեսի դպրական կենտրոնն ունի առաքելություն՝ ոչ միայն օրինակ ցույց տալու, թե ինչպես պետք է պահել մշակութային արժեքը՝ եկեղեցի-բերդ, թե մի մասունք-խաչքար, պարտադրելու համայնքի բնակչին, նրա միջոցով՝ յուրաքանչյուրին, որ ոտք է դնում Եղեգիսի կիրճում, այլ վերաբերմունք շրջակա միջավայրին, այլև դառնալու այս երկարատև խնդրի լուծումների ներկայացման, մասնագիտական աջակցության կազմակերպման մշտական գործող ուսումնական բաց հարթակ՝ դպրոց բնության գրկում: Այսպիսի դպրական կենտրոն է ստեղծվում և գործում Գետիկավանքի հարևան, նրանից մի սարով բաժանվող Արատեսում… Արատես, որ բնության անաղարտության այնպիսի ազդեցությամբ, որ կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին ոգևորում է մի շնչով այսպիսի շարք ստեղծել. թվարկումն արդեն խոսուն է.

Այս գրով ամբողջացավ այս մի ճամփորդության իմ պատումն էլ, որ անում եմ դպրական կենտրոնի բլոգի պատվերով ու նվիրում իմ երիտասարդ գործընկեր Սմբատ Պետրոսյանին, բայց չի ավարտվում մեր վերադարձը Արատես Եղեգիսով՝ մեր կրթական ծրագիրը նորացնելու վճռականությամբ։

Քնարիկ Ներսիսյանի օբյեկտիվից։

 

 

 

 

Երեկ ես աշխատանքային հանդիպում կազմակերպեցի Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում մեր դպրոց-մասնաճյուղի 2018-2019 ուստարվա սեպտեմբերի 7-9-ի սկզբի առիթով… Վստահ կարող եմ ասել, որ սեբաստացիների, Վայոց ձորի մեր գործընկերների արշավախումբը Արատես կմտնի Եղեգիսի Արտաբույնքով, Ցախաց քար-Սմբատաբերդ-Ալայազ-Եղեգիսով, Հերմոնի վանքով… Սեպտեմբերի 14-17-ի ստեղծագործական հավաքին մենք Արատես կարշավենք Եղեգնաձորի Վերնաշենի ձորով, Սպիտակավորով կանցնենք Ալայազ-Եղեգիս-Հերմոնով…

Ավելի ուշադիր ոչ միայն հետևեք, այլև մասնակցեք մեր-ձեր դպրական բաց, շուրջտարյա կենտրոնի առայժմ երկլեզու՝ հայերեն-անգլերեն կայքին, որ բաց չթողեք Արատեսի դպրոցի անցուդարձը… Հետո չասեք, թե մենք քնած… Մենք ունենք պայմանավորվածություն՝ ՀՀ հարգելի նախագահ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանի, Արայիկ Հարությունյանի, Էրիկ Գրիգորյանի հետ, իրենց հարմար հավաքներից մեկին մասնակցելու, Եղեգիսի կիրճով Արատեսում հայտնվելու… վստահությամբ, որ Արատեսը կօգնի յուրաքանչյուրիս՝ նախկինում ադրբեջանաբնակ հատվածին կիրճի՝ Եղեգիս (Ալայազ), Վարդահովիտ (Գյուլիդուզ), Գողթանիկ (Կաբախլու), Հերմոն (Ղավուշուղ), իր այսօրվա հոգսերով-կարիքներով-խնդիրներով ծանոթանալու, Եղեգիսի կիրճի այս զարմանալի տարածքի վերածնունդը միասին ստեղծելու… Շնորհակալ եմ այսպիսի հագեցած-օրացուցային-նախագծային ուսումնական տարվա համար Վայոց ձորում, Եղեգիսում:

Վստահ եմ, որ Արատեսի վանքի հարթակում սեպտեմբերի 8-ի ստեղծագործական հավաքը, վանական համալիրի վերականգնողական նախագծի ներկայացումը հեղինակ ճարտարապետներ Սամվել Այվազյանի և Բադիշյանի կողմից, պարատունը վանքի նորաստեղծ հարավային հարթակում, վանքում իրիկնային երգեցողության ղողանջները մեր հայրենիքով, աշխարհով մեկ կլինեն որպես վանական համալիրի՝ Արատեսի դպրական կենտրոնի նախագծային հոգևոր կենտրոնի վերականգնման աշխատանքների խորհրդավոր, բայց վճռական ու հաստատակամ սկիզբ:

ՀՀ ՊՆ ուղղված նամակից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, պետության պատվերով, մշակում իրականացնում, տարածում է կրթական այլընտրանքային ծրագրեր: Այդ ծրագրերի բաղացուցիչներից են ավագ դպրոցի սովորողների նախնական զինվորական պատրաստության, արտակարգ իրավիճակներում գործելու, մարզական, հայրենագիտական, բնապահպանական ծրագրերը, որոնք իրականացվում են նաև ուսումնական շուրջտարյա ճամբարներում, հավաքներում, ուսումնական ճամփորդություններով:
Կրթահամալիրը Վայոց ձորի Եղեգիս համայնքում, որպես մասնաճյուղ, ունի Արատեսի դպրական կենտրոնը՝ դպրոց բնության գրկում: Դպրական կենտրոնը Արատես գետի, նրա վտակների ավազանում է, ունի տնակային կացարան, հարմար տարածք՝ ռազմամարզական գոտու, վրանային ճամբար կազմակերպելու համար:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվում է ռազմամարզական, հայրենագիտական, բնապահպանական արշավախմբային եռօրյա ճամբար (երկսեռ)։ Ճամբարում կլինեն ինչպես կրթահամալիրի, այնպես էլ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Հայաստանի այլ մարզերի դպրոցների ավագ դասարանների սովորողներ: Ճամբարի ընթացքում սովորողները կլողան Արատես գետում, կիրականցնեն հայրենագիտական քայլարշավ մոտակա լեռներով, կծանոթանան բուսական և կենդանական աշխարհին, կզբաղվեն նետաձգությամբ և սուսերամարտով:
Ճամբարականները կգիշերեն Արատես դպրական կենտրոնի կացարանում և ճամփորդական վրաններում:
Խնդրում ենք աջակցել Երևան-Արատես-Երևան սովորողների տեղափոխումը կազմակերպելու հարցում՝ յուրաքանչյուր հերթափոխի համար տրամադրելով մեկ հատ 24 տեղանոց ավտոբուս (մեկնումը ամեն ուրբաթ առավոտյան, վերադարձը՝ կիրակի երեկոյան, ավտոբուսի վարորդի կեցությունը և սնունդը՝ ճամբարում): Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սովորողների տեղափոխումը կկազմակերպեն տեղական իշխանությունները: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար հերթափոխերի ցուցակը կցվում է (հավելված 1):

Արատեսի դպրական կենտրոնում 2019թ.-ից գործելու է ամառային հնգօրյա վրանային ճամբար (երկսեռ)։ Ճամբարին մասնակցելու են Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի հանրակրթական դպրոցների պատանիներ, մանկավարժական աշխատողներ: Կարևորում ենք, որ ամառային ճամբարի պայմանները մոտ լինեն դաշտային-զորանոցային պայմաններին, այցելեն Եղեգնաձորի (Վայքի) զորամաս, իրականացնեն մեկօրյա քայլարշավներ, յուրացնեն արտակարգ իրավիճակներում գործելու, նախաբանակային պատրաստության, անվտանգ կենսագործունեության հմտություններ, իրականացնեն շրջակա միջավայրի մաքրման-բնապահպանական աշխատանքներ։

«Նոյյան տապան». հաղորդումը՝ Գայանե Առաքելյանի

Արատեսի դպրական կենտրոն
Երեկ, այսօր, վաղը
Տեղեկանք

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաստատել է կրթահամալիրի գործող կանոնադրությունը (վերջինը՝ 2017թ.)՝ գործունեության առարկան, նպատակները, կառուցվածքը։ Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը պետության սեփականություն է։ ՀՀ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, կազմակերպվում, տարածվում են հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական,  լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր։ Հեղինակային կրթական ծրագրի 2018թ. աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, հանրակրթության կազմակերպման աջակցությունը, որը պիտի շարունակություն ունենա 2019-ին՝ որպես խոշորացված համայնքներում կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակում և փորձարկում։

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն)՝ որպես դպրոց բնության գրկում, կրթահամալիրի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ։

1989թ. Հայաստանի կառավարությունը լքված, նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար (ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 07.09.1989թ. N462 որոշում)։ Հայաստանի կառավարությունը սահմանեց, որ «Մխիթար Սեբաստացի» դպրոց-համալիրի հաստատությունների նախագծային և շինարարական աշխատանքների միակ պատվիրատուն  գիտա-արտադրական հանրակրթական փորձարարական «Մխիթար Սեբաստացի» դպրոց-համալիրն է»՝ հանձնարարելով պատմամշակութային հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչությանը՝ Արատեսի վանական համալիրի նախագծա-ծախսային փաստաթղթերի կազմումը և վերականգնողական աշխատանքները, Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման նախարարությանը՝ Ղավուշուղ-Արատես ճանապարհի շինարարությունը (կառավարություն1990թ. 216 որոշում)։ Մեր ձևակերպած մանկավարժական առաջադրանքով, ՀԽՍՀ ժողկրթության նախարարության պատվերով սկսեցին մշակվել և իրականացվել դպրական կենտրոնի նախագծման-կառուցման աշխատանքներ. 1990-1992թթ  կառուցվեց Հերմոն-Արատես նոր ավտոճանապարհը, դպրական կենտրոնի կառուցապատման տարածքը շրջանցող ճանապարհներ, ճարտարապետական նախագծի համաձայն կատարվեցին իրացման աշխատանքներ, գցվեցին առաջին շինությունների հիմքերը։ Զուգահեռ՝ մշակույթի նախարարության պատվերով ստեղծվեցին Արատեսի վանքի վերականգնման նախագծեր։ 

Տարիներ շարունակ Արատեսը իրական դպրոց է բնության գրկում կրթահամալիրի սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների համար, հատուկ ուսումնական միջավայր։ Արատեսում տարվա բոլոր եղանակներին կազմակերպվել են տարատարիք սովորողների ճամբարներ՝ հայրենագիտական-բնապահպանական արշավներով, լողով, պլեներներ, ստեղծագործական հավաքներ, մանկավարժական ամառային ճամբարներ։ 

Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվեց կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման և դպրական կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ հողերը։ Նույն  որոշումով կառավարությունը պարտավորեցրել է Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին Արատեսում հողերի օտարման պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ, զբոսաշրջային արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում։
2017թ. Արատեսի դպրական կենտրոնի նորացման սկիզբն է. ամեն ինչ արվում է կրթահամալիրի, սովորողների-ուսուցիչների աշխատանքով ու դրամական միջոցներով՝ որպես հեղինակային կրթական ծրագրի ամբողջական, բաց նախագիծ՝ իրական հնարավորություն ստեղծելով Արատեսի բոլոր շահառուներին մասնակցելու։ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի հետ ծավալվող գործընկերությունը դրա վկայությունն է։

Դպրական կենտրոնի գործունեությունը որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ (հաստատված ՀՀ ԿԳՆ 259-Ն հրամանով, 25.04.2003թ., պետական գրանցման վկայական՝ N03Ա059272, ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով հաստատված փոփոխություններով), կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրի տարեկան օրացույցով, արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։
Արատեսի դպրական կենտրոնում բաց ճամբարներին, մանկավարժական, պատանեկան ստեղծագործական հավաքները հետաքրքրում են նաև Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի, հանրապետության այլ մարզերի, Արցախի սովորողներին, ուսուցիչներին, կրթական փոխանակումների ծրագրով մեր գործընկերներին այլ երկրներից՝ Վրաստանից, Ստամբուլից, Ֆրանսիայից։

Մենք բաց ենք գործընկերության համար։ Համեցեք։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский